Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ազատագրված շրջանների տնտեսական զարգացումը` Հայաստանի տնտեսական անվտանգության թիվ մեկ խնդիր

Ազատագրված շրջանների տնտեսական զարգացումը` Հայաստանի տնտեսական անվտանգության թիվ մեկ խնդիր
29.09.2009 | 00:00

Սկիզբը` թիվ 70 և 73-ում

ՄԵՔԵՆԱՏՐԱԿՏՈՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ` ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑ
Գետազատը Արարատի մարզի ՈՒրց-Կոտայք գոտու վերին սահմանագծի գյուղերից մեկն է, չորս կողմը գետերով ու ջրատարներով երիզված, հողերի բնական լանդշաֆտը տատանվում է չոր անապատայինից ու կիսալեռնայինից մինչև ոռոգելի հարթավայրային: Բնակչությունը` շուրջ 550 ծուխ: Մոտակա ավտոմայրուղին և բենզալցակայանը մեկ կիլոմետրից հեռու են: Գյուղատնտեսական մշակելի հողատարածությունները` 270 հա, որոնք տրոհված-բաժանված են շուրջ 1500 հողակտորների:
Այժմ պատկերացրեք 550 գյուղացու` տղամարդ կամ կին, ովքեր զանազան տարողությամբ ամանները ձեռքներին, տարվա գրեթե բոլոր եղանակներին, ոտքով կամ էշով իջնում են վառելիքի վաճառքի կետ: Այդ երթուղին կրկնվում է օրվա մեջ 5-10 անգամ: Վառելիք են տանում տրակտորի համար:
Թե ինչ արժե հեղուկ վառելիքը, բոլորը գիտեն, սակայն ոչ ոք չգիտի, քանզի ոչ ոք չի հաշվել, թե ինչ արժե այն ժամանակը, որ վատնում են մարդիկ (չէ՞ որ ժամանակը փող է): Առանց հաշվելու էլ կարելի է ասել, որ նկարագրված պատկերը մարդկային ներուժի գիշատիչ օգտագործման վաղ միջնադարյան պատկեր է: Իհարկե, մեր համեմատությունը շատ պայմանական է, միջնադարում ո՛չ տրակտոր կար, ո՛չ հեղուկ վառելիք, չկար աշխատուժի նման անխնա օգտագործում: Արդեն 18 տարի վառելիքավազքի այս տխուր պատկերը մեր գյուղերից չի հեռանում և հայտնի էլ չէ` երբ կհեռանա:
Այստեղ են ասել` «մինչև չգա նորը, չի հիշվի հինը»:
Խորհրդային Հայաստանի խոշոր գյուղատնտեսական ձեռնարկություններից (պետական, կոլեկտիվ, միջտնտեսային, պտղատնկարանային, սերմնաբուծական և տոհմաբուծական) յուրաքանչյուրն ուներ իր սեփական մեքենատրանսպորտային կայանը` չհաշված յուրաքանչյուր վարչական շրջանի պետական կենտրոնացված մեքենատրանսպորտային հավաքակայանը: Այդ հավաքակայանները մեծ դեր խաղացին մեր երկրի գյուղատնտեսության բոլոր ճյուղերի մեքենայացման, գյուղացու աշխատանքի թեթևացման գործում: Ինչ վերաբերում է կոլտնտեսությունների, մեքենատրանսպորտային հավաքակայանների և այսօր անհատ գյուղացիական տնտեսությունների համեմատական ծախսերին, ապա մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գյուղացիական տնտեսության ծախսերը 1 հա վարելահողի կամ այգու մշակման համար 5-8 անգամ գերազանցում են կոլտնտեսության համանման ծախսերը: Իսկ եթե այդ հաշվարկի մեջ մտցնենք նաև գյուղացու վազքը վառելիքի ճանապարհին, տարբերությունն ավելի ցայտուն կդառնա: Մեքենատրանսպորտային հավաքակայանների վերացումը ՀՀՇ-ական առաջնորդների երկրորդ մահացու մեղքն էր, որն այսօր անուղղելի է թվում: Սակայն վերստին հիշենք ժողովրդական խրատն առ այն, որ վնասի կեսից հետ դառնալը դարձյալ օգուտ է: Վնասի կես ճանապարհից հետ կանգնելու պատմական շանս է մեզ ներկայացել հենց ազատագրված շրջաններում ու Արցախում, և առնվազն աններելի կլիներ այն չօգտագործել: Հայաստանի անցած 18 տարիների դրամատիկ ուղու դասերը միանշանակ հաստատում են գյուղատնտեսական մեքենատրանսպորտային հավաքակայանի վերականգնման կենսական անհրաժեշտությունը, ընդ որում, եթե ՀՀ-ում դա բավականին դժվար է (բայց ոչ անհնար), ապա ազատագրված շրջաններում միանգամայն հնարավոր է և անհրաժեշտ, չէ՞ որ այստեղ ամեն ինչ սկսվում է զրոյից, այսպես ասած, մաքուր էջից և նոր տողից: Մեքենատրանսպորտային հավաքակայանների ստեղծումը կլինի արդարացված և արդյունավետ (նկատի ունենք, նախ և առաջ, պետական և կոլեկտիվ-համայնքային հավաքակայանների ստեղծումը): Ֆինանսական միջոցներն այդ նպատակով կարող են լինել ուղղակի անհատույց (անվերադարձ), փոխատվական (սուբսիդիաներ), վարկային ցածր տոկոսադրույքով և այլն: Ինչ վերաբերում է նման հավաքակայանների ստեղծման աշխարհագրությանը (ո՞ր համայնքներում, շրջաններում և այլն), այդ հարցերի պատասխանը կտա տեղերում իրավիճակի ուսումնասիրությունը:
Չափազանց կարևոր հարց է, թե ինչ սկզբունքով և ինչ պայմաններով պետք է կատարվի մեքենատրանսպորտային հավաքակայանների կողմից գյուղացիական տնտեսությունների սպասարկումը: Մի բան ակնհայտ է` գյուղացիական տնտեսությունների տեխնիկական սպասարկումը չի կարելի թողնել առանձին համայնքների հայեցողությանը, այլ պետք է կարգավորվի և վերահսկվի, կենտրոնացված կարգով: Անհատ գյուղացիական տնտեսության կամ նույնիսկ համայնական (կոլեկտիվ) տնտեսության սպասարկման նորմերը և սակագները պետք է ենթարկվեն կենտրոնացված պետական կամ հասարակական վերահսկողության, որպեսզի բացառվեն առանձին մարդկանց և նույնիսկ առանձին կոլեկտիվների կողմից ցանկացած չարաշահում, գյուղացու շահերի դույզն-ինչ ոտնահարում:
Մեքենատրանսպորտային հավաքակայանների վերականգնումն ու շահագործումն այն պատմական շանսն է, որ տրվել է Հայաստանին` ագրարարային ոլորտում թույլ տրված սխալները գոնե մասամբ շտկելու համար:
Վերջապես, ազատագրված տարածքների պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով` հարկ է նոր գյուղական համայնքներն ի սկզբանե դարձնել ռազմականացված համայնքներ:
Այդ հարցում օգտակար կարող է լինել 1990-ականներին կազմակերպված «Դիցմայրի» բնակավայրի օրինակը Քաշաթաղի շրջանում: Համայնքի հողերի 40-50 հեկտարը մինչև տվյալ բնակավայրի բնակչության օպտիմալ թվաքանակի հասնելը կարող է օգտագործվել համայնքի կողմից կամ տրվել վարձակալության` ձեռներեց բնակիչներին:
Այսպիսով, հողօգտագործումն ազատագրված շրջաններում կարող է լինել ինչպես անհատական-վարձակալական, այնպես էլ կոլեկտիվհամայնական, ինչը հնարավորություն կտա խուսափելու հողի համատարած սեփականաշնորհման այն ձախորդ փորձից, որ տեղի ունեցավ Հայաստանում 1990-ականների սկզբին:
Ազատագրված շրջանների արագ տնտեսական յուրացումն անխուսափելիորեն կհանգեցնի թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի նոր հիստերիային։
Դրան Հայաստանը պետք է նախապատրաստվի վաղօրոք և մշակի համարժեք քաղաքականություն ու նոր հայեցակարգ։
Նորայր ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ