ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թերեզա Մեյը հեռանում է, ո՞վ է գլխավորելու Տորիներին

Թերեզա Մեյը հեռանում է, ո՞վ է գլխավորելու Տորիներին
18.05.2019 | 12:28

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է հրաժարական տալ ամռանը՝ մինչև խորհրդարանական արձակուրդները հուլիսին՝ գրում են բրիտանական թերթերը։ Կուսակիցների հետ պայմանավորվածության համաձայն՝ հրաժարականի ժամկետը կհայտարարվի ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրի քվեարկությունից հետո խորհրդարանում: Ենթադրվում է, որ դա կլինի հունիսի 5-ին։ Դրանից հետո Մեյը կպայմանավորվի Պահպանողական կուսակցության նոր նախագահի ընտրության ժամկետների մասին։ Մեյը հրաժարական կտա՝ անկախ քվեարկության արդյունքից։ Հաշվի առնելով փաստը, որ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը նվազագույնը 3 շաբաթ է տևում, Մեյը պետք է հեռանա մինչև հունիսի 30-ը՝ գրում է Daily Telegraph-ը։ Մեյի աչքերում արցունքներ կային, երբ պատգամավորները մերժեցին նրան ավելի շատ ժամանակ տալու խնդրանքը ու հայտարարեցին, որ իրենց համբերությունը հատել է։ Մարտին վարչապետը պահպանողականների հետ հանդիպման ժամանակ համաձայնել էր հեռանալ, եթե խորհրդարանը մերժի բրեկզիտի իր առաջարկը։ Չորեքշաբթի քվեարկության օր նշանակելով՝ Մեյը հույս ուներ լրացուցիչ մի քանի շաբաթ ստանալ՝ գրում է Daily Telegraph-ը, սակայն նա զգուշանում էր, որ եթե չհամաձայնի հեռանալ քվեարկության ցանկացած արդյունքի դեպքում, պատգամավորները նորից կմերժեն բրեկզիտի համաձայնագիրը՝ իրենից ազատվելու համար։ «Թույլ տվեց ինձ բրեկզիտի հարցերը լուծել, կարող եք ամեն ինչի մեջ ինձ մեղադրել, իսկ հետո Պահպանողական կուսակցությունը կկարողանա առաջ շարժվել ու այս տխուր պատմությունն ավարտել»՝ ասել է Մեյը Տորիների հետ վերջին հանդիպմանը։


Financial Times-ի տեղեկություններով՝ եթե բրեկզիտի համաձայնագիրը խորհրդարանում հավանություն ստանա, որ կախված է լեյբորիստների աջակցությունից, Մեյը կփորձի վիճելի օրինագիծը անցկացնել Համայնքների պալատում։ Կուսակիցների հետ Մեյի հանդիպումից մի քանի ժամ անց Համայնքների պալատի անդամ Բորիս Ջոնսոնը հաղորդեց, որ ցանկանում է Տորիների ղեկավար դառնալու երկրորդ փորձն անել։ 2016-ին նա վերջին պահին հանեց իր թեկնածությունը՝ հայտարարելով, որ չի կարծում, թե կարող է կուսակցությունը գլխավորել։ Այն ժամանակ ֆավորիտը Թերեզա Մեյն էր։


Independent-ը գրում է, ոչ Բորիս Ջոնսոնի գլխավոր խնդիրը խորհրդարանին համոզելն է, որ ի վիճակի է ղեկավարել՝ հաշվի առնեով նրա տարաբնույթ ձեռքբերումները իբրև ԱԳ նախարար։ Բրիտանական ԶԼՄ-ները նշում են նաև ԱԳ նախարար Ջերեմի Հանթի, ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդի, արդարադատության նախարար Մայքլ Գոուվի, առողջապահության նախարար Մեթյու Հենկոկի անունները։ Եվրասկեպտիկներին, ինչպես Ջոնսոնը կամ բրեկզիտի նախարար Դոմինիկ Ռաբը, կարող են համարել կուսակցության ղեկավար, որ ի վիճակի է ճիշտ բրեկզիտ իրականացնել։ Կառավարության մեծամասնությունը ամենահավանական սցենարը համարում է, որ Մեյի առաջարկը հունիսին կմերժվի՝ գրում է Financial Times-ը։ Նույնիսկ եթե համաձայնագիրը ընդունվի, լեյբորիստները կխոչընդոտեն մյուս փուլերում։
BBC


Հ﮳Գ﮳ Վարչապետ Թերեզա Մեյի հեռանալով՝ Մեծ Բրիտանիան անկայունության նոր փուլ է մտնում՝ անորոշ է մնում և բրեկզիտի հարցը, և իշխող պահպանողական կուսակցության նախագահի, որ դառնալու է վարչապետ։ Չի բացառվում, որ այդ ընթացքում լեյբորիստները պահանջեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հասկանու՞մ էր Դևիդ Քեմերունը, թե ինչ ջրապտույտի մեջ է ներքաշում բրիտանական կղզիները, երբ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի որոշում էր ընդունում՝ ԵՄ-ից ավելի մեծ արտոնություններ ստանալու համար։ Փաստացի՝ Թերեզա Մեյի կառավարությունը չկարողացավ բրեկզիտի հարցը լուծել, ի՞նչ երաշխիք, որ Տորիների հաջորդ նախագահը կկարողանա։ Պայմանները չեն փոխվելու, ԵՄ-ն այլևս նոր զիջումների չի գնա։ Բրյուսելը արդեն մտքում հրաժեշտ է տվել Լոնդոնին, թեպետ Մեծ Բրիտանիան մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ոչ մի երաշխիք, որ հոկտեմբերին բրեկզիտն իրականություն է դառնալու։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ