Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները պետք է սկսեին բրեկզիտի նոր համաձայնագրի մանրամասն քննարկումը՝ պատրաստվում էին այնպիսի լրացումներ ու փոփոխություններ անել, որ բրեկզիտը իմաստազրկեն կամ հետաձգեն: Հակաջոնսոնական մեծամասնության ծրագրերը մեծացնում են հավանականությունը, որ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին չի հեռանա ԵՄ-ից և կստանա 3 ամսվա, կամ ավելի երկար հետաձգում: Երկուշաբթի կառավարությունը խորհրդարան բերեց 105 էջանոց օրենսդրական փաթեթ, որտեղ նկարագրված է բրեկզիտի համաձայնագրի ինտեգրումը օրենսդրության մեջ և կիրառման կարգը: Հենց այդ փաթեթում է ընդդիմությունը մտադիր փոփոխություններ կատարել: Բորիս Ջոնսոնի համար ամենացավոտը կարող են լինել 3 փոփոխությունները:
Անհնար է կանխատեսել՝ կընդունվե՞ն այդ փոփոխությունները:
1. Բրիտանիան պարտավորվում է մնալ ԵՄ մաքսային միությունում
Այդ դեպքում բրեկզիտից հետո Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի ապրանքաշրջանառությունը կկատարվի նախկինի պես՝ առանց մաքսատուրքերի, հարկերի ու քվոտաների: Բայց դա Բրիտանիային կզրկի մյուս երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր կնքելու հնարավորությունից: Դա բացարձակապես անընդունելի է վճռական բրեկզիտականների համար՝ Ջոնսոնի գլխավորությամբ, ազատ առևտրի հիպոթետիկ համաձայնագրերը ԵՄ-ից դուրս գալու օգտին գլխավոր փաստարկներից էին: Եթե այս լրացումն ընդունվի, կառավարությունը կարող է հետ կանչել օրինագիծը և նորից ընդդիմությունից պահանջել արտահերթ ընտրությունների համաձայնություն: Բրեկզիտի հետաձգումը, որ ենթարկվելով խորհրդարանի որոշմանը՝ Բորիս Ջոնսոնն արդեն ուղարկել է Բրյուսել, այդ դեպքում անխուսափելի է:
2. Անցումային շրջանը երկարացնելու պարտավորություն
Եթե բրեկզիտի համաձայնագիրը սկսի գործել, մինչև 2020-ի տարեվերջ լինելու է անցումային շրջան, որի ընթացքում ԵՄ-ն ու Բրիտանիան պետք է կնքեն ազատ առևտրի և մյուս ոլորտներում հարաբերությունները կարգավորող համաձայնագրեր: Եթե չհասցնեն, որի հավանականությունը շատ մեծ է, անցումային շրջանը պիտի երկարացվի: Համայնքների պալատի ընդդիմությունը զգուշանում է, որ եթե այդ ժամանակ իշխանություն լինեն Տորիները, կարող են հետաձգումից հրաժարվել և առանց համաձայնագրի բրեկզիտ իրականացնել 2020-ին:
3. Երկրորդ հանրաքվե
Ընդդիմադիրների մեծ մասը ցանկանում է ընդունել բրեկզիտի համաձայնագիրը պայմանով, որ պարտադիր պետք է դրվի հանրաքվեի՝ բրեկզիտը բեկանելու այլընտրանքով: Այս նախաձեռնությունը, տարբեր պատգամավորների տեսակետով, ավելի քիչ շանսեր ունի ընդունվելու: Եթե լրացումը, այնուամենայնիվ, ընդունվի, շատ ավելի երկար հետաձգում կպահանջի, քան 3 ամիսն է՝ հանրաքվեի նախապատրաստումն ու կազմակերպումը օրենքով պահանջում են 5 ամսից ոչ պակաս ժամանակ:
Չնայած ԵՄ որոշ պաշտոնյաների կտրուկ հայտարարություններին, որ Բրիտանիան վերջապես պետք է կողմնորոշվի, ոչ թե նորից հետաձգի բրեկզիտը, բրյուսելյան մեկնաբանները համարյա միակարծիք են, որ հետաձգում կտրվի: Բրիտանական ու մայրցամաքային շատ լրատվամիջոցներ մեջբերում են անանուն բրյուսելյան պաշտոնյաների, որ ասում են՝ Եվրոպայի խորհուրդը ծրագրում է հոկտեմբերի 28-ին հավաքվել ու դրական պատասխան տալ Բրիտանիայի խնդրանքին, եթե հետաձգում պահանջվի: Բրիտանիայի կառավարությունը հույս ունի, որ հետաձգում չի պահանջվի և առաջարկում է ընդունել բրեկզիտի համաձայնագիրը խորհրդարանի համար գլխապտույտ արագությամբ՝ մինչև եկող շաբաթ: Շատ ընդդիմադիրներ երկուշաբթի երեկոյան, երբ կառավարությունը աշխատանքի ժամանակացույցն առաջարկեց, քննադատեցին ու հայտարարեցին, որ անհնար է այդքան արագ ու որակով քննարկել 105 էջ ունեցող օրենսդրական փաթեթը: Բացի որակյալ քննարկումներից՝ ընդդիմությունը, նախևառաջ Լեյբորիստական կուսակցությունը, շահագրգռված է, որ Բորիս Ջոնսոնը չկարողանա իր խոստումը մինչև հոկտեմբերի 31-ը կատարել, և իրենք հայտնվեն սպիտակ ձիու վրա արտահերթ ընտրություններից առաջ, որ բրիտանցի պատգամավորները բոլոր դեպքերում պատրաստվում են առաջիկայում անցկացնել:
ВВС
Հ.Գ. Մինչև օրենսդրական փաթեթը ներկայացնելը, Ջոնսոնի կառավարությունը երկուշաբթի օրը փորձեց նորից քվեարկության դնել որոշումը, որ Համայնքների պալատը հավանություն է տալիս բրեկզիտի համաձայնագրին: Բայց Բորիս Ջոնսոնին ստիպեցին հիշել Թերեզա Մեյին: 2019-ի մարտին Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերկոուն մերժեց Թերեզա Մեյի խնդրանքը՝ երկրորդ անգամ օրակարգ ներառել բրեկզիտի համաձայնագիրը՝ հղում անելով խորհրդարանի աշխատանքի 1604 թվականի լրացմանը: Նույն հիմքով նա երկուշաբթի օրը մերժեց Բորիս Ջոնսոնին: Պաշտոնապես որոշումը երկուշաբթի ներկայացնում էր Տորիների խմբակցության ղեկավար Ջեյկոբ Ռիս-Մոգը, որ մարտին վճռական բրեկզիտականներից ու Թերեզա Մեյի ընդդիմախոսներից էր: Մերժելով Ջեյկոբ Ռիս-Մոգին՝ Ջոն Բերկոուն հաճույքով մեջբերեց նրա մարտին գրած երկտողը, որով Ռիս-Մոգը ջերմորեն հավանություն էր տալիս խորհրդարանի նախագահի համանման որոշմանը: Խորհրդարանական խաղերը Մեծ Բրիտանիայում շարունակվում են, ամենայն հավանականությամն՝ Լոնդոնը գնում է դեպի արտահերթ ընտրություններ: Փաստ չէ, որ Տորիները մեծամասնություն կունենան նոր խորհրդարանում: Բայց և փաստ չէ, որ ընտրությունները օրակարգից կհանեն բրեկզիտի հարցը:
Բրիտանիան հոգնել է բրեկզիտի մշտական բանավեճերից, երբ քաղաքական գործիչները խոսում են՝ առանց իրար լսելու՝ գրում է Times-ը: Ժողովրդավարության էությունը բաց և հանգիստ բանավեճերն են: Բրիտանացի քաղաքական գործիչները, որ պնդում են, թե հասարակության տրոհումը կհաղթահարվի, եթե խորհրդարանը հավանություն տա բրեկզիտի համաձայնագրին, անհնարինն են խոստանում: Քաղաքականությունը հոգեթերապիա չէ, տարաձայնությունների վերացման դանդաղ ու մշտական գործընթաց է, որի համար բոլոր կողմերի համբերությունն է պետք ու ընկալումը, որ խորհրդարանն ու կառավարությունը կարող են հանդարտ ու կառուցողական համագործակցել միմյանց հետ՝ խուսափելով երկրի համար բացասական հետևանքներից: Փաստորեն՝ բրիտանական թերթերում դեռ ռոմանտիկներ են աշխատում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ