Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԻՑ» ՄԻՆՉև «ԶՐՈ ԽՆԴԻՐ»

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԻՑ» ՄԻՆՉև «ԶՐՈ ԽՆԴԻՐ»
04.05.2010 | 00:00

Այն հին ճշմարտությունը, թե «քաղաքականության մեջ հավերժական բարեկամներ չկան, այլ կան մշտական շահեր», մեր փոխկապակցված և իրատես դարում դեռևս օրախնդիր է, իսկ սեփական շահերին հասնելու համար գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները։ Այս, ըստ էության, ծեծված միտքն ստիպում է կրկնել վերջերս ասպարեզ նետված այն հաղորդումը, թե Իսրայելի Կնեսետն իբր քվեարկել է հայերի Ցեղասպանության մասին օրինագիծը խորհրդարանի օրակարգ մտցնելու օգտին։ Նկատենք, որ այս թեման առաջին անգամ չէ, որ բարձրացվում է Իսրայելում։ Կնեսետում համանման օրինագծեր ներկայացվել են 2007 և 2008 թվականներին, իսկ անցած տարվա մայիսին խորհրդարանականներին հաջողվեց անգամ օրակարգ մտցնել այդ բանաձևը քննարկելու վերաբերյալ հարցը։ Ավելին, ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը (82,5 տոկոս) կարծում է, որ իր Մեծ աղետն ապրած Իսրայելի ժողովուրդն իրավունք չունի ժխտելու այլ ազգերի այդօրինակ ողբերգությունը։ Ընդ որում, 72,4 տոկոսը համարում է, որ Իսրայելը պետք է ճանաչի հայ ժողովրդի Ցեղասպանությունը։ Այդուամենայնիվ, միայն 43,8 տոկոսն է կարծում, թե Իսրայելը պետք է փաստն ընդունի անգամ Թուրքիայի հետ հարաբերությունների խզման գնով։ Եվ դա օրինաչափ է. չէ՞ որ արդեն վաղուց Թուրքիան համարվում է Մերձավոր Արևելքում Իսրայելի միակ հենարանն ու ռազմավարական գործընկերը, իսկ Թել Ավիվի ու Անկարայի փոխհարաբերություններն «ավելի առանձնահատուկ են, քան աշխարհի այլ երկրների հետ նրանց հարաբերությունները»։
Դրա պատճառները մի քանիսն են։ Նախ, Թուրքիան առաջին իսլամական երկիրն է, որը 1949-ին ճանաչեց Իսրայելի անկախությունը։ Ընդ որում, իսրայելցիները վստահ են, որ թուրքերի հետ հարաբերությունների ցանկացած վատթարացում կհանգեցնի մահմեդական աշխարհում հրեական պետության է՛լ ավելի մեծ մեկուսացման, իսկ դա լուրջ սպառնալիք է։ Երկրորդ, Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները գլխավորապես հենվում են ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Ընդ որում, Անկարան միշտ դրանք օգտագործել է որպես հաղթաթուղթ քաղաքական, տնտեսական ու ռազմական արտոնություններ ստանալու համար։ Ավելին, անցած դարի վերջին, երբ Թուրքիան խնդիրներ ուներ իր գրեթե բոլոր հարևանների հետ, Իսրայելի հետ հարաբերությունները վերաճեցին «ռազմավարական դաշինքի»։ 2008-ին առևտրական շրջանառության ծավալը հասել էր 5 մլրդ դոլարի և ուներ աճի միտում (առանց զինամատակարարումների)։ Նկատենք, որ այդ երկրներն ունեն ռազմական համագործակցության 60-ամյա պատմություն։ Այսպես, 1958-ին տեղի է ունեցել գաղտնի հանդիպում (դրա մասին հայտնի է դարձել միայն տարիներ անց), որի ժամանակ ստորագրվել է մի համաձայնագիր, թե Թուրքիան, Իրանը, Եթովպիան ու Իսրայելը պայմանավորվում են ռազմական համագործակցության շուրջ։ Տարիներ անցան, Իրանը գլխավորեց «հակաիսրայելական ճակատը», իսկ այդ ժամանակ ավանդական դարձած թուրք-իսրայելական դաշինքը բացահայտորեն թշնամաբար ընդունվեց իրանական իշխանությունների կողմից։ Այդ ժամանակ թուրքական բանակը սկսեց նախապատվությունը տալ իսրայելական սպառազինությանը, որը հանձնել էր իրական մարտական գործողությունների քննությունը։ Միայն «Էլբիթ» և «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնները միլիարդների պայմանագրեր էին կնքել Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ ռազմաօդային ուժերը հետախուզական համակարգով ապահովելու վերաբերյալ։ Դեռ վերջերս «Իսրայելական պաշտպանական արդյունաբերություն» կոնցեռնը շահեց թուրքական տանկերի արդիականացման 700 մլն դոլարի դրամաշնորհը։ Ընդ որում, ինչպես նշում են իսրայելցի փորձագետները, «թուրքական բանակը միշտ ճնշում է գործադրել Իսրայելի հետ ռազմական գործարքների իրականացման վրա, անգամ այն բանից հետո, երբ իսլամականներն իշխանության եկան Թուրքիայում»։ Իսրայելի համար հետաքրքիր է նաև հումքային շուկան։ Դեռ մինչև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շարք մտնելն Իսրայելը ադրբեջանական նավթի երկրորդ գնորդն էր դարձել։ Արժե հատկապես նշել, որ Ջեյհանի նավահանգիստը համեմատաբար մոտ է նավթալցման նավամատույց ունեցող իսրայելական խոշոր Հայֆա նավահանգստին։ Բացի այդ, հեռանկարային էին համարվում ջրային նախագծերը. չէ՞ որ Իսրայելում աղետալիորեն քիչ են ջրի պաշարները, իսկ Անատոլիան տարածաշրջանում խմելու ջրի խոշորագույն «պահեստարանն» է։ Իր հերթին Թուրքիան կարիք ուներ (մինչ օրս էլ ունի) ԱՄՆ-ի հրեական խոշոր լոբբիի աջակցության, իսկ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմանը նրա մասնակցությունը հնարավորություն էր տալիս զգալու իրեն որպես ակտիվ խաղացող Մերձավոր Արևելքում։ Իհարկե, փոխհարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում եղել են նաև որոշակի անհարթություններ։ Այսպես, Նաջմեթդին Էրբաղանի գլխավորությամբ իսլամականների իշխանության գլուխ գտնվելու ընթացքում Թուրքիան սկսեց Իրանին օգնել արդիականացնելու ռազմական ոլորտը։ Այդուամենայնիվ, այն ժամանակ Անկարան կարմիր գիծը չանցավ և չհամարձակվեց խախտել «Թել Ավիվ-Անկարա» վաղեմի պաշտպանական ու քաղաքական դաշինքը։ Այսինքն, չնայած ամեն կարգի քննադատություններին ու որոշ դժվարություններին, կողմերը երբեք հարաբերությունները չէին հասցնում խզման եզրին։
Այսպիսով, դեռ վերջերս թվում էր, թե ոչինչ չի սպառնում Մերձավոր Արևելքի «երկու ժողովրդավարությունների» դաշինքին։ Այդուամենայնիվ, անգամ այն ժամանակ թուրք-իսրայելական հարաբերությունների թույլ կողմն այն էր, որ դրանք պահպանվում էին բացարձակապես կառավարող վերնախավի մակարդակով և ժողովրդականություն չէին վայելում թուրք բնակչության ճնշող մեծամասնության շրջանում։ Համապատասխանաբար, ամեն ինչ սկսեց զգալիորեն բարդանալ Թուրքիայում ամբոխահաճ և ժողովրդականություն վայելող քաղաքական ուժի իշխանության գալուց հետո, որը մնացած իսլամական աշխարհի հետ ակտիվ մերձեցման ուղի որդեգրեց։
Այն ժամանակ էլ Էրդողանի կառավարությունը մտահղացավ Թուրքիան վերածել մի երկրի, որը կկարողանա դառնալ տարածաշրջանում բոլորի կողմից ճանաչված առաջատար` «միջուկ պետություն», որը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը։ Դրա արդյունքում Անկարան սկսեց կամաց-կամաց հետ քաշվել Արևմուտքից, համապատասխանաբար և` Իսրայելից։ Ինչպես հայտնի է, Իրաքում պատերազմական գործողությունների սկսման նախօրեին թուրքական խորհրդարանը թույլ չտվեց Թուրքիայի տարածքում տեղաբաշխել մոտ 60 հազար ամերիկյան զինվորների, չնայած ԱՄՆ-ը խոստացել էր Թուրքիային 15 մլրդ դոլարի «օգնություն ցուցաբերել»։ Արդեն այն ժամանակ ի հայտ եկավ առաջին ճաքը, թվում է, ամրակուռ դաշինքում։ Սակայն այն ժամանակ Անկարան` «ներողամիտ չլինել նրանց հանդեպ, ովքեր պնդում են, թե իբր Միացյալ Նահանգները շուտով մտադիր է հարձակվել Սիրիայի կամ Իրանի վրա» կոչերից այն կողմ չանցավ, ավելին, իր վրա փորձեց խաղաղարարի «դիմակը»։ Անկարայում հայտարարեցին, թե իրենք Դամասկոսի ու Թեհրանի հետ «ավելի շատ շփման եզրեր ունեն, քան տարբերություններ», և կա «բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման կայուն հիմք»։ Իսկ 2009-ի մայիսին արտաքին գործերի նորանշանակ նախարար Ահմեթ Դավութօղլուն, հայտարարելով «խաղաղության տեսլական» կամ «զրո խնդիր» հայեցակարգի մասին, Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորը թեքեց դեպի իսլամական աշխարհ, ինչն իր հերթին կանխորոշեց Իսրայելի հանդեպ քաղաքականության փոփոխություն։
Այդուամենայնիվ, բավականին երկար ժամանակ (ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի աչքում) Թուրքիան «անհրաժեշտ և ուժեղ երկիր» էր, որն ընդունակ էր տարածաշրջանում «խաղաղ նախաձեռնություններ» իրականացնելու, միջնորդ լինելու Դամասկոսի, Թեհրանի և Թել Ավիվի միջև։ Այսպես, տևական ժամանակ, յուրաքանչյուր բախումից և հակաիսրայելական հայտարարությունից հետո, և՛ ԱՄՆ-ը, և՛ Իսրայելն իրենց սառնասիրտ էին պահում ու ջանում չկորցնել Թուրքիան։ Եվ սկզբում թվում էր, թե «տարաձայնությունները» մեծ մասամբ դեկլարատիվ են ու անէական։ Ավելին, Էրդողանի հուզական մեղադրանքները, «արյունարբու իսրայելցիների» մասին ֆիլմերը, դիվանագիտական ընդհարումները վրդովեցնում, սակայն հարաբերությունների խզման չէին հանգեցնում։ Բայց «ջինը շշից դուրս էր թողնվել», և թուրք-իսրայելական հարաբերություններում բացասական լիցքը սկսեց կուտակվել։ Շուտով Թուրքիայի բոլոր նահանգներում սկսեցին բողոքի գործողություններ բորբոքվել ընդդեմ Իսրայելի։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, խանութների ցուցափեղկերին սկսեցին երևալ «Հրեաների ու հայերի մուտքն արգելվում է» մակագրությամբ պաստառներ, Թուրքիայի կրթության նախարարությունը հրահանգ իջեցրեց, որով դպրոցականները, բացի այն, որ դասից առաջ արտասանում էին ավանդական «Ես թուրք եմ, ես աշխատասեր եմ, ես իրավացի եմ» կարգախոսը, պետք է հարգանքի տուրք մատուցեին Պաղեստինում զոհված երեխաների հիշատակին։ Այսպիսով, երկրներն աստիճանաբար հանգեցին այսօրվա իրավիճակին, երբ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բոլորովին էլ բնականոն չես համարի։ Եվ, ինչն է՛լ ավելի հատկանշական է, վերջին ժամանակներս խզում է առաջացել ռազմական ոլորտում։
Այսպես, նախ Անկարան բոլորի համար անսպասելի հայտարարեց, թե անվավեր է հայտարարում ՆԱՏՕ-ի և Իսրայելի հետ ամեն տարի անցկացվող «Անատոլիական արծիվ» զորավարժությունները, դրա փոխարեն կանոնավորապես սկսեց անցկացնել զորավարժություններ Սիրիայի հետ` «համատեղ գործողությունների իրականացման նպատակով»։ Ինչպես նշում է «Ալ Ջազիրան», այդ զորավարժությունները ոչ միայն ուղղված են պաշտպանական հարաբերությունների զարգացմանը, այլև արաբական աշխարհի երկրների հետ փոխգործակցության ամրապնդման թուրքական նախագծի մի մասն են։ Այնուհետև, իսրայելական հետախուզության տվյալներով, Էրդողանի և Ահմադինեժադի միջև ստորագրվել է գաղտնի ռազմական համաձայնագիր, որտեղ կետ կա հետախուզությունների համագործակցության, տեղեկությունների փոխանակության և փոխօգնության մասին։ Վերջապես, Իսրայելի զինվորական հետախուզության պետը հայտարարել է, որ պաղեստինյան «Համաս» խմբավորմանը մատակարարվում են իրանական «Երկիր-ծով» հրթիռներ և այլ զինատեսակներ` Սիրիայի և առաջին անգամ` Թուրքիայի միջոցով։ Բացի այդ, վերջին ժամանակներս կանոնավորապես և բարձր մակարդակով հայտարարվում է, թե «Իսրայելի կողմից ագրեսիայի դեպքում Դամասկոսն ու Թեհրանը կմիավորեն ջանքերը», ընդ որում, նրանք ունեն նաև Թուրքիայի աջակցությունը։ Հատկանշական է, որ ընթացիկ տարվա ապրիլին Թուրքիան պաշտոնապես մերժեց իր օդային տարածությունը տրամադրել իսրայելցի օդաչուներին` հեռու տարածության թռիչքներ իրականացնելու համար։
Ավելին, այս ամենը ծավալվում է միջազգային բոլոր համաժողովներում ու հանդիպումներում` Էրդողանի այն մշտական քաղաքական հայտարարությունների համատեքստում, որ Իսրայելն «ամենամեծ սպառնալիքն է Մերձավոր Արևելքի խաղաղության համար», որ «Երուսաղեմն Իսրայելի անկապտելի մայրաքաղաք համարելը խելահեղություն է», և որ դա «մահմեդական քաղաք է»։ Չի «տաքացնում» նաև թուրքերի այն կարծիքը, թե «Էրգենեկոնի» պետական հեղաշրջման հետևում կանգնած է Մոսսադը։ (Առաջ, երբ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն այնքան էլ բարվոք չէին, թուրքական լրատվամիջոցները գրում էին այդ գործում ռուսական հատուկ ծառայությունների դերի մասին)։ Բացի այդ, համարվում է, որ վարչապետ Նաթանյահուն Էրդողանի պատճառով հրաժարվել է Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելուց։
Վերջապես Իսրայելի համբերությունը «հատավ», Թել Ավիվն առաջին անգամ համարձակվեց բավականին ծանրակշիռ պատասխան տալ և հրաժարվեց Թուրքիայի ռազմածովային նավատորմի կարիքների համար գերժամանակակից զենիթային «Բարաք-8» կայանքներ վաճառելուց։ Բացի այդ, որոշվեց վերանայել էլեկտրոնային պատերազմի մղման և էլեկտրոնային ճնշման արդիական միջոցների, հակատանկային հրթիռների ու զրահատեխնիկայի մատակարարումների վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները։ Հայտարարվեց, որ Իսրայելը վճռել է վերանայել Թուրքիայի հետ իր ռազմատեխնիկական համագործակցության հիմունքները, և որ այսուհետ սպառազինությունների վերաբերյալ թուրքական յուրաքանչյուր պահանջարկ կքննարկվի առանձին, իսկ որոշումները կընդունվեն խնդիրների համալիր գնահատումից հետո։ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը թուրքական լրատվամիջոցներին հայտարարել է. «Թուրքիայի հետ կապերը էլ երբեք առաջվանը չեն լինի։ Մենք մեծ զգուշավորություն կցուցաբերենք այդ երկրում իսլամական միտումների կապակցությամբ»։
Սակայն ավելի ու ավելի է գլխավոր «փորձաքար» դառնում Իրանի միջուկային ծրագիրը և այդ հարցի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը։ Հիմա, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամները համաձայնության են եկել «լուրջ բանակցություններ» անցկացնելու պատժամիջոցների շուրջ և մտադիր են բանաձևի նախագիծ մշակել, Թուրքիան պետք է շատ բարդ ընտրություն կատարի, որը մեծ ազդեցություն կգործի նրա հետագա արտաքին քաղաքական կուրսի վրա։ Այս առումով դիտարկենք մի շատ հետաքրքրական հանգամանք։ Օրերս նախագահ Ահմադինեժադը հայտարարեց, թե որոշ արաբական պետություններ որոշել են Արևմուտքի կողմը բռնել իրանական միջուկային ծրագրի հարցում, «մոռանալով, որ իրականում արաբական աշխարհի գլխավոր թշնամին սիոնիստական վարչախումբն է»։ Արաբ քաղաքագետներից շատերը, առաջին հերթին` Ծոցի երկրներից, ենթադրում են, որ Իրանը միջուկային տեխնոլոգիաները զարգացնում է ոչ միայն խաղաղ նպատակներով, ինչը վնաս է հասցնում արաբների շահերին։ Առավել ևս, որ Թեհրանում կրկնում են, թե «Բահրեյնը նախկինում Իրանի նահանգներից մեկն է եղել»։ Ավելին, մարտին գերմանական «Շպիգել» հանդեսը հրապարակեց մի հոդված, որտեղ ասվում էր, որ Իսրայելն ու Պարսից ծոցի պետությունները միասնական ճակատ են կազմավորում ընդդեմ Իրանի, և որ Էր Ռիադն արդեն այնքան հեռու է գնացել Թեհրանին հասցեագրված իր պահանջներում, որ անգամ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնի հետ հնարավոր ռազմական գործողության առնչությամբ։ Հանդեսը նաև մեջբերում է արևմտյան հետախուզության ստացած տվյալները, որոնց համաձայն` Էր Ռիադը պատրաստ է իր օդային տարածքը բացելու իսրայելական ռազմական ինքնաթիռների համար։ ՈՒ թեև առայժմ, հավանաբար, վաղ է խոսել «հակաիրանական արաբա-իսրայելական կոալիցիայի» ստեղծման մասին, այդուամենայնիվ, շատ հավանական է, որ նման պայմաններում Իսրայելի մեկուսացումը Մերձավոր Արևելքում կարող է որոշ չափով կորցնել իր հրատապությունը, և Թուրքիան էլ չի մնա որպես «միակ պատուհան»։
Ի դեպ, Թուրքիայում դեռևս կան բավական ազդեցիկ ուժեր, նախ և առաջ` զինվորական վերնախավը, գործարար շրջաններն ու լիբերալ կուսակցությունները, որոնք Թել Ավիվի և ԱՄՆ-ում հրեական անչափ հզոր լոբբիի աջակցությամբ հնարավոր ամեն ինչ կանեն` Թուրքիան Իսրայելի հետ «ռազմավարական դաշինքի» ուղեծրում պահելու համար։ Այս ամենը փոխհարաբերությունների կծիկը դարձնում է ավելի քան խճճված։ Այդուամենայնիվ, հնարավոր է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները թևակոխեն փոփոխության փուլ, և քիչ հավանական է, որ դրանք մնան այնպիսին, ինչպիսին վերջին տասնամյակում էին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ