Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պետք է հետ բերենք նախ Հայաստանը, որ կարողանանք հետ բերել նաև Արցախը

Պետք է հետ բերենք նախ Հայաստանը, որ կարողանանք հետ բերել նաև Արցախը
29.07.2024 | 09:52

Ո՞վ և ինչպե՞ս հետ կբերի Արցախը. այս հարցը շատերն են տալիս ու մնում անպատասխան։ Ոմանք ներքաղաքական նպատակներով մարդկանց խաբում են, թե ուր որ է, շատ շուտով դիվանագիտական ճանապարհով հետ ենք բերելու Արցախը՝ թքած ունենալով հասարակ արցախցու զգացումների վրա։ Ոմանք էլ ինքնախաբեությամբ հայտարարում են, թե Արցախ գնալու ենք մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, և այդպես շարունակ։ Ասում են, էլի, հո խոսքի համար պատասխանատու չե՞ն։

Իրականում Արցախը հետ բերելուց առաջ նախ մենք պետք է հետ բերենք Հայաստանը։ Զարմացա՞ք, իսկ ես հարց տամ՝ ինչպիսի՞ պետություն է այսօր Հայաստանը։ Ազգային պետությո՞ւն է, որ ունենա ապագայի կոնկրետ ռազմավարություն, թե՞ դրսի փողերով ու հրահանգներով սնվող, այլոց շահերին համապատասխան աջ ու ձախ ընկնող երկիր, որի իշխանությունը գիշերային ակումբի պարուհիների նման մերկապար է պարում՝ ըստ տված փողի։

Ինչպիսի՞ն է Հայաստանի ժողովուրդը։ Ունի՞ հայրենիքի ու պետականության գիտակցում, որ միասնական ոտքի կանգնի ու քանդի բոլոր պատերը, որոնք մեզ խանգարում են դառնալ ուժեղ պետություն։

Չունի, որովհետև առնվազն 1995-ից սկսած կերակրել են օգնության նպաստներով, տարատեսակ «փարոսներով», որն ստանալու համար մարդիկ կաշառք են տալիս չինովնիկներին, հրաժարվում աշխատանքի մտնել, որ էդ երկու գրոշը ստանան։ Մարդկանց սովորեցրին ոչինչ չանելով փող ստանալ և էնքան որ ապրել։

Մարդկանց զբաղեցրին էժանագին ու այլասերված սերիալներով, որոնցում զօրուգիշեր քարոզվում է անամոթություն, գողություն ու նյութապես լավ ապրելու ձգտում։

Չունի, որովհետև կրթությունը աստիճանաբար հասցրին զրոյական մակարդակի, երբ ուսուցիչ դառնում են ոչ թե մանկավարժի նվիրում ունեցողները, այլ հիմնականում նրանք, ովքեր ուրիշ տեղ ընդունվելու գիտելիք չունեն և մանկավարժի աշխատանքը համարում են ձեռքի հետ գործ։ Որովհետև ուզում են ոչ թե դպրոցում կրթություն տալ, այլ փող ստանալ, ու շատերի միակ միտքն է ռոճիկը։

Երբ ես 90-ականներին դպրոցական էի, ուսուցիչներիցս մեկը դժգոհեց, թե մեզ ի՞նչ են տալիս, որ ձեզ ինչ տանք... Դա մնացել է հիշողությանս մեջ՝ որպես սերունդներին փչացնող գործոն։ Փողը մարդկանց համար դարձրին աստված՝ հեռացնելով իրական Աստծուց, եկեղեցուց, դպրոցից, ընտանիքից, հայրենիքից։

Արցախի ազատագրության հայրենական պատերազմում հաղթանակած հայ ազգին աստիճանաբար դարձրին լավ ապրելու ձգտող բնակչություն՝ քարոզելով անհայրենիք ու անհոգևոր արժեքներ։ Դրա համար բնական ճանապարհով իշխանության եկավ այդ արժեքների կրող սրիկաների խումբ, որը դաստիարակվել է հենց այդ քարոզչությամբ ու ամբողջ հոգով դավանում է այլասերումը։

Այսքանից հետո մտածում եք, որ Հայաստանը մե՞րն է։

Իհարկե, ոչ։ Իհարկե, Հայաստանը մեզանից խլել են դեռ 90-ականներին ու շարունակում են խլած պահել՝ պարբերաբար կերակրելով 2 մետր ասֆալտ անելու կամ 2 կոպեկ թոշակ բարձրացնելու խաբեությամբ։ Մեկ Ռուսաստանն է բարի ոստիկան խաղում, մեկ՝ Անգլիան, մեկ՝ Ամերիկան, հիմա՝ Ֆրանսիան, և այդպես շարունակ, քանի դեռ Հայաստանը ազգային պետություն չի դարձել։

2003-ին Ադրբեջանը կարողացավ սկսել ազգային պետության ուղին՝ չունենալով ազգ։ Հաջորդիվ կպատմեմ 2003-ի հոկտեմբերի 15-ի Իլհամ Ալիևի ելույթի մասին, որը ուղենշային էր այդ երկրի ու 2020 թվի պատերազմի համար։

Իսկ մենք պետք է հետ բերենք նախ մեր Հայաստանը, որ կարողանանք հետ բերել նաև Արցախը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5078

Մեկնաբանություններ