ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պարզապես ապրեք

Պարզապես ապրեք
26.07.2019 | 00:29

Ամեն օր մենք ապագայի ծրագրեր ենք կազմում, բայց ապագան իր ծրագրերն ունի, որ հաճախ չի համընկնում մեր ծրագրերին, ու դա կյանքն է: Երբեք ոչ մեկին ոչինչ մի ապացուցեք, կյանքը թեորեմ չէ: Պարզապես ապրեք: Անիծված են նրանք, որ ապրում են հեղափոխությունների ժամանակներում՝ չեմ հիշում ով է ասել, բայց սուտ է ասել: Երևի շատ նեղված է եղել, կամ՝ պայծառատես: Փաստորեն՝ իմ սերունդը անիծված է եղել. մի կյանքում մի քանի հեղափոխություն անցավ վրայով, ու կեցցեն նրանք, որ դեռ կան: Առավել ևս՝ այս տարիքում, կյանքը 20 տարեկանում, կյանքը 30 տարեկանում, կյանքը 40 տարեկանում, կյանքը 50 տարեկանում, կյանքը 60 տարեկանում բոլորովին այլ ընկալումներ ունի: Այլ ելքեր:


Հեղափոխությունը մեզնից շատերին կյանքից դուրս դրեց, ու դա արդար չէր հեղափոխությունից հեղափոխություն մեր դժվար թռիչքների ու անկումների մեջ: Փորձի, գիտելիքների ու ունակությունների պաշարը, որ կյանքը կուտակել է իմ սերնդի մեջ, երկրի հարստությունն է, որ ոտնատակ տալը երկիր կողոպտել է: Մեզնից ոչ մեկը հրեշտակ չէ, բոլորս ունենք մեր սխալներն ու բզիկները, ո՞վ չունի: ՈՒ բացի ամեն ինչից՝ մենք նաև հոգնած ենք հեղափոփոխություններից, որ տարբեր սկիզբ ունեն, բայց միանման ավարտ: Մեր կյանքում Ազատության հրապարակ է եղել, որ նույն ռիթմով էր շնչում, մեր կյանքում պատերազմի հաղթանակ է եղել, մեր կյանքում հրաժարականներ ու հոկտեմբերի 27 են եղել, մենք շոկն ապրել ենք իբրև կյանք ու դուրս ենք եկել մահվան միջից՝ ապրելու, որովհետև մեր նահանջը միայն մահն է: Մենք հրեշտակներ չենք, բայց մեր կյանքում հրեշտակներ չեն էլ եղել: Մեր առաջ դռներն իրենք իրենց չեն բացվել, ավելի շատ փակվել են, մենք լաբիրինթոսում Արիադնա չենք ունեցել, ոչ էլ Արիադնա ենք եղել: Ապրել ենք՝ ինչպես կարողացել ենք, մի մասս տրվել է օրվա պահանջին ու հարմարվել օրվա տերերին, մի մասս դոգմա է դարձրել սկզբունքն ու հրաժարիմքը իր գնահատականով անընդունելիից, տաբուներ է դրել ու պահպանել՝ երկրի աղը համարելով նրանց, որ սպանվելիս չեն մեռնում, ապրելիս չեն դավաճանում: ՈՒ մենք դեռ կանք: Սա ոչ օդա է, ոչ էպիտաֆիա, փաստ է:


…Փաստ է, որ էյֆորիան հանգեաւ ի տեր: Նորին մեծություն սառնարանը եկավ ու սկսեց տրամադրություն ու գնահատական ձևավորել: Կյանքը իրենը միշտ է վերցնում: Տալիք ունե՞նք: Տնտեսական հեղափոխության գաղափարը չի կերակրում: Կարգախոսները ստամոքսի համար չեն: Այնպես չէ, որ բոլորս ենք միայն «հացիւ», ոչինչ չեն գտնում նրանք, որ որոնում են «բանիւ»-ը: Սա է խնդիրը: Մենք լսում ենք բառեր, բառեր, բառեր: Գեղեցիկ ու սահուն, որոնց հետևում չկան մասնագիտական հաշվարկներ, թվեր, ժամկետներ, իրականացման մեխանիզմներ, մենք չենք հասկանում՝ ի՞նչ ենք ինքներս անելու այդ բառերի իրականության մեջ: Մեր տեղը ո՞րն է: Մեր դերը ո՞րն է: Լսել ու զմայլվե՞լ: Սպասել, որ մանանա՞ թափվի երկնքից: Բայց երկնքից ավելի շատ կարկուտ է թափվում: Հիմա մե՞նք են կտրվել իրականությունից, թե՞ նրանք, որ շարում են մեր կյանքի պատկերը: Նրանք աշխարհից աշխարհ են գնում, ինքնաթիռներից չեն իջնում, որ ի՞նչ լինի: Մեզ սովորեցրել են, որ փող տալիս են նրան, ով փողը կարող է աշխատեցնել, մենք փող ենք ուզում, որ ծախսենք: Մենք ազդարարում ենք, որ ուզում ենք տնտեսություն աշխատեցնել, բայց կանգնեցնում ենք գործող արտադրությունները: Մենք միայն մեկ ուղղություն գիտենք՝ բարձր տեխնոլոգիաներ: Ֆետիշացնում ենք՝ առանց հասկանալու, որ բարձր տեխնոլոգիաները կարող են աշխատել բարձր զարգացած տնտեսություն ունեցող երկրում, ոչ թե իրենք են ունակ տնտեսություն զարգացնելու: Որովհետև պահանջում են որակյալ կրթություն, կադրեր, արտադրանքի սպառում ու փող, փող, փող: Իրականությունը՝ մենք ոչ թե հպարտ, այլ աղքատ քաղաքացիների երկիր ենք: Իրականությունը՝ մենք ուզում ենք մեզ պահեն, մենք չենք ուզում քչից սկսել ու մեր վաստակով վատ ապրելուց հասնել մի քիչ լավ, հետո ավելի ու ավելի լավ ապրելուն, որովհետև չենք հավատում վաստակի հնարավորությանը: Եվ՝ արդեն չունենք անհրաժեշտ ունակություններ ու հմտություններ: Նորից սովորել արդեն չենք ուզում: Ծառ կկտրենք, կգողանանք, կաշառք կտանք ու կստանանք՝ մենք ուրիշ ելք ունե՞նք: Կպայքարենք կոռուպցիայի դեմ:

Բայց զուգահեռ չենք ստեղծի պայմաններ, որ գողանալն ու կաշառք տալը հիմարություն լինեն: Մեզ ասում են՝ այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որ ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան: Հիմա մե՞նք ենք իրականությունից կտրվել ու չենք տեսնում բավարար դաշտը, թե՞ դաշտը բավարար չէ՝ ստեղծարար աշխատանքով հաց վաստակելու: Եթե բավարար է, մարդիկ հիմա՞ր են, որ չեն ուզում աշխատել ու ապրել: Արարատյան դաշտի գյուղերից մեկի բնակիչները ճանապարհ են փակել ոռոգման ջրի հարցով: Առաջիկայում հնարավոր է ծովագյուղցիները փակեն ճանապարհը ձկան որսի արգելքի պատճառով: Լոռու մարզում, հատկապես Ալավերդու գյուղերում խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառահատումների քրեականացման հետ։ Հետո՞:


…2019-ի հունվար-ապրիլին ՌԴ բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները, գրում է «Известия»-ն՝ Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությանը հղումով: 2019-ի առաջին ամիսներին ՌԴ բնակչության միգրացիոն աճը 98000 մարդ է, 2018-ին 57100 է եղել: Ամենից շատ ավելացել է Հայաստանից և ՈՒկրաինայից ներգաղթյալների թիվը: 2019-ի հունվարից ապրիլ Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12800 մարդ՝ 2018-ի 4900-ի համեմատ: 2019-ի հունիսի 1-ի դրությամբ ՌԴ է մեկնել Հայաստանի 49000 քաղաքացի: Կհեշտացվի ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը: ՌԴ-ում մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և արտասահմանցիներին հնարավորություն տալ պարզեցված ընթացակարգով ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ՝ գրում է «Парламентская газета»-ն: Ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի 6 ամսից 4-ի, կացության իրավունքը դառնա անժամկետ: Օրինագիծը պատրաստել է ՌԴ կառավարությունը։ Ռուսաստանում հանդիպումներ ունեցող Զարեհ Սինանյանը այս հարցը որևէ մեկի հետ քննարկե՞լ է: Թե՞ նա հարսանիքի գեներալի կարգավիճակով շքահանդեսային հանդիպումներ է ունենում, որ վերադառնա ու զեկուցի՝ հանդիպել եմ, տեսել եմ, խոսել, այսքան փող կտան կամ չեն տա: Ոչ, նա լավ է աշխատում՝ Մոսկվայում սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել է ՌԴ Ազգությունների հարցերով դաշնային գործակալություն ու քննարկել Ռուսաստանում հայկական հասարակական կազմակերպությունների ու հանրային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերը: Քննարկվել է հայերենի դասավանդման հարցը, այսինքն՝ ոչ թե հետ գան, այլ Ռուսաստանում հայերեն սովորեն. ինչ սխրանք: Նա հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ ու ասել է, որ Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որ արդեն լիարժեք ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել ՌԴ զարգացմանը և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը: Սա՞ է հայրենադարձության ծրագիրը: Ինքնատիպ է, չէ՞: Ֆենոմենալ: ՈՒ եթե իրոք «բավարար դաշտ» կա, հայերն ինչու՞ են նետվում Ռուսաստան: Գի՞ժ են, թե՞ գենետիկ գնչու, թափառականի արյուն ունեն՝ տեղում տիտիկ չե՞ն անում: Հայաստանի ռազմավարական դաշնակից, բարեկամ Ռուսաստանը լուծում է իր ժողովրդագրական խնդիրը, տանում է ինտելեկտուալ ու բանվորական աշխատուժը, որ զարգացնի իր տնտեսությունը, մենք էլ դոնոր ենք: Դա ՀՀ գործող կառավարության ռազմավարությու՞նն է, թե՞ «նախորդ հանցավոր ռեժիմինն» էր: Գործող կառավարությունը հայրենադարձությունը հռչակել է պետական քաղաքականության առաջնահերթություն: Համենայն դեպս՝ բառերով: ՈՒ ինչպե՞ս է կանխում արտագաղթը: Հայրենադարձության ի՞նչ պայմաններ են ստեղծվել: Ռուսաստանի հետ բանակցվե՞լ է հայ միգրանտներին տնից-տեղից չկտրելու հարցը: Եթե այո, ուրեմն՝ ձախողվել է, այլապես ՀՀ քաղաքացիներին ՌԴ քաղաքացիություն տալու հարցը չէր հեշտացվի: Ի՞նչ տարբերություն բարեկամ Հայաստանի ու ոչ բարեկամ ՈՒկրաինայի միջև այս հարցում: Մոսկվան ընդունում է բոլորին հավասարապես` ելնելով իր քաղաքական ու տնտեսական շահից: Կա՞ հակառակ գործընթացը: Կա՝ Գերմանիայից ու Ֆրանսիայից հայերին ռեադմիսիայի ծրագրով հայրենիք են վերադարձնում, Ռուսաստանը նրանց էլ է տանում ու քաղաքացիություն տալիս, որ չհեռանան: Հիմա ԵՄ՞-ն է Հայաստանի բարեկամը, թե՞ Ռուսաստանը: Հավելեմ, որ Հայաստանում ԵՄ հեռացող դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում դատական բարեփոխումներին, քննարկվում է կամ երկարաժամկետ բյուջետային աջակցության տարբերակը՝ մի քանի տարի ծրագրով, կամ կարճաժամկետ ֆինանսական աջակցության տարբերակը: ԵՄ-ն Հայաստանին չի պարտադրում դատական ռեֆորմի որևէ մոդել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին առաջարկել էր օգնել՝ դատավորների բարձր աշխատավարձը դատական անկախության երաշխիք համարելով:


…Դատական համակարգի բարեփոխումը հանգեցվեց ՍԴ նախագահի հրաժարականին, նա չի պատրաստվում հրաժարական տալ: Նիկոլ Փաշինյանն էլ ելք չառաջարկեց: ՈՒ՝ ի՞նչ: Հրայր Թովմասյանը պաշտպանված է իր գրած Սահմանադրությամբ, որի լեգիտիմությանը Նիկոլ Փաշինյանը չի կասկածում ու ժամանակ է ուզում տալ՝ դրսևորվելու: Ելքը Սահմանադրությունը փոխելն է: Կփոխվի՞ ու ի՞նչը կփոխվի: ՔՊ-ին հանձնարարվել է չբացակայել քաղաքից, Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ լինելու է փակ քննարկում դատական համակարգի մասին: ՈՒ՝ ոչ միայն: Օգոստոսի սկզբին իշխանությունները կքննարկեն ու գուցե ներկայացնեն Սահմանադրության փոփոխությունների մասին իրենց տեսակետը: Չի բացառվում, որ Սահմանադրության՝ ՍԴ բաժնում փոփոխություններ լինեն հանրաքվեի միջոցով: Այսինքն՝ հատվածական: ՔՊ-ն սուպերվարչապետական համակարգից հրաժարվելը օրակարգում չի տեսնում: Դեռ, կամ՝ արդեն: Կարևոր չէ, կարևորը՝ Սերժ Սարգսյանի կոստյումը, որ դժվար թե հայկական արտադրության լիներ, ճիշտ ու ճիշտ Նիկոլ Փաշինյանի հագով է, նա փողկապից բացի նախընտրում է հագուստներ «Պատրաստված է Հայաստանում» մակնիշով: Եվ պետք չէ կեղծ սպասումներ գեներացնել՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից դժգոհությունը չի նշանակում նախկինների պահանջարկի ավելացում: Բայց նաև չի նշանակում, որ կան ուժեր, որ պատրաստ են վերցնել իշխանությունը ու շարունակել հեղափոխությունը այն կետից, որտեղ կանգ է առել Նիկոլ Փաշինյանը: ՈՒ դա է օրվա խնդիրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Կուսակցական կյանքի գոյության դրսևորում էր 7-ի հայտարարությունը՝ «Ազատությունը», «Ազգային օրակարգը», «Երկիր ծիրանին», «Մեկ Հայաստանը», ՀԴԿ-ն, ՀՅԴ-ն ու ՌԱԿ-ը դատարանների շուրջ իրավիճակի վերաբերյալ են խոսել, առ այն, որ «Օրենսդիր, գործադիր ու դատական համակարգերի անկախությունն ու ինքնուրույնությունը պարտադիր պայման է՝ բացառելու իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի ձեռքում, ինչը երկրում մենիշխանության հաստատման հիմնական նախադրյալներից է» և՝ «դատարանների և դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ազդեցություն գործադրելու ցանկացած փորձ անթույլատրելի է»։ ՈՒ՝ ի՞նչ: Լիլիթ Մակունցն ասաց. «Հայտարարությունը ոչ թե երկխոսության կամ համագործակցության մասին է, այլ հստակ գնահատականներ են»: Ճիշտ է ասել, նաև անվտանգ են՝ եթե հաշվի առնենք քաղաքական կշիռը, և վտանգավոր՝ եթե հաշվի առնենք ռուսական դաշտում գործելը ու ռուսական շահերի պաշտպանությունը: Իսկ դուք պարզապես ապրեք՝ դուք ոչինչ ու ոչ մեկին պարտավոր չեք ապացուցել: Հա՞ որ: Իսկ ինչու՞ է կյանքը խփում մեր գլխին՝ արժանիք, տարիք ու արժեք չհարցնելով:

Դիտվել է՝ 3433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ