Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՊՈՒՏԻՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԳԲ-Ի ԱՆԴԱՄ Է, ՆԱ, ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ»

ՊՈՒՏԻՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԳԲ-Ի ԱՆԴԱՄ Է, ՆԱ, ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ»
16.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ամերիկացի փորձագետ, ԱՄՆ-ի արտաքին կապերի խորհրդի մշտական անդամ ԺԻՐԻ ՎԱԼԵՆՏԱՆ
-Պարոն Վալենտա, ի՞նչ նպատակով եք գտնվում Հայաստանում:
-Կարելի է ասել՝ ճանաչողական. հենց նոր վերադարձանք ձեր հոլոքոստի հուշարձանի մոտից:
-ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հայերեն էր արտասանել բառը՝ «եղեռն»:
-Այո՛, եղեռն. և այն, ինչ տեսանք այնտեղ, զգացմունքների առումով, ահավոր տպավորեցնող էր: Երեք ժամ այնտեղ անցկացրինք, կարդացինք, գրքեր գնեցինք. ինչքա՜ն շատ մարդ է սպանվել:
-Դուք զբաղվում եք հետխորհրդային երկրների, Խորհրդային Միության փլուզման պատճառների ուսումնասիրմամբ: Նախ՝ Դուք դեմոկրա՞տ եք, թե՞ հանրապետական:
-Հանրապետական եմ:
-Հետաքրքիր է իմանալ Ձեր մոտեցումը, թե ինչու փլուզվեց Խորհրդային Միությունը. թե ինչու եմ այդ մասին հարցնում՝ քիչ ներքևում:
-Պատճառները բազմաթիվ էին. նախ և առաջ` պատերազմն Աֆղանստանում: Լեհական ճգնաժամը: Երրորդը, որի մասին գրեց նաև Գայդարը՝ Սովետմիությունը շատ լուրջ խնդիրների մեջ էր հայտնվել: Դիտարկենք համադրությունը. երբ ռուսները մտան Աֆղանստան, նավթի գինը, հիշեք, ինչքան բարձր էր, հետո որքան իջավ:
-Բայց հիմա, կարծես, նույն պրոցեսն է. Աֆղանստանը դեռ կա, նավթն իջնում է, Ռուսաստանը նստած է նավթի ասեղի վրա, բավական է նավթի «ճնշումը» իջեցնել, և Ռուսաստանը կպայթի: Հա՜, ի դեպ, քաղաքագետները պնդում են, որ այն ժամանակ նավթն «իջավ», որովհետև «պետք» է ԽՍՀՄ-ը փլուզվեր: Իսկ հիմա՝ «պետք» է, որ Ռուսաստանը տրոհվի նահանգների:
-Ես այդպես չեմ կարծում։ Ոչ ոք էլ չգիտի, թե ինչ կլինի: Գիտե՞ք, պետք չէ տրոհել Ռուսաստանը։ Մեզ պետք է այնպիսի Ռուսաստան, որը ժողովրդավարական-կայուն ապագա ունեցող Ռուսաստան լինի: Ես կարծում եմ, որ այդ պրոբլեմն իսկապես դժվարիններից է, Պուտինը ոչ միայն ԿԳԲ-ի անդամ է, նա, ինչպես Ռուսաստանը, ունի երկու երես՝ արևմտյան և արևելյան:
-Դուք, լինելով հանրապետական, ցիտում եք դեմոկրատ Օբամային, թե Պուտինը մնացել է նախորդ դարում՝ մի ոտքով, մյուս ոտքով մի կերպ մտել է 21-րդ դար:
-Չեմ կարծում: Օբաման ինտելիգենտ առաջնորդ է, ես շատ հպարտ եմ, որ նա մուլատ է, լավ հարաբերություններ ունի արաբական աշխարհի հետ, և հետո, մենք՝ ամերիկացիներս, ցույց տվեցինք, որ մենք ռասիստներ չենք, այլապես չէինք ունենա սևամորթ նախագահ, բայց և Օբաման մեծ փորձ չունի, մի քիչ ռադիկալ է, ինչպես Բիլ Քլինթոնը երիտասարդ ժամանակ։ Սակայն, որքան էլ ցավալի է, նա որոշ քայլեր արեց, որոնք անընդունելի են. նկատի ունեմ Չեխիայում և Լեհաստանում հակահրթիռային համակարգերի տեղադրումից հրաժարվելը, որը շատ մեծ սխալ էր:
-Վաո՜ւ... բայց, կարծես, հենց դրա և այլ հարակից քայլերի համար նրան Նոբելյան մրցանակի են արժանացնում։ Ի դեպ, նա իր այդ քայլերով շահում է նաև մեր սրտերը, տղան մեզ շատ է դուր գալիս:
-Նա ձեզ դուր է գալիս, որովհետև այդ ռազմաբազաները կտեղակայվեն Կովկասում:
-Այո՜, Վրաստանո՞ւմ:
-Միգուցե: Դեռ պարզ չէ: Բայց, գիտե՞ք, հարկավոր է, որ երբ Օբաման ասում է՝ «ա», «բ», անպայմանորեն արտասանի նաև «գ»-ն։ Եթե դու ինչ-որ բան ես սկսում և չես կարող այն իրականացնել, ապա պետք է վերադառնալ սկզբնակետին: Գիտե՞ք, դա շատ նման է Ջիմի Քարտերի քայլերին. նա սկսում էր ինչ-որ բան, փլուզում էր տեղի ունենում. սկզբում փափուկ էր, հետո շատ կոշտ էր նույն Աֆղանստանում:
-Փաստորեն, Դուք՝ հանրապետականներդ, դեմ եք բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծմանը, կոմպրոմիսին՝ մասնավորապես Ռուսաստանի հետ:
-Ռուսաստանը շատ լավ գիտի՝ ինչպես օգտագործել փափուկ մարդկանց:
-Պարոն Վալենտա, բայց չէ՞ որ Ռուսաստանը նույնպես հանդիպակաց քայլ արեց՝ ա) հրաժարվեց «Իսկանդերները» Կալինինգրադում տեղակայելուց, բ) Իրանին «հանձնեց»:
-Չէ, դա առևտուր չէ, մանավանդ «Իսկանդերների» մասով, չեմ կարծում, թե ռուսներն իսկապես ցանկանում էին դրանք տեղակայել:
-Իսկ Իրա՞նը:
-Այնտեղ էլ մեծ հաշվով կոմպրոմիս տեղի չունեցավ: Կոմպրոմիսը գիտե՞ք որտեղ կայացավ՝ Աֆղանստանում: Ռուսները լրջորեն խաղում էին Կենտրոնական Ասիայում. նրանք հորդորեցին Ղազախստանին և ՈՒզբեկստանին՝ կանաչ լույս վառել ամերիկացիների առաջ, որպեսզի վերջիններս կարողանան «ընկնել» Աֆղանստան, և 9 տարի առաջ կարողացանք հաղթել պատերազմում: Կոմպրոմիս եղավ նաև Լեհաստանում: Սակայն, չգիտես ինչու, այդ մասին ոչ ոք չի խոսում:
-Այնուամենայնիվ, այսօր Իրանի շուրջ, գոնե հենց այս պահին, ինչ-որ համատեղ գործողություններ են զարգանում։ Թվում է, թե Ամերիկան փորձում է Հարավային Կովկասը դարձնել յուրօրինակ բուֆեր պանթուրքիզմի դեմ, քրդական ֆակտորով արաբական աշխարհ։
(շարունակելի)
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ