ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նորմանդական քառյակի հանդիպումը ձախողվու՞մ է

Նորմանդական քառյակի հանդիպումը ձախողվու՞մ է
08.10.2019 | 11:35

Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ զինադադարի խախտման պատճառով ձախողվել է Դոնբասից ուժերի դուրսբերումը: Զորքերի հեռացումը նորմանդական ձևաչափով սամիթի առանցքային պայմաններից մեկն է: Պրիստայկոյի խոսքով՝ հոկտեմբերի 5-ին անջատականները կրակ են բացել Զոլոտոյի շրջանում՝ յոթ դիրքերի վրա: Կիևի տվյալներով՝ օգտագործվել են հակատանկային նռնականետեր ու մեծ տրամաչափով հրանոթներ: Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետությունում հայտարարել են, որ հրաձգությունը բացել է Կիևը՝ նպատակ ունենալով ձախողել ուժերի դուրս բերումը: Հոկտեմբերի 6-ին «Известия»-ի լրագրողները պատմել են, որ ընկել են ուկրաինացի զինվորականների կրակի տակ: Ուկրաինայի ԱԳՆ նախարարի խոսքով՝ ուժերի նոր դուրսբերում կլինի միայն այն ժամանակ, երբ կողմերը կարողանան պահպանել 7 օրյա զինադադարը: «Այդ շրջանը պետք է ապացուցի, որ կողմերը լուրջ մտադրություններ ունեն»՝ ասել է Վադիմ Պրիստայկոն: Սպասվում էր, որ ուժերի դուրսբերումը կսկսվի հոկտեմբերի 9-ին: Ուկրաինայի ներկայացուցիչներն ու անջատողականները արդեն դիտորդներին են փոխանցել ուժերի տեղաշարժի տվյալները:
RFI


Իրավիճակը հանգիստ չէ և Կիևում՝ հազարավոր ցաւցարարներ իշխանությունից պահանջում են հրաժարվել «Շտայնմայերի բանաձևից», որն անցած շաբաթ Կիևը ընդունել է՝ հայտարարելով արևելքի հակամարտությունը թուլացնելու հարցում որոշ զիջումների գնալու պատրաստակամության մասին: Նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել: Ցուցարարների թվում էր նաև երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, նրանք նախագահից պահանջում են ծնկի չգալ Ռուսաստանի հետ բանակցություններում՝ հայտարարելով, որ դեմ են բոլոր քայլերին, որ ուղղված են կապիտուլյացիայի և Ուկրաինայի ազգային շահերը զիջելուն:


Դժգոհության ալիք բարձրացրած փաստաթղթով նախատեսվում է Ուկրաինայի արևելքում՝ ռուսների աջակցությունը վայելող շրջաններում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ ԵԱՀԿ-ի հսկողության տակ: Ընդդիմախոսները պնդում են, որ այդ տարածքները փաստացի կհանձնվեն Ռուսաստանին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ քվեարկությունը տեղի կունենա մի շարք պայմանների իրագործումից, մասնավորապես, ռուսական զորքերը Դոնբասից դուրս բերելուց հետո միայն: Զելենսկին պնդել է, որ դա անհրաժեշտ քայլ է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մակարդակով խորհրդաժողով անցկացնելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար:
Հինգերորդ տարին շարունակվող հակամարտությունը կարգավորելու նախագահի համարձակ որոշմանը ուկրաինացիները արձագանքում են «Հանուն ինչի՞ է արյուն թափվել», «Ոչ կապիտուլյացիային», «Ծառա դուրս արի, ժողովուրդն է եկել», «Զեմոկրատուրա չքվիր» կարգախոսներով և պաստառներով։


Զելենսկու թիմը հակադարձում է՝ Շտայնմայերի բանաձևը միակ հնարավորությունն է Դոնբասում խաղաղության հասնելու համար: «Որևէ դավաճանություն չկա, մենք չենք կարող բացել բանակցությունների բոլոր մանրամասները, բայց ես երաշխավորում եմ՝ ամեն ինչ նորմալ է: Անձամբ ինձ, ինչպես նաև մեր բոլոր պատգամավորների համար, կան կարմիր գծեր, որոնք մենք չենք անցնի», - հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան՝ հավելելով, որ բանաձևի համաձայնեցումը տեխնիկական քայլ է՝ Մինսկի ձևաչափից անցում Նորմանդյանի։


Բանաձևի հեղինակը՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը փաստաթուղթը կազմել է 2015-ին, երբ ԱԳ նախարար էր: Նա տարակուսանք է հայտել Ուկրաինայում իր առաջարկների շուրջ աղմուկի կապակցությամբ՝ շեշտելով, որ բանակցություններում, որտեղ այդ բանաձևը ներկայացվել և քննարկվել է, մասնակցում էր նաև այսօր բողոքող Պյոտր Պորոշենկոն, որ հիմա պնդում է, թե Շտայնմայերի բանաձևը իրականում գրվել է Կրեմլում։ «Բանաձևը ոչ այլ ինչ է, քան Դոնբասի հարցով մեծ քայլերի բաժանում փոքր քայլերի, քանի հակամարտության կողմերը տարիներ շարունակ բանակցելով որևէ արդյունքի չեն հասել, կողմերից ոչ մեկը չի գնացել մինսկյան համաձայնագրի իրագործման ճանապարհով, ինչը ենթադրում է մեծ քայլեր», - պարզաբանել է Շտայնմայերը` հերքելով կարծիքները, թե իր առաջարկները գրվել են Մոսկվայի ազդեցության տակ։

Ուկրաինայի բանակի և անջատականների պատերազմի հետևանքով 13000 մարդ է զոհվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ