Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Տե՛ր եմ հրաժարականից հրաժարականիս»

«Տե՛ր եմ հրաժարականից հրաժարականիս»
02.10.2009 | 00:00

«Տե՞ր ես հրաժարականիդ»: «Տեր եմ հրաժարականից հրաժարականիս». սա է ամբողջ պատմությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց բեմադրել ազգովին խնդրանքի իր տարբերակը, չստացվեց:
Խնդրեցին, բայց ոչ ազգովին:
Մի կես բերան, ու ինքն արագ համոզվեց, որովհետև... Նաջարյանը փոշմանել էր: Որովհետև որքան անիմաստ է պատգամավոր լինելը, նույնքան անիմաստ է չլինելը: ՈՒ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է... խորհրդարան, և այնքան վերամբարձ ու այնքան վեհապանծ` «Համեստորեն ու տևապես աշխատած լինելով ի շահ Հայոց ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան Հանրապետության ճանաչման և առանց որևէ նախապայմանի մեր հարևանների հետ հարաբերությունների բնականոնացման` սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով ես ինձ դավաճանված զգացի, ուստի և որոշեցի, որպես բողոքի արտահայտություն, վայր դնել պատգամավորական իմ մանդատը»: Իսկ ո՞վ էր ինչ խոստացել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն դավաճանված է զգում, և` ե՞րբ ու ինչի՞ դիմաց: Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հարցին չի պատասխանում, նա ուղղակի ինքնաներշնչված ու համոզված պատմում է, որ Հայաստանի իր համաքաղաքացիները (իսկ ինչո՞ւ ո՛չ համերկրացիները) և բովանդակ սփյուռքում ապրող հայրենակիցներն իրեն հորդորել են ստանձնել մարտակոչը (ո՞վ էր նետել այդ ձեռնոցը) և, ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի սահմանափակ ասպարեզը` գործելու հանուն ճշմարտության և արդարության: Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ուզում օգտագործել Ազգային ժողովից դուրս անսահմանափակ ասպարեզն ու նախընտրում է Ազգային ժողովի «սահմանափակ ասպարեզը», չէ՞ որ տարբերություններն ակնհայտ են, ժողովրդի համար ընկալելի ու ընդունելի լինելու առումով առավել շահեկան ու ազդեցիկ է լինել խորհրդարանից դուրս, քան ներս: Թե՞ խորհրդարանի ներսում նա իրեն մրցակից չի տեսնում, իսկ դրսում կյանքը լի է վտանգներով...
Վերջապես` ո՞ւր է վերադառնում Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» ԱԺ խմբակցությո՞ւն, թե՞ նաև կուսակցություն: Եթե նաև կուսակցություն, ապա ո՞ր հատվածին` ապարանյա՞ն, թե՞ արտաշատյան: «Ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսևորմանը» հետ վերցնելով հրաժարականի դիմումը, օրախնդիր ո՞ր հանձնառությունն է նա կենսակոչելու` Հովիկ Աբրահամյանի՞, թե՞ Աղվան Հովսեփյանի: Ո՞րն է ավելի հոգեշահ «աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին»:
Իհարկե, այս հարցերն ունեն պատասխան, բայց ո՞ւմ են հետաքրքրում: Գուցե միայն Ալբերտ Բազեյանին, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ամեն տեղից ու ամեն ինչից հրաժարականներով բացարձակ առաջատար է. Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ տասնյակ հրաժարականներ պիտի տա մինչև նրան հասնելը:
Սեպտեմբերի 2-30-ը` համարյա մեկ ամիս, Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե պատգամավոր չի եղել, և Ազգային ժողովը համարյա իրավունք ունի նրա պատգամավորական աշխատավարձը չվճարելու: Դա կլինի հիանալի առիթ` նորից, արդեն հոկտեմբերի 2-ին, իրեն «դավաճանված զգալու» և հերթական հրաժարականը ներկայացնելու` մինչև հոկտեմբերի վերջ:
Երբ գործ չունես անելու, զբաղվում ես ինքդ քեզնով, սա էլ է պատմություն:
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ