Հայկական ժողովրդավարության բրենդն ԱՄՆ-ում վաճառվող ապրանք չէ
27.09.2019 | 00:27
Ասել, որ Հայաստանի իշխանությունները բավականին մանրակրկիտ կերպով էին պատրաստվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին, թերևս ոչինչ չասել է, քանի որ այս այցի վրա բավականին մեծ խաղադրույք էր արված։ Ի վերջո, ինչ-որ փուլից սկսած՝ Հայաստանի իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը սկսեցին իրոք հասկանալ, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակն այնքան է իջեցված, որ ավելի ցածր չի կարող լինել։ Իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ հայտարարվեց, որ արտաքին քաղաքական կուրսում, այսպես ասած, ռևերսներ չեն լինելու, իհարկե, մի կողմից իշխանությունների մոտ ակնկալիք կար, որ արտաքին քաղաքական հիմնական գործընկերներն ավելի լոյալ կվերաբերվեն թավշյա հեղափոխություն կոչեցյալին, բայց մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ դրանով ժամանակի պաշար կստեղծի նոր իշխանության համար, և գոնե որոշ ժամանակ արտաքին քաղաքական միտումներն ու գործընթացները կշարժվեն այն նույն ոգով և նույն մասշտաբներով, ինչ հեղափոխությունից անմիջապես առաջ էր։ Սակայն արդեն շատ արագ պարզվեց, որ հիմնական աշխարհաքաղաքական դաշնակիցների և գործընկերների շրջանում չի գտնվում տեղի ունեցածի ուղղակի շահառու. թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը և թե՛ միացյալ Եվրոպան բավականին սառն են վերաբերվում տեղի ունեցած իշխանափոխությանը։ Եվ «հայկական թավշյա հեղափոխություն» բրենդը վաճառելու բոլոր փորձերը մինչ օրս էլ անհաջողության են մատնվում։ Այս առումով, գուցե շատերի համար անսպասելի, առավելագույն անտարբերություն արձանագրվեց Թրամփի վարչախմբի կողմից։
Ըստ էության, նոր իշխանությունների օրոք հայ-ամերիկյան հարաբերությունները գրեթե զրոյական վիճակում հայտնվեցին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և անգամ որոշ չափով հումանիտար ծրագրերի իրականացման առումներով։ Ըստ էության, բոլոր փորձերը՝ որևէ լուրջ կոնտակտ ունենալ ամերիկյան վարչախմբի առանցքային դեմքերի հետ, անհաջողությամբ էին ավարտվում, իսկ «նոր Հայաստանի» առանցքային բարձրաստիճան պաշտոնյաների վոյաժներն ԱՄՆ ավարտվում էին լավագույն դեպքում ԱՄՆ վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաների տեղակալների օգնականների մակարդակի շփումներով։ Առավելագույնը, ինչ հաջողվեց այս ամիսների ընթացքում, շփումն էր օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև, սակայն հասկանալի է, որ խորհրդարանական դիվանագիտությունը և գործադիրի հետ հանդիպումները այնուհանդերձ երկու տարբեր հարթություններ են, և օրենսդրական մակարդակն ընդամենը փոխլրացնում է վարչախմբերի միջև հաստատված հարաբերությունները։
Այս համատեքստում շատ զարմանալի ու դիպուկ էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը, ըստ որի՝ ԱՄՆ-ՀՀ բարձր մակարդակի հանդիպում Փաշինյանի և ամերիկյան վարչակազմի կամ անձամբ նախագահ Թրամփի հետ կարող է տեղի ունենալ, եթե անհրաժեշտություն կամ օրակարգ լինի։ Քանի որ չկա քաղաքական և տնտեսական օրակարգ, ապա որևէ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն էլ չկա։
Զոհրաբ Մնացականյանի այս խոստովանությունը լավագույնս է բնորոշում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլը։ Իսկապես բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ԱՄՆ վարչախումբը թերևս նախագահի անվտանգության հարցերով արդեն պաշտոնաթող խորհրդական Ջոն Բոլթոնի շուրթերով ամիսներ առաջ, ըստ էության, ուղղակիորեն ասել էր, թե ինչ ակնկալիքներ ունի Միացյալ Նահանգները Հայաստանից, և ինչ օրակարգ է ԱՄՆ-ն առաջարկում Հայաստանին համագործակցության համար։ Դա, ինչպես սովորաբար լինում է գերտերությունների պարագայում, ոչ միայն առաջարկ էր, այլև, ինչպես հետագայում նշմարվեց, պայման էր, թե որ դեպքում ԱՄՆ-ի համար ՀՀ-ն կարող է առհասարակ հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով նաև հայաստանյան նոր վարչախմբի ԱՄՆ-ից ունեցած հիմնական ակնկալիքները։ Իսկ դա, ինչպես հայտնի է, խոշոր ներդրումների տեսլականն է։
Ինչևէ, Բոլթոնի հնչեցրած օրակարգային կետերն են՝
ա) Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման կամ ԱՄՆ կողմից այս երկրի նկատմամբ վարվող քաղաքականության հարցում Հայաստանի հնարավոր մասնակցությունը, այդ թվում նաև հնարավոր պատերազմի պարագայում,
բ) ինչպես Բոլթոնն էր ասում՝ կարծրատիպերից հրաժարվելը, նաև՝ զգայուն թեմաներում, և պարզ էր, որ այդ զգայուն թեմաներն առնչվում են Արցախին ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը,
գ) բիզնես հնարավորությունները, տնտեսական շահը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գեոտնտեսական նախագծերը։ Վերջինիս դեպքում նախապայմանն ակնհայտորեն վերաբերում էր Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված, մեղմ ասած, անորոշությանը։
ԱՄՆ-ը, դեռևս նախորդ վարչախմբի ներկայացուցիչներից սկսած, միշտ բարձրացրել է Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը։ Թե՛ Հայաստանում ԱՄՆ նախկին, թե՛ ներկա դեսպանները բառիս բուն իմաստով բաց տեքստով ասում էին, որ Հայաստան պետությունը պետք է երաշխավոր հանդիսանա ներդրումների համար։ Այստեղ, մասնավորապես, Միացյալ Նահանգների համար ինդիկատոր է հանդիսանում Ամուլսարի հանքի շահագործման հարցը։ Նշվում էր, որ սա Հայաստանում խոշորագույն ներդրումային ծրագրերից է, ինչը, սակայն, որևէ կերպ պաշտպանված չէ։ Այս թեմայի շուրջ հայտարարություններով հանդես եկան նաև ամերիկյան տարբեր կառույցներ, այդ թվում Հայաստանում ԱՄՆ առևտրային պալատը։
Այսպիսով՝ ԱՄՆ-ը Հայաստանի առջև քաղաքական և տնտեսական հստակ նախապայմաններ դրեց, որոնց ի կատար ածելուց հետո միայն կարող է խոսք լինել ներդրումների մասին։ Ընդ որում, պետք է հատուկ շեշտել, որ Հայաստանի նոր իշխանությունները, ըստ էության, ի վիճակի չեղան այլընտրանքային օրակարգեր առաջարկել Թրամփի նեոկոնսերվատիվ և գերպրագմատիկ ու գերգործարար վարչախմբին՝ փորձելով նեոկոնսերվատորներին հրամցնել հայաստանյան փաստացի լիբերալ ժողովրդավարացման նոր մոդելի առավելությունները։
Բնականաբար, Բոլթոնի առաջադրած հարցերը բավականին զգայուն էին ՀՀ գործող իշխանության համար, ավելին, ինչպես կյանքն է ցույց տալիս, դրանք շատ բարդ է լուծել, թեև շատ վերլուծաբանների կարծիքով վարչապետ Փաշինյանը, իր խառնվածքին և քաղաքական վարքագծին հարազատ մնալով, ինչ-ինչ խոստումներ էր տվել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային Երևան կատարած այցի ընթացքում։ Այս առումով բնավ էլ պատահական չէր, որ Փաշինյանը հանկարծ ակնարկեց, թե չի բացառվում, որ կարող է փակվել Հայաստան-Իրան պետական սահմանը։ Սա բնականաբար մեսիջ էր ԱՄՆ վարչախմբին, որը, հայաստանյան անփորձ իշխանության կարծիքով, պետք է որ արդեն իսկ ինչ-որ դռներ բացեր ՀՀ նոր վարչախմբի առջև, սակայն դա ընդամենը ԱՄՆ-ի կայացած համակարգը թերագնահատելու պատրանք էր, քանի որ ԱՄՆ այսօրվա վարչախումբն իր քաղաքականության հիմքում դնում է և հաշվի է առնում կոնկրետ գործնական քայլերը։ Մինչդեռ Արցախի հարցում ՀՀ իշխանությունը մինչ օրս հստակ դիրքորոշում չի հայտնում, և մոտեցումների ամպլիտուդը տատանվում է «Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև «հարցի լուծումը պետք է բավարարի կոնֆլիկտի երեք կողմերին էլ» հարթությունում։ Սակայն ամեն դեպքում պարզ է, որ միանշանակ զիջումների գնալը հղի է բավականին լուրջ հանրային և ներքաղաքական ցնցումներով։ Նույնը վերաբերում է Հայոց ցեղասպանության խնդրին։ Իսկ Ամուլսարի հարցն իշխանությունը փորձում էր որքան հնարավոր է ձգձգել կամ անտեսել, և այդպես էլ անհասկանալի է, թե հույսն ինչի վրա էր դնում։ Ամեն դեպքում ինչ-որ փուլից սկսած, ամենայն հավանականությամբ, հասկանալով, որ այլ տեղից, մասնավորապես Ռուսաստանից, հիմնականում քաղաքական դրդապատճառներից և միջպետական հարաբերություններից ելնելով, ներդրումներ սպասելն անիմաստ է, հասկանալով, որ ներդրումների միակ իրական ներուժը, այնուամենայնիվ, ԱՄՆ ներդրումային քաղաքականությունն է, ՀՀ իշխանությունը որոշեց ամերիկյան այցը կատարել ոչ ձեռնունայն՝ ցուցանելով, որ ՀՀ իշխանությունը Ամուլսարի հանքի շահագործման հարցում հայտնում է իր պատրաստակամությունը։ Ամուլսարի շահագործման խոստումներով Հայաստանի իշխանությունը փորձում է նոր թեմաներ բացել ներդրումային հնարավորությունների համար, ինչպես նաև օրակարգ ձևավորել ԱՄՆ վարչախմբի հետ երկխոսության հիմքեր ստեղծելու համար։
Կարելի է ասել, որ Ամուլսարի շուրջ ձևավորված միտումներն ու այդ թեմայով ՀՀ իշխանության ուղերձները ինչ-որ չափով հասել են նշանակետին, քանի որ «Մուդիս» գործակալությունը հանկարծ, չգիտես ինչու, բարձրացնում է Հայաստանի վարկանիշը։ Վաղուց գաղտնիք չէ, որ նման գործակալություններն իրենց վարկանիշներն օգտագործում են որպես քաղաքական ներազդման գործիք. խրախուսելով, բարձրացնելով վարկանիշը՝ ուժեղացնում են այն իշխանություններին, որոնց քաղաքականությունն իրենց ձեռնտու է, և հակառակը՝ շատ դեպքերում նվազեցնում են այն իշխանությունների վարկանիշը, որոնց վարած քաղաքականությունն իրենց սրտով չէ։ Տվյալ դեպքում Արևմուտքի համապատասխան շրջանակները ըմբռնեցին Նիկոլ Փաշինյանի ուղերձները և հանդես եկան փոխադարձ քայլով՝ «Մուդիսում» բարձրացնելով ՀՀ վարկանիշը և փորձելով ամրապնդել Փաշինյանի դիրքերը Հայաստանում։
Իրականում Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ, չի կարելի է ասել, հաջողված չէր, քանի որ թերևս որևէ մեկն ավելին չէր սպասում, որքան էլ ՀՀ կառավարությունում փորձում էին այն ավելի արդյունավետ ու հագեցած դարձնել։ Այս պարագայում ՀՀ վարչապետը փորձեց հիմնականում երկու խնդիր լուծել՝ շարունակել հանդես գալ որպես համահայկական նոր առաջնորդ՝ ոգևորելով սփյուռքին ու նրա գործարար շրջանակներին, ևս մեկ անգամ շահագրգռելով, որպեսզի այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, դեռևս տիրող (թեև զգալիորեն նվազած) էյֆորիան կապիտալիզացնեն ու ներդրումների տեսքով ուղղորդեն դեպի Հայաստան։ Բացի այդ, ԱՄՆ-ում ՀՀ վարչապետը փորձում էր ստանալ իր նկատմամբ մեծ ոգևորության պատրանք, որպեսզի այդ գործոնն օգտագործելով՝ ԱՄՆ վարչակազմի հետ բանակցություններ սկսելու հնարավորություն ստանա ԱՄՆ նախագահի ընտրությունների շեմին։ Փաշինյանը ցանկանում է հասկացնել ԱՄՆ իշխանություններին, որ այդ երկրի ապագա ընտրություններում կարող է ուղղորդել հայկական սփյուռքին։
Իհարկե, չի կարելի ասել, թե Փաշինյանի այցն ամբողջովին անպտուղ է։ Թեև հասկանալի է, որ ամենայն հավանականությամբ, չեն արդարացել սպասելիքները, շատ ավելի մեծ զանգվածներ էին ակնկալվում լոսանջելեսյան հավաքին (ըստ ամերիկյան մամուլի՝ առավելագույնը 10 հազար մարդ է ներկա գտնվել, մինչդեռ ակնկալում էին 35-40 հազար), սակայն ամեն դեպքում համապատասխան տեխնոլոգիաներով փորձելու են ուռճացնել հավաքի նշանակությունը։ Գուցե ինչ-որ բան կարելի է սպասել Սիլիկոնյան հովտում ՏՏ ոլորտի հայ ներկայացուցիչների հետ վարչապետի հանդիպումներից։
Փաշինյանի ԱՄՆ այցն իր բովանդակությամբ և ձևով բնավ էլ նման չէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի այցի, թեև ֆորմալ առումով այն իհարկե համարվում է ոչ թե ԱՄՆ այց, այլ մասնակցություն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Այն կարծես մասնավոր, լավագույն դեպքում՝ աշխատանքային այց լիներ, որն ուներ ընդամենը մեկ պաշտոնական բաղադրիչ, այն է՝ ելույթը ՄԱԿ-ում։ Այս պարագայում շատ զավեշտալի է այն հանգամանքը, որ ՀՀ պետական քարոզչամեքենան փորձում է որպես լրջագույն ձեռքբերում ներկայացնել Կալիֆոռնիայի հետ համագործակցության պայմանագրի կնքումը։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ում Հայաստանի կարգավիճակը բավականին ցածր է, քանի որ Հայաստան պետությանը թույլ են տալիս բավարարվել միայն նահանգների հետ փոխգործակցությամբ։ Այսինքն՝ Հայաստանը ոչ թե պետության գործընկերն է, այլ առանձին վարչական ստորաբաժանման։ Փաստորեն, Հայաստանի Հանրապետություն սուբյեկտի կարգավիճակը նվազեցվել է, և Հայաստանին ցույց են տվել իր տեղը՝ լավագույն դեպքում նահանգի հետ համագործակցության ու շփման մակարդակը։ Այն էլ միայն նրա համար, որ տվյալ նահանգում է հիմնականում կենտրոնացած հայկական համայնքը։ Դուր է գալիս մեզ դա, թե ոչ, սա է իրավիճակը։ Եվ եթե մի կողմ դնենք Փաշինյանի այցի հետ կապված քարոզչական բոլոր ժապավեններն ու փայլուն ատրիբուտները, կտեսնենք, որ ՀՀ նոր իշխանություններին առայժմ չի հաջողվում ճեղքել այն պատնեշը, որ ԱՄՆ վարչակազմը դրել է վարչապետ Փաշինյանի առջև։
Ամեն դեպքում վարչապետի և նրա բազմանդամ պատվիրակության շրջագայությունն Ամերիկայում ևս մեկ անգամ ապացուցեց, որ այսպես կոչված հայկական աննախադեպ ժողովրդավարության բրենդն ԱՄՆ-ում և Թրամփի վարչախմբում վաճառվող ապրանք չէ։ Ավելին, երբեմն նաև դժվար մարսելի է։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ