ԱՄՆ-ը պատրաստվում է գնել F-35 կործանիչները, որ պետք է փոխանցվեին Թուրքիային, բայց չի տա՝ С-400-ները գնելու պատրվակով: ԱՄՆ-ը միջոցներ է հատկացրել ինքնաթիռներն իրեն պահելու համար: ԱՄՆ-ը նոր ճգնաժամ է պատրաստում, որ կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա: Վաշինգտոնի վարչակարզը, որ միլիարդավոր դոլարներ է իջեցնում ահաբեկչությանը, չի բացահայտում օգնության ծավալները Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) / Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, բայց միջոցներ է հատկացնում F-35-ներ գնելու համար, որ իրավունքով Թուրքիայինն էին: Խոսքը Թուրքիայի գնած F-35-ները գնելու մասին է:
Կոնգրեսի երկու պալատներում համաձայնեցված օրինագծերի միավորմամբ՝ պաշտպանական բյուջեն, որ հայտնի է իբրև «Օրենք 2020 ֆինանսական տարում ազգային պաշտպանության հատկացումների մասին», վերջնական տեսքի է բերվել: Պենտագոնին է հատկացվում 738 միլիարդ դոլար, այդ թվում ՝635 միլիարդ իբրև բյուջեի հիմնական ծախսեր, 71,5 միլիարդ՝ արտասահմանում հնարավոր գործողությունների համար, 23,1 միլիարդ՝ պաշտպանության համար էներգետիկայի նախարարության շրջանակներում գործունեության համար, 8,1 միլիարդ՝ ռազմական այլ ծախսերի համար:
Բյուջեն Սենատում ու Ներկայացուցիչների պալատում հավանության համար՝ առաջարկների ու լրացումների բացակայության դեպքում, կփոխանցվի նախագահին՝ ստորագրության: Նախագծում կա կարևոր մանրամասն, նախատեսվում է 440 միլիոն դոլար հատկացնել «գնելու Թուրքիայի պատվիրած ինքնաթիռները»: Բյուջեի նախագծի տեքստում նշված է. «Կոնֆերենցիայի մասնակիցները (Սենատի ու Ներկայացուցիչների պալատի կոնֆերենցիոն հանձնաժողովի) աջակցում են Թուրքիայի հեռացմանը F-35-ի ծրագրից և այդ պատճառով պաշտպանության նախարարության կողմից բոլոր F-35 կործանիչների գնումը, որ ձեռք էր բերել Թուրքիան»: Բացի այդ՝ առաջարկվում է առավելագույնս մեծացնել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար F-35-ի գնման ծավալը, որ նախատեսված էր Թուրքիայի համար, 12, 13 և 14 պարտիաների գնումներին հատկացնելով լրացուցիչ միջոցներ: Բյուջեի նախագծով նաև նախատեսվում է միջոցներ հատկացնել այն պահեստամասերի դեֆիցիտը ծածկելու համար, որ կարող է առաջանալ Թուրքիային ծրագրից հեռացնելու պատճառով: Բյուջեի նախագծում նշվում է, որ «Նախատեսվում է դրույթի հավելում, որի համաձայն ՊՆ նախարարը մինչև թուրքական F-35A ինքնաթիռների ձեռքբերումը պետք է հաստատի, որ արտադրված են անհրաժեշտ պահուստային սարքավորումները և թուրքական F-35A-ները այնպես են ուղղորդված, որ կարող են ինտեգրվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ»:
Բյուջեի նախագծով նախատեսվում են պատժամիջոցներ նավաշինական ընկերությունների նկատմամբ, որ մասնակցում են ռուսական էներգետիկ արտահանմանը նպաստող խողովակաշարերի կառուցմանը: Նախագծում նշված է. «Օրենքը ուժի մեջ մտնելուց 60 օր և հետո յուրաքանչյուր 90 օր հետո Պետդեպարտամենտը Ֆինասների նախարարության հետ համակարգումով Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց կներկայացնի նավերի մասին, որ 100 ֆուտ և ավելի խորությամբ խողովակներ են տեղակայում «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք-2» կամ այլ հնարավոր նախագծերի համար»: Նախատեսվում է ի հայտ բերել արտասահմանցի ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որ նավեր են տրամադրում այդ նախագծերի համար ու սահմանել պատժամիջոցներ: Եվս մեկ հետաքրքիր մանրամասն է «ռազմական օգնությունը ստուգված խմբերին» Սիրիայում: Որոշ խմբավորումների Սիրիայում, գլխավորապես YPG / ՔԱԿ-ին, որ օգտագործում են Սիրիայի դեմոկրատական ուժեր անվանումը, ԱՄՆ ամեն տարի 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում:
Yeni Şafak (Թուրքիա)
Հ.Գ. Երբ ռուսական Ս-400-ները փորձարկելիս թուրքերը խփում էին ամերիկյան հին ինքնաթիռները, երևի հույս ունեին նորերը, այնուամենայնիվ, ունենալ՝ ըստ պայմանագրի, որի համաձայն պիտի ստանային նոր F-35-ները: Բայց Վաշինգտոնը քանիցս նախազգուշացրել էր, որ Ս-400-ները գնելու դեպքում F-35-ների ծրագրից կհեռացվեն: Ու Թուրքիայի ի՞նչ գործն է, թե ԱՄՆ-ը իր ռազմական բյուջեն ինչի վրա է ծախսում կամ վատնում: Իսկ երբ ներխուժում էին Սիրիա, հարցնու՞մ էին ՆԱՏՕ-ի տեսակետը: Թե՞ դա միայն իրենց գործն էր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ