ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռոհանին հաստատեց՝ ԱՄՆ-ի բանակն ահաբեկչական է

Ռոհանին հաստատեց՝ ԱՄՆ-ի բանակն ահաբեկչական է
17.05.2019 | 01:31

(Նախորդ մասը)

Մենք դեռ մարտին էինք տեղեկացրել մեր ընթերցողներին, որ Իրանը վաղօրոք էր պատրաստվել այսօրվան։ Մարտի 19-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսհագ Հաբիբը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին գրած նամակում ընդգծել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր միջազգային պարտավորությունների համապատասխան, առանց տատանվելու կիրականացնի ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։ Հայտարարությունը եղավ այն բանից հետո, երբ մարտի 6-ին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պարծեցավ, թե Իսրայելի ռազմածովային նավատորմը կարող է միջոցներ ձեռնարկել իրանական նավթի արտահանումը դադարեցնելու համար։ Այնուհետև իրանցի դիվանագետը նշել էր, որ Իսրայելի վարչապետի ասածը ուժի կիրառման բացահայտ սպառնալիք է և խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Իսկ մարտի 20-ին Իրանի խորհրդարանի ԱԱ և ԱՔՀ նախագահ Ֆալահաթփիշեն հայտարարել է, որ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը պետք է դաշինք ստեղծեն ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումները որպես գործիք կիրառելու դեմ։ «Վաշինգտոնն ահաբեկչական խմբավորումներ է ծավալում Աֆղանստանում ու Պակիստանում, և դրանք ավելի վտանգավոր են, քան ԻՊ-ը,- հայտարարել է նա։- ԻՊ-ի ջախջախումից հետո ԱՄՆ-ը բանակցություններ է վարել մի շարք նման խմբավորումների հետ՝ ձգտելով նրանց միջոցով անհանգստություն պատճառել Իրանին, Հնդկաստանին, Ռուսաստանին և Չինաստանին... ՈՒստի վերջիններս ահաբեկչության դեմ պայքարելու համար պետք է համաձայնագիր կնքեն տարածաշրջանային անվտանգության մասին»։


Դա ոչ միայն հաստատում է 2017-ի հոկտեմբերին ռուսաստանցի ռազմական փորձագետ Ս. Բաղդասարովի հեռանկարային կանխատեսումը, այլև ցուցադրում է և՛ Իրանի հարաբերական զսպվածությունը, և՛ ԱՄՆ-ի ու Իսրայելի հակաիրանական գործողություններին տրվելիք պատասխանի տարբերակների ընտրության ճկունությունը։ Ահա օրինակ. Իրանն առայժմ ահաբեկիչներ է ճանաչել Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկացի զինվորականներին։ Պարզ է, որ առաջին հերթին դա վերաբերում է Իրաքում ու Սիրիայում գտնվող ամերիկյան զորակազմերին։ Եվ ապրիլի 7-ին Թեհրանում բանակցություններ է վարում Իրաքի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Օսման Գանիմին։ Ապրիլի 6-ին Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիին ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ, այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին։ Իր իրաքցի զրուցակցին նա հայտարարել է. «Փորձը ցույց է տալիս, որ ամերիկյան զորքերն ինչքան շատ են մնում երկրում, այնքան դժվար կլինի նրանց վռնդելը։ ԱՄՆ-ը և իր սպասավորները հանդես են գալիս Իրաքի ներկայիս ժողովրդավարական համակարգի և երկիրը ղեկավարող քաղաքական գործիչների դեմ։ Մեծ տարբերություն կա ամերիկացիների ու սաուդցիների ասածների և այն բանի միջև, թե նրանք ինչ նկատի ունեն. երբ ԻՊ-ը գրավեց Մոսուլը, նրանք նրան փող ու զենք էին ուղարկում, իսկ այժմ, երբ իրաքցիները հաղթել են այդ ահաբեկչական խմբավորմանը, նրանք հայտարարում են Բաղդադի հետ իրենց բարեկամության մասին։ Սակայն ամերիկացիները համարում են, որ Իրաքի ժողովրդավարներն ու քաղակտիվիստները վնաս են հասցնում իրենց շահերին, այդ պատճառով Իրաքի կառավարությունը պետք է այնպես գործի, որ ամերիկյան զորքերն այդ երկրից հեռանան հնարավորինս արագ»։


Եթե համադրենք այաթոլահ Խամենեիի ասածը Իրաքում ամերիկացիների վրա հարձակվելու պատրաստականության մասին այն նախազգուշացումների հետ, որ հնչեցրել են Իրաքի մի շարք շիա աշխարհազորերի հրամանատարներ 2017-18 թթ., ապա մոտավորապես կարող ենք պատկերացնել, թե Իրանը և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները երբվանից պատրաստ կլինեն տարածաշրջանում կտրուկ ակտիվացնելու հակաամերիկյան քայլերն ու որոշումները։ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող հռետորաբանության գնահատականի ևս մեկ բնորոշ նրբություն. արձագանքելով Մայքլ Փոմփեոյի հակասական հայտարարություններին՝ Իրանի ԱԳ նախարար Զարիֆն ապրիլի 5-ին «Թվիթերում» գրեց. «Շեշտակի քաղաքական շրջադարձ. ԱՄՆ-ը մի օր հայտարարում է, որ Իրանը աղետի եզրին է, իսկ հաջորդ օրը մեզ անվանում գլխավոր սպառնալիք ՆԱՏՕ-ի համար։ Փոմփեոն ու իր «պետը» հակասող պնդումներ են անում՝ օգտագործելու համար ցանկացած իրադարձություն։ Ի տարբերություն նրանց, Իրանը միշտ պատասխանատու է և ձգտում է խաղաղության»։ Կրկին ու կրկին ընդգծենք. աղետի եզրին գտնվող երկիրը չէր շարունակի իր տիեզերական ծրագիրը, իսկ Իրանը 2019-ին արդեն երկու արբանյակ է արձակել։ Ապրիլի 7-ին՝ աղետի բացակայության ևս մեկ ապացույց. Թեհրանի մետրոպոլիտենի ընդլայնման պլանի շրջանակում, նախագահ Ռոհանիի մասնակցությամբ, բացվել է մայրաքաղաքի մետրոյի 6-րդ գծի 9-կիլոմետրանոց տեղամաս։ 6-րդ տեղամասը պետք է ունենա 32 կմ երկարություն, 27 կայարան և քաղաքի հարավային մասը կմիացնի հյուսիսարևմտյան մասի հետ։ Ներկայումս Թեհրանի մետրոպոլիտենն ունի 130 կայարան և 220 կմ երկարություն, ավելի քան 1000 վագոնով օրական տեղափոխվում է 3 մլն ուղևոր, ռեկորդը եղել է 4 մլն ուղևոր։ Մետրոպոլիտենի զարգացումն ամենաթանկ նախագծերից է քաղաքում թունելի փորման անհրաժեշտության պատճառով։ Չնայած տնտեսական պատժամիջոցներին, Իրանը կարողացել է լուրջ քայլեր անել Թեհրանի և երկրի մյուս քաղաքների երկաթուղին զարգացնելու ուղղությամբ։


Այնուամենայնիվ, Թրամփի և ԱՄՆ-ի ինչի՞ն էր պետք նման անմիտ քայլը հենց հիմա։ Մենք դա կապում ենք այն անհաջող բանակցությունների հետ, որ Իրանի ԻՀՊԿ-ի դեմ ԱՄՆ-ի որոշման ընդունումից առաջ վարեցին միանգամից երկու հոգի, և երկուսն էլ՝ Մոսկվայում։ Խոսքը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին է։ Ռուսաստան Նեթանյահուի այցի մասին ահա թե ինչ է գրել արաբական «Asharq al-Awsat» թերթը. «ՌԴ նախագահ Պուտինը հինգշաբթի հանդիպեց Նեթանյահուի հետ՝ քննարկելու Սիրիայի իրադրությունը և համագործակցության զարգացման ուղիները։ Քննարկվեց նաև Իրանի դերը Սիրիայում։ Իսրայելցի մի պաշտոնյա ասել է, որ Նեթանյահուն Ռուսաստանին կոչ է արել, որ նա օգտագործի իր ազդեցությունը Սիրիայի վրա՝ թույլ չտալու համար այդ երկրում Իրանի մշտական ներկայությունը։ Նեթանյահուն Պուտինին հրավիրեց մայիսին այցելել Իսրայել։ Նեթանյահուի այցը Մոսկվա այս տարի երկրորդն էր։ Չնայած երկու երկրի ղեկավարները չեն բացահայտել իրենց քննարկումների մանրամասները, բայց կրեմլյան աղբյուրները նշել են, որ բանակցությունները հիմնականում եղել են Սիրիայում ռազմական համագործակցության վերաբերյալ։ Արտաքին գործերով Պուտինի խորհրդական Յուրի ՈՒշակովը նույնպես հայտնել է լրագրողներին, որ քննարկվել են Սիրիայի իրադարձությունները, բայց Նեթանյահուն սիրիական ճգնաժամի կարգավորման ոչ մի կոնկրետ պլան չի ներկայացրել։

Հաղորդագրություններում ասվում է, որ Իսրայելի վարչապետը Պուտինին կոչ է արել նախազգուշացնելու Լիբանանին, որ Իրանն ու «Հզբոլահն» այնտեղ նախատեսում են կառուցել զենքի արտադրության գաղտնի գործարան։ Նեթանյահուի և Պուտինի քննարկման հիմնական թեման եղել է Իրանի մշտական ձգտումը՝ ստեղծելու ռազմական կառույց, որը նրան թույլ կտա հյուսիս-արևելքում ճակատ բացել Իսրայելի դեմ, հայտարարել է ռազմական վերլուծաբան Ռոն Բեն-Իշայը, որը Նեթանյահուին ուղեկցել էր Մոսկվա։ Բեն-Իշայը նաև հայտնել է, որ իրանական «Կոդս» գվարդիայի հրամանատար Կասեմ Սոլեյմանին արձագանքել է Մոսկվայի նախորդ ճնշմանը և իրանական զորքերը հեռացրել Իսրայելի սահմանից»։


Մենք ոչինչ չենք մեկնաբանի, քանի որ սա արաբական աղբյուրի կողմից սոսկ իսրայելցիների հայտարարությունների վերահաղորդումն է։ Իսկ Իսրայելը, դարձյալ հիշեցնենք, «այն պոչն է, որը շանն է խաղացնում», այսինքն՝ ԱՄՆ-ին, քանի որ, ինչպես դեռ 1990 թ. հայտարարել էր ամերիկացի ծայրահեղ աջ պահպանողական Ջոզեֆ Բյուքենենը, «ԱՄՆ-ի Կոնգրեսը և Սենատը Իսրայելի օկուպացրած տարածքներ են»։ Մինչև այժմ չկա Մոսկվայի խիստ և կոշտ գնահատականը, թե ինչ է պահանջել Նեթանյահուն, և ինչ է պատասխանել Պուտինը։ Չկան նաև նրբերանգային մանրամասներ, թե ՌԴ նախագահն ինչ է քննարկել Էրդողանի հետ։ Բայց ապրիլի 8-ին տեղեկություններ են տարածվել մամուլի համատեղ ամփոփիչ ասուլիսում Պուտինի հայտարարությունների մասին։ ՌԴ նախագահը հույս ունի, որ «սիրիական Իդլիբում Մոսկվան և Անկարան համատեղ ջանքերով կվերացնեն ահաբեկչական օջախը, կնորմալացնեն իրադրությունը ապառազմականացված գոտու ներսում և շուրջը։ Մոսկվան և Անկարան համաձայն են, որ պետք է պահպանվեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Անթույլատրելի է երկրի բաժանումն ազդեցության գոտիների։ Էրդողանի հետ պայմանավորվել ենք Սիրիայի կառավարության, ընդդիմության և ՄԱԿ-ի հետ համատեղ ամեն կերպ նպաստել սահմանադրական կոմիտեի աշխատանքն սկսելուն»։ Էրդողանն էլ ավելացրել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են լրացուցիչ քայլեր, որոնք «կարող էին ապահովել խաղաղությունն ու կայունությունը Սիրիայում»։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը, նա չի ճշտել։ Հիշեցնենք, որ Իդլիբի 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտին ստեղծվել է սիրիական բանակի և զինված ընդդիմության (այսինքն՝ ահաբեկիչների) շփման գծի երկայնքով, 2018 թ. սեպտեմբերին։ Գոտուց պետք է դուրս բերվեր ծանր սպառազինությունը։ Գծի երկայնքով համատեղ պարեկություն են անում ռուս և թուրք զինվորականները։ Ահաբեկիչներին զինաթափելու և Իդլիբից ծանր սպառազինությունը դուրս բերելու գծով իր ստանձնած պարտավորությունները թուրքական կողմն այդպես էլ չի կատարել։


Թվում է, թե՝ որտեղ Թուրքիայի կողմից Սիրիայի գծով իր պարտավորությունների չկատարումը, որտեղ՝ ամերիկյան որոշումը ԻՀՊԿ-ի վերաբերյալ։ ՈՒստի ավելացնենք. ապրիլի 7-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին կոչ արեց դադարեցնելու «Էր Ռուբկան» ճամբարի օկուպացիան և չխոչընդոտելու այդ ճամբար մարդասիրական օգնություն հասցնելուն ու «Էր Ռուբկանից» փախստականների հեռանալուն։ Ըստ էության, ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին Սիրիայի հարավում գտնվող Էթ Թանֆի բազայից հեռանալու կոչ արեց, որովհետև «Էր Ռուբկան» ճամբարը պարզապես քառակողմ բազայի (ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Հորդանան և, չստուգված տվյալներով, Իսրայել) «հավելվածն» է Էթ Թանֆում. այդ չորս երկրների հատուկ ծառայությունները հենց «Էր Ռուբկանում» են հավաքագրում անում «զինված ընդդիմության» (այսինքն՝ ահաբեկչական խմբավորումների) ջոկատները համալրելու համար։ Ապրիլի 8-ին Պուտինը, Էրդողանի հետ համատեղ նույն ասուլիսում, վերջապես հնչեցրեց իր դիրքորոշումը Գոլանի բարձունքների վերաբերյալ. «Ինչ վերաբերում է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելուն, ապա դուք գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը. այն շարադրված է ԱԳՆ-ի համապատասխան հայտարարության մեջ։ Այդ որոշումը հակասում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին»։ Նա ընդգծեց, որ այդ հարցով Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է և լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի նորմերին։ Ինչպես նկատում ենք, ամեն ինչ փոխկապակցված է. Սիրիան, Թուրքիան Իսրայելի հետ, Սիրիային Իրանի օգնության հարցը և, իհարկե, ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ Իրանի խնդրով կամ առանց դրա։ Ահա թե ինչու Մոսկվայում Պուտինի «մտերիմ ընկերների» (ինչպես իրենց ներկայացնում են Նեթանյահուն և Էրդողանը) անհաջողությունը գիտակցելուց հետո ԱՄՆ-ը որոշեց մեկ անգամ էլ զարմացնել աշխարհը և մեկ անգամ էլ «պայթեցնել» Մերձավոր Արևելքը։ Վատն այն է միայն, որ այսուհետ (ապրիլի 8-ից) Սիրիայում և Իրաքում ամերիկացի բոլոր զինվորականներն «օրինական թիրախ» են և սիրիացիների ու իրաքցիների, և իրանցիների համար։


Նշեմ, որ ապրիլի 30-ին, բացի Ռոհանիի որոշումից, նաև կարևոր հեռախոսազրույց է կայացել Պուտինի և Էրդողանի միջև, իհարկե, առաջին հերթին, Սիրիայի հարցով։ ՌԴ նախագահը հատուկ հասկացրեց թուրք նախագահին, որ Մոսկվան այլևս մտադիր չէ հանդուրժելու ահաբեկիչների ներկայությունն Իդլիբի գոտում. ռուսական խմբավորումը, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, Իդլիբի գոտում օդային ակտիվ գործողություն է ձեռնարկում, որն արդեն ընկալվում է որպես արմատական զինյալների վերջին տարածքի վրա սիրիական բանակի հարձակման նախապատրաստություն։ Նշեմ, որ ռուսական խմբավորման նոր հրամանատարն է Ռուսաստանի ռազմադեսանտային զորքերի (ՌԴԶ) գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, որն ապրիլից Սիրիայում է։ Իդլիբի գոտում ահաբեկիչների դեմ եզրափակիչ գործողություններին ռուսների և սիրիացիների հետ պատրաստվում են նաև շիա աշխարհազորայինները, գլխավորապես լիբանանյան «Հզբոլահից», և իրանցի ռազմական խորհրդականները։ Հիշեցնենք, որ 3 տարի առաջ գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը «ՀՏրրՌռրՍՈÿ չՈջպՑՈ»-ի հետ բացառիկ հարցազրույցում որոշ մանրամասներ էր բացահայտել Սերդյուկովի ղեկավարությամբ միջազգային ահաբեկիչների դեմ իրականացված գործողություններից և առաջին անգամ ասաց, որ Սիրիայում, բացի ռուսական ՌՏՈՒ-ից, գործում են նաև ռուսական հատուկ գործողությունների (ՌՀԳ) ստորաբաժանումներ։ Իսկ 2019 թ. ապրիլից, ամենայն հավանականությամբ, Սիրիայում են գտնվում նաև ռուսական ՌԴԶ-ի ստորաբաժանումներ։ Ի միջի այլոց, գեներալ-գնդապետ Սերդյուկովը պարգևներ ունի նախկին Հարավսլավիայում ռուսական դեսանտի գործողությունների համար։ Երևի շատերն արդեն հասկացան, որ խոսքը Բանյա Լուկայից Պրիշտինա ռազմերթի և Պրիշտինայի օդանավակայանից ամերիկացի և անգլիացի զինծառայողներին վռնդելու մասին է։


Մերձավորարևելյան «խճանկարը» համարյա հավաքված է, Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությանը, թեկուզ ոչ վաղը, բայց շուտով վերջ կդրվի։ Դա կհանգեցնի ԱՄՆ-ի ռազմական ներկայության վախճանին, ընդ որում և Սիրիայում, և Իրաքում։ Նրբությունն այն է, որ Իրանի նախագահ Ռոհանիի ապրիլի 30-ի որոշումից հետո ԱՄՆ ԶՈՒԿՀ-ի զորքերի ցանկացած զինծառայող, նույնիսկ Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս, ապրիլի 30-ից հետո օրինական թիրախ է դառնում Իրանի զինված ուժերի, ԻՀՊԿ-ի, հետախուզական ծառայությունների և «Բասիջ» աշխարհազորի համար։ ՈՒ դա վերաբերում է ոչ միայն Միջին Ասիային և Աֆղանստանին, այլև Հարավային Կովկասին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ