Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՀԵԶԻ՜Կ-ՆԱԶԻ՜Կ- ՓԱՓԿԱՄԱԶԻԿ

ՀԵԶԻ՜Կ-ՆԱԶԻ՜Կ- ՓԱՓԿԱՄԱԶԻԿ
05.03.2010 | 00:00

Ամեն անգամ Ազգային ժողովի դերի բարձրացման կոսմետիկ նորույթները կեսլուրջ-կեսկատակ ներկայացնելով, կարծում էինք, թե երբևէ առիթ կունենանք գրելու նաև օրենսդիր մարմնի բովանդակային փոփոխությունների մասին: Ապարդյուն: Միտումը, որը վերջին շրջանում նկատվում է խորհրդարանում, դրական քայլ ակնկալելու վերջին հույսն էլ է մարում:
Բանն այն է, որ խորհրդարան աշխատանքի «հրավիրված» երկարամազ, երկարոտն, երկարափեշ... ներողություն, ճի՛շտ հակառակը, սուպերմինի շրջազգեստներով աղջիկների թիվը գնալով աճում է: Միջանցքներում բարձրակրունկ կոշիկներով հեզիկ-նազիկ-փափկամազիկ ճեմող օրիորդները դարձել են այսօրվա խորհրդարանի իրական դեմքի խոսուն վկաները: «Օրինաստեղծ» բուռն գործունեությունից հալումաշ եղող երեսփոխանների օգնական-սուրճ եփողների միակ առաքելությունը սենյակներն ամայի չթողնելն է: Աշխատանքի ավարտին, եթե մի փոքր հետևես օրենսդիր մարմնից հեռացող երիտասարդ «աշխատակցուհիներին», կթվա` ինչ-որ զվարճանքի օբյեկտի դռանն ես հայտնվել: Մինչդեռ երկրի` կարևորությամբ երկրորդ պետական մարմնում աշխատելը պահանջում է համապատասխան հագուկապ, վարքագիծ, էլ չենք ասում` գիտելիք: Բնականաբար, այս ողբալի վիճակն ստեղծվել է ԱԺ ղեկավարության թողտվությամբ, եթե չասենք` խրախուսմամբ։ «ՂՌվՈվրօ տՏ՚Ց ՐՏՎՈվրօ» արտահայտությունը տեղին-անտեղի հիշատակող Հովիկ Աբրահամյանը պիտի որ իմանար` պետական միջոցներն այս կերպ չեն վատնում: Այն էլ` չեղած միջոցները։ Ժողովուրդը կասեր` «Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից են կապում»։ Հետո էլ խոսում են հակաճգնաժամային ոչ ստանդարտ քայլերից։ Ասենք, խոսելն էլ հո փողով չէ՞, ինչ-ինչ, բայց մեծ-մեծ բրդելու գործում մեր երկրի թիվ մեկ խոսնակը (մեղա՜ Աստծու) բոլորին տվել-անցել է։ Եվ մինչ աշխարհի մյուս երկրների օրենսդիր ու գործադիր իշխանության «ջոջերը» բյուրոկրատական ուռճացված ապարատն են վերից վար խուզում (հիշենք` ՌԴ նախագահ Մեդվեդևն ուժային ապարատն անգամ չխնայեց, ուղիղ երկու անգամ կրճատեց ռազմական չինովնիկների հաստիքացուցակը), մեր երկրի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան Ազգային ժողովում «օրիորդաց ճեմարան» է բացում։ Եվ ճեմո՜ւմ են նրբիրան օրիորդները` հայոց երեսփոխանների սիրտը «թունդ անելով»: ՈՒ բնավ չենք զարմանա, եթե նորարարության սիրահար ԱԺ նախագահը վերցնի ու մի օր էլ «Միսս խորհրդարան» մրցույթ հայտարարի` ժյուրիի պատվավոր նախագահ կարգելով ինքն իրեն։ Պատկերացնո՞ւմ եք` ի՜նչ ազգանպաստ շոու կլինի, Ազգային ժողովի իմիջն ի՜նչ աննախադեպ աճ կարձանագրի։ Ինչևէ։
Հովիկ Աբրահամյանի աշխատաոճի ողջ գուներանգը «տեսնելու» համար հավելենք մեկ փաստ ևս. մեր խորհրդարանական աղբյուրի պնդմամբ` հին աշխատողների, որոնք խորհրդարանի, այսպես ասած, գաղափարական կորիզն են, հաստիքների կրճատում է սպասվում` երկարոտների «տիպը» հայոց պառլամենտում ավելացնելու հույժ ազգանպաստ միտումով։
Թե որքան կշարունակվի օրենսդիր իշխանության մասին այսօրվա ղեկավար կազմի պատկերացումների այսպիսի էվոլյուցիան, կերևա առաջիկայում։ Այսօրվա համար նշենք միայն, որ ԱԺ-ի վարկն օրեցօր նվազում է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ