ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հայոց պատմություն. Երևանի Բերդ

Հայոց պատմություն. Երևանի Բերդ
15.10.2024 | 08:39

Երևանի բերդն ունի հարյուրամյակների պատմություն: Այն քանդվել է 1930-ականներին, երբ Երևանը վերակառուցվում էր: Նրա տարածքում այսօր Արարատ Կոնյակի գործարանն է: Երևանի բերդը եղել է պաշտպանական շինություն, որը բազմիցս գրավվել է տարբեր ուժերի կողմից: Այն բազմիցս քանդվել է, վերակառուցվել է:

Երևանի բերդը անուն է ձեռք բերել, երբ Իրանի շահ Իսմայիլը 1502 թվականին գրավել է Երևանը և այն հանձնել Րևան խանին: Վերջինիս օրոք էլ Երևանը դարձել է խանության կենտրոնը, ինչը ռազմական շատ կարևոր նշանակություն ուներ: Երևանի բերդը այդպես վերակառուցվում էր և զարգանում էր Րևան խանի օրոք, երբ 1583 թվականին թուրքերը գրավում են այն և Ֆարհադ փաշան սկսում է կրկին վերակառուցել բերդը (թուրքերի գրավումից հետո այն կրկին վնասվել և տեղ-տեղ քանդվել էր): Բերդի 45 օր տևած շինարարության համար Ֆարհադ փաշան օգտագործել է մի քանի ավերված եկեղեցիների և գերեզմանների քարերը։ Երբ հերթը հասել է «Երկու երեսի» եկեղեցուն, Առաքել անունով մի վարդապետ կարողացել է եկեղեցին պահպանելու թույլատրություն ստանալ փաշայից։ Սակայն հետագայում բոլոր կանգուն մնացած եկեղեցիները վերածվել են ախոռների։ 1639 թ. պայմանագրով Հայաստանի արևելյան մասն անցավ Պարսկաստանին: Երևանը դարձավ համանուն խանության վարչական կենտրոնը, իսկ բերդը՝ խանի և սարդարի նստավայրը: 1679 թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ բերդը վերածվեց ավերակների: Զալ խանը, Պարսկաստանից լրացուցիչ միջոցներ ստանալով, կարճ ժամանակում վերականգնեց այն:

Երևանի բերդը 1724 թ. գրավեցին թուրքերը: 1735 թ. պարսիկների վերագրավելուց հետո մինչև 19-րդ դարի սկիզբը բերդը խանի նստավայրն էր: Վերջին՝ Հուսեին Ղուլի խանի օրոք այստեղ կառուցվեցին շքեղ պալատ, հարեմ, բաղնիքներ, վառոդարան, մզկիթ: Ընդարձակ հրապարակում գտնվող արհեստանոցները և խանութները պատկանում էին հայերին: Աշխատանքն ավարտելով՝ երեկոյան նրանք վերադառնում էին քաղաք: Բերդում ապրում էին միայն պարսիկներ:

Դա նշանակում է, որ հայերը միևնույն է կորցրել էին իրենց բերդը, քանի որ իրավունք չունեին ապրել բերդում: Հայերն ապրում էին միայն քաղաքում:

Հետո սկսվեցին ռուս-պարսկական պատերազմները: Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում Երևանի բերդի գրավումը դարձել էր գերխնդիր, ռուսական զորքերը երեք անգամ պաշարեցին Երևանի բերդը։ Այդ ժամանակաշրջանում Պարսկաստանի ամենավտանգավոր ախոյանը Ռուսական կայսրությունը փորձում էր իշխանություն հաստատել արևելքում՝ այդպիսով իսկ անհանգստացնելով որոշ եվրոպական մեծ տերությունների, մասնավորապես Անգլիային և Ֆրանսիային։ ՈՒստի այդ երկրներից ստացված զինվորական օժանդակությունների շնորհիվ Երևանի բերդը դարձել էր անառիկ ամրոց։ Սա էր պատճառը, որ ռուսական զորքը ռուս-պարսկական պատերազմների ընթացքում երեք անգամ գրոհելուց հետո միայն կարողացավ գրավել բերդը։ Անառիկ բերդի գրավման համար սահմանվել էր նույնիսկ հատուկ մեդալ, ինչը ապացույցն է այն բանի, թե որքան բարենպաստ աշխարհագրական դիրք ուներ Երևանը ռուսների համար:

Երևանի 2609-ամյակին, հենց հոկտեմբերի մեկին, ռուսներին հաջողվում է գրավել Երևանի բերդը Պասկևիչի գլխավորությամբ: Պասկևիչը պարգևատրվել է «Կոմս Էրիվանսկի» մեդալով: Իսկ բազմաթիվ հայեր պարգևատրվել են «Երևանի բերդի գրավումը» մեդալով։

Հենց այդ ժամանակ էլ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարել է, որ հայերը պետք է պատրաստվեն Հայաստանն ազատագրելուն: Նա ասել է, որ արյունով պետք է ներկվի երկիրը մի անգամ, իսկ հետո երկիրը կապրի ազատ:

Ահա թե ինչ զարգացումներով և անկումներով լի պատմություն է ունեցել Երևանի բերդը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ