Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայերենը Ջավախքի պաշտոնական շրջանակներում ունի մեռած լեզվի կարգավիճակ

Հայերենը Ջավախքի պաշտոնական շրջանակներում ունի մեռած լեզվի կարգավիճակ
18.09.2009 | 00:00

ԴՈՒՌ-ԴՐԿԻՑ
«Թող Սերժ Սարգսյանն այդպիսի հարցեր առաջադրի Բուենոս Այրեսի հետ հարաբերություններում, որտեղ ապրում է շուրջ 100000 հայ, որպեսզի այնտեղ հայերենը հայտարարվի տարածաշրջանային լեզու։ Նույնը` Ավստրալիայի հետ հարաբերություններում, որը նույնպես հայաշատ է, և Կալիֆոռնիայում, որտեղ ապրում է 300000 հայ, այնուհետև մենք նույնպես կմտածենք այդ մասին»: Մեջբերումը Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության նախագահ Շ. Նաթելաշվիլու օրերս արած հայտարարությունից է, որը նա հնչեցրել էր վերջերս ՀՀ նախագահի այն հայտարարության առիթով, որ Ջավախքում հայոց լեզվին հարկավոր է տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ: «Վրաստանն այսօր ապրում է ծանր օրեր, և հայկական իշխանություններին խորհուրդ կտայի կանգնել եղբայր վրաց ժողովրդի կողքին, այլ ոչ թե հանդես գալ նրա դեմ»,- հավելել է Նաթելաշվիլին:
Վրաստանի ընդդիմադիր գործչի սույն հայտարարությունները բնավ նորություն չեն և հերթական անգամ ապացուցում են հետևյալ իրողությունները.
l Վրաստանի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր շրջանակները երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ունեն նույն դիրքորոշումներն ու ծրագրերը:
l Վրաստանի քաղաքական վերնախավն ու այլ շրջանակներ հերթական անգամ թյուրիմացության գիրկն են նետում միջազգային հանրությանը` նշելով, որ Ջավախքի հայությունը մի սովորական հայկական համայնք է, ինչպես Ավստրալիայի կամ Բուենոս Այրեսի հայկական համայնքները, այլ ոչ թե իր պատմական հայրենիքում ապրող տեղաբնիկ ժողովուրդ:
l Երկրի ազգային փոքրամասնությունների և տեղաբնիկ ժողովուրդների ազգային իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլ երկրի և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր վերնախավը դիտում է որպես սեփական երկրի դեմ ուղղված քայլ:
l Ջավախահայության ազգային շահը և Վրաստանի ազգային-պետական շահը Վրաստանի ջանքերի շնորհիվ ներկայումս գտնվում են տարբեր հարթություններում, ինչը դառնում է խնդրի խորացման իրական պատճառ:
Խնդիրը Ջավախքի հասարակական գործիչ ԴԱՎԻԹ ՌՍՏԱԿՅԱՆԸ մեկնաբանում է հետևյալ կերպ. «Շ. Նաթելաշվիլուն տրվելիք պատասխանը հետևյալն է. ցանկացած քաղաքական գործիչ, ով քիչ թե շատ ծանոթ է Ջավախքի պատմությանը, չի անի նման հայտարարություն` ջավախահայությանը համեմատելով Լոս Անջելեսի կամ Բուենոս Այրեսի հայության հետ: Ջավախքը պատմական Հայաստան է և միայն իրերի բերումով է հայտնվել Վրաստանի կազմում: Նաթելաշվիլին մեզ համեմատում է տարբեր երկրներում բնակվող հայերի հետ, որոնք արտագաղթել են արդեն քիչ թե շատ կայացած պետություններ, օրինակ` Ֆրանսիա, ԱՄՆ, Ավստրալիա և այլն: Իսկ նորանկախ Վրաստանի ստեղծման, հետագայում նաև կայացման գործում մենք` ջավախահայերս ենք կանգնած` սկսած 1990-ական թվականներից: 1991-ին մենք, ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, կողմ քվեարկեցինք Վրաստանի անկախացմանը, մտածելով, որ հարևան ազգության անկախությանը դեմ քվեարկողն ինքը չի կարող անկախ լինել: Ես այն մարդն էի, ով անկախության հանրաքվեի նախօրեին Ախալքալաքում տասը հազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ մենք` ջավախահայերս, հանդես ենք գալիս Վրաստանի անկախացման օգտին: Բայց մենք այդ երկրի անկախությանը «այո» ենք ասել, քանի որ Վրաստանն անկախանում էր 1918-ի անկախ հանրապետության սահմանադրության հիման վրա, և նրա 133, 134, 135 հոդվածներում հստակ ամրագրված էին ազգային փոքրամասնությունների բոլոր իրավունքները: 1995-ին ընդունված Վրաստանի սահմանադրության հենքը ևս Վրաստանի առաջին Հանրապետության Սահմանադրությունն էր (Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1921թ. փետրվարի 21-ին- Վ. Ս.): Վրաստանի վարած ներկա քաղաքականությունն ընդհանրապես հեռու է այդ սկզբունքներից: Նոր օրենսդրությունն ընդհանրապես չի կարգավորում ազգային փոքրամասնությունների խնդիրները, չկա ազգային փոքրամասնությունների շահերն արտահայտող մշակված պետական քաղաքականություն: Եվ այս պայմաններում, երբ ջավախահայությունն իրավամբ վրաց նորագույն պետականության ճարտարապետներից մեկն է, վերջինիս լեզվական խնդիրը նույնացնել Լոս Անջելեսի կամ Ֆրանսիայի հայության խնդիրների հետ առնվազն երախտամոռություն է վրացիների կողմից: Ինչ վերաբերում է արտասահմանին և այնտեղ ապրող հայությանը, ապա պարոն քաղաքական գործչին տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ Նյու Յորքի տեղական իշխանությունները քաղաքի արվարձաններից մեկում կոմպակտ ապրող ռուսների համար ռուսերենը հռչակել են որպես գրագրության մեջ օգտագործվող պաշտոնական երկրորդ լեզու, և ռուսներն այժմ իրավունք ունեն իրենց խանութների, տների, փողոցների և տարբեր այլ վայրերի ցուցանակներում, ինչպես նաև պաշտոնական գրագրություններում լիարժեք օգտագործել ռուսերենը: Իսկ Ջավախքում ապրող բնիկ հայությունը զուրկ է այդ տարրական իրավունքներից. հայերենը Ջավախքի պաշտոնական շրջանակներում ունի մեռած լեզվի կարգավիճակ: Շատ կցանկանայի, որ Վրաստանն իր մեծ ուսուցչից, այլ բաների շարքում, սովորեր նաև այս փորձը:
Մի առիթով Շ. Նաթելաշվիլին ընտրությունների ժամանակ եկել էր Ջավախք և բողոքում էր, որ հայերը ձայն են տվել գործող իշխանություններին: Եթե մի քաղաքական ուժ մյուսին մեղադրում է երկրի ազգային փոքրամասնությունների «հերը չանիծելու» մեջ, մենք ինչպե՞ս ձայն տանք այդպիսի ուժին: Հետևաբար, ձայն տալով գործող իշխանություններին, ինչ-որ տեղ ջավախահայությունն ընտրել է եղած չարիքներից մեկը, որը քննադատվում է մյուս, առավել մեծ չարիքի կողմից: Այսօր Վրաստանի ընդդիմությունն ու իշխանությունը ջավախահայերի հանդեպ վարում են նույն քաղաքականությունը, ցավալի է, որ իրականում այդպես պետք է վարվեին հայաստանյան իշխանությունն ու ընդդիմությունը` միասնաբար մշակելով Ջավախքի նկատմամբ ազգային քաղաքականություն:
Վրաստանն այսօր վարում է նույն քաղաքականությունը ջավախահայերի նկատմամբ, ինչ սովետմիության ժամանակ վարում էր Ադրբեջանը արցախահայության նկատմամբ, տարբերությունն այն է, որ արցախահայությունն իր խոսքն ասաց դեռ Ադրբեջանի անկախացումից առաջ, իսկ ջավախահայությունը, հավատալով Վրաստանին, մատնվեց բախտի քմահաճույքին:
Բոլորովին վերջերս Ախալցխայի Սուխլիս գյուղի հիմնադրման 180-ամյակի առթիվ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորեց տեղի հայությանը: Սա պատահական չէր: Շնորհավորանքը նպատակ ուներ շեշտելու, որ ջավախահայությունն այս տարածքում եկվոր է և ունի ընդամենը 180 տարվա պատմություն: Այս ամենի ստահոդ լինելը մենք բազմիցս նշել ենք, և կանգ չենք առնի ջավախահայության տեղաբնիկ լինելը մեկ անգամ ևս ապացուցելու վրա: Մի հանգամանք կուզենայինք մատնանշել, որպեսզի ամեն ինչ ընկնի իր տեղը: Մի պահ հավատանք վրացիներին և ընդունենք, որ ջավախահայությունը Ջավախքում է հայտնվել 1829-ից հետո: Հետաքրքիր է, իսկ ե՞րբ է Ջավախքում հայտնվել ներկայումս այնտեղ «տեր զգացող» վրացական տարրը: Այդ առթիվ հիշեցնենք վրացիների համար սարսափելի մի քանի փաստեր. 1891 թ. Ախալցխայի ողջ գավառում 13000 հայերի կողքին վրացիները ռուսների հետ կազմել են ընդամենը 700 մարդ, իսկ Ախալքալաքի և Խրամի (Ծալկայի) գավառներում վրացական տարրը գրեթե բացակայել է (ներկայումս վրացականացման մեծ թափ ստացած Ծալկան ունեցել է միայն մեկ վրացական գյուղ` Ռեխան, այն էլ` հիմնադրված 1830-ական թվականներին): Վրաստանն այս շարքում արդյոք տոնելո՞ւ է, ասենք, Ասպինձայի, Ախալցխայի կամ Ադիգենի (շրջաններ` հիմնված Ախալցխայի գավառի հիմքի վրա) վրացական բնակավայրերի հիմնադրման 50-ամյակը, Ծալկայի «վրացական» գյուղերի 5 կամ 6-ամյակը, Ախալցխայի և Ադիգենի հայկական մի շարք բնկավայրերի վրացականացման 100-110-ամյակը: Վրաստանի քաղաքագետներից մեկը` Ս. Ցինցաձեն, վերջերս հայտարարել է, որ իր ձեռքի տակ մի փաստաթուղթ կա, համաձայն որի երբ Ջավախքի հայությունը 1829-ին Ադրիանապոլսի պայմանագրի ստորագրումից հետո եկել է Ջավախք, այդ թույլտվությունը ստացել է վրացի իշխաններից: Պատկերացնո՞ւմ եք, պետականությունը կորցրած երկրի իշխաններին Ռուսաստանը պետք է հարցներ` իրագործի՞ իր ծրագիրը, թե՞ ոչ: Հայությունն իր հայրենիքի մի մասից պետք է տեղափոխվեր մյուս մասը, ասենք, Իջևանից Գյումրի և հայցեր վրացի ինչ-որ իշխանների թողտվությունը: Առանց ամոթի Բավրայի երկու մետր հայկական հողի համար ղալմաղալ սարքող ժողովուրդն ի վիճակի՞ է տեղ տալու մի ողջ ազգության: Սա ոչ միայն ապատեղեկություն է, այլև մեծագույն հիմարություն»,- եզրակացնում է Դավիթ Ռստակյանը:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոն

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ