Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ապաշխարության աղոթք Հայոց

Ապաշխարության աղոթք Հայոց
29.07.2024 | 06:55

ՔԵԶ, ՍՈՒՐԲ ՀԱՅՐ, ԱՐԱՐԻՉ երկնքի և երկրի, և ՔՈ Միածին ՈՐԴԻ մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ և Կենդանարար ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒԴ, և Աներևույթ ու Անբաժանելի ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԴ Միությանը, ՔԵԶ ենք ճանաչում ԱՐԱՐԻՉ երկնքի ու երկրի, երևելի և աներևույթ ամեն ինչի: ԴՈՒ ես Միակ ԱՍՏՎԱԾԸ և ՔԵԶԱՆԻՑ բացի այլ աստված չկա: Մարդասիրությունիցդ դրդված, Արարչությանդ փրկության համար վերջին ժամանակներում ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԻՑԴ ՄԵԿԻՆ ծնունդ տվեցիր Սուրբ Մարիամ Կույսից և բոլոր տանջանքները ՔՈ Մարմնով բարձրացնելով տարար և բևեռեցիր խաչափայտին: Նրա վրա հեղելով ՔՈ Սուրբ Արյունը՝ այս աշխարհն ազատեցիր մեղաց անեծքների ծառայությունից:
Մեռար, թաղվեցիր ու հառնեցիր և երկինք վերանալով՝ տվեցիր ավետիս խոստման, որ տանես ՔԵԶ մոտ բոլորին, ովքեր ՔԵԶ են համարում Ճշմարիտ ԱՍՏՎԱԾ, Թագավոր թագավորաց և ՏԷՐ տերանց, մեր մեղքերի Քավիչ ԱՍՏՎԱԾ:
Օրհնյալ ես ՏԷ՛Ր, մեր հայրերի՛ ԱՍՏՎԱԾ, հավիտյանս գովյալ և փառավորյալ է ՔՈ Անունը, որովհետև ՔՈՆՆ է արդարությունը, ՔՈ բոլոր Գործերը ճշմարիտ են, ՔՈ Ճանապարհները՝ ուղիղ, և ՔՈ բոլոր Դատաստանները՝ արդար.
ԴՈՒ արդար ես այն ամենում, ինչ բերեցիր մեր սուրբ Հայրենիքի ու նրա Արցախ աշխարհի վրա, որովհետև ճշմարտությամբ և արդար դատաստանով արեցիր այս բոլորը` մեր մեղքերի պատճառով: Մեզ մատնեցիր անօրեն, խիստ և ապստամբ թշնամիների, ամենից անիրավ ու չար իշխանների ձեռքը։ Իսկ այժմ չենք կարող բանալ մեր բերանները, որովհետև մենք՝ ՔՈ անարժան ծառաները, ամոթահար եղանք և նախատինք կրեցինք։
Մեղավոր ենք ՔՈ առաջ ՏԷՐ, բոլոր ազգերից առավել, քանզի ամենքից առաջ մեզ ժառանգակից դարձրիր Շնորհիդ, մեր ուսերին գցեցիր ՔՈ շքեղաշուք Պատմուճանը և մեր գլուխը զարդարեցիր Փրկչական թագով:
Մեղա մեր նախնիների բազում սերունդների կողմից գործված, անզեղջ ու անխոստովան մնացած, գիտակցված ու չգիտակցված բոլոր հավաքական մեղքերի համար, որոնց պատճառով մենք պատուհասվեցինք արհավիրքներով, պատերազմներով, կոտորածներով և բնական աղետներով՝ ընդհուպ մինչև Մեծ Եղեռնը, մեր պատմական հայրենիքի կորուստը, սուրբ Արարատի գերությունը, երկրորդ Համաշխարհայինի հնոցը նետված հարյուր հազարավոր կյանքերը, 88-ի երկրաշարժը, Արցախ աշխարհի հայաթափումը, հայրենիքի տկարացումն ու բանակի անկումը: Մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ խորհրդային տարիներին ՔՈ Եկեղեցին հալածելու, նրա սպասավորներին մատնելու, Խորեն կաթողիկոսին խեղդամահ անելու, ԱՍՏԾՈ տաճարներն ավերելու, պղծելու և հոգևոր դասին հալածելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ ՏԻՐՈՋ փոխարեն մարդկային զորություններին ու պետություններին ապավինելու, մարդկանցից փրկիչներ ու կուռքեր կերտելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ արծաթապաշտության, ագահության, գողության, կաշառակերության, մարդահաճության, չարահավանության, մերձավորին նախանձելու, օտարին ստորաքարշելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ պղծությունը խրախուսելու, դավաճանությունը հանդուրժելու, հանցանքն արդարացնելու և դրանց հանդեպ անտարբերության համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ մեղքն օրենքի պատվանդանին բարձրացնելու, պաշտոնապես այլասերություն սերմանելու, հոգեկործան կոնվենցիաներին միանալու, պոռնկությունը պետական հովանու տակ առնելու, մանկական հոգիներ առևանգելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ։
Մեղա՜ Մայր Եկեղեցուց օտարվելու, մեր հայրերի բյուրեղյա հավատքն աղանդների մեջ մսխելու և սատանայական ուսմունքներին տրվելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ հպարտ քաղաքացու խարանը կամովի մեր վրա կրելու, մեր ՏԻՐՈՋԸ բարկացնելու, չարի կամակատարներին երկրի ղեկը հանձնելու և փառաբանելու, ատելությունը բազմապատկելու, մեր երկիրը ներսից պառակտելու և բզկտելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ անեծքի, լուտանքի, հատկապես ՏԻՐՈՋ Մորն ու այլ սրբություններ հիշելով՝ հայհոյական խոսքեր արտաբերելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ ընտրակաշառք տալու և առնելու, խիղճը վաճառելու և մեր որդիների ապագան խորտակելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ մայրերի որովայններում բյուրավոր մանուկների սպանության և դրան նպաստելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ ոչ թե արդարության, այլ ուժի մեջ ԱՍՏԾՈՒՆ փնտրելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ ՔՈ առջև արված ուխտերը դրժելու, ուխտազանց լինելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ։
Մեղա՜ համավարակի ժամանակ աղոթքը բազմապատկելու փոխարեն փոքրոգություն ցուցաբերելու, պատարագներին չմասնակցելու, Սուրբ Հաղորդությունից զուրկ մնալու և այդ վիճակը հանդուրժելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ։
Մեղա՜ ՏԻՐՈՋԻՑ մեզ շնորհված հայրենիքն ապականելու, հերոսների թափած արյունը մսխելու, ձեռքբերումներին տիրություն չանելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ մեր հպարտության պատճառով, ՔՈ շնորհած հաղթանակներն ինքներս մեզ վերագրելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ նախանձի թույնով լցված՝ միմյանց չարիք կամենալու, մերձավորին ատելու և թշնամություն սերմանելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև ստեղծված՝ հատկապես հայաստանցի-արցախցի շինծու հակառակության համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ մեր տներից, շեներից, դպրոցներից, հիվանդանոցներից, պետական ատյաններից, պատերազմի դաշտից ՔԵԶ վտարելու և օրհասական ժամին «ո՞ւր ես ԱՍՏՎԱԾ» պիղծ բացականչությունների համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ միմյանց մեղքերը թաքցնելու փոխարեն իրար դատելու, մեր աչքի գերանը թողած՝ մերձավորի աչքի փուշը տեսնելու և եղբորը դատապարտելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ նյութապաշտությունից ծնված և թերահավատությունից սնվող մեր վախկոտության համար, մեղա՜ ԱՍՏԾՈ:
Մեղա՜ մարդկանցից տված փառքն ԱՍՏԾՈՒ տված Փառքից ավելի սիրելու և մարդկանցից ստացած շնորհն ԱՍՏՎԱԾԱՅԻՆ Շնորհից գերադասելու համար, մեղա՜ ԱՍՏԾՈ։
Մենք՝ ուրացած-զղջացածներս, մեղանչած և ՔՈ Ողորմությանն ապավինածներս աղաղակ ենք հղում ՔԵԶ, ընդունի՛ր մեզ, որպես անառակ որդու, որ ծախելով մեր Սուրբ Մկրտության հանդերձը, աղտոտվեցինք և անառակ անօրենությամբ թավալվեցինք ուրացության տիղմի մեջ որպես խոզերի վտառ:
Արդ, ՏԷ՛Ր, բոլոր ազգերից ավելի տկարացանք և այսօր տառապում ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով։
Այս դժնդակ ժամանակներում միայն ՔԵԶ ունենք մեզ օգնական, ԱՐԱՐԻ՛Չ երկրի ու երկնքի, Հաստատիչ և Կործանիչ բոլոր առաջնորդների, Պահապան և Պատժիչ բոլոր ժողովուրդների:
ՔԵԶԱՆՈՎ են կերտվել մեր բոլոր հաղթանակները և առանց ՔԵԶ լինելու պատճառով են եղել մեր պարտությունները։
ՈՒրեմն թող կոտրված սրտով ու տառապած հոգով ընդունելի լինենք այսօր ՔՈ առաջ և կատարյալ լինենք դրանից հետո, որովհետև ՔԵԶ վրա հույս դնողները երբեք ամոթով չեն մնում։
Եվ վերստին դիմելով ճշմարիտ ՀՈՐԴ Երկնավոր՝ աղաղակում ենք ասելով. Մեղանչեցինք Երկնքի ու ՔՈ առաջ, ՏԷ՜Ր և արդ, Սրբազնասուրբ Մորդ, լուսավորիչ առաքյալների և մեր սուրբ հայրերի բարեխոսությամբ թողություն շնորհիր մեր մեղքերին, հագցրու մեզ առաջին պատմուճանը և մեր ոտքերը մաքրիր չարյաց խոչ ու խութերից, որոնցով ծակոտելով՝ մեզ թուլացրեց թշնամին:
ՏԷ՜Ր, հագցրու պահպանության կոշիկները Սուրբ Ավետարանի, որպեսզի մեր ոտքերը ՔՈ Կամքով քայլեն, մեր աջին դի՛ր ՔՈ Խաչի Նշանը կրող մատանին, որպեսզի նրանով կնքենք անդամները մեր և փախուստի մատնենք սարսափահար սատանային:
Եվ ԴՈՒ, հանուն ՔՈ Անվան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր ՔՈ ՈՒխտը և մի՛ հեռացրու ՔՈ Ողորմությունը մեզանից` հանուն ՔՈ սիրելի Թադեոսի և Բարդուղիմեոսի, հանուն ՔՈ Գրիգոր Լուսավորիչ ծառայի և բոլոր սրբերի, որոնց ասացիր, թե մեզանից պետք է ընտրես ՔԵԶ սեփական ժողովուրդ։
Արդ, գալիս ենք դեպի ՔԵԶ մեր ամբողջ սրտով, երկյուղում ենք ՔԵԶԱՆԻՑ, վերստին ՔՈ Բարեհաճությունն ենք խնդրում։
Ամոթով մի՛ թող մեզ, այլ մեզ հետ վարվիր ըստ ՔՈ Անչափ Մարդասիրության, ըստ ՔՈ Մեծ Ողորմության, ՏԷ՛Ր, փրկի՛ր մեզ ըստ ՔՈ Հրաշալի Գործերի, ՏԷ՛Ր, թող մեր վրա, մեր մեջ ու մեր միջոցով ի հայտ գա ՔՈ ողջ Զորությունը և փառավորվի ՔՈ Անունը։
Սովորեցրու մեզ հոգու ամբողջ զորությամբ հավատալ ՔՈ Ամենասուրբ Հարությանը, մեր մտքի ամբողջ կարողությամբ հուսալ ՔՈ Ամենասուրբ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ Զորությանը, մեր սրտի կատարյալ լիությամբ սիրել միմյանց ու մեր միակ ՏԷՐ ԱՍՏԾՈՒՆ։
Սովորեցրու մեզ համբերել՝ ինչպես ԴՈՒ ես համբերել բոլոր ցավերին, ներել՝ ինչպես ԴՈՒ ես ներել բոլոր ՔԵԶ հալածողներին, խոնարհվել, ինչպես ԴՈՒ ես խոնարհվել ՀՈՐԴ Սուրբ Կամքի առջև։
Սովորեցրու մեզ անմնացորդ հանձնվելու ՔՈ Սուրբ Կամքին, ուժ տուր կրելու ոչ միայն լիությունը, այլև զրկանքը, ոչ միայն հաջողությունը, այլև դժվարությունը, ոչ միայն ուրախությունը, այլև վիշտն ու սուգը, ոչ միայն առողջությունը, այլև հիվանդությունն ու ցավը, ոչ միայն փառքը, այլև նվաստացումը, ոչ միայն վերելքը, այլև անկումը, քանզի ՔԵԶԱՆԻՑ է ամեն բան և ԴՈՒ ես մեզ քաջալերում քաղցր վայելքով և բժշկում դառը բալասանով:
Սովորեցրու մեզ աղոթել՝ ինչպես այրի կինն էր աղոթում, զղջալ՝ ինչպես անառակ որդին էր զղջում, հուսալ՝ ինչպես ավազակը հուսաց խաչի վրա: Դարձրու մեզ տուն աղոթքի, հրապարակ ապաշխարության և վայր քավության:
Մեզ մի՛ դատիր ՏԷ՛Ր, ըստ մեր զազրագործությունների, այլ ՔՈ Անսահման Ողորմությամբ ների՛ր մեզ: Մեր արած գործերին մի՛ նայիր ՏԷ՛Ր, չենք ակնկալում, որ մեր թերի զղջմամբ և տգետ ապաշխարությամբ ներես մեզ, այլ ՔՈ Անհուն Գթառատությամբ և Մարդասիրությամբ ողորմի՛ր, ՏԷ՜Ր: Չէ՞ որ ՔՈ Կամքով ենք արարված, ՔՈ Պատկերով ու ՔՈ Նմանությամբ ենք հորինված, ՔՈ Ձեռքերով ենք ստեղծված, ՔՈ Արյամբ ու ՔՈ Մահվամբ ենք գնված, ՔՈ Հարությամբ ենք արդարացված ու փրկված, ՔՈ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ ենք մկրտված ու օրհնված, ՔՈ Կնիքով ու ՔՈ Դրոշմով ենք կնքված ու դրոշմված, ՔՈ Սուրբ Անվամբ ենք քրիստոնյա կոչված:
ՏԷ՛Ր, ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, լսի՛ր աղաղակը մեր, առանց ՔԵԶ մի փուչ, անիմաստ և ունայն զրո ենք և միայն ՔԵԶ հետ ու ՔԵԶԱՆՈՎ ենք թիվ դառնում, արժևորվում, զորեղանում, աղերսում ենք ՔԵԶ, ապրի՛ր մեր մեջ, աղոթի՛ր մեր մեջ, գործի՛ր մեր մեջ, գործի՛ր մեզանով ու թո՛ղ, որ մենք էլ ապրե՛նք ՔՈ մեջ, աղոթե՛նք ՔՈ մեջ, գործե՛նք ՔՈ մեջ, գործե՛նք ՔԵԶԱՆՈՎ և միայն, միայն հանուն ՔԵԶ։
Ամոթով մի՛ թող նոր ՈՒխտիդ առաջնեկ ազգին, թույլ մի՛ տուր ՏԷ՛Ր, որ ամբարիշտ բերանները գոչեն. «ո՞ւր է հայերի ԱՍՏՎԱԾԸ», այլ թո՛ղ պապանձվեն բելիարի սերունդները, ամոթով մնան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում ՔՈ ծառաներին, թո՛ղ ամաչեն իրենց բոլոր բռնություններից, նրանց զորությունը թո՛ղ խորտակվի և թո՛ղ ճանաչեն, որ ԴՈՒ ես միակ ՏԷՐ ԱՍՏՎԱԾԸ և Փառավորյալը ողջ տիեզերքում և ՔԵԶ, ՔՈ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ հավերժ Փառք, Օրհնություն ու Երկրպարգություն, Հավիտյանս Հավիտենից, ամեն:

«Միաբանություն վասն ապաշխարության»

Դիտվել է՝ 2800

Մեկնաբանություններ