ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ավգյան ախոռները պետք է մաքրվեն

Ավգյան ախոռները պետք է մաքրվեն
19.05.2019 | 14:01

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց: Որոշումը հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը: Հայաստանի պաշտոնաթող նախագահի համար երաշխավորել էին Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի վկայությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատ է արձակվել:


Վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Ֆեյսբուքում արձագանքեց. «Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են: Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմը: Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը: Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»:


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշումը։ «Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը ճիշտ էր, հետևաբար, պետք է բողոքարկենք այդ դատական ակտը», - լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են սկսել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, հասել են Ազատության հրապարակ: Ազատության հրապարակում բողոքի ակցիա էր ընդդեմ Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու դատարանի որոշման:


Այն տպավորությունն է, որ դատն ավարտվել է ու Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել: Ընդամենը խափանման միջոց է փոխվել, ու պետք չէ դա համարել նրա անմեղության երաշխիք: Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ամբաստանյալ և ամեն ինչ դեռ առջևում է: Դատական մի քանի նիստերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հասցրեց բոլորիս հիշեցնել՝ ինչպիսին էին իր կառավարման տարիները. Իսկ նրանց, որ տարիքի բերումով չէին հիշում, ապացուցեց՝ ինչպիսին չպիտի լինել: Նրա հայտարարությունները կամ կախվում էին օդում, կամ հղում էին անում հանգուցյալների վրա: 1998, 2003, 2007, 2008՝ այս ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը կամ հաղթում էր, կամ իր իսկ հայտարարությամբ հաստատում էր խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրացուցակները: Իսկ այսօր 2019-ն է և ժամանակն է մաքրել անցյալի Ավգյան ախոռները: Ո՞վ է ասում, որ դա հնարավոր է միանգամից: Եվ ո՞վ է ասում, որ մաքրողը այսօրվա իշխանությունն է լինելու: Այսօր ընդամենը հնարավոր է արձանագրել.


1. Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը չի կարող ու չպետք է դառնա Հայաստանի քաղաքական ու տնտեսական օրակարգի թիվ 1 հարցը:
2. Անցած տասնամյակը ամնեզիայի էֆեկտ չի ունեցել՝ բոլորս էլ ամեն ինչ հիշում ենք և ով էլ ինչպես մեկնաբանի, իրականությունը չի փոխվում:
3. Հայաստանի դատական համակարգը ինքնիշխանության քննություն է հանձնում հասարակությանը և նրան պետք է տալ այդ հնարավորությունը:
4. Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատվում է երկրորդ անգամ: Առաջինը անցած տարի էր, հետո Վերաքննիչ դատարանը փոխեց Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց դեկտեմբերի 7-ին:
2 օր հետո ԱԺ արտահերթ ընտրություններն էին, դա քաղաքական քայլ էր՝ հանրային ավելի մեծ աջակցություն ստանալու համար:
5. Մայիսի եռատոնից առաջ Արցախի նախկին ու գործող նախագահները դիմեցին գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մարդասիրական կոչով: Նրանց բացատրվեց, որ ճիշտ հասցեով չեն դիմել: Տրամաբանական էր, որ հաջորդ դիմումը ճիշտ հասցեով է լինելու: Ենթադրելի էր նաև, որ չի մերժվելու: Ռուսական լրատվամիջոցներին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց: որ բարոյականության տեսակետից հասկանում է, բայց քաղաքական հարցեր ունի: Ու՝ նախապես տեղյակ է եղել դիմումին: Մտածեք՝ ինչու՞ ռուսական մամուլը և հեռուստատեսությունը երեկ ավելի շատ էին անդրադառնում Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակմանը, քան՝ հայկականը:
6. Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձամբ ներկայացան դատարան՝ երաշխավորելու ու դատարանի առաջ իրենց երաշխիքի ընդհուպ քրեական պատասխանատվության մասին իրազեկվելու և ստորագրելու: Աշոտ Ղուլյանն էլ Երևանում հարցազրույցներ էր տալիս ու հայտարարում, որ Ղարաբաղում կան ԼՂՀ առաջին նախագահին ազատ արձակելու տրամադրություններ: Փաստացի՝ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց նորից ասպարեզ բերել հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը, ու դա անթույլատրելի է, որքան էլ ճիշտ են նրանք, որ հարցնում են՝ ինչու՞ Արցախի նախագահները հարկ չհամարեցին միջնորդություն ներկայացնել այլ դեպքերում: Այդ հարցին նրանք պատասխան չունեն: Առավելևս, որ իրենք ևս անմասն չեն 2008-ի իրադարձություններին:
7. Ռոբերտ Քոչարյանը զրկվեց իր գլխավոր կռվանից՝ նա այլևս չի կարող քաղաքական հալածյալ ներկայանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանը տապալեց Հայաստանի ինքնիշխանության հերթական քննությունը: Մայիսի վերջին ու հունիսի սկզբին ՌԴ նախագահի հետ նրա հանդիպումներից առաջ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կալանքից, այն էլ Արցախի նախագահների ձեռամբ, վկայում է, որ վարչապետն իր ներկայացրածի պես ազատ ու անկախ չէ: Հիշեք՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հայտարարությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին, Պուտինի զանգերն ու շնորհավորանքները Ռոբերտ Քոչարյանին: Հիշեք նաև՝ որտեղ են մարտի 1-ի գործով կասկածյալները, որ կամ ՌԴ քաղաքացիություն ունեն, կամ բուժվում են ՌԴ-ում: Եվ սպասեք Նիկոլ Փաշինյանի լայվին: Թող բացատրի՝ ինչպե՞ս և ո՞վ է մաքրելու Ավգյան ախոռները:

Դիտվել է՝ 4495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ