Բրիտանական թերթերը մեղադրել են վարչապետ Բորիս Ջոնսոնին կորոնավիրուսի տարածման վտանգը թերագնահատելու մեջ, որի հետևանքով երկիրը չափազանց ուշ արձագանքեց պանդեմիային: Sunday Times-ը հետաքննություն է իրականացրել՝ ինչպես է իշխանությունն արձագանքել Covid-19-ի բռնկմանը և եզրակացրել է, որ Ջոնսոնի կառավարությունը անտեսել է գիտնական վարակաբանների ահազանգերը և կորցրել 5 շաբաթ ճգնաժամի սկզբում: Երկիրն ընդհանրապես պատրաստ չէր նման պանդեմիայի: Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները, բժիշկները, գիտնականները պատմել են, որ հունվարի վերջին ու նույնիսկ փետրվարի սկզբին իշխանական միջանցքներում տիրում էր անհոգ մթնոլորտ և ոչինչ չի արվել՝ պանդեմիայի ծագման դեպքում պաշարները համալրելու համար: Sunday Times-ը նշում է, որ այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ վիրուսը մարդուց մարդու է փոխանցվում, և չինական Ուհանում իրավիճակի լրջությունը հանգեցրել է կարանտինի Ուհանի ու Հուբեյ նահանգի: Բրիտանիայի իշխանությունները, մինչդեռ մինչև վերջերս հավատացնում էին, որ երկիրը լավ է նախապատրաստված կորոնավիրուսի հարուցած արտակարգ իրավիճակին: Բայց կառավարության բարձրաստիճան խորհրդականի խոսքով (անունը չի նշվում), մի քանի տարի չի անցկացվել պանդեմիայի դեպքում ուսումնական նախապատրաստություն, բուժաշխատողների անհատական պաշտպանության միջոցները չեն համալրվել, իսկ եղածների պիտանելիության ժամկետը ավարտվել է: Հունվարի վերջին կառավարության որոշ խորհրդականներ նախազգուշացրել են, որ նոր վիրուսի նման է իսպանկային, որ 1918-19-ականներին 50 միլիոն մարդու կյանք է խլել ամբողջ աշխարհում: Մեկ ամիս անց՝ փետրվարի վերջին, գիտնականները բացահայտ տագնապի կոչնակ հնչեցրին՝ հայտարարելով, որ եթե արագ միջոցներ չձեռնարկվեն, Բրիտանիան կարող է համաճարակից կորցնել 380 000 մարդ և կոչ արեցին անհապաղ կարանտին սահմանել: Բայց կարանտին երկրում հայտարարվեց միայն մեկ ամիս անց՝ մարտի 23-ին, երբ վարակն ակտիվորեն տարածվում էր:
Հիմնական մեղավորը համարվում է Բորիս Ջոնսոնը, որ վճռորոշ շաբաթներին չդրսևորեց ղեկավար որակներ: Sunday Times-ը նշում է, որ հունվար-փետրվարին նա չի մասնակցել «Կոբրայի»՝ կորոնավարակի հարցով արտակարգ 5 խորհրդակցություններից ոչ մեկին՝ այդ հարցում ղեկավարումը հանձնելով առողջապահության նախարար Մեթ Հենկոկին: Պատասխանատու ժամանակում Ջոնսոնն ընդհանրապես հեռացել է 12 օրով Քենտի իր քաղաքամերձ նստավայր: Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անպորտֆել նախարար Մայքլ Գոուվը հերքել է Sunday Times-ի պնդումը, որ Բորիս Ջոնսոնը ճգնաժամի դեմ պայքարում ղեկավար որակներ չի դրսևորել: «Ես կարծում եմ՝ միտքը, որ վարչապետը բաց է թողել կորոնավիրուսի դեմ պայքարի կարևորագույն նիստերը, աբսուրդ է,-ասել է Գոուվը:-Ոչ ոք իրավունք չունի ասել, որ վարչապետը իր ամբողջ հոգին չի դրել այս վիրուսի դեմ պայքարում»: Ավելի ուշ նա ընդունել է, որ Ջոնսոնը որոշ նիստերի չի մասնակցել՝ բացատրելով, որ նման հանդիպումների մեծ մասում վարչապետի ներկայությունը չի պահանջվում: Անցած շաբաթ Մեթ Հենկոկը առողջապահության ազգային բոլոր հաստատությունները միավորող NHS Providers կազմակերպության ճնշման տակ ընդունեց, որ վիրաբուժական խալաթների և բժշկական հատուկ հանդերձանքի պաշարները կավարտվեն «հաջորդ 24-48 ժամում»:
Sunday Times-ի հետաքննությամբ պարզվել է որ իշխանությունները չեն կարողացել ժամանակին կապ հաստատել BHTA (British Healthcare Trades Association) առևտրական կազմակերպության հետ, որ ներկայացնում է պաշտպանական անհատական միջոցների 500 արտադրողների: BHTA-ի ներկայացուցիչների խոսքով՝ ասոցիացիան պատրաստ էր հիվանդանոցներին տրամադրել անհրաժեշտը, բայց մատակարարումների հայտ է ստացել միայն ապրիլի 1-ին: Այդ ամբողջ ընթացքում բրիտանացի արտադրողները պաշտպանության միջոցներ են առաքել այլ երկրներ՝ ասել է BHTA-ի ղեկավար, բժշկագիտության դոկտոր Սայմոն Ֆեստինգը: Մինչև փետրվարի վերջը Բրիտանիայի իշխանությունները Չինաստան են առաքել 266000 բուժպարագա՝ ներառյա 37,5 հազար բժշկական խալաթ: Դաունինգ սթրիթի խորհրդականը հաղորդել է, որ վթարային պահուստները չեն համալրվել դեռ կոշտ խնայողության ժամանակներից, իսկ ռազմավարությունը ծրագրողների ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր կոշտ բրեկզիտի վրա: «Չի կարելի պանդեմիայի հետ պատերաամ սկսել, եթե վարչապետը չի մասնակցում: Մենք տեսանք, որ Բորիսը ոչ մի խորհրդակցության ներկա չէր: Նրան դուր էր գալիս ժամանակն անցկացնել քաղաքից դուրս: Հանգստյան օրերին նա չէր աշխատում»՝ պատմել է անանուն խորհրդականը: Նա Ջոնսոնի ղեկավարման ոճը համեմատել է տեղական խորհրդի ղեկավարի հնաոճ կառավարմանը. «Այնպիսի տպավորություն էր, որ նա ի վիճակի չէ ստանձնել ճգնաժամից դուրս գալու արտակարգ ծրագրավորումը»:
«Բորիս Ջոնսոնը հրավառությամբ հունվարի 31-ին տոնեց բրեկզիտի դարաշրջանի ավարտը և տրամադրված էր իր էլեկտորատի հետ քաղաքական մեղրամիսի»՝ նույն թեմայով գրում է Guardian-ը: Նա հույս ուներ այդ քաղաքական կապիտալը իր խորհրդական Դոմինիկ Կանմինգսի հետ օգտագործել և փայլատակել իբրև բարենորոգիչ: Փետրվարի 13-ին, երբ Ուհանում մահացավ սարսափելի վիրուսի մասին առաջինը հաղորդած չին բժիշկը, Բորիս Ջոնսոնը իր կառավարության մի քանի նախարարների փոխեց: Գուցե դեռ վաղ է պնդել, որ Ջոնսոնի կառավարությունը ղեկին ննջել է կորոնավիրուսի աղետից առաջ, բայց փաստը, որ Ջոնսոնը, Հենկոկը և վարչակազմի այլ աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով, վկայում է, որ նրանք զգոն չեն եղել: Մի քանի շաբաթ առաջ իշխանություններն ընդունեցին, որ կորոնավիրուսից 20 000 մահը Բրիտանիայի համար «վատ արդյունք չէ»: «Որքան արագ մենք մոտենում ենք այդ մռայլ թվին, շատ փորձագետներ գտնում են, որ Բրիտանիան կարող է այս ճգնաժամից դուրս գալ, երբ էլ դա լինի, եվրոպական մյուս երկրների մեջ ամենավատ ցուցանիշներով»՝ գրում է Guardian-ը:
Հ.Գ. Մեծ Բրիտանիայում կորոնավարակի առաջին 2 դեպքերը գրանցվեցին հունվարի 29-ին: Տարօրինակ են բրիտնացիները՝ երեկ Ջոնսոնին փառաբանում ու հրճվում էին բրեկզիտի համար, հետո մի շաբաթ հետևում էին նրա վիճակին Սենտ Թոմասում ու ազգովի առողջություն մաղթում, մի շաբաթ չկա՝ ապաքինվել է, արդեն մեղադրում են անգործության մեջ: Իրականում նրանք ճիշտ են՝ թե Թրամփը, թե Ջոնսոնը կորոնավիրուսին լուրջ չէին վերաբերվում: Թրամփը ժամանակը կորցրեց ու կարանտին հայտարարեց՝ երբ արդեն վարակը տարածվել էր, նույնն արեց Ջոնսոնը, բայց նա վարակվեց ու հեռացավ երկրի կառավարումից, իսկ Թրամփը շարունակում է իր ոճով պայքարել: Վերադարձին Ջոնսոնը պիտի ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական ծրագիր ներկայացնի:
Չինաստանից դուրս Covid-19-ի առաջին դեպքը գրանցվեց Թայլանդում հունվարի 14-ին, հունվարի 20-ին Չինաստանը հաստատեց, որ վարակը մարդուց մարդու է փոխանցվում: Փորձագետների կարծիքով՝ լավագույնս նոր համաճարակին պատրաստված էին Չինաստանի հարևանները, որ դեռ հիշում էին 2003-ի Sars ատիպիկ պնմոնիան: Արդյունավետ գործողություններով առանձնացավ Թայվանը, որի փոխնախագահ Ուիլյամ Լայը վարակաբան է: Թայվանում զանգվածային տեստավորում անցկացվեց, գտնվեցին հաստատված ախտորոշմամբ մարդկանց կապերը: Արդյունքում՝ ապրիլի 19-ին Թայվանում կա 422 վարակված և 6 մահ: Հոնկոնգը, որ նույնպես տուժել է Sars-ի համաճարակից, կարանտին սահմանեց առաջիններից մեկը և պարտադրեց դիմակներ գրել: Հարավային Կորեան բոլոր շանսերն ուներ Չինաստանի տխուր վիճակագրությունը կրկնելու՝ փետրվարի 29-ին այնտեղ կար 909 նոր դեպք, բայց մեկ շաբաթից վարակվածությունը կրկնակի կրճատվեց, իսկ 4 օրից՝ նույնը: Հարավային Կորեայի իշխանություններին հաջողվեց ուղղել հիվանդացության կորը՝ չդիմելով կարանտինին՝ շնորհիվ արագ գործողությունների՝ ներառյալ զանգվածային տեստավորումը և շփումների պարզումը՝ քաղաքացիների անվերապահ աջակցությամբ:
Փետրվարի սկզբին ԱՄՆ-ը կարանտին սահմանեց նրանց համար, որ անցած 14 օրում եղել էին Չինաստանում, բայց նախագահ Դոնալդ Թրամփի հակասական հայտարարությունները կորոնավարակի բնույթի ու վտանգավորության մասին չար կատակ խաղացին՝ հիմա ԱՄՆ-ը վարակվածների թվով առաջին երկիրն է՝ 755 000, և առաջինն է մահերով՝ 40 000:
Հունվարի վերջին առաջին վարակվածը ախտորոշվեց Իտալիայի հյուսիսում, իշխանությունները բավականաչափ արագ չարձագանքեցին՝ չնայած զբոսաշրջիկների մեծ հոսքին հենց հյուսիսում: Իրավիճակն Իտալիայում աղետալից դարձավ փետրվարի վերջին՝ վարակվածության հազարավոր դեպքեր և հարյուրավոր մահեր: Փետրվարի 21-ին իշխանությունները կարանտին հայտարարեցին Լոմբարդիայի տասնյակ քաղաքներում ու հյուսիսային շրջաններում: Մյուս շրջանները շարունակում էին աշխատել նախկինի պես: Վարչապետ Ջուզեպե Կոնտեն ամբողջ Իտալիայում կարանտին հայտարարեց մարտի 9-ին, և այս հապաղումը շատերին կյանք արժեցավ:
Մարտի 11-ին ԱՀԿ-ն գլոբալ պանդեմիա հայտարարեց:
Իսպանիան կոշտ կարանտին հայտարարեց մարտի 14-ին: Ֆրանսիան՝ մարտի 17-ին: Երկու երկրներն էլ մինչև այսօր քաղում են ուշ արձագանքման պտուղները և ստիպված են բնակչությանը պահել կոշտ կարանտինում:
Ռուսաստանում Covid-19-ի առաջին դեպքերը գրանցվեցին հունվարի վերջին: Իշխանությունը մեկուսացման միջոցներ հայտարարեց մարտի 28-ին: Ապրիլի 19-ին Ռուսաստանում արդեն կա 40000 վարակված:
Փաստացի՝ նույն սխալները կատարվեցին Հայաստանում՝ վարակի վտանգավորությունը չգնահատվեց՝ կարանտինը ուշացվեց ու չի պահպանվում, տեստավորվում են միայն կասկածյալներն ու հիվանդները՝ դուրս գրվելուց առաջ, արդյունավետ չէ վարակվածների շփումների շղթայի բացահայտումը՝ վարակը շարունակվում է: Իսկ մենք ոչ Չինաստան ենք, ոչ ԱՄՆ, ոչ Ֆրանսիա ու Մեծ Բրիտանիա, ոչ Ռուսաստան, մենք չունենք ոչ այդքան մարդկային ռեսուրսներ՝ Covid-19-ին տալու, ոչ այդքան բժիշկներ ու բուժսարքավորումներ, ոչ այդքան ֆինանսներ: Բայց որ ամենավատն է՝ չունենք նաև կարանտինը պահպանելու գիտակցություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ