ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խճողում, կամ ո՞րն է քաղաքականության տարածքը

Խճողում, կամ ո՞րն է քաղաքականության տարածքը
07.06.2019 | 00:06

Օրվա հարցը՝ այսօր ո՞վ է ծեծվելու և ո՞վ է ծեծելու: Հարցը հռետորական չէ, իրավական չէ, քաղաքական է, որ չի ստանում քաղաքական գնահատական: Ոչ էլ իրավական: Այսինքն՝ շարունակվելու է գործընթացը, որ սպառնում է մրցակցել դատավարություններին, որ սկսվում ու չեն ավարտվում:

ԱԱԾ-ՊՎԾ, Դանիել Իոանիսյան-Ալեն Սիմոնյան, սորոսականներ-Նարեկ Մալյան՝ շարքը շարունակելի է: Փաստացի՝ քաղաքականության տարածքը կրճատվել կամ փոխարկվել է անթույլատրելի գործընթացի, որտեղ գործող անձինք հայտնվում են բռնության կոչերով ու գործողություններով, բայց խորապես համոզված, որ քաղաքական գործընթացներ են իրականացնում: Հասարակությունը անտարբեր է: Մեծամասնության մեջ: Չի նկատում, որ քաղաքականությունը հեռացել է՝ մնացել է խճողում: Քաղաքական դաշտը լցնում ու հագեցնում են ապաքաղաքական դեմքերը, նրանք են օրվա լրահոսի հերոսները ու հակահերոսները: Այսինքն՝՝ քաղաքականության էքզիստենցիալ մերժման մեջ ենք, ավելին՝ դա է մեր քաղաքականությունը:
Հեղափոխությունից մեկ տարի հետո էլ պաշտոնապես գլխավորը «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ պայքարն է, բայց՝ անձերի մակարդակում: Համակարգի դեմ պայքարի գիտակցություն չկա: Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը կասեցնելու խնդիրը վերաճեց դատարանների դեմ պայքարի, մինչդեռ հարց է՝ ու՞ր էր վերադառնալու Ռոբերտ Քոչարյանը: Նրան սպասող կա՞: Նրա կարիքը հասարակությունը զգու՞մ է: Նրան հավատացող կա՞: ԳԵԼԱՓ-ի հարցում պետք չէ՝ պարզելու, որ ոչ: Նույնիսկ նրանք, որ դժգոհ են իշխանությունից, հակակշիռ Ռոբերտ Քոչարյանին չեն տեսնում:


Երկրորդ նախագահը մարդ է, որ պայքարում է իր անձնական ազատության ու ունեցվածքը պահպանելու համար, ոչ թե հանրության հետ միասնության հեռանկարների: Հենց իշխանությունների քայլերն են նրան հերոսացնում ու դարձնում արդարության զինվոր կամ քաղաքական հալածյալ, որ նա երբեք չի եղել ու չի կարող լինել:
Ինչու՞: Ինչպե՞ս է ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանը դառնում է գործող անձ քաղաքականության մեջ, որտեղից արդեն դուրս է մղվել քաղաքականությունը։ Սա հարց է, որի պատասխանը շատ հարցեր կհանի օրակարգից: Կեղծ օրակարգից, որ հրամցվում է հասարակությանը՝ իրականի փոխարեն:


Հասարակությանը նետվում է գիլիոտինի գաղափարը՝ իբրև արդարության սիմվոլ: Գիլյոտինը երբեք չի հաստատի արդարություն՝ ում ձեռքում ՝էլ լինի: Թավշե հեղափոխության գիլիոտինացման գաղափարը հեղափոխությունը վերածում է հակահեղափոխության: Գիլիոտինին կասեցնելու է նոր գիլիոտինը՝ մինչև ձևավորվի ընկալումը, որ արդարությունը կացնի կոթով չեն հաստատում: Մենք հիմա գնում ենք հակառակ ճանապարհով՝ օրը մեկը հայտնվում է Ազատության հրապարակում ու իրեն հայտարարում հեղափոխության պաշտպան՝ անհրաժեշտության դեպքում բռնի ուժով: Դա շարունակությունն է ասֆալտին փռելու ու պատերով տալու կոչերի: Եվ պարզվում է, որ «Ոստիկանը մերն է»՝ այնքան, որ չի միջամտում, այնքան, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին ոմն Ջիվան Աբրահամյանի սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվում է՝ ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Այն է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա: Հանցակազմ կլիներ, եթե «քարով ցխելու» սպառնալիքը իրագործվե՞ր: Բնական է, որ այս մթնոլորտում ի հայտ պիտի գար ոմն Վարդան Հարությունյան համանման կոչերը իրականացնելու: Հետո նրան պիտի նույն ոճով պատասխանեին ու նա պիտի դիմեր ոստիկանություն և հունիսի 3-ին Ֆեյսբուքում գրեր. «Ոստիկանությունը այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ ՈՒստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք»: Անգամ այսքանից հետո իշխանությունը չարձագանքեց ու հունիսի 4-ին ՀՅԴ-ին հիանալի ֆլեշմոբի հնարավորություն տվեց, երբ իրար հետևից ներկայանում էին ոստիկանություն ու հայտարարում, որ իրենք են ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին: Որովհետև՝ «Մեր երկրում բարոյականության մթնոլորտը պետք է վերականգնվի: Այսինքն՝ չեն կարող մարդիկ հարձակվել թոռնիկի հետ քաղաքում շրջող պապիկի վրա, չեն կարող հայհոյել Արցախյան հերոսամարտի սիմվոլներից մեկը համարվող Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին, չեն կարող հայհոյել ազգային արժեքներն ու նվաստացնել:

Վերջապես այս երկրում մարդկանց մի տեսակ կա, որ պետք է հասկանա, որ այդ կերպ շարունակելու դեպքում սա լինելու է շարունակական»: Այսինքն՝ քաղաքական կուսակցությունը ստանձնում է ինքնադատաստանի իրավունքն ու արդարության գիլիոտինի դերը, որ նրա ձեռքը սիրով հանձնում է իշխանությունը իր դիտորդի կարգավիճակով:
Հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց՝ ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, դատապարտեց բռնության, ատելության դրսևորումն ու քարոզը՝ «բռնության որևէ դեպք Հայաստանի Հանրապետությունում տեղ չունի և պետք է տեղ չունենա., որակեց «լուսանցքային երևույթներ», ասաց, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք «անկախ նրանից՝ իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ հանրային և քաղաքական կյանքից» (բռնություն չէ՞ Մանվել Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոցից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, որտեղ պատշաճ բուժօգնություն չի ստանալու՝ այդ հնարավորությունը բանտի հիվանդանոցը չունի։ Եվ ոչինչ չանել, երբ նա չի կարողանում դատին գալ ու հրաժարվում է բուժումներից՝ կոմայի մեջ ընկնելու հեռանկարով: Սպասենք մեռնի, հետո հետաքննություն սկսե՞նք): Բայց դա միայն հայտարարություն է:


Իրականությունը վկայում է, որ ՔՊ-ն փաստացի հերոսացնում է ՀՅԴ-ին՝ իր կամքի դեմ՝ հնարավորություն տալով իրականացնելու ակցիաներ, որ գոյության իրավունք չպիտի ունենան իրավական պետությունում՝ իրենց պատճառահետևանքային ողջ շղթայով: Այն ՀՅԴ-ն, որ դեռ երեկ ժողովրդին իր հայտարարությամբ անվանում էր «մոլագար ամբոխ», «փողոցային խուժան», «ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականք», ում ղեկավարին 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ից մարդասպաններն էին զանգահարում, այսօր դառնում է ազգային արժեքների պաշտպան: Չի բացառվում, որ կուսակցական ավանդույթներից ելնելով խոսքից մաուզերով գործի անցնի: Այն ՀՅԴ-ն, որ արդարության մասին չէր հիշում ու չէր աղաղակում, երբ երկրորդ ու երրորդ նախագահների իշխանության տարիներին անպատիժ սպանվում էին կուսակիցները: Այսօր ՀՅԴ-ն ստացել է այդ հնարավորությունը, որովհետև նույն կերպ է վարվում իշխանությունը՝ լռում է՝ երբ իրեն պետք է: Փաստացի՝ իշխանությունը ինքն է նպաստում, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ քայլեր ձեռնարկվեն: Շատ միամիտ կամ լրիվ անմիտ պիտի լինել՝ չհասկանալու համար, որ այս գործողությունները ինքնաբուխ հայրենասիրական չեն և կառավարվում են մեկ կենտրոնից, ու այդ կենտրոնը Հայաստանում չէ: «Նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ իր սակրալ պայքարում իշխանությունը ստացել է հավաստագրված պատերազմ, որ փափուկ ուժի կիրառման ձև է՝ քաղաքացիական բախումներ հրահրել ու սպասել իշխանության թուլանալուն կամ բռնություններին: Եվ հայտնի կուսակցություններն ու անհայտ անհատները հաճույքով խաղում են այդ խաղը, երբեմն գուցե չընկալելով իրենց դերն ու գործողությունների իմաստն ու նպատակը:


Նույն տրամաբանությամբ է շարժվում Ազգային ժողովը: Այնտեղ էլ սկսվել է ԲՀԿ-ի ու ԲՀԿ նախագահի «հերոսացման» գործընթացը: Ինչո՞վ է բացատրվում, որ Աժ-ում ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավորները՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, հեռանում են դահլիճից: Վահե Էնֆիաջյանը առաջարկում էր բնական աղետների ժամանակ տուժած գյուղացիներից հողահարկ չգանձել: «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում Վարազդատ Կարապետյանը հայտարարեց, որ նախագիծը կյանքի կոչելու ճանապարհ չկա: Կառավարությունն էլ բացասական եզրակացություն էր տվել, ինչի՞ համար էր ցուցադրաբար դահլիճը լքելը: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ «Իմ քայլը» խմբակցությունում կարծում են, որ Ծառուկյանը չպետք է լինի խորհրդարանում՝ ինչպես գրվել է մամուլում ու չի հերքվել: ՔՊ-ն պարտադրում է ԲՀԿ-ին դառնալ ընդդիմություն և ազգային բարերարի աջակիցների թիվն է ավելացնում իր քայլերով: Ինչու՞: Այս ընթացքով՝ հաջորդ ընտրություններում՝ հերթական, թե արտահերթ, ԲՀԿ-ն դառնալու է առաջին քաղաքական ուժ՝ լիովին տեղավորվելով Մոսկվայի ծրագրերում: Որովհետև ժողովրդին հաց տվողը Գագիկ Ծառուկյանն է լինելու: Այստեղ ու հիմա: Գագիկ Նիկոլաևիչը, Նիկոլայ Վլադիմիրովիչի փոխարեն: Քանի դեռ Նիկոլ Վովաևիչը լուրջ տեսքով խճճվել է իր քայլերում:


Մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության տակից դուրս չեկած, 2008-ի 10 մարդու սպանությունները չբացահայտած, Ռոբերտ Քոչարյանի ոդիսականը չավարտած՝ իշխանությունը 2016-ի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով է ստեղծում: Գուցե դա պատասխանն էր Նուր Սուլթանում Պուտինի հետ Փաշինյանի չհանդիպելու, որ անոնսել էր ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Պատասխան, որին հաջորդեց Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք տալը: Զուգահեռ՝ Պրահայի դատարանը որոշում կայացրեց Հայաստանին արտահանձնել Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Վերջնական որոշումը պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը, բայց հազիվ թե նա ժամանակավոր կացության իրավունք տա: Հարց՝ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ, որ հաստատել են Պուտինի մամլո խոսնակն ու օգնականը, լավագույն ժամանա՞կն էր ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծման: Մուկն ու կատու Պուտինի հետ արժի խաղալ, երբ կատուն դու ես:

Եթե Հայաստանը հանձն է առել եվրասիական խաղի կանոններով խաղալ, նվազագույնը անհեթեթ է այդ տարածքում ժողովրդավարություն տարածելու ջանքը: 2016-ի ապրիլյան պատերազմի պատճառների, ընթացքի ու հետևանքների ուսումնասիրությունը անհրաժեշտ է, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը: «Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է մեկ նպատակով. պարզելու, թե ՀՀ զինված ուժերը պատշաճ ձևով պատրա՞ստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ ինչ-որ մեկին պատժելու համար»՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: Ով-ով, նա պիտի իմանա՝ անաչառ ու հանգամանալից վերլուծությունը ինչ եզրակացությունների կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Նույն շարքից են «Գազպրոմին» 10 միլիոն դրամ տուգանելու՝ու ՀԷՑ ՓԲԸ-ին նախազգուշացնելու որոշումները։ 2018-ի սեպտեմբերի 8-ին Պուտինին հանդիպելուց առաջ՝ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, ՊԵԿ-ը հատուկ ջոկատայիններով խուզարկություններ անցկացրեց ՀԿԵ ՓԲԸ գրասենյակում։ 2018-ի դեկտեմբերի 27-ին Պուտինին հանդիպումից առաջ դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀԿԵ ՓԲԸ-ում նշանակվել է ստուգում՝ ներդրումների արդյունավետությունը, հափշտակության իրական ծավալը պարզելու համար, բացահայտվել են հանցավոր նոր դրսևորումներ, առաջադրվել մեղադրանքներ։ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց մեկ օր առաջ պատմությունը կրկնվում է: ՈՒ՝ ինչի՞ ենք հասնում: Կոնկրետ արդյունքներ ունե՞նք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Այս շաբաթ ստեղծվեց նոր ՀՀԿ՝ Հայաստան, Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափ: Սա հետհեղափոխական ԱԳՆ-ի առաջին ու կարևոր քայլն է եվրոպական քաղաքակրթության ու արժեհամակարգի հիմքով միություն ստեղծելու: Չասենք, որ Աթենքն ու Նիկոսիան միջազգային ասպարեզում առաջին ջութակ են նվագում, բայց այս ձևաչափը լավագույնս կարող է արտահայտել երեք պետությունների շահերն ու նպաստել քաղաքական կշռի բարձրացմանը: Չասենք նաև, որ երեք պետություններին միավորում է Թուրքիայի հետ անլուծելի խնդիրներ ունենալը: Համարենք, որ եվրաինտեգրման, անվտանգության ապահովման ու ինքնիշխանության ճանապարհին Հայաստանն արեց կարևոր քայլ, որ ճանապարհի սկիզբն է միայն:

Դիտվել է՝ 2110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ