Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սփյուռքին ժամանակ էր տրված հասկանալու, որ անկախ հայրենիքը Գառնի-Գեղարդ-Սևան-Էջմիածինը չէ

Սփյուռքին ժամանակ էր տրված հասկանալու, որ անկախ հայրենիքը Գառնի-Գեղարդ-Սևան-Էջմիածինը չէ
02.10.2009 | 00:00

«Ցանկացած քաղաքական պրոցես ունի նաև իր գինը: Ես պատրաստ եմ այդ գինն էլ վճարել». սեպտեմբերի 30-ին Հանրային խորհրդի հետ հերթական թատերական քննարկման ժամանակ ՀՀ նախագահն ասաց գլխավորը, մնացածը պետք է ընդունել ըստ ժանրի կանոնների:
Սերժ Սարգսյանը պնդում է, որ որևէ մեկն իրեն չի պարտադրել հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորել: Իսկ ո՞վ է իրեն պարտադրում հերքել անհերքելին` գործընթացին արտաքին ուժերի մասնակցությունը: Եթե այդպես չէ, ապա այդ ի՞նչ ուժ է հարկադրում ԱՄՆ-ի պետդեպարտամենտին` Հայաստանին ու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայտարարություններ անել, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ինչո՞ւ է բանուգործը թողած օրը մեկ զանգահարում Հայաստան ու Թուրքիա, երկու երկրների արտգործնախարարներին ընդունում: Թե՞ նա էլ է հավատացել, որ ֆուտբոլասեր Սերժ Սարգսյանն առանց հարևան երկրի նախագահի իր թիմի պարտությանը չէր դիմանա: Եթե այդպես չէ, ՌԴ արտաքին գործերի նախարարության ու նախարարի հայտարարություններն ինչո՞վ են բացատրվում: Սերգեյ Լավրովը հեռակա համակրա՞նք ունի Հիլարի Քլինթոնի նկատմամբ:
Վերջին հաշվով եթե ամեն ինչ այդքան օրինաչափ ու բնականոն է, մեր կամքով ու ցանկությամբ, ինչո՞ւ են մեր նպատակներն այդքան համեստ, ինչո՞ւ ենք մենք այդքան հզոր սկզբում ու այդքան թույլ` ընթացքում, այլապես ինչո՞վ բացատրել նախագահի նախատինքը. «Եթե որևէ մեկին թվում է, որ այդ փաստաթղթում պետք է լինեն միայն մեր ցանկությունները, պետք է լինեն միայն ու միայն մեր իղձերի իրականացումները, ապա մի քիչ պետք է իրատես լինել, այդպես լինել չի կարող, որովհետև մենք ոչ թե մեր հարաբերություններն այսպես նորմալ կարգավորում ենք ու գնում ենք բարեկամանալու Թուրքիայի հետ, այլ ընդամենը փորձում ենք ստեղծել շատ թե քիչ կայուն մի միջավայր, որում կարող է սկսվել աշխատանքը, որով կարող է սկսվել երկխոսությունը»: Եվ սա նախատի՞նք է իրականում, թե՞ ինքնարդարացում:
Հարյուրից ավելի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, իհարկե, այլևայլ հարցեր են քննարկվել, բայց կարևորը նախագահի զայրացած ու հոգնած տոնն էր: Հացադուլ-նստացույցերի, ոտքի կանգնած սփյուռքի, տեղից հնչող 90 տոկոս քննադատության ու 10 տոկոս դրվատանքի հետևանքը դա կարող էր լինել, բայց ժողովրդի հետ այդպես չեն խոսում: Իսկ եթե Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամներին համարում է իր աշխատակիցները, որոնց հետ կարող է նաև այդպես խոսել, միանգամայն ճիշտ է վարվում:
Այնուամենայնիվ, այս հանդիպումը որքան հարցերի պատասխանեց, նույնքան հարցեր էլ առաջացրեց: Օրինակ` «Հրապարակված փաստաթղթերում որտե՞ղ եք տեսել նախապայմաններ» հարցը հարուցում է հակընդդեմ հարց` ի՞նչ է նշանակում նախապայման: Սա` մեկ: Եվ երկու` այս ընթացքում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների` նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի հարցազրույցները, հայտարարությունները խնդրո առարկայի վերաբերյալ որևէ կապ չունե՞ն խնդրո առարկայի հետ: Նաև երեք` ի՞նչ է նշանակում, թե հնարավոր էր «առավելագույնը պոկել», և չի բացառվում, որ ապագայում «հնարավոր է շատ ավելի լավ փաստաթուղթ ունենալ»: Ե՞րբ է այդ ապագան, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումից առա՞ջ, թե՞ հետո:
Եվ վերջապես` իհարկե, նախագահը ոչ միայն մենակ մնալիս, այլև իր շրջապատում շատերի վրա կարող է ծիծաղել, դա բնավ աբսուրդ չէ, բայց մի հարց մնում է. Սերժ Սարգսյանը համարյա բողոքել է, որ Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ իրեն «փորձում են մեղադրել մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ անգամ Ղարաբաղում չեն եղել, և երբ պետք էր այնտեղ լինել, իրենք ուրիշ տեղ էին»: Ով էլ լիներ, կծիծաղեր: Իսկ երբ նրան մեղադրում են մարդիկ, ովքեր եղե՞լ են Ղարաբաղում, ովքեր հաղթե՞լ են պատերազմում, ովքեր այդ օրերին ոչ միայն Երևանի փողոցներում չեն եղել, այլև Ղարաբաղի խրամատներո՞ւմ են եղել, ովքեր ոչ մի կերպ չեն հասկանում, թե Սերժ Սարգսյանն ինչո՞ւ պետք է զիջումների գնա, ովքեր չեն ընդունում, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի թագավո՞րն է արդեն...
Մի հարցում նախագահը միանշանակ ճիշտ է` Հայաստանի համար շատ ավելի ձեռնտու է, որ ցեղասպանության ճանաչման հարցի հանդեպ Թուրքիայում «ուշադրությունը բարձրանա», քան որևէ նոր երկիր ընդունի, որ 1915-ին եղել է ցեղասպանություն:
ՀՀ նախագահը հանդիպման ժամանակ խոստացել է, որ եթե մոտ լինի Ղարաբաղի հարցի կարգավորումը, ապա առանձին քննարկումներ կծավալվեն այդ խնդրի կապակցությամբ: Դա, իհարկե, ճիշտ և օրինաչափ քայլ է: Բայց կա ձև, և կա բովանդակություն. մենք միշտ գերակայությունը տալիս ենք ձևին ու տանուլ ենք տալիս բովանդակությունը. եթե Ղարաբաղի հարցին առնչվող «քննարկումներն» էլ լինելու են հայ-թուրքական հարցի «քննարկումների» նման, ապա նախօրեին ու հետո մենք իմանալու ենք ճիշտ նույնքան, որովհետև արդեն իսկ շատ լավ հայտնի է` իշխանությունն ում է իրավունք վերապահելու այդ մասին խոսելու և նույնիսկ ով ինչքան փող է աշխատելու, ընդդիմությունն ինչ է ասելու ու հետո ինչ է լինելու` անկախ նրանից, թե ով ինչ ասաց, ու ով ինչ չասաց:
Իսկ մինչ այդ Հանրային հեռուստաընկերությունը վերստին արջի ծառայություն է մատուցում գործող նախագահին. «Հայլուրի» յուրաքանչյուր թողարկման կեսն արդեն պատմում է նախագահի համաշխարհային տուրնեի մասին: Եթե նույնիսկ ընդունենք, որ «Հայլուրը» համաշխարհային հեռուստադիտող ունի, ՀՀ նախագահի առաջիկա այցը սփյուռքի գաղթօջախներ այնպես է գովազդվում, որ բուն այցի ժամանակ ցուցադրվելիք ռեպորտաժների հավաստիությունը խիստ կասկածելի է դառնում: Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ հերթական թատերական ներկայացումներն են բեմադրվելու, համայն առաջադեմ ու գիտակից սփյուռքի ներկայացուցիչներն իրենց հավատի ու վստահության, գովեստի ու համաձայնության, օրհնանքի ու բարի երթի խոսքերն են ասելու... Իհարկե, կգտնվեն մարդիկ, որ անկեղծորեն ու ազնվորեն այդպես կմտածեն, բայց հազարների մեջ տասնյակները, հարյուրների մեջ` եզակիները: Եվ եթե հավաստիություն եք ուզում, ոչ թե մեկը պետք է հարյուր դարձնել, այլ մեկը հարյուր դարձրածին զուգահեռ եթեր տրամադրել նաև նրանց, ովքեր այդպես չեն մտածում, չէ՞ որ, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է փաստում. «Մենք բոլորս ինկուբատորից չենք դուրս եկել, բոլորս ունենք մեր մտածելակերպը, մեր աշխարհընկալումը, և սա է, որ մենք բոլորս պետք է ընկալենք ու հասկանանք»: Գուցե այդ ժամանակ ինչ-որ բան փոխվի:
Իսկ հայկական սփյուռքը, որ հայ-թուրքական հարաբերությունների կայացման հնարավորությունից այդպես իրար է խառնվել` հասկանալով, որ հայրենիքում ինչ-որ բան այն չէ, իրականում շատ է ուշացել: Արդեն տասը տարի է` ուշացել է: Սփյուռքին բավարար ժամանակ էր տրված հասկանալու համար, որ անկախ հայրենիքը Գառնի-Գեղարդ-Սևան-Էջմիածինը չէ, որտեղ իբրև զբոսաշրջիկ նկարվել ու բնակության վայրեր վերադառնալով` հայրենիքի նկատմամբ պարտքը կատարված է, երկքաղաքացիության իրավունք ստանալով էլ` հայրենիքի պարտքն է կատարված նրանց առաջ: Հեռվից հեռու սիրելը հեշտ է: Փողով հայրենիք չես առնի: Հայրենիքը իշխանությունից ստացած մեդալները չէ: Հայրենիքը մարդիկ են և այն ամենը, ինչ կատարվում է այդ մարդկանց կյանքում: ՈՒզում ես ընդունել-չես ուզում ընդունել` Հայրենիքը նաև հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ն էր` դրանից առաջ ու հետո տեղի ունեցած իրադարձություններով, որոնք ոչ միայն հայաստանյան նշանակություն ունեին... Կար, վաղուց կար խզում Հայաստանի ու հայկական սփյուռքի միջև, հայ-թուրքական հարաբերությունների կայացման գործընթացն ընդամենը երևակեց այդ խզումը` միաժամանակ դրա վերացման կամ խորացման հնարավորություններ ստեղծելով:
Նայած կողմերի փոխըմբռնմանը:
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ