Նիկոլ Փաշինյանն այժմ նման է վիրավոր գազանի, որը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը երկարաձգելու համար
15.05.2020 | 00:16
Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ Հայաստանի իշխանությունների գործողություններում, վարքագծում, ընդունված որոշումների տրամաբանության մեջ նյարդայնություն է զգացվում, ինչը երբեմն վերածվում է խուճապի։ Ակնհայտ է, որ թե՛ իշխանության ներսում, թե՛ հասարակության հետ հարաբերություններում ի հայտ է եկել ինչ-որ լարվածություն, ինչը վարչապետ Փաշինյանն անընդհատ փորձում է թաքցնել թեթևսոլիկ տարբեր ուղիղ եթերներով, սակայն բավական է՝ նրան շեղեն իր նախատեսած սցենարից, պարզ է դառնում, որ ամեն ինչ փլվում է, և կրկին երևան է գալիս լարվածությունը։
Իհարկե, շատ գործոններ կան, որոնք այսօր ազդում են իշխանության տրամադրությունների ու վարքի վրա՝ տապալված պայքարը համավարակի դեմ, սոցիալական բավականին ծանր իրավիճակը, որը վատթարանալու միտում ունի, ներիշխանական ճաքերը, իշխանություն-հասարակություն հակամարտությունը, ընդդիմության ռեսուրսների ակնհայտ մեծացումը, ընդդիմադիր տարբեր շրջանակների բացահայտումները իշխանության ստվերային գործարքների ու պայմանավորվածությունների վերաբերյալ և այլն։ Սակայն այստեղ շատ կարևոր են արտաքին քաղաքական գործոնն ու նախ և առաջ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում ակնհայտ դարձած խնդիրները, որոնք միայն տեսական բնույթի չեն, դրանք պրակտիկ խնդիրների են վերածվել, որոնք Ռուսաստանի ձեռքում դարձել են ճնշման գործիք։
Ռուսաստանի Դաշնությունն այսօր գրեթե չի թաքցնում, որ Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ է գործադրում՝ ցույց տալով, որ այն, ինչ ՀՀ իշխանությունը գրեթե երկու տարի շարունակ ազդարարում էր՝ իբրև թե ռուսաստանյան վարչախումբը հարմարվել է հայաստանյան հեղափոխական իշխանությունների հետ, և միջպետական ու ՌԴ ղեկավարության հետ միջանձնային հարաբերությունները աննախադեպ որակի են, տարրական բլեֆ էին, և ՀՀ ղեկավարությունը դա կամ թաքցնում էր՝ ցանկալին ինչպես միշտ ներկայացնելով որպես իրականություն, կամ ընդհանրապես բան չի հասկանում իրական քաղաքականությունից, ինչը մեծագույն խնդիր է, քանի որ կարող ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունն ուղղակի ադեկվատ չէ միջպետական հարաբերություններում։
Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունը զգալի հարվածներ հասցրեց, ընդ որում՝ հրապարակային։
1. Առաջին զգայուն հարվածը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ բոլորին հայտնի հայտարարություններն էին հայ-ռուսական հարաբերությունների առկա վիճակի շուրջ։ Դրանք նախ և առաջ վերաբերում էին Արցախի հարցին։ Փորձված դիվանագետ Սերգեյ Լավրովը, հասկանալով, թե դա ինչ զգայուն թեմա է ՀՀ հասարակության և իշխանության համար, նաև քաջատեղյակ լինելով, թե բանակցային գործընթացի վերաբերյալ ներքին լսարանի համար ՀՀ իշխանություններն ինչ վարկած են մատուցել, երեք շատ կարևոր թեմա բարձրացրեց։
ա) պարզվեց, որ Արցախյան հարցի շուրջ սեղանին դրված է բանակցային փաստաթուղթ՝ այն նույն մադրիդյան փաստաթուղթը, որը շատ վաղուց լեգիտիմացվել է։ Մինչդեռ հայաստանյան ղեկավարությունը երկու տարի շարունակ պնդում էր, որ Արցախի հարցի շուրջ որևէ փաստաթուղթ որպես հիմք քննարկման առարկա չէ։
բ) փորձված դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչ Լավրովը հայտնեց, որ երկար ժամանակ է՝ այդ փաստաթղթի շուրջ ընթանում են բանակցություններ։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ էլ պնդում են, որ որևէ բանակցություն չի ընթանում։ Իհարկե նման պնդումներին ոչ ոք չէր հավատում, սակայն Փաշինյանն իր թիմով փորձում էր մոլորեցնել հայաստանյան հանրությանը։ Փաստորեն, Լավրովը հերքեց ՀՀ իշխանությունների՝ ներքին լսարանի համար ասպարեզ նետված հերթական թեզը։
գ) Լավրովը հայտարարեց, որ բանակցություններն ու սեղանին դրված փաստաթուղթը մեթոդաբանությամբ փուլային են։ Սա, թերևս, ամենազգայուն թեմաներից մեկն է։ «Փուլային» բառը Հայաստանում մշտապես ասոցացնում են պարտվողական քաղաքականության և Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական մոդելի հետ, ինչի պատճառով ՀՀ առաջին նախագահը հայտնի ուժերի կողմից հեռացվեց իշխանությունից։
Ռումբի էֆեկտ ունեցող այս բացահայտումներն անելով՝ Լավրովը շատ լավ հասկանում էր, որ ներքաղաքական օրակարգի նոր հարցեր է առաջացնում Հայաստանում ՀՀ իշխանությունների համար։ Ըստ էության, այսպիսով Լավրովը զենք է տալիս ընդդիմադիր հասարակությանն ու քաղաքական ուժերին, որոնք, ուղղակիորեն վկայակոչելով ՌԴ արտգործնախարարին, կարող են մեղադրել ՀՀ ղեկավարությանը Արցախի հարցում ճշմարտությունը կեղծելու և պարտվողական քաղաքականություն վարելու մեջ։ Եվ որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են հակազդել ու չեզոքացնել լավրովյան նվերի ազդեցությունը, միևնույն է, քաղաքական շրջանակները և մտածող հասարակությունը հասկանում են, որ Լավրովի նման գործիչը նման հայտարարություններում կատակ չի անում։ Իրականությունն ավելի շատ մոտ է Լավրովի ասածին, քանի ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը։ Այս ամենը լրջագույն ճնշում է հայաստանյան վերնախավի վրա, որի տակից վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում դուրս գալ, խորհրդարանում նույնիսկ նյարդայնանում է, երբ իրեն այս թեմայով հարցեր են տալիս։
2. Հաջորդ ճնշումը. նույն Լավրովը ըստ էության բացահայտեց ռուսական գազային քաղաքականության ճնշման գաղտնիքը։ ՌԴ արտգործնախարարը ոչ միայն ասաց, որ Հայաստանն առանձնապես հույսեր չպետք է փայփայի գազի գնի նվազեցման հետ կապված, անգամ ճգնաժամային պայմաններում, այլև Հայաստանին հակադարձեց, որ ՀՀ-ն դաշնակից Ռուսաստանից պահանջներ ու ակնկալիքներ ունենալուց առաջ նախ և առաջ ինքը պետք է դաշնակցային մոտեցում ցուցաբերի։ Միանգամից առաջ քաշվեց այն հարցը, որ Հայաստանում ճնշում են ռուսական կապիտալով խոշոր կազմակերպություններին, այդ թվում՝ հարկային, ուժային կառույցների կողմից՝ մեջբերելով Հարավկովկասյան երկաթուղու պատմությունը։ Հիշում ենք, որ դեռևս նոր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ վատ տրամադրությամբ զարթնելով և որոշելով, որ Ռուսաստանին պետք է ցույց տա, որ Հայաստանում նոր իշխանություն է, որի հետ ռուսները պետք է հաշվի նստեն, մասկիշոուով մտավ Հարավկովկասյան երկաթուղի, բավականին ծիծաղելի գործողություններ կատարվեցին, սակայն մինչ այժմ էլ հասկանալի չէ, թե ինչ տեղի ունեցավ։ Բայց ռուսները լավ էլ հիշում են այդ մասին և պետք եղած ժամանակ շեշտեցին, որ դաշնակիցներն այդպես չեն վարվում։ Ավելին, փաստորեն այսօր խոսքը ոչ թե գազի սակագնի նվազեցման, այլ ավելացման մասին է։ Ամռանը, ամենայն հավանականությամբ, ռուսները կբարձրացնեն գազի սակագինը։
3. Երբ Լավրովը խոսում էր ոչ դաշնակցային հարաբերությունների մասին, բարձրաձայնելով ռուսական կապիտալով կազմակերպությունների հետ դատական գործընթացների մասին, բոլորը կամա-ակամա հիշեցին, թե Լավրովը մոտ երկու տարի առաջ ինչ կոշտ մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ իշխանությունների նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի և Խաչատուրովի դատական պրոցեսների հետ կապված։ Ըստ էության, բոլորը նկատեցին, որ ռուսները չեն մոռանում Պուտինի մտերիմ ընկեր Ռոբերտ Քոչարյանին։ Եվ ահա վերջին օրերին ինֆորմացիա տարածվեց, որ ճնշումների ներքո Փաշինյանը փորձում է դատական պրոցեսում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը վաճառել ռուսների, նույն Պուտինի վրա։ Եվ մի քանի անգամ բանագնացներ ուղարկելով Քոչարյանի մոտ ու երաշխիքներ չստանալով, որ խափանման միջոցը փոխվելու դեպքում ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականությամբ չի զբաղվելու, ըստ ռուսական աղբյուրների՝ Փաշինյանը փորձել է կապվել Պուտինի հետ, որպեսզի վերջինից ստանա երաշխիքներ, սակայն մինչ օրս էլ չի կարողանում ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց ունենալ։ Մոսկովյան վարչակազմը պատճառաբանում է, թե Պուտինը ժամանակ չունի, քանի որ զբաղված է կորոնավիրուսի հետ կապված օպերատիվ հարցերով։ Պարզ է, որ դա սովորական խուսափողական քայլ է՝ Փաշինյանին ասելու համար՝ ինչպես եփել ես Քոչարյանի հետ կապված ճաշը՝ նրան պատանդ վերցնելով, այդպես էլ փորձիր լուծել հարցը։ Ի վերջո, Փաշինյանը ստիպված է լինելու ազատել Քոչարյանին, քանի որ առաջիկայում այնպիսի խնդիրներ է ունենալու, որոնց համեմատ երկրորդ նախագահի հարցը շատ փոքր բան է նրան թվալու։
Վերջին ամիսներին պարզ երևում է, որ Պուտինը հրաժարվում է Փաշինյանի հետ որևէ կոնտակտ ունենալուց։ Փաշինյանի գործընկերները Ռուսաստանում դարձել են այդ երկրի վարչապետերը։ Կապը նախ Մեդվեդևի, իսկ վերջին ամիսներին հիմնականում Միշուստինի հետ է։ Այսինքն՝ ՌԴ նախագահի վարչակազմը շատ հստակ ցույց է տվել, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանի իրական տեղը։ Պուտինը Փաշինյանի համար այսուհետ անհասանելի է։ Դա շատ պարզ երևաց նաև Մայիսի 9-ին, երբ ՌԴ նախագահը անձամբ շնորհավորեց, ապա նաև հեռախոսազրույցներ ունեցավ նախկին խորհրդային երկրների ղեկավարների հետ, սակայն Նիկոլ Փաշինյանը նման պատվի չարժանացավ։ Համեմատության համար նշենք, որ Իլհամ Ալիևի հետ Պուտինը նման հեռախոսազրույց ունեցավ։ Մինչդեռ նկատենք, որ Ադրբեջանը չի անդամակցում ոչ ԵԱՏՄ-ին, ոչ ՀԱՊԿ-ին, և պաշտոնական, ռազմավարական հարաբերությունների առումներով մեր երկրների կարգավիճակները շատ են տարբերվում։ Սակայն Պուտինը նախընտրեց զրուցել Իլհամ Ալիևի հետ։
4. Եվս մեկ թեմա. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները, որոնք մի քանի ամիս առաջ ստեղծվել էին ամերիկյան ֆինանսավորմամբ, որտեղ, ըստ ռուսական աղբյուրների, կենսաբանական նյութերի լուրջ փորձարկումներ են կատարվում։ Կորոնավիրուսի պայմաններում, երբ շատ հարցեր են առաջ եկել այդ վիրուսի արհեստական ծագման վերաբերյալ, լաբորատորիաների թեման շատ արդիական է դառնում։ Եվ չինացիների ստվերային դրդմամբ ռուսներն այս լաբորատորիաների հարցն են բարձրացնում, որպեսզի կարողանան մուտք գործել այնտեղ՝ տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում։ Նիկոլ Փաշինյանի հերթական դիվանագիտական գյուտն այն էր, որ ԱԳՆ միջոցով հայտարարվեց, թե որևէ այլ երկրի քաղաքացի չի կարող այնտեղ ոտք դնել, քանի որ լաբորատորիաները Հայաստանինն են։ Այդպիսով, փաստորեն, մերժվում է ռուսների առաջարկը։ Սակայն վերջերս ռուսական վարչախմբին մոտ կանգնած աղբյուրները տեղեկատվական արտահոսք արեցին՝ հրապարակելով վերջին շրջանում այնտեղ այցելած մարդկանց ցանկը։ Այդ ցանկում կային ամերիկացիներ, ՆԱՏՕ-ի հետ առնչություն ունեցող մարդիկ։ Տեղեկատվական այդ նյութում ռուսական աղբյուրները հարցադրում էին՝ արդյոք ՀՀ արտգործնախարարությունն ընդհանրապես գիտի՞, որ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ կապված մարդիկ այնուամենայնիվ անարգել մուտք են գործում այդ լաբորատորիաներ, և արդյո՞ք ՀՀ-ի կողմից սահմանափակումները վերաբերում են միայն դաշնակից ռուսներին։ Այս հարցի շուրջ էլ ռուսները լուրջ ճգնաժամ հրահրեցին, որը անսպասելի արձագանք կարող է ունենալ։ ՈՒ դեռ պարզ չէ, թե այս հարցն ինչ զարգացում կունենա կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ ստեղծված ինտրիգների տիրույթում։
5. Սակայն տորթի ամենահամեղ պատառը, այսպես ասած, ծխախոտային մաքսանենգության գործն է, որի մանրամասները առավել քան պարզ ներկայացրեց Միքայել Մինասյանը և ամբողջովին բացեց գործը՝ բացահայտելով, որ այդ մաքսանենգությունն իրականացվել է անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների միջոցով՝ Աննա Հակոբյան, Սիփան Փաշինյան, Հրաչյա Հակոբյան։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բացահայտումն ու հրապարակումն արվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից՝ մատնանշելով այն մարդկանց ու ընտանիքը, որը զբաղվել է այդ մաքսանենգությամբ։ Ըստ էության, ռուսները հավաքել են լուրջ թղթապանակ փաշինյանական ընտանիքի վերաբերյալ՝ նրանց մեղադրելով մաքսանենգության մեջ։
Սրանք այն կետերն են, որոնք փաստում են, որ Փաշինյանի դիրքը հայ-ռուսական հարաբերություններում ավելի ու ավելի է բարդանում։ Հայաստանի վերջին մի քանի տասնամյակների պատմությունը դիտարկելով՝ տեսնում ենք, որ ՀՀ-ի համար ճակատագրական են Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ ՌԴ-ն ունի մեծ բաժնետոմսեր մեր երկրի թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության, թե՛ սոցիալական ոլորտներում։ Այս պարագայում պետք չէ զարմանալ, որ Փաշինյանը մեծ ճնշման տակ է, ու շատ լավ հասկանում է, որ իր շուրջն օրեցօր սեղմվող օղակից պետք է ինչ-որ կերպ դուրս գալ։ Եվ հիմա նա փնտրում է ցանկացած կետ, որը զիջելով կկարողանա այդ վիճակից դուրս գալ։ Այժմ խնդիրն այն է, որ զիջումը, որը Փաշինյանը պատրաստ է անելու, չլինի անդառնալի Հայաստանի Հանրապետության համար, որը հաջորդ իշխանություններն անկարող կլինեն վերադարձնելու։ Խոսքը նախ և առաջ տարածքային, անվտանգության զիջումների մասին է։ Նիկոլ Փաշինյանն այժմ նման է վիրավոր գազանի, որը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը երկարաձգելու համար։
Գործընթացներն է՛լ ավելի են սրվում ամենատարբեր թեմաներով։ Բայց թեկուզ միայն ռուսական ուղղությամբ առաջացած խնդիրները բավարար են, որպեսզի Փաշինյանը լուրջ տապալման եզրին կանգնի։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ