Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Խելոքանալու պահը

Խելոքանալու պահը
02.10.2009 | 00:00

Սերժ Սարգսյանը նախորդ օրը, քաղաքագիտորեն ձևակերպած, թևերը քշտեց և խիստ «նրբագեղորեն», լոկ իրեն հատուկ հաշվարկով մտավ ներհանրային դաշտ:
ՍԵՐԺ ԱԶԱՏԻՉԻ ՊԱՏՄԱԿԱՆՆ Է ԼԱՎ
Այսպիսով, ժամերի ընթացքում հայ-թուրքականին առնչվող ներհայաստանյան ռիտորիկան փոխվեց թե՛ իշխանական, թե՛ օպոնենտ ՀՅԴ մասով: Պատճառներն անթիվ են:
Դրսի հայտարարություններ. Օբաման կրկին «հոգաց», որ հակահրթիռային համակարգը Ռուսաստանին չխանգարող կոնֆիգուրացիա ունենա. նշանակում է` սողացող, «տակից» հարվածը, որ բոլոր դեպքերում սպասվում է Ռուսաստանից` հայ-թուրքականի հաշվով, կանխվում է` ազատ արձակելով Սերժ Սարգսյանի ձեռքերն այս փուլում:
Հիլարի՞ն: Չէ, այս անգամ լեդին չզանգեց ՀՀ նախագահին, թե` «what are you, my dear»։ Ինքն ու իրենց Գորդոնը ձեռ ձեռի տված ասին` հատուկ չհասկացողների համար կրկնում ենք` առանց նախապայմանների են կարգավորվում հայ-թուրքական հարաբերությունները: Իրենք էլ ազատեցին Սերժ Ազատիչի ձեռքերը:
ՈՒ մինչ պետդեպը Կովկասում այսպես նրբագեղ կոնֆիգուրացիաներն էր կարգավորում, պատրաստվում էր նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը (Ս. Սարգսյանը հո այնպես չէ՞ր ասում այս մասին. մինչ նյութը գրում էինք, հայտարարությունն էլ եղավ):
«Հաջորդ քայլով» Էրդողանը (էս մեր Էրդողանի գործերը հեչ լավ չեն. մեկ հայ Իգնատոսը Դավոսում նրան չի թողնում գոռգոռալ Իսրայելի վարչապետի վրա, էն օրն էլ իր թիկնապահների հետ մեր Էրդողանը ծեծում էր Օբամայի «տղերքին», և քանի որ մեծ քաղաքականության մեջ պատահական բաներ չեն լինում, զգացվեց, որ Ամերիկան Էրդողանին «բան էր հասկացնում»), և, ուրեմն, «հասկացված» Էրդողանը հորդորում էր Օբամային, մնացածին, որ ասեն` ԵԱՀԿ ՄԽ-ն արագացնի ղարաբաղյան գործընթացը (բա որ պայմանավորվածություն ու նախապայմաններ կան, էդպես խնդրե՞լս որն է, սիրելի Ռեջեբ Թաիփ): Ռեջեբի խնդրանքը դեռ չէր չորացել, էն Գերմանիան վայրկյանների ընթացքում դարձավ հակաթուրք, իբր հակաթուրք Ֆրանսիան քիչ էր մեր Էրդողանին, մի «խելոքանալու ժամ» էլ էդտեղ հասունացավ: ՈՒ Սերժի ձեռներն էլի մի քիչ ազատվեցին, Էրդողանն էլ հենց Ամերիկայից ասաց` հոկտեմբերի 10-ին խորհրդարանում քննարկվելու է «էդ գործը», մինչև տարվա վերջ էլ բացվելու է «էդ սահմանը»:
Գլուխ չցավեցնենք, հաջորդ պատճառը, որ մեզանում ռիտորիկան փոխեց, հետևյալն էր. ներհայաստանյան բոլոր ուժերին, այդ թվում և` ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին` բոլոր-բոլորին, դրսից խստորեն զգուշացվել է` չխոչընդոտել գործընթացին, չխանգարել Սերժ Սարգսյանին և անիմաստ չցցվել: Գործին լծված են թե՛ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, թե՛ ռուսաստանյան որոշակի ուժեր: Բայց ընկեր Հրանտը` Մարգարյան, «երեկ», Սերժ Սարգսյանին զուգահեռ, ցցվեց:
Շատ պարզ պատճառով. եթե Սերժ Սարգսյանի համար նախորդ օրվա Հանրային խորհրդի ելույթը մանրակետն էր, որի շուրջ հավաքելու էր սփյուռքին իր այցի ժամանակ, ապա այդ այցից ժամեր առաջ ընկեր Հրանտը հարկ համարեց ի սփյուռս աշխարհի մեսիջել, թե` բա չեք ասի, Սարգսյանը կորցրեց իր հենարանը էս աշխարհում (հրաժարակա՞ն էր պահանջում, հը՞...)։ Հասկանալի է, չէ՞, «հենարան» ասելով ընկերն առաջին հերթին նկատի ուներ հայ դատի նվիրյալ, Հայ դատի վրայով դարուկես հանգանակություն հավաքող ՀՅԴ «կուսակցությանը»։ Ի դեպ, նախորդ օրը ԱԳՆ-ի դիմաց (անտեր մեռել ունեցողներին այցելելիս է մարդ մեկ էլ այդպիսի զգացողություն ունենում) մի քանի աթոռ էր, մի քանի մարդ էր նստած դրանց վրա` ձանձրացած դեմքով, ու բողոքի, ընդվզումի, «հենարանի» շունչ բացարձակ չկար:
Ահա այս ֆոնին էր, որ Սերժ Սարգսյանը ելավ ու մտավ «համաշխարհային սովնարկոմ»` Հանրային խորհուրդ` հանրայնացնելու իր ռիտորիկան:
ԲԱ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆԻ՜ ԼԱՎԸ
Հանրային այդ քննարկումը, ոնց երևում է, շատ է կարևորել Սերժ Սարգսյանը հենց միայն այն պատճառով, որ այն բաց էր և, ի տարբերություն կուսակցությունների հետ հանդիպման, լրագրողները դիտում և ցուցադրում էին։
Կյանքի յուրօրինակ սպիրալ ունեցող Սերժ Սարգսյանը, որը շատ ավելի հետաքրքիր էր «գորշ կարդինալի «մունդիրը» կրելիս, և հրապարակային գործունեության ժամանակ հիմնականում երբեք շատ անկեղծ չի եղել (նրա անթափանց աչքերի հետևում առանձնապես հասկանալի չէ, թե ինչ մտքեր են թաքնված), քննարկումը վերածեց անկեղծության սեանսի, մի քանի «շերտանի» գործընթացի:
Այո՛, «հանրային» այդ հանդիպմանը նախագահն անդառնալիորեն անկեղծ էր: Հասկանալի է, գերխնդիր էր դրված` կա՛մ հասկացվել ու «վերցնել» աուդիտորիան փաթեթով, կա՛մ թույլ տալ, որ մարդիկ էկրաններից և այլ «տեղերից» ցցվեն և ասեն` համաձայն են այն ամենի հետ, ինչ անում է Սերժ Ազատովիչ Սարգսյանը, բայց իրենց ներսում չունենան այդ համոզվածությունը:
Հաջողեց իր առաքելությունում Սերժ Սարգսյանը, թե ոչ, դժվար է ասել, բայց որ նրա ելույթը եզակիորեն և միլիմետրիկ ճշգրիտ էր կառուցված, վիճարկելի չէ:
Եվ, ընդհանրապես, այն տպավորությունը կա, թե Սերժ Սարգսյանն իր թիմում ու շրջապատում հայ-թուրքականի հաշվով միակ համոզված խաղացողն է` «օդինոկիյ վոլկ», ով գիտի իր քայլերի պատճառահետևանքային ողջ ամպլիտուդը (նրա հետ հավասար խաղացող կարող էր լինել նաև ՀԱԿ-ի ինտելեկտուալ շերտը, բայց այդ երկու ուժերի միջև օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կոնֆրոնտացիան, ցավալիորեն, չի դադարել)։ Սերժ Սարգսյանն այդ օրը միայնակ ասաց ճշմարտություններ, որոնց կրողը պրոգրեսիվ հայն է, բայց որոնց կողքին բավականին լուրջ ներկայություն ունի նաև ժամանակային կարծրատիպերը կրող հայը: ՈՒ Սերժ Սարգսյանը փորձում էր խաղալ երկուսի «համար» էլ: Ստացվեց, թե ոչ, դարձյալ դժվար է ասել, սակայն Հանրային խորհրդի հետ հանդիպման եկած նախագահն անդառնալիորեն անկեղծ էր: Հասկանալի է, նա իր առջև գերխնդիր էր դրել. կա՛մ կկարողանա հասկացվել ու «վերցնել» աուդիտորիան, կա՛մ կարծրատիպերը, ազգային անհանդուրժողականությունը, ինչպես միշտ, կհոշոտեն այս ազգը:
Կարելի է հավատալ, կարելի է չհավատալ նրա անկեղծ մտքերի տողատակերին, սակայն կարծրատիպերի քանդումը, թերևս, այդ օրվա նրա ելույթի ամենաէական պահն էր հենց միայն այն պատճառով, որ կարծրատիպերը շատ ավելի դաժան թշնամի են, քան «թուրքը», այն պարզ պատճառով, որ բոլոր ճակատամարտերից ամենադաժանն ինքն իր, իր ներքին մարդու, ազգի էթնիկ կոդի հետ տրվող ճակատամարտն է:
Եվ, ուրեմն, Սերժ Սարգսյանը, որին հաստատ կարելի է մեղադրել երբեք հումոր չանելու մեջ (ոչ, այդ օրն էլ նա հումոր չարեց), այնուհանդերձ, հանրայինների հետ անկեղծության շատ «հետաքրքիր» (ականջդ կանչի, Քոչարյան) դրսևորմանը զուգընթաց, փորձեց ջարդել այդ մենթալ կոդը, երբեմն էլ` ֆոլկ դրսևորումներ «հանդես բերելով». «Նրանք փողոց դուրս չէին գալիս, որովհետև կարող է զինկոմիսարիատից գային ասեին` արա՛, էս փողոցում էս ի՞նչ ես անում»։ Կամ` «ես քահ-քահ ծիծաղում եմ»։ Նաև` «հո ինկուբատորից չե՞նք»...
Պրագմատիզմից, ռիսկից, զգուշավորությունից բաղկացած Սերժ Սարգսյանը, փաստորեն, երեկ արձակել էր իր ներքին պոտենցիան` իրենից անկեղծ, հոգեբանական նոր տիպ կերտելու առումով:
Հաջողե՞ց:
ՔԱՂԱՔԱԿԱՆԻ «ՊԱՏՄԱԿԱՆԸ»
Բայց, դե, Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյան չէր լինի, որ գար ու ասեր այն, ինչ ինքն իրականում մտածում է: Հանդիպմանը նա պատասխանեց ոչ միայն հանրայինում ներկա բոլոր «մտահոգություններին», այլև «բացականերին» էլ: Հիշեց բոլորին անուն առ անուն` Ռոբերտ Քոչարյանին, Օսկանյանին, Լևոնին... յուրովսանն հիշատակումով հանրայնացնելով իր հանդիպումը նրանց հետ ևս` տողատակորեն խիստ ընդգծված:
Բայց նախ` «անտողատակների» մասով։ Նա զինաթափող անկեղծությամբ փաստեց. «Արձանագրությունները կոմպրոմիսի արդյունք են, և դա մեր հնարավորությունների առավելագույնն էր այս փուլում»:
Դո՛ւ ասացիր:
Հաջորդ «անտողն» առնչվում էր ղարաբաղյան խնդրին։ Նա շատ բաց տեքստով ասաց բոլորին` ինքը պատրաստվում է լուծել նաև Ղարաբաղի խնդիրը, փաստորեն, բացառելով, որ Ղարաբաղյան խնդիրն այս պահին նախապայման է, բայց հերթը դրան էլ է հասնելու, ու մի ռաունդ էլ այս առնչությամբ է հանրայնացում ընթանալու մեզանում: Եվ հետո, որևէ մեկը պե՞տք է այդ կնճռոտ, Հայաստանին լավ չապրելու հեռանկարի մեջ պահող (Սերգո ջան) հարցերի համար պոկում ապահովելու «կասկադյորություն» ունենա։ Հասկանալի չէ՞, որ եթե նրան հաջողեց, ինչ պատմական «լավի» մասին է խոսք գնալու։ Ի դեպ, նախագահի շա՜տ մտերիմներն այն կարծիքին են, որ, ճիշտ է, Սերժը մշտապես պնդում է, որ իր համար հեչ էլ էական չէ` ինքը կմնա՞ պատմության մեջ, թե՞ ոչ, սակայն, «չէ՜, իր համար շա՜տ կարևոր է էդ հանգամանքը»:
Իսկ եթե` ո՞չ:
Նա ասաց` պատրաստ է վճարել այդ գինը։ Մենք պարզապես ցիտում ենք իրեն (բայց այս մասին` քիչ հետո):
Այսպիսով, անդրադառնալով իր քաղաքական օպոնենտների առաջ քաշած մտահոգություններին, Սերժ Սարգսյանը, նախ, փորձեց «ոմանց» հասկացնել մի շատ «հետաքրքիր» (ակա՜նջդ կանչի, Քոչարյան) նրբություն։ Եթե ուզում ենք, որ Կարսի պայմանագիրն ընդհանրապես չճանաչվի, «ի՞նչ պետք է արվի. նոր պայմանագի՞ր ենք կնքելու, թե՞ նախկինում կնքված պայմանագրերն ենք հիմք ընդունելու»։ Այո, «անհենարան» Սերժ Սարգսյանը հիմնականում խոսում էր դաշնակցության, ընկեր Հրանտի և մնացածի հետ և հասկացնում` նախկին պայմանագիր ասելով` պետք է նկատի ունենալ նույն դաշնակցության` Թուրքիայի հետ կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ուր չկար «ծովից ծով» Հայաստան, այլ կար ընդամենը 9 հազար քառակուսի կիլոմետր «էրգիր հայրենի»:
Բայց սա առ դաշնակցություն և մնացյալներ` այդ օրվա միակ մեսիջը չէր:
Ընդհանուր առմամբ, այդ մեսիջներում ամենահետաքրքիրն այն էր, որ Սերժ Սարգսյանը գրեթե փաթեթով էր դիտարկում ՀՅԴ-Օսկանյան-Քոչարյան «եռաժանին»: Ընդ որում, երբեմն էլ նրանց էր միացնում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի «տեսլականը» (չէ, հո չե՞նք ասում` գլխանց «խեղդում» էր ստեղծվող «ազգային ճակատը», չենք ասում), սակայն մոնոպոլիաների մասին խոսելիս Սերժ Սարգսյանը ձեռքով ցույց տվեց «հեռվում եղող» գազի խողովակը և ասաց` գազի խողովակի սկզբում է եղել մոնոպոլիան` նկատի ունենալով, թերևս, թե՛ Լևոնի օրոք (երևի թե, Խաչատուր Սուքիասյանի), թե՛ Ռոբի օրոք ձևավորված «խողովակներին»:
«Տողատակում» հատուկ «գլուխ» էր նվիրված վերջերս Քոչարյանի խոսնակի վերածված պարոն վագրաթռիչին` Օսկանյանին (փաստորեն, «մույս»` մանկահասակ խոսնակ Վիկտորի հացը կտրելու հաշվին), որն այլևս խոսում է «նոն ստոպ» տարբերակով, մոռանալով, որ շատ խոսքերի մեջ շատ ունայնություն կա, և ոնց երևում է` Օսկանյանը ձեռն էլի դրել է գրպանը (ինքն է ասել, հենց դնում է գրպանը, մտքի թելը կորչում է): Որպեսզի թելը գտնվի, նրան Հանրային խորհրդի բարձր ամբիոնից ասին. «Ես միայն հարգանքով կվերաբերվեմ այդ մարդուն, եթե նա 4, 5, 15 տարի առաջ էլ դեմ էր խոսում»։
Առանձին բաժին «հասավ» նաև լիբերալ ՀԱԿ-իստներին և նրանց լիդերին` Կարսի պայմանագրի հաշվով. «Հայաստանը, դառնալով ԱՊՀ անդամ, պարտավորվել է լինել ԽՍՀՄ-ի կնքած բոլոր պայմանագրերի իրավահաջորդը։ ԱՊՀ մտնելու ժամանակ մի վերապահում գրեիք, ինչո՞ւ չեք արել»:
Եսի՞մ:
Բայց ամենահետաքրքիրը, թերևս, «մույս» հանրայիններին ուղղված մեսիջն էր, որոնց մեջ էին, թերևս, փարաքյարափակ ոչ Արամ Կարապետյանը, Տիգրանը` նույնպես Կարապետյան («պեռոնի») և, թերևս, օրերս մանդատապես ետողորմված Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ղարաբաղի խնդրում ինձ փորձում են մեղադրել մարդիկ, ովքեր որևէ անգամ Ղարաբաղում չեն եղել, և երբ պետք էր այնտեղ լինեին, ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին, և վախենում էին փողոց դուրս գալիս, որովհետև կարող է զինկոմիսարիատից գային ու ասեին` ա՛րա, էս ի՞նչ ես անում էս փողոցում»:
Բա նրանց տարիքը զինկոմիսարիատի՞ է, պարո՛ն նախագահ։
Ի դեպ, Սերժ Սարգսյանը նույն հանդիպմանը նշագրել էր նաև հետևյալը. եթե Ղարաբաղի հարցում հնարավոր չլինի կնքել արժանապատիվ խաղաղություն, ապահովել Ղարաբաղի զարգացումը, «այն ժամանակ, ուրեմն, բոլորս ազգովին պետք է հավաքվենք և ասենք, որ պատրաստ ենք կռվելու, ու գնանք կռվելու»:
Փաստորեն, զինկոմիսարիատի տարիքի են, է՛լի։
Լրջանալու պահն է, փաստորեն: Էլի՛: Ոնց տեսնում եք` հայոց պատմությունը կրկնվելու խասիաթ ունի` թե՛ մեկդարյա, թե՛ տասը տարվա կտրվածքով:
Իսկ դա նշանակում է` մենք պատմության դասերը չենք սերտել, և դրանք կրկնելու ենք այնքան, մինչև սովորենք։ Տիեզերքի օրենքն է դա։ Կդիմանա՞նք էդքան:
Հա, ի դեպ, Սերժ Սարգսյանը հարկ համարեց նաև շեշտել. «Ես գիտակցում եմ, որ ցանկացած քաղաքական գործընթաց ունի նաև գին, և պատրաստ եմ վճարել այդ գինը»:
Ի՞նչ նկատի ուներ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ