Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՉԷԻ ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՐԴԻ ՎՈՒԼԳԱՐ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ»

«ՉԷԻ ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՐԴԻ ՎՈՒԼԳԱՐ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ»
20.11.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ն սիրով զրույցի է հրավիրել դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որի մասին ասել, թե սոսկ դերասան է, կնշանակի` ոչինչ չասել: Մեր կյանքի համայնապատկերն իր մեջ ամփոփող ու իրենով մեզ ներկայացնող այս արվեստագետը նորովի է բացահայտվում Նարինե Մալյանի` միշտ հաճելիորեն անսպասելի թատերահնարների բեմաշարում: Միևնույն սցենարի տարբեր լուծումներով նրանք ներկայացնում են մերօրյա հային` աշխարհի մեծ ու փոքր իրադարձությունների բովում` «Օրեր, գույներ, ճակատագիր» և «Խոստովանություն թատրոնում» պատումներով:
«ԴԵՐԱՍԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՆՄԱՆ Է ՍՈՒՐԲ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ»
-Վարդա՛ն, «Օրեր, գույներ, ճակատագիր» և «Խոստովանություն թատրոնում» ներկայացումները, քաղաքական սրության առումով, զիջում են Ձեր նախորդ ներկայացումներին, բայց խոցելիության աստիճան անկեղծ են Ձեր անձի, իմա` հայի, մասնավորապես` պանդուխտ հայի ճակատագրին վերաբերող քողազերծումներով: Ձեզ մի տեսակ անպաշտպանորեն բացահայտված, «թագավորը մերկ է» ճշմարտության տիրույթներում չե՞ք զգում:
-Ես ուզում եմ մեծ լեհի` թատրոնի արքաներից մեկի` Գրատովսկու խոսքերը հիշել: Արվեստագետ, որի կողմից 60-ականներին մտահղացված թատրոնն ապշեցրեց աշխարհը, և դրանով է, ըստ իս, մինչ օրս պայմանավորված լեհական թատրոնի վերելքը, նրա` Եվրոպայում առաջիններից մեկը, եթե ոչ ամենաառաջինը համարվելու իրողությունը: Նա ասում է, թե դերասանի աշխատանքը շատ նման է սուրբ մարմնավաճառության, սուրբ պոռնկության: Եթե մարմնավաճառ կինն իր զգեստն է հանում, ապա դերասանն իր հոգու շերտերն է մինչև վերջ բացում հանդիսատեսի առաջ: Դա շատ դժվարին, ծանր պրոցես է: Այն մերկությունը, որի մասին հարցնում եք, անհրաժեշտ մերկություն է արվեստագետի համար, ու ես այսօր ինչ-որ չափով հասել եմ դրան: Ի վերջո, ի՞նչ է արվեստը, եթե ոչ քողարկված ինքնախոստովանություն: Արվեստի յուրաքանչյուր ստեղծագործություն, կարծես, մի զգեստ է, որով կոծկում ես քո հրամցրած ճշմարտությունը: Արվեստն արտահայտվելու, բայց և թաքնվելու միջոց է, «զգեստ», որի տակ թաքցնում ես քո իսկական խոսքը: Ով կհասկանա, թող հասկանա: Այս ներկայացումների մեջ ես փորձում եմ այդ զգեստները հաջորդաբար նետել վրայիցս և շերտ առ շերտ բացվել մարդկանց առաջ: Դա այն սուրբ մերկությունն է, որի մասին ասել է Գրատովսկին: Թող ինքնագովազդ չթվա: Սա ինձ համար առաջին հերթին հոգեբանական մեծ հաղթանակ է: Նախ` ինքս իմ մեջ եմ հաղթահարել շատ կարևոր բաներ: Մարդն իր ընկերների, մտերիմների առաջ այդքան չի բացվի, որքան այսօր ես եմ բացվում հանդիսատեսի առաջ: ՈՒ չեմ վախենում, քանզի դրա կարիքն ունեմ: Թող մի անգամ էլ ինձ այսպես տեսնեն: Ինչո՞ւ միշտ տեսնեն քաղաքական պամֆլետիստին, սատիրիկին, երգիծաբանին, գաղափարական պայքարի դրոշակակրին: Թող տեսնեն սովորական մարդուն:
-Դուք Ձեր ներկայացումներում միաժամանակ կիրառում եք մեզ «բուժելու»` մտրակի և բլիթի մեթոդները: Նախ` ցավեցնելու աստիճան ձաղկում եք, հետո սկսվում է խոհախրատական քարոզը, որի ընթացքում մեզ բերում-հանգեցնում եք համերաշխության, սիրո, մարդկային վեհ հատկանիշների առաջնայնության գաղափարներին: Ըստ Ձեզ` մեր հասարակությունն այս երկու մեթոդներից որի՞ն է առավել դյուրությամբ ենթարկվում:
-Երկուսին` միաժամանակ: Մենք դարեր շարունակ չենք ունեցել պետականություն: Այսինքն` մեզ մոտ ներքին դիսցիպլինները մշակված չեն: Ընդհակառակը, գոյություն ունի ներքին խառնաշփոթ (և դա ոչ միայն մեզ մոտ է, այլև աշխարհում): Այս հանգամանքն է թելադրում մտրակի քաղաքականության անհրաժեշտությունը: Բայց և չի կարելի մոռանալ, որ, չունենալով պետականություն, մենք եղել ենք ճնշված: Եվ մեր ժողովուրդը կարիք ունի սիրո ու ջերմ խոսքի: Այստեղ է, որ պիտի աշխատի բլիթի քաղաքականությունը: Երկուսն էլ ծայրաստիճան անհրաժեշտ են: Առաջինը` ներքին դիսցիպլինները համակարգելու, երկրորդը` մարդկանց վստահությունը շահելու, սիրտը բացելու հնարավորություն ընձեռելու համար:
-Մեզ դիսցիպլինար ազգ համարո՞ւմ եք:
-Անհատները, այո՛, դիսցիպլինար են: Ժողովուրդը` ո՛չ: Կարեն Դեմիրճյանն է խոստովանել, թե հիսունմիլիոնանոց ՈՒկրաինան ավելի հեշտ է ղեկավարել, քան երեքմիլիոնանոց Հայաստանը: Սա խոսում է հենց այն մասին, որ մենք չունենք դիսցիպլինա, կարգ ու կանոն: Չենք ունեցել պետականություն, ապրել ենք թուրքի, ռուսի լծի տակ, ու մեր գիտակցության մեջ հակահասարակական արարքը միշտ համարվել է լավ բան, հերոսություն: Մինչև հիմա էլ դա պահպանվել է մեր մեջ: Նախորդ դարի 60-ական թվականներից մեր կենցաղ մտավ «գողական ռոմանտիկան», ու դրանից ավելի սրվեց համակրանքը հակահասարակական արարքի՝ «հերոսականության» նկատմամբ: Ամերիկայում, օրինակ, նման բան չկա։ Հակահասարակական արարքը համարվում է վատ բան, ու վերջ: Գերմանիայում էլ է այդպես, Ֆրանսիայում` էնպես ոչինչ:
«ԵՍ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՌՈՄԱՆՏԻԿ ԳԾԵՐՈՎ ԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԵԼ»
-Ի դեպ, Գերմանիայի մասին: Գորբաչովը Բեռլինի պատի փլուզման 20-ամյակի առիթով տված հարցազրույցում ասաց, որ երբ 1989-ի ամռանն ինքը և Գերմանիայի կանցլեր Կոլը նախանշում էին պատի փլուզման անխուսափելիությունը, հավատացած էին, որ դա տեղի է ունենալու 21-րդ դարում: Սակայն պատը փլուզվեց հաշված ամիսներ անց: Հնարավո՞ր է, որ մեր հայրենիքի արևմտյան և արևելյան հատվածները տարանջատող «պատն» էլ փլուզվի ավելի շուտ, քան այսօր թվում է քաղաքագետներին ու հենց մեզ` հայերիս:
-Չեմ կարող կանխատեսել, թե երբ և ինչպես կփլուզվի մեր «պատը», որովհետև իսկապես ամեն բան չէ, որ կանխատեսելի է: Հիշում եմ` ուսանող տարիներին մենք հավատացած էինք, որ Սովետական Միությունը փլուզվելու է: Դա ծուռ սարքված երկիր էր և պետք է անպայման փլվեր: Բայց մտածում էինք, որ փլվելու է մոտ երկու հարյուր տարի հետո: Թե ինչ էր լինելու այդ ընթացքում, ինչպես էր լինելու, դժվարանում էինք կանխատեսել, բայց որ անպայման փլվելու էր, վստահ էինք: Նույնն էր և բեռլինյան պատի դեպքում: Նույնն էր և մեզ մոտ: Մենք ոչ մի կերպ չէինք կարող պատկերացնել, թե ղարաբաղյան շարժումն այսպիսի ավարտ կունենա: Կրքոտ միտինգների էինք գնում, բողոքում էինք, հետո սկսվեց պատերազմը, և ահա` Ղարաբաղի կռվում հաղթել ենք: Մենք երազում էինք, բայց չէինք էլ պատկերացնում, թե ինչ է լինելու: Չէինք պատկերացնում, թե մթություն կլինի անկախությունից հետո: Դա մեզ համար (գոնե ինձ համար) անպատմելի բան էր: Անհավատալի էր, թե մեր երկրում կլինի մթություն: Գոնե ես անկախությունը միայն ռոմանտիկ գծերով եմ պատկերացրել, երկնագույն և վարդագույն երազի պես: Չէի մտածում, որ անկախությանը կհաջորդի այն վուլգար կապիտալիզմը, որն ապրեցինք: Մթության տարիներին մեր ժողովուրդը չէր սպասում, որ թեկուզ բոլոր դժվարություններով հանդերձ, կգա բավականին առատ մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում կլինեն լույս, տրանսպորտ, աշխատող հիմնարկություններ, սրճարաններ, ռեստորաններ: Չէինք մտածում, որ Ռուսաստանը կվերցնի Վրաստանի մի մասը: Ի՞նչ իմանաս` ինչ կլինի, ինչպիսի քաղաքական անցուդարձեր են սպասում մեզ: Ես գիտեմ, որ անպայման մեր հայրենիքը բաժանող սահմանը կվերանա, բայց ինչպե՞ս և ե՞րբ` չգիտեմ:
«ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ ԱՄԵՆԱՅՆ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ԿԱԴՐԵՐՈՎ»
-Խորհրդային կայսրության հայտնի կարգախոսներից մեկն ասում էր. «Կադրերն են որոշում ամեն ինչ»: Այսինքն` մեծ տեղ էր տրվում պրոֆեսիոնալիզմին, կադրային քաղաքականությանը: Այսօր մեր անկախ հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներում իշխում է ոչ պրոֆեսիոնալիզմը: Դաշնակցականների` Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջին ի պատասխան` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասել է` Նալբանդյանի՞ն կազատեն աշխատանքից, թե՞ նրա վարորդին, դրանից Հայաստանում ոչինչ չի փոխվի:
-Ի դեպ, Ամերիկայում էլ նույնն է. Բարաք Օբամային կփոխեն, թե նրա վարորդին, այնտեղ էլ ոչինչ չի փոխվի: Ամերիկայում այնպիսի զորեղ մեխանիզմ է աշխատում, որ մեկ մարդու փոփոխությամբ այդ մեխանիզմի աշխատանքում ոչինչ չի փոխվի: Տարբերությունն այն է, որ Ամերիկայում դա չի փոխվի իրենց պետականության մեխանիզմի հզորության, մեզ մոտ` թուլության, անկազմակերպվածության պատճառով: Ես ընդունում եմ, որ մենք թույլ ու անկազմակերպ ենք: ՈՒ, իմ կարծիքով, մեր ամենաթույլ կետերից մեկը, մեր առջև ծառացած ամենամեծ վտանգներից մեկը (ուրիշ բառ չեմ գտնում) կադրային հարցն է: Անկախությունից հետո մեր պետությունը պարտավոր էր ամենայն լրջությամբ զբաղվել կադրերով: Մենք այսօր պետք է ունենայինք հարյուրավոր բարձրակարգ կադրեր մեր քաղաքականության, տնտեսության, մշակույթի մեջ: Մեր երիտասարդները պիտի կրթություն ստանային Եվրոպայում, տիրապետեին բարձր գիտելիքների և առաջ տանեին երկիրը: Ինչո՞ւ Ղազախստանի նախագահ Նազարբաևը կարող է ամեն տարի հինգ հազար երիտասարդ ուղարկել արտասահման` պետության հաշվին կրթություն ստանալու և ավարտելուց հետո երեք տարի Ղազախստանում պարտադիր աշխատելու պայմանով, իսկ մեզ մոտ ոչ միայն չեն հոգում, որ մեր ուսանողները դրսում կրթվեն, այլև խանգարում են նրանց: Ես չեմ ուզում ո՛չ անուններ տալ, ո՛չ էլ կոնկրետ փաստեր նշել (թեև կան այդպիսիք), բայց ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է խանգարել հայ երիտասարդին սովորել դրսում, դառնալ լավ մասնագետ և վերադառնալ ու ծառայել Հայաստանին: Սրա պատասխանը մենք անպայման տալու ենք, դաժանորեն պատժվելու ենք սրա համար: Մենք ամեն պահի կորուստներ ենք ունենում: Թե ինչ է կատարվում այսօր մեր բուհերում, բոլորիս է հայտնի: ՈՒսանողների շրջանում տարածված խոսք է. «Ո՞նց անենք` մի տեղ ընդունվենք, բայց չսովորենք»:
-Վճարովի ուսուցման բաժնի սովորողներն էլ «ընդվզում են»` «Հա՛մ փող տամ, հա՛մ սովորե՞մ»:
-Չսովորողներն այնքան են շատացել, որ խանգարում են սովորողներին: Սա օրինաչափ մի բան է դարձել մեր կյանքում: Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը միայն դիպլոմ ունենալու, բանակից ազատվելու և այս կարգի բաների համար է: Սա անդրադառնալու է մեր վաղվա օրվա վրա: Ես մեծ վտանգ եմ տեսնում սրանում, վտանգ եմ տեսնում այն անտարբերության մեջ, որով իշխանություններն են նայում այս հարցին: Անընդհատ ասում են` ո՞ւր են մտավորականները: Մտավորականն ի՞նչ անի: Պայթի՞: Չէ՞ որ սա իշխանությունների խնդիրն է: Մենք վաղը սրա համար պատժվելու ենք, ինչպես պատժվել ենք նախորդ բոլոր սխալների համար: Մեր բոլոր մեծ խնդիրների մեղքը մեր ուսերին է: Խորքում մեղավորը մենք ենք: Ամեն անգամ պատժվելուց հետո էլ խելքի չենք գալիս, չենք լրջանում, որպեսզի խուսափենք հաջորդ սխալներից: Տեսանք ցեղասպանություն, երկրաշարժ ու էլի ինչ ասես: Ամեն անգամ կարող էինք դաս քաղել մեր դաժան պատմությունից, բայց չենք քաղում:
«ԲԱՑՎՈՒՄ Է ՎԱՐԱԳՈՒՅՐԸ, ՈՒ ՖԵԼԻՆԻԻ «ԱՄԱՐԿՈՐԴՆ» ԵՍ ՀԻՇՈՒՄ»
-Վարդան Պետրոսյան և Նարինե Մալյան ստեղծագործական կոլեկտիվը (այո՛, կոլեկտիվը, և ոչ զույգը, որովհետև Ձեր աշխատանքը` իր ծավալով, թատերական գյուտերի առատությամբ ու բազմազանությամբ, դրանց փայլուն բեմադրությամբ ու վիրտուոզ մատուցմամբ, կբավեր մի ողջ ստեղծագործական կոլեկտիվի) հայ հանդիսատեսին պարգևեց թատերական երկու մեծ տոն: Ի՞նչ անակնկալներ եք մատուցելու հանդիսատեսին Երևանի կամերային թատրոնի բեմում:
-Կամերային թատրոնում կխաղամ մեկ ամիս, ենթադրում եմ` տասներեք-տասնչորս ներկայացում: Ներկայացման ընթացքում բեմում նվագում է ջազ-բենդը, հանդիսատեսի հետ շփման ձևը դարձել է ավելի թատերային: «Օրեր, գույներ, ճակատագիր» ներկայացումը, որ խաղացի Հենրիկ Իգիթյանի կենտրոնում, ենթադրում էր բոլորովին ուրիշ շփման ձև, դա կիսաթատրոն էր, կիսահանդիպում: Փորձել էի կոտրել արվեստի պարտադրած սահմանները արտիստի և հանդիսատեսի միջև: Ես ուզում էի, որ դա դառնա փսիխոթերապիայի նման մի բան, բարեկամական ջերմ մի հանդիպում, որի ընթացքում սիրտդ բացում ես մարդկանց առաջ: Կամերայինում արդեն խաղում եմ թատրոնի օրենքներով: Գուցե դրանից ներկայացման տպավորությունն ավելի է ուժեղանում: Եթե նախորդի դեպքում ուժեղանում էր դերասանի անկեղծության, անկեղծ մոտիկության հաշվին, «Խոստովանություն թատրոնում» ներկայացման մեջ, կարծում եմ, տպավորությունը քառապատկվում, տասնապատկվում է թատերական հնարների հաշվին: Գծվում է կախարդական անտեսանելի սահմանը հանդիսատեսի և դերասանի միջև: Այստեղ աշխատում են լույսը, երաժշտությունը, փոքրիկ նվագախումբը, որի շնորհիվ ես հնարավորություն ունեմ անվերջ չկառչելու իմ կիթառից և լիովին, ամբողջ էությամբ տրվելու խաղին, խաղալու ձեռքով, ոտքով, ժեստերով, մտքով: Երբեմն երաժշտությունն ինքն է ինձ տանում առաջ: Բացի այդ, երաժշտախումբը հանդես է գալիս որպես կերպար: Դա պատահական խումբ չէ, հայտնի երաժիշտներից կազմված խումբ չէ: Հավակնություններ չկան` ցույց տալու, թե ինչքան լավ է նվագում նվագախումբը: Նրանում ընդգրկված են զարմանալի տղաներ, որոնցից երկուսն իմ երիտասարդության տարիների բոլոր խենթություններն ապրած, ինձ հետ այդ խենթություններն արած մարդիկ են: Մեկը Բանջո Արմենն է, ով մասնակիցն է եղել ավտոբուսում մեր կազմակերպած բոլոր համերգների, մյուսը` Մերժված Մելոն, ով ինստիտուտում այնքան էր բացակայում դասերից, որ նրա բացակայությունները գերազանցում էին մնացած բոլորի բացակայությունները` միասին հաշված: Երբ բացվում է վարագույրը, ու բեմում երևում է երաժիշտ-խենթուկների այդ փոքրիկ խումբը, անմիջապես Ֆելինիի «Ամարկորդն» ես հիշում: Նրանք ընդհանրանում են կախարդական, ազնիվ, խենթ, լուսավոր ինչ-որ բանով, բայց և ներկայանում են իբրև առանձին անհատներ: Այդ խումբը փոխում է ամեն ինչ: Դա և՛ ինձ է շատ օգնում, և՛ ուժեղացնում է ներկայացման տպավորությունը: «Օրեր, գույներ, ճակատագիր» ներկայացմամ մեջ կան ինտերակտիվ տեսարաններ, որոնք ավելի են շեշտադրվել «Խոստովանություն թատրոնում»-ի մեջ: Շեփորի թաղման տեսարանը, օրինակ, շատերի համար կատարյալ ցնցում էր: Հանդիսատեսն իսկապես մասնակցում է շեփորի թաղման արարողությանը, ապրում զվարճալի, բայց և տխուր պահեր: Թատերական օժանդակ միջոցների շնորհիվ այդ ամենը դարձել է ավելի հուզիչ, քան Իգիթյանի կենտրոնում էր: Շատ զգայական է Խորեն Աբրահամյանի հետ «Ծերունին և ծովը» ներկայացումը խաղալուց հետո վերադարձի հատվածը: Ամեն մի վերադարձից հետո ես, կարծես, կոտրվում եմ: Պատմությունները դառնում են շատ ազդեցիկ, ու դրանց մասին մամուլում պատմելը, բառերով արտահայտվելը դժվար է, գրեթե անհնարին: Ինչպե՞ս պատմեմ այն զգացողությունների մասին, երբ ես Փարիզի շուկայում ծաղիկ էի վաճառում, ու հանկարծ լույսերը հանգան: Բեմադրության մեջ այդ հատվածում հնչում է ֆրանսիական վալս, ներկայացվում է, թե ինչպես են ուրախանում ֆրանսիացիները, ու թե ինչպես է հետո կոտրվում այդ ուրախությունը: Այս բաները բառերով չես պատմի:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ