Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ո՞Վ ԿՀԱՂԹԻ «ԳԱԶԱՅԻՆ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԻ» ՊԱՅՔԱՐՈՒՄ

Ո՞Վ ԿՀԱՂԹԻ «ԳԱԶԱՅԻՆ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԻ» ՊԱՅՔԱՐՈՒՄ
30.03.2010 | 00:00

Ռուսաստանը շրջանցող մի քանի գազամուղներով Եվրոպա բնական գազի մատակարարման «Հարավային միջանցք» հայեցակարգի վերաբերյալ (սրանում ամենասկանդալայինի համբավն ունի «Նաբուկոն») բոլոր մասնագիտական գնահատականներն ու ապագային միտված գիտական հետազոտություններն ավելի ու ավելի են հիշեցնում փղին շոշափող կույրերի հայտնի առակը: Ամեն դեպքում, Կրեմլի կողմից հովանավորվող «Հարավային հոսք» նախագծի հետ «Նաբուկոյի» կոշտ մրցակցության և էներգետիկ աշխարհաքաղաքականությունը շարունակելու Մոսկվայի անսպառ ցանկության պայմաններում հետազոտողներից յուրաքանչյուրը, իր նախասիրությունների սահմաններում, փորձում է իրողությունները մեկնաբանել սեփական հետաքրքրությունների ու ձգտումների դիտանկյունից: Հարկ չկա զարմանալու, եթե գրավառու գրասենյակները, տնտեսական վերլուծությունների սպորտային տերմինաբանությանը համապատասխան, շուտով սկսեն խաղադրույքներ սահմանել, թե ով կհաղթի անզիջում պայքարում` «Նաբուկո՞ն», թե՞ «Հարավային հոսքը»։ Մանավանդ որ վերջնականապես ընտրություն կատարելու ժամանակը սուղ է, իսկ կրքերը, մասնավորապես` նախագծերում քաղաքական բաղադրիչների պարունակության պայմաններում, գնալով թեժանում են: Այդ պատճառով չի բացառվում, որ նախագծերից մեկը տնտեսական առումով կվախճանվի: Այսօր կարելի է միայն պնդել, որ 2010-ը կլինի շրջադարձային թե՛ «Նաբուկոյի», թե՛ «Հարավային հոսքի» համար:
Եվ այսպես, փորձենք դիտարկել վերջին շրջանի արագ փոփոխվող իրադարձություններն ու գերակայությունները: Բոլորովին վերջերս թվում էր, թե Եվրամիության ամենաինքնավստահ ու բարդ էներգետիկ նախագծի նախապատրաստական փուլը, որը ձգվում է արդեն ութ տարի, մոտ է իր ավարտին: Մարտի սկզբին նախագծին համարյա հավասար մասնաբաժիններով անդամակցած երկրների շարքում, ի թիվս Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Գերմանիայի, Թուրքիայի խորհրդարանը վերջինը վավերացրեց իր երկրի տարածքով գազամուղի կառուցման միջպետական համաձայնագիրը: Բացի դրանից, թուրքերը հայտարարեցին, որ մտադիր են հիսուն տոկոսով կրճատել ռուսական գազի ներմուծումը: Հարկ է նշել, որ 3300-կիլոմետրանոց գազամուղի 2200 կիլոմետրը պետք է անցնի Թուրքիայի տարածքով: Դրանից անմիջապես հետո Թուրքիայում կայացած «Նաբուկոյի» վերջին հավաքի մասնակիցները հասան լիակատար համաձայնության բոլոր հարցերում ու վստահեցրին, որ նախագիծը մեկնարկում է: Բայց Ռուսաստանի վարչապետ Պուտինի հետ բանակցելուց հետո Թուրքիայի վարչապետը որոշեց, որ պաշտպանելու է միանգամից երկու նախագծերը: Արդյունքում ռուսներին հաջողվեց ստորագրել Թուրքիայի տարածքային ջրերում, Սև ծովի հատակով «Հարավային հոսք» գազամուղի կառուցման մասին համաձայնագիր: Դեռևս այնքան էլ պարզ չէ, թե ինչպես պետք է լցվի այդ գազամուղը, որի հաշվարկային հզորությունը տարեկան մինչև 31 մլն խորանարդ մետր է: Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ աշխույժ բանակցություններ են ընթանում Թուրքմենստանի հետ, որը գազամուղի գլխավոր մատակարարներից մեկն է, և պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի ապրիլ-մայիս ամիսներին: Նշենք, որ եվրոպական այս նախագծի իրագործման հեռանկարը կախված է նրանից, թե արդյոք Եվրամիությունը կկարողանա՞ Թուրքմենստանի հետ 30 տարվա ռազմավարական պայմանագիր կնքել: Ամեն դեպքում հույսերը, թե թուրքմենական գազը կբավականացնի «Նաբուկոն» ամբողջ հզորությամբ գործարկելու համար, կասկածելի են: Առայժմ Աշգաբադը բավականին հաջող աշխատում է չինական ու պարսկական ուղղությամբ, մեծացնելով առաքվող գազի ծավալները` ի հաշիվ արդյունահանման ծավալների ընդլայնման: Կա հավանական մեկ այլ մատակարար, որը «Նաբուկոն» կարող է դարձնել հաջողված նախագիծ: Խոսքն Իրանի մասին է: Բայց Վաշինգտոնի համար, որը «Նաբուկոյի» գլխավոր խրախուսողներից է, Իրանի թեկնածությունը դեռևս անընդունելի է: Թեհրանը եվրոպացիներին բազմիցս է իրազեկել, որ, առանց իր մասնակցության, «Նաբուկոյի» մասին բոլոր խոսակցությունները կհանգեցնեն միայն «առանց գազի գազամուղի»:
Բայց իրավիճակն էապես չի փոխվում: Իսկ վերջերս Իրանը և Պակիստանը ստորագրեցին պայմանագիր, որի հենքը «Հարավային Պարս» հանքավայրն է: Ճակատագրի հեգնանքով հենց այս հանքավայրն ու Իրանի հնարավոր մասնակցության հեռանկարն ազդեցին նախագծի «Նաբուկո» անվան ընտրության վրա։
Է՛լ ավելի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանում: Ավստրիական ընկերության ղեկավար Վեռնել Աուլին հայտարարեց, թե Ադրբեջանը համաձայնել է գազ մատակարարել «Շահ Դենիզ» հանքավայրից: Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ գարնանն Ադրբեջանն ավելացրել է Ռուսաստանին մատակարարվող գազի ծավալը, հասցնելով այն օրական 3 մլն խորանարդ մետրի: Իսկ «Գազպրոմը» հաստատել է, որ ապագայում ևս պատրաստ է ընդունելու գազի այն ծավալները, որոնք կտրամադրի Ադրբեջանը: Բացի այդ, մոտակա ամիսներին Ադրբեջանը կսկսի գազ մատակարարել Իրանին, ինչպես նաև բանակցում է Սիրիայի հետ` տարեկան 1 մլն խորանարդ մետր գազ վաճառելու խնդրի շուրջ: Վրաստանը, Ադրբեջանն ու Ռումինիան նախատեսում են ստորագրել եռակողմ պայմանագիր: Իր հերթին Նազարբաևն առաջարկում է ուղի, որը պետք է անցնի Վրաստանով ու Ադրբեջանով մինչև սևծովյան ափ, որտեղից նավթատարները կհասնեն ռումինական Կոնստանցա և իտալական Տրիեստ նավահանգիստներ: Պարզ է, որ այսպիսի ախորժակի պարագայում Ադրբեջանը հազիվ թե կարողանա նավթով սնուցել «Նաբուկոն»: Այս ֆոնի վրա էլ ճեղքվածք է գոյացել Ալիևների կլանի և Թուրքիայի գործարար հարաբերություններում: Օրերս հայտարարվել է, որ Եվրոպա գազի փոխադրման մասին թուրք-ադրբեջանական բանակցություններն ընդհատվել են, և երկխոսությունը դադարեցրել է Ադրբեջանը: Նշենք` Ալիևը բազմիցս հայտարարել է, որ տրամաբանական չէ համաշխարհային գների 30 տոկոսով գազ վաճառել Թուրքիային, հատկապես այսօրվա պայմաններում: Այնուամենայնիվ, փետրվարին երկու երկրները պայմանավորվել էին գազի գնի շուրջ` մինչև 300 դոլար` հազար խորանարդի համար: Եվ ահա այսպիսի անհաջողություն: Ինչպես նշում են Բաքվում, խնդիրը քաղաքական է: Բոլորս էլ լավ ենք հասկանում, թե ինչի մասին է խոսքը:
Իհարկե, բաժնետերերին անհանգստացնում է «գազային իշխանիկների» քաղաքական շանտաժն ու իրավիճակից ելք գտնելու խնդիրը, ինչպես նաև այն հարցը, թե կհաջողվի՞ արդյոք ապահովել այնպիսի ծավալներ, որոնք կարդարացնեն ներդրումները: Այսպես, մարտի սկզբին Եվրահանձնաժողովը 200 մլն եվրո է հատկացրել գազամուղի շինարարության համար անհրաժեշտ խողովակները գնելու նպատակով, բայց գումարը կտրամադրվի միայն այն դեպքում, եթե աշնանը նախագիծը հստակեցվի, և նավթ տրամադրողների հետ պայմանագրեր կնքվեն: Հստակության բացակայության պայմաններում եվրահանձնակատար Գյունտեր Հեթթինգերը երկու անգամ հետաձգեց գազամուղի «բացման» ժամկետները: Գերմանական թերթին տված հարցազրույցում պաշտոնյան հայտարարեց, որ նախագծի մեկնարկը կարող է հետաձգվել մինչև 2018 թիվը, բայց մի քանի ժամ անց հերքեց իր իսկ ասածը, հայտարարելով, որ «գազը կմտնի գազամուղ 2014-ի վերջին, իսկ գազամուղն ամբողջությամբ կշահագործվի 2018-ին, ինչպես նախատեսված էր»: Նշենք նաև, որ գերմանական էներգետիկ ընկերության ներկայացուցիչը շտապեց հավաստիացնել, թե նախագիծը թևակոխել է տեխնիկական իրագործման փուլ, և շինարարությունն իրականացնելու համար նույնիսկ մասնագետներ են հավաքագրվում: Այնուամենայնիվ, առայժմ պարզ չէ, թե ինչպես կարելի է դուրս գալ Կասպից ծովի իրավաբանական կարգավիճակի բացակայության թակարդից, ինչպես կլուծվեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև պայմանագրի բացակայության, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև տարածքային վեճի խնդիրները: Մոսկվան, ըստ երևույթին, գոհունակություն է ապրում այս ամենից և համոզված է, որ «Հարավային հոսքի» ամենավտանգավոր մրցակիցը շուտով կվնասազերծվի: Բայց ամեն ինչ չէ, որ կարգին է հենց ռուսական էներգետիկ և աշխարհաքաղաքական հավակնությունների առումով: Այսպես, առանց Բուլղարիայի մասնակցության «Հարավային հոսքը», ըստ ամենայնի, կտապալվի, բայց Սոֆիայում չեն շտապում ընտրություն կատարել: Բացի դրանից, ըստ ներկայիս մտահղացումների, գազամուղի հարյուրավոր կիլոմետրեր պետք է անցնեն Սև ծովի հատակով, ընդ որում, ամենաբարդ ուղիներով, իսկ Մոսկվան չի տիրապետում ծովային շինարարության հմտություններին, չունի նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Ռուսաստանը հաշվարկել է, որ շինարարությունը կարժենա մոտ 15 մլրդ դոլար, իսկ որոշ արևմտյան մասնագետների կարծիքով` 45 մլրդ դոլար: Որտեղի՞ց հայթայթել այդ գումարները` պարզ չէ: Բացի դրանից, Կրեմլի համար ավելի կարևոր են երկու այլ խոշոր նախագծեր` Յամալյան ու Շտոկմանյան գազի հանքավայրերի գործարկմանն առնչվող։ Ռուսները համաձայն չեն այն մտքին, որ «Նաբուկոն» և այդ երկու նախագծերը կարելի է միավորել մեկ ընդհանուր նախագծում, որի անունն է արդեն իսկ առաջարկվում` «Հարավային Նաբուկո»:
Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ը հայտարարում է, թե չի քաղաքականացնում նավթի ու գազի փոխադրման խնդիրը, միևնույն ժամանակ բացարձակապես ակնհայտ է, որ ամերիկացիները մտադիր են վերահսկելու տարածաշրջանի էներգետիկ հաղորդակցության ճանապարհները և կովկասյան ու կասպյան տարածքում ամերիկյան ու բրիտանական համատեղ ջանքերով ստեղծված էներգետիկ համալիրը: Պատահական չէ, որ այդ ոլորտում նրանք նախանշում են նոր նպատակներ: Դրանցից կարևորագույնը, բացի «եվրոպական էներգետիկ անվտանգության ամրապնդումից», այն է, որ Վաշինգտոնը մտադիր է «խթանելու Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական զարգացումը, ընդլայնելով նրանց ածխաջրածնային պաշարների սպառման շուկաները»: «Մեր նպատակն է համոզվել, որ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն ի զորու են կայացնելու սեփական որոշումներ` սեփական պաշարների արդյունահանման և արտահանման ասպարեզում` ղեկավարվելով սեփական շահով»,- ընդգծում են Վաշինգտոնում:
Ահա այսպիսի պատկեր: Ո՞վ կհաղթի հսկաների այս պայքարում, առայժմ պարզ չէ: Եվ որքան ավելի մեծ թվով երկրներ ու քաղաքական հետաքրքրություններ խառնված լինեն այստեղ, այնքան նախագծերն իրականացնելիս ավելի մեծ կլինի բարդությունների հավանականությունը: Միակ բանը, որ կարելի է կանխատեսել, այն է, որ տվյալ գազամուղներն այսուհետ ևս կլինեն լուրջ աշխարհաքաղաքական լարվածության պատճառ Կասպյան և Սևծովյան տարածաշրջաններում: Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ գազամուղներից և ոչ մեկն իրականություն չդառնա, իսկ Եվրոպան ու Ռուսաստանն ստիպված լինեն բավարարվել գոյություն ունեցող գազամուղներով, որոնք անցնում են ՈՒկրաինայի տարածքով: Առավել ևս, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի հարաբերությունները շտկվում են: Բայց սա արդեն առանձին խոսակցության թեմա է:
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ