Օվալաձև սրահում հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանում էր իր դիրքորոշումը՝ ինչպես արձագանքեց կրկնակի ճգնաժամին, որ պատել է իր երկիրը նախընտրական տարում՝ կորոնավիրուսի պանդեմիային և Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած ընդվզումների ալիքին՝ գրում է Մայքլ Բենդերը The Wall Street Journal-ում:
Թրամփը շահագրգռված է արմատախիլ անել ռասիզմն Ամերիկայում և հայտարարեց, որ երկրի՝ Ֆլոյդի և ոստիկանության ենթադրյալ դաժանության այլ բարձրահունչ դեպքերով բացահայտված ռասայական վերքերը բուժելու իր ծրագիրը ուժեղ տնտեսության ստեղծումն է: Նա զգուշավոր լավատեսություն հայտնեց, որ ամերիկյան տնտեսական համակարգում ու արդարադատության համակարգում գոյություն ունեցող կառուցվածքային ռասիզմի իրավիճակը բարելավվում է: «Ես ուզում եմ մտածել, որ կառուցվածքային ռասիզմ չկա,-ասաց Թրամփը:-Բայց, ցավոք, հավանաբար, որոշ ռասիզմ կա: Ես կասեի՝, որ շատ ավելի քիչ, քան առաջ»: Նա վստահեցնում է, որ երկիրը մոտենում է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտին և գտնում է, որ Չինաստանը կարող էր նպաստել կորոնավիրուսի միջազգային տարածմանը իբրև տնտեսությունն ապակայունացնող գործոն: «Բացառված չէ, որ դա կանխամտածված էր»՝ ասաց Թրամփը: Նախագահը և միջազգային որոշ քննադատներ պնդում են, որ Չինաստանը պետք է գործեր ավելի արագ, որ զսպեր կորոնավիրուսը դեկտեմբերին ու հունվարին: Պեկինը պաշտպանվում է և հերքում, որ թաքցրել է կորոնավիրուսի տարածման մասշտաբները: ԱՄՆ կառավարության՝ վարակիչ հիվանդությունների փորձագետ Էնտոնի Ֆաուչին The Wall Street Journal-ին ասելլ է, որ երկիրը դեռ պանդեմիայի առաջին ալիքի մեջ է: Թրամփը գտնում է, որ Covid-19-ի տեստավորումը գերագնահատվում է և հնարավոր է, որ որոշ ամերիկացիներ դիմակ են կրում ոչ իբրև կանխարգելիչ միջոց, այլ ցուցադրելու անբարյացկամությունն իր նկատմամբ: Հասարակական առողջապահության շատ փորձագետների կարծիքով՝ տեստավորումը և հիվանդների ու նրանց հետ կոնտակտավորների մեկուսացումը վճռական նշանակություն ունի վիրուսի տարածումը կանխելու համար: Նախագահի կարծիքով՝ դիմակների առավել լուրջ խնդիրն այն է, որ մարդիկ մատնահարում են, ու դա մեծացնում է վարակվածության հավանականությունը: Դաշնային կառավարության հրահանգներում նշված է, որ դեմքը կտորով ծածկելը օգնում է Covid-19-ի տարածումը կանխել, անհրաժեշտ է նաև լվանալ ձեռքերը դիմակ դնելուց առաջ: «Նրանք մատներով դիպչում են դիմակին, հետո սկսում են դիպչել աչքերին, քթին ու բերանին,-բացատրեց Թրամփը:-Իսկ հետո զարմանում են՝ ինչպես են վարակվել»: Թրամփը չնշեց, թե իր կարծիքով՝ որքան կարող է աճել գործազրկության մակարդակը, որ հիմա 13,3% է, ընտրությունների նախօրեին, բայց լավատեսություն հայտնեց, որ վերջերս աշխատատեղերի և վաճառքի ամսեկան ռեկորդային աճը ազդանշան են արագ վերականգնման: Շատ տնտեսագետներ գտնում են, որ ԱՄՆ տնտեսության վերականգնումը կարող է տարիներ տևել, իսկ 10 նահանգներում կորոնավիրուսի դեպքերի մեծացումը մթագնում է աշխատանքը վերսկսելու ջանքերը: «Մենք շատ աշխատատեղեր կստեղծենք մինչև նոյեմբերի 3-ը,-վստահեցրեց Թրամփը:-Ես ակնկալում եմ ՀՆԱ-ի վիթխարի աճ: Ու մենք կգնանք դեպի գագաթ: Մենք կվերադառնանք»:
Թրամփի խոսքով՝ Չինաստանը կարող էր տնտեսական դրդապատճառներ ունենալ կորոնավիրուսի տարածումը թույլ տալու համար իր սահմաններից դուրս: Նախագահն ասաց, որ իր պնդումը հաստատող հետախուզական տվյալներ չունի, միայն ներքին զգացողությունն է: Նրա խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ դա անզորություն կամ սխալ էր: Կորոնավիրուսի վարակի առաջին մեծ բռնկումը Չինաստանի կենտրոնում գտնվող Ուհանում էր, որտեղ վերջերս 11 միլիոն մարդ նորից տեստավորվեց՝ մայիսին հիվանդության նոր դեպքեր գրանցվելուց հետո: Թրամփը հայտարարեց, որ ինքը չէր փորձի այդքան մեծամասշտաբ տեստավորում անել, եթե ԱՄՆ-ում հիվանդության կրկնման դեպքեր լինեին: «Անձամբ ես գտնում եմ, որ տեստավորումը գերագնահատում են, թեպետ ես ստեղծել եմ պատմության մեջ մեծագույն տեստավորման մեքենան»՝ հայտարարեց Թրամփն ու հավելեց, որ ԱՄՆ-ում տեստավորման թվի մեծացումը հանգեցրեց հաստատված դեպքերի մեծացմանը և «շատ դեպքերում այդ պատճառով մենք վատ ցուցանիշներ ունենք»: Թեպետ տեստավորման մեծացումը իրոք հանգեցնում է դեպքերի մեծ թվի վերհանման, դոկտոր Ֆաուչին անցյալ շաբաթ հայտարարեց, որ դրական արդյունքների մեծ տոկոսը շատ նահանգներում չի կարող բացատրվել տեստավորման մեծացմամբ:
Հարցազրույցի առաջին մասում Թրամփը մեծ ժամանակ հատկացրեց Ջոն Բոլտոնի՝ ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդականի քննադատությանը, որ թունավոր գիրք է գրել, թե ինչպես է նախագահն արտաքին քաղաքականություն վարում: Գրքում Բոլտոնը հայտարարում է, որ որոշումներ ընդունելիս Թրամփը իր վերընտրության հարցը բարձր է դասում ազգային շահերից և հակված է «անձնական ծառայություններ մատուցել բռնապետներին, որ իրեն դուր են գալիս»: «Միակը, որ ինձ Բոլտոնի մեջ դուր էր գալիս, այն էր, որ բոլորը նրան խելագար էին համարում,-ասել է Թրամփը:-Երբ նրա հետ մտնում ես սենյակ, բանակցային լավ դիրքերում ես հայտնվում, որովհետև բոլորը կարծում են, որ դուք գնում եք դեպի պատերազմ, եթե Ջոն Բոլտոնը ձեզ հետ է»:
Մայքլ Բենդեր, The Wall Street Journal
Հ.Գ. Հարցազրույցում ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Վաշինգտոնը կրճատում է Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերի քանակը, որովհետև Բեռլինը մեծ պարտք ունի Հյուսիսատլանտյան դաշինքին: ԱՄՆ իշխանությունները որոշել են կրճատել ռազմական զորակազմը, որը տեղակայված է Գերմանիայում:
«Գերմանիայում ԱՄՆ զինծառայողների տեղակայումը թանկ է արժենում, և Գերմանիան հետաձգում է Դաշինքին վճարումները: Նրանք արդեն պարտք են հսկայական գումար, նրանք պարզապես դադարում են վճարել օրինագծերը», – բացատրել է Թրամփը Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
«Ենթադրվում է, որ մենք պաշտպանում ենք Գերմանիային Ռուսաստանի՞ց, այո՛, մինչդեռ Բեռլինը միլիարդավոր դոլարներ է ուղարկում Մոսկվա էներգակիրների համար»,- եզրափակել է Թրամփը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ