Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿՈՇՏԱՑՆՈ՞ՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿՈՇՏԱՑՆՈ՞ՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
13.11.2009 | 00:00

Անցած շաբաթ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և այցի արդյունքներով հայտարարեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ընդունել են մինչև նոյեմբերի վերջը երկկողմ հանդիպում անցկացնելու առաջարկը: Երկու նախագահներն էլ, ըստ միջնորդների, վերահաստատել են քննարկումները շարունակելու պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ հետագա առաջընթացի նպատակով:
Սակայն հայկական կողմն այդ «առաջընթացի» առումով այնքան էլ լավատես չի թվում: Հոկտեմբերի սկզբին, մինչև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հոկտեմբերի 8-ին Քիշնևում կայացած հանդիպումը, «The Armenian Reporter»-ին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բառացիորեն ասել է. «Հաշվի առնելով այն սահմանափակ առաջընթացը, որն ունենք մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից։ Դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատև բանակցային աշխատանք և, անշուշտ, քաղաքական կամք»:
Հայկական կողմը նկատելիորեն կոշտացնում է դիրքորոշումը: Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը Մոսկվայում` Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրի գիտագործնական համաժողովի ժամանակ նկատեց, որ «մադրիդյան սկզբունքների» հիմքում ընկած է «պատերազմի, ոչ թե խաղաղության պարադիգմը»: Սա, թերևս, փորձագիտական գնահատական է, բայց հասարակ «փորձագետի» շուրթերից չի հնչել: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լուծման հիմքում դրված է պատերազմի պարադիգմը, այլ ոչ թե խաղաղության: Այս մոտեցումը կասեցնում է հակամարտության խաղաղ լուծման որոնումը»,- նշել էր Քոթանջյանը: Իր այս տեսակետը նա հիմնավորել էր նրանով, որ ԱՄՆ-ի նախկին վարչակազմը` Բուշի ղեկավարությամբ, գերակայություն էր տալիս ռազմական ասպեկտին և արտաքին քաղաքական խնդիրներն ուժային միջոցներով լուծելուն, իսկ «մադրիդյան սկզբունքները» զգալի չափով ձևավորվել էին ԱՄՆ-ի նախկին վարչակազմի ջանքերով: Նման գնահատական առաջին անգամ է հնչում պաշտոնական շրջանակներին «մոտ կանգնած» անձանցից:
Հայկ Քոթանջյանը նաև հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից «խելամիտ ուժի»` որպես անվտանգության քաղաքականության մեջ համակարգաստեղծ և գերակա պարամետրի հայտարարումը նոր նախադրյալներ կստեղծի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեթոդոլոգիական հիմքերի վերանայման համար. «Այս նոր պայմաններում «մադրիդյան սկզբունքների» վերակողմնորոշումը «պատերազմի պարադիգմից» դեպի «խաղաղության պարադիգմ» կարող է հակամարտության բոլոր երեք կողմերին (Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան) դրդել համարժեք փոխզիջումների` Հարավային Կովկասում ամուր խաղաղության հաստատման օգտին»:
Հետաքրքիր էր նաև Իլհամ Ալիևի` քիշնևյան հանդիպումից հետո ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցը. «Երբեմն կարծիք է հնչում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը ապագայում կնպաստեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ես դրան համամիտ չեմ. եթե հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան մինչև հակամարտության կարգավորումը, Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում կկոշտանա»:
Փաստորեն, Իլհամ Ալիևը բավականին դիպուկ է նկատել` իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Հայաստանն իսկապես փորձում է արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` փորձելով ԼՂ հարցում դիրքերը չզիջել, իսկ թուրքական կողմը, հակառակը, ջանում է ձգձգել արձանագրությունների վավերացումը` քանի դեռ ղարաբաղյան հարցում տեղաշարժեր չկան:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ