Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԳՐԱՎԻ՞Չ Է ԴԵՂԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

ԳՐԱՎԻ՞Չ Է ԴԵՂԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
06.11.2009 | 00:00

Միջին հայաստանցին դեղորայքի վրա, ընդհանուր հաշվարկներով, տարեկան ծախսում է տասը դոլարին համարժեք գումար, իսկ շուկայում, տարեկան կտրվածքով, սպառվում է 100 միլիոն դոլարի դեղորայք: Այլ կերպ ասած, մեր երկիրը համարվում է սակավ դեղագործածող, ինչը, սակայն, չի խոսում մեր առողջ լինելու մասին. որպես օրինաչափություն, բժշկի և դեղորայքի դիմում ենք միայն «դանակը ոսկորին հասնելուց» հետո:
Այդուհանդերձ, անգամ անզեն աչքով կարելի է տեսնել, որ դեղատնային բիզնեսը մեզանում «ամենամոդայիկներից» է. մայրաքաղաքում անգամ փողոցներ կան դեղատներով հայտնի: Վստահորեն կարելի է ասել, որ այս շուկան, փոքր լինելով` ապահովում է յուրօրինակ մեծ մրցակցություն, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստան դեղորայք է ներմուծում քսանից ավելի ընկերություն, և գրանցված է ավելի քան 4000 դեղամիջոց: Այս համատեքստում բավականին ուրույն տեղ ունեն տեղական արտադրողները. հայկական դեղերը սպառման շուկայի ընդամենը 5-7 տոկոսն են ծածկում: Այդ են վկայում նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները, որոնց համաձայն` Հայաստանում դեղերի արտադրության լիցենզիա ունի 17 տնտեսավարող սուբյեկտ, սակայն շուկայում շրջանառվող դեղերի մեծ մասը ներկրում է 74 տնտեսավարող: Մեկ այլ վերլուծության համաձայն, այս ոլորտում առկա մրցակցության պայմաններում շահութաբերությունը թեև այնքան էլ բարձր չէ, սակայն կայուն է: Փորձագետների դիտարկմամբ, եթե 10 տարի առաջ մեկ դեղը 3 ընկերություն էր արտադրում, այսօր այդ նույն դեղորայքն արդեն 15-ն են արտադրում: Բնականաբար, դեղերի աճող շուկան իր հետ բերում է նաև վնասներ, պատկերավոր ասած, «անհարկի հրմշտոց»:
Դեղորայքի գնագոյացման հարցում շուկայում առավել խոշոր դերակատարում ունեն «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունները: Ըստ էության, հենց այս տնտեսավարող սուբյեկտներն են ձևավորում գնային միջավայրը Հայաստանում, ինչին էլ հարմարվում են մյուսները: Այս տարվա օգոստոս ամսին, օրինակ, այս երկու ընկերությունները մինչև անգամ դեմփինգային քաղաքականություն են կիրառել` ինքնարժեքից ցածր վաճառելով ապրանքը, դրանով իսկ վնասելով ավելի փոքր ընկերություններին: Ըստ «Ալֆա ֆարմ» ընկերության տնօրեն ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` այդ քայլին գնացել են այն բանից հետո, երբ նկատել են, որ իրենց պաշարները չեն վաճառվում և մոտենում են ոչ պիտանիության ժամկետին, ուստի մնում էր շուկային հարմարվել և օգոստոսի վերջին որոշ դեղերի վաճառքն իրականացնել ինքնարժեքից ցածր գներով: Մեկ այլ ներկրող ընկերության` «Վագա ֆարմի» տնօրեն ՎԱՀԵ ՎԱՐՍԱՆՅԱՆՆ էլ նկատել է, որ այդ պահին շուկայի 20 տոկոսը դեմփինգային էր: Տեղական շուկայում ներկայումս Եվրոպայից ներմուծվող դեղորայքի արժեքը 10-15 տոկոսով բարձրացել է, իսկ տեղական և ռուսական դեղերի գինն անփոփոխ է:
Ոլորտի փոքր ընկերությունները, անշուշտ, խոշոր ընկերությունների քայլերից թեև տուժում են, սակայն նրանց շատ ավելի լուրջ խնդիրներն այլ հարթության վրա են: «Վագա ֆարմի» տնօրենի ներկայացմամբ` խոչընդոտներ կան դեղերի գրանցման ժամանակ դեղերի վարձավճարների չափերի հետ կապված: «Դրանք ՀՀ-ում բավական բարձր են, եթե համեմատում ենք այլ երկրների հետ: ՈՒկրաինայի նման մեծ երկիրը 5 հազար դոլար է սահմանել, որից հետո դեղերի վերագրանցման համար վճարվում է 2 հազար դոլար»,- նշում է Վարսանյանը: Ի դեպ, Հայաստանում մեկ դեղորայքի գրանցման համար արտադրող ընկերությունը վճարում է 2000 դոլարին համարժեք գումար: Երբ փորձեցինք այս խնդիրը պարզաբանել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից», կենտրոնի տնօրեն ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ դրանք անհիմն ու անտրամաբական համարելով` հստակեցրեց. «Շուկան ոչ մի կապ չունի գրանցման գնի հետ: Գրանցման գինը մտնում է դեղի արտադրության ինքնարժեքի մեջ: Գրանցման գները կապված են տվյալ կառույցի` երկրում գոյություն ունեցող գների կոնյունկտուրայի հետ (աշխատավարձ, կիրառված ռեակտիվներ, աշխատաժամանակ և այլն)»: Պարզվեց, որ դեղգործակալությունը ոչ միայն վարձավճարը վերանայելու մտադրություն չունի, այլև պատրաստվում է վերագնահատել իր ծառայությունները, որովհետև շուկան, գնային կոնյունկտուրան փոխվել են: Ըստ պարոն Վարսանյանի` գործակալության առավելագույն ծախսը 40 հազար դրամ է, և այդ կառույցի ֆինանսական հաշվետվությունը փաստում է, որ մաքսային սահմանը հատելիս նրանք սիմվոլիկ գումար են ֆիքսել, այսինքն` սարքեր չեն ներկրվել, ծախսեր չեն կատարվել: Մինչդեռ գործակալությունում հավաստիացնում են, որ ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանը չունի նման թանկարժեք ու արդիական սարքավորումներ: Է. Գաբրիելյանի խոսքերով, իրենց վրա ամեն դեղի ուսումնասիրությունը եռակի թանկ է նստում, այս առումով ևս գները վերանայելու հաշվարկներ են անում:
Գրավի՞չ է, թե՞ ոչ ներկրումը. այս հարցը միանշանակ պատասխան չունի: «Վագա ֆարմի» տնօրեն Վարսանյանի դիտարկմամբ` գրավիչ չէ: «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում», ընդհակառակը, պնդում են, որ գրավիչ է, այնքան, որ գործակալությունում չեն հասցնում գրանցել հայտերը. եթե առաջ 300-400 դեղ էր գրանցվում, այժմ` 800:
Կան խնդիրներ, որոնց շուրջ համաձայնության են գալիս շատերը, օրինակ, որ դեղի գրանցման գործընթացը երկար է տևում, ընդհուպ մինչև մեկուկես տարի, չնայած առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեղի գրանցման ողջամիտ ժամկետ է սահմանել 180 օրը: Դեղգործակալությունում նման իրողությունը չեն բացառում, բայց նշում են, որ դա իրենց մեղքով չի լինում, այլ նրանց, ովքեր ուշացնում են պահանջվող փաստաթղթերը: Գործարարին բյուրոկրատական քաշքշուկ թվացող այս երևույթը մեկ այլ տեսանկյունից կարող է իբրև ազգային անվտանգության խնդիր դիտարկվել:
Ներմուծող ընկերություններն ընթացակարգերի պարզեցման առումով խնդիր ունեն` կապված սահմանի վրա դեղի ներմուծման թույլտվության ստացման հետ: «Դեղներկրողների և արտահանողների միության» նախագահ ԱՐՄԵՆ ԱՂԱՅԱՆՑԸ մասնավորապես նշում է, որ գործընթացը հնարավորինս պետք է պարզեցնել. «Եթե, ասենք, գրանցման համար սահմանված է 15 օր, թողնում են միայն վերջին օրերին»: Հայաստանում մրցակցության «դառը համի զգացողություն» ունեցել են դեղերի շուկայի այն մասնակիցները, որոնք անցել են պետական գնումների գործընթացը: Մրցույթները կա՛մ գաղտնի են անցկացվում, կա՛մ արդյունքները կանխորոշված են։ Այս փաստարկներին ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների գործակալության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ասում է. «Դրանք պատի տակի խոսակցություններ են»: Արտադրող ընկերության համար ևս անցյալի տխուր փորձը թույլ չի տալիս հավատալու, որ գնումների ոլորտում իրավիճակը փոխվել է: «Արփիմեդի» տնօրեն ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ հավաստիացնում է. «Տպավորություն կար, որ արտադրողներին ուղղակի տեխնիկական այնպիսի պայմանների մեջ են դրել, որ մրցույթին չմասնակցեն»: Պետգնումների գործակալությունում վստահեցնում են, որ այս խնդիրներն արդեն անցյալում են, և 2008-ից, կարելի է ասել, խաղի կանոնները փոխվել, դարձել են թափանցիկ: «Եթե նախկինում 2 տարով պայմանագիր էին կնքում, և այլևս նոր մատակարարները չէին կարողանում մասնակցել մրցույթին, այժմ ձևը փոխվել է: Հիմա հայտարարում են բաց դռների մրցույթ: Նախկինում գործընթացից դուրս մնացած մատակարարը հիմա ազատ է, գրանցման ընթացակարգը միշտ բաց է: Նշենք, որ գործակալության կայքում տեղակայված են այն ընկերությունները, որոնք հաղթել են մրցույթներում, ցուցակում են նաև նրանք, որոնք եռամսյակը մեկ հնարավորություն ունեն մասնակցելու գնումների գործընթացին»:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ