ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ամեն ինչ սկսվեց WhatsApp-ից

Ամեն ինչ սկսվեց WhatsApp-ից
20.10.2019 | 11:30

Հարյուրավոր մարդիկ Լիբանանում փողոց են դուրս գալիս՝ բողոքելու հարկերի ու կոռուպցիայի դեմ: Երեկ կեսօրին Բեյրութում կառավարության շենքի դիմաց ցուցարարները հավաքվել էին պետական դրոշներով: Նրանք պահանջում են Լիբանանի քաղաքական համակարգի փոփոխություն: Բեյրութի կենտրոնը նման է մարտադաշտի: Փողոցներում փշրված ապակիներ են, շրջված աղբամաններ, այրված անվադողեր: Բանկերն ու ռեստորանները, խանութները փակ են: Տարերայնորեն սկսված ցույցերը տարածվել են ողջ երկրով: Լիբանանի հյուսիսում, երկրորդ քաղաք Տրիպոլիում ևս ցույցեր են: Ամեն ինչ սկսվեց հոկտեբերի 17-ի երեկոյան՝ ի նշան կառավարության հարկային քաղաքականության դեմ բողոքի, որ վճռել էր հարկել WhatsApp-ով և այլ մեսինջերներով զանգերը ամսական 6 դոլարով:

Իշխանությունները որոշումը բեկանեցին, բայց ցույցերը չդադարեցին: Բեյրութում զորքերը նորից բացեցին փակված ավտոմայրուղիները, երբ ոստիկանությունը ուրբաթ օրը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ ու ջրցաններ կիրառեց: Ոստիկանության տվյալներով՝ կան 70 կալանավորվածներ, նրանց ներկայացվել են գողությունների ու հրկիզումների մեղադրանքներ: Վարչապետ Սաադ Հարիրին իշխող կոալիցիային մինչև երկուշաբթի ժամանակ է տվել՝ 72-ժամյա ուլտիմատում հայտարարելով, որ ստեղծված իրավիճակից ելքեր առաջարկեն: Հեզբոլլահ արմատական շարժման ղեկավար Հասան Նասրալան առաջին անգամ դիմեց հեռուստաեթերով, նա հայտարարեց, որ իրենց «կոչը բարձր է հնչում» ու պահանջեց քաղաքական գործողություններ: Նա չխուսափեց և Հարիրիին քննադատելուց՝ Նասրալան մեղադրեց նրանց, որ «հրաժարվել են իրենց պարտականություններից ու մեղադրում են ուրիշներին»: Նասրալան զգուշացրեց, որ կառավարության հրաժարականը չպահանջեն, ասելով, որ նոր կառավարության ձևավորումը երկար ժամանակ կպահանջի: Միասնության ներկա կոալիցիոն կառավարությունը քաղաքական կուսակցությունների ու շարժումների մեծ մասի, ներառյալ «Հեզբոլահը», աջակցությունն ունի:


Լիբանանը աշխարհում ամենամեծ պարտքն ունեցող երկրներից է: Կառավարությունը ցանկանում է նոր հարկերով նվազեցնել բյուջեի պակասորդը: Դա անհրաժեշտ է ապասառեցնելու համար 11 միլիարդ դոլարի տնտեսական օգնությունը, որ խոստացել են միջազգային դոնորները: Տնտեսական աճը Լիբանանում կտրուկ դանդաղել է, քաղաքական ճգնաժամը խորացրել է հարևան Սիրիայի 8 տարի շարունակվող պատերազմը: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Լիբանանի պետական պարտքը 86 միլիարդ դոլար է, որ ՀՆԱ-ի 150%-ն է: Սեպտեմբերին վարչապետ Սաադ Հարիրին «արտակարգ իրավիճակ հայտարարեց ազգային տնտեսության մեջ» և հաղորդեց, որ կառավարությունը մտադիր է նվազեցնել պետական բյուջեի դեֆիցիտը 2020-ին 7%-ով: Հարիրիի կառավարությունը դիմել է պետական հատվածի ու զինծառայողների սոցիալական վճարումների ու կենսաթոշակների կրճատման՝ հույս ունենալով ստանալ ֆինանսական մեծ օգնությունը ու խուսափել դեֆոլտից:
BBC


Հ.Գ. Անվտանգության ուժերի 52 աշխատակից է վիրավորվել Բեյրութում բողոքի ցույցերի ընթացքում՝ասվում է ներքին անվտանգության ուժերի հաղորդագրության մեջ: Ուրբաթ օրը սկսված բողոքի ցույցերը գրավել են Բեյրութը և մի շարք այլ քաղաքներ, այդ թվում՝ երկրի արևելքում՝ Բեկաա հովտում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և երկրում տնտեսական վիճակի բարելավում:
Լիբանանում ՀՀ դեսպանությունը հայտարարել է. «Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրերից»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ