Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԻՐ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐՆ ՈՒՆԻ ԱՅՍ ԱՐևԻ ՏԱԿ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԻՐ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐՆ ՈՒՆԻ ԱՅՍ ԱՐևԻ ՏԱԿ
05.03.2010 | 00:00

Ցուրտը: Առաջին զգացողությունը ցուրտն էր, խայտառակ ցուրտը: Անհեռանկար հունվարյան ցուրտը: Ազատության հրապարակը լիքն էր` չհրավիրված հանրահավաք: Ցուրտը գողանում էր բառերը ու փորձում իմաստն էլ ոչնչացնել: Չէր ստացվում: Բառերը զրնգում էին օդում ու սպանում ցուրտը:
Բառերի մեջ խոստում չկար, տաք ու լուսավոր օրերի հիշեցում չկար: Կար զգաստ, խիստ ու գործնական ձայն, որ ասում էր` մենք բանակ չունենք: ՈՒ դա իրականություն է: Բայց իրականություն է նաև այն, որ մենք բանակ պիտի ունենանք` մեր բանակը: Նա չէր խոսում թշնամու մասին, սահմանների մասին, սահմանների պաշտպանվածության ու անպաշտպանության մասին: Նա ասում էր, որ Հայաստանը պիտի բանակ ունենա: Ցո՞ւրտը: Հունվա՞րը: Թշնամի՞ն: Անպաշտպան սահմաննե՞րը: Վա՞խը: Զենք չունենա՞լը: Զինվոր չունենա՞լը: Բանակ պիտի լիներ:
-Ես օրվա և մոտակա նպատակներ դնող և լուծող մարդ եմ: Այդ տեսակն եմ: 1989-ին, երբ խոսվում էր բազմահազարանոց բանակ ստեղծելու մասին, մենք Արարատում ստեղծեցինք մեր ինքնապաշտպանական ջոկատը, երբ ամբողջ հայ ժողովուրդը մտածում էր բազմահազար ավտոմատներ ձեռք բերելու մասին, մենք մեր ջոկատը զինեցինք որսորդական հրացաններով և ինքնաշեն նռնակներով: Հետո, երբ բոլորը խոսում էին ռմբակոծիչների մասին, ես, արդեն որպես պաշտպանության նախարար, հայթայթում էի ավտոմատների առաջին չափաբաժինը: Հետո, երբ բոլորը խոսում էին հեռահար կայանքների մասին, ես փորձում էի Հայաստանի նորաստեղծ բանակի համար հրետանու միջոցներ և ինքնաթիռներ ճարել: Եվ այսպես շարունակ: Արդյունքում` այսօր Ադրբեջանն աղմկում է արդեն մեր հեռահար հրթիռների, Հայաստանի` որպես ատոմային պետության մասին:
Բանակ պիտի լիներ... Նույնիսկ եթե երկիրն ու պետությունը դեռ չկային` որպես երկիր ու պետություն: Բանակ պիտի լիներ, որ երկիրն ու պետությունն էլ լինեին... Դիմանային, դիմակայեին, դիմադրեին...
Պատճառաբանություն չէր ոչինչ չունենալն ու ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտությունը: Նա չէր փնտրում արդարացում, նա միջոցներ էր գտնում: Նա հավատում էր անհրաժեշտության երկաթե տրամաբանությանը, որ հնարավորություն է ստեղծում ոչնչից:
-Ես դյուրահավատ չեմ: Դյուրահավատ չեմ, հավատավոր եմ: Չեմ սիրում ավելորդ կասկածամտությունը: Տեղին-անտեղի թշնամիներ փնտրել-գտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե ես, թե բանակը:
Այդպես` փամփուշտ առ փամփուշտ, զինվոր առ զինվոր ստեղծվեց բանակը, ու առաջին գունդը` ընդամենը հինգ ջոկատ, հրապարակից գնաց ռազմաճակատ: Այդպես ստեղծվեցին հաղթանակները` ճակատամարտ առ ճակատամարտ, կրակոց առ կրակոց, մետր առ մետր` մինչև զինադադար: ՈՒ բոլոր խրամատներում նա եղավ, որովհետև հրամանատարը զինվորի հետ է, եթե բանակն ուզում է հաղթել... ՈՒ նա բոլոր զինվորների հետ էր, որովհետև սահմանամերձ հայրենիքում պատերազմի ժամանակ ոչ զինվորներ չեն լինում:
Պատերազմի իրական առասպելներից մեկը պատմում է, որ մարտերից մեկի ժամանակ Վազգենը երկար-բարակ քննարկում է, թե ինչպես է, որ մի քանի օր չեն կարողանում դիմացի բլուրը գրավել ու այդքան կորուստներ են տալիս, ու որոշում է... բարձրանալ բլուրը` թշնամու դիրքերն ուսումնասիրելու: Մենակ: Բնականաբար` չեն թողնում: Բնականաբար` բարձրանում է: Եվ շատ արագ ռադիոկապով ադրբեջանցիները միմյանց են փոխանցում հրամանը` «Չկրակել, Վազգեն փաշան է»: ՈՒ հակառակ տրամաբանությանը, հակառակ ամեն ինչին` չեն կրակում: Գործում է պատերազմի բարձրագույն օրենքը, որ ոչ մի տեղ գրված չէ: Իսկ հաջորդ օրը բլուրը մերոնք գրավում են:
Ասում են` հաղթողներին չեն դատում: Նրան դատեցին` հաղթանակի համար: Նրան դատապարտեցին` հաղթելու համար: Նրան չներեցին, որ թշնամիներ չէր տեսնում իր հայրենիքում ու իր հայրենիքի սահմանները մեծացնում էր: Նրան չներեցին, որ ընկերներին չէր դավաճանում: Նրան չներեցին, որ սիրում էր իր հայրենիքը: Սիրում էր իր ընկերներին: ՈՒժեղ էր:
Ասում են` պարտությունը որբ է: Նրա հաղթանակը որբացավ: Չհասկացված մեր հաղթանակը կորցրինք մենք, որովհետև երբ սկսեցինք ապրել չավարտված պատերազմի ու չսկսված խաղաղության մեջ` մոռացանք, հետո նաև ուրացանք նրանց, ովքեր կյանքի ու մահվան գնով մեզ էին մատուցել այդ խաղաղությունը: Որովհետև մեր իրական դիմադրողականությունը զրո էր, ու մենք ուժեղ էինք ուժեղի հետ... Մենք սկսեցինք ապրել մեր կյանքով, որ հայրենիքի կյանքի հետ չէր հատվում, որովհետև մենք նեղացել էինք մեր հայրենիքից, որը մեզ չէր սիրում արդեն:
Այլևս ասող չկար.
-Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915 թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-1995 թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ: Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել...
Այլևս ասող չկար.
-Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանը արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ:
...ՈՒ նրանից հետո այլևս ոչ ոք զորանոցներում զինվորների անկողինները չէր ստուգում, զինվորական ճաշը չէր համտեսում:
...ՈՒ նրանից հետո այլևս ոչ ոք Անկախության տոնին զինվորական շքերթում` ի տես իր ստեղծած բանակի, լաց լինելու ուժ ու հպարտություն չունեցավ:
...ՈՒ նրանից հետո այլևս ոչ ոք իր զինվորներին չհորդորեց` նամակներ գրեք ձեր սիրելիներին....
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ