Քանի կար` մշակույթի նախարարի աթոռն էր դաշնակներից «նավսված»: Պարզվում է` համ էլ սոցապնախարարի աթոռն են «նավսել» դաշնակցականները` «գաղտնի, փակ» ռեժիմով, բայց քանի որ չկա մի բան, որ հայտնի չդառնա, այս մի «նավսն» էլ բացահայտվեց:
Սոցապում Գևոն էր` Թամարին ու Հովեյանին չզիջող արկածներով, ուրբաթ էլ` այդպես էլ չմխիթարված Մխիթար Մնացականյանը հրաժարական տվեց:
Ասում են` նշանակումից առաջ և հետո նա այդպես էլ չհարմարվեց յուր «աթոռին» ու ուշքումիտքը հրաժարականն էր: 15 օր է, ինչ նրա հրաժարականը դրված է Գագիկ Կոլյայիչի սեղանին: Հինգշաբթի օրվա կառավարության նիստից հետո նպաստների «հայեցակարգի» շուրջ տեղի ունեցած պաշտոնական «դիսկուսը» վերջին ակորդն է եղել, որ Մխիթար Մնացականյանը ԲՀԿ առաջնորդից պահանջի` մխիթարել իրեն վերջապես:
Արվել է: Ըստ «պաշտոնական» տեղեկության` Մ. Մնացականյանը դժգոհ է եղել նաև այն պատճառով, որ նույն ԲՀԿ-ն անվերջ խառնվել է իր գործերին, անվերջ սովորեցրել` ինչպես պետք է աշխատել, սոցապվել, նստել-վեր կենալ, ում հետ խոսել կամ չխոսել, ինչը վերջնականապես հոգնեցրել է Ռոբերտ Քոչարյանի «մարդու» համարում ունեցող Մխիթար Մնացականյանին։
Հասկանալի է, որ այս կադրային տեղաշարժում ևս քաղաքական մոտիվներ կան, որոնց մենք կանդրադառնանք «ԲՀԿ-ն մեծ մարաթոնում» (չէ, դեռ չասինք, թե ԲՀԿ-ն քանդում են «հարկավորները») վերլուծականում։ Այս պահին տեղեկացնենք լոկ, որ մեկ շաբաթվա ընթացքում սա ԲՀԿ երրորդ «полет»-ն էր «на луну». կադրային տեղաշարժ-կազուսների առումով:
Առաջինը Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանինն էր, որին «հեռանալ ու մոռանալ» էր ապսպրել ԲՀԿ առաջնորդը: Ընդ որում, պայմանավորվածությամբ, որ այդ լուրը մամուլ է սպրդելու սեպտեմբերին, երբ ԲՀԿ-ն Արմանի համար նոր պաշտոն-գործ գտած կլինի. հիմա ԲՀԿ էլիտայում փորձում են հասկանալ, թե ով է կուսակցությունից թողել Արմանի մասին արտահոսքը:
Թափուր է նաև Վայոց ձորի մարզպետի աթոռը: Ըստ որոշ գնահատումների` այդ պաշտոնում հնարավոր է Սերգեյ Բագրատյանի կամ մահացած մարզպետի եղբոր` իմա` Վայոց ձորի նախկին մարզպետի նշանակումը:
Ինչ վերաբերում է «նավսված» սոցապնախարարի թեկնածուներին, ապա շրջանառվում են Հակոբ Մանուկյանի (աշխատանքային տեսչության ներկայիս պետի), Սամվել Բալասանյանի (դե, նա, էլի, որի ճակատին ՕԵԿ էր գրված, երևի գրությունը հանեն` ԲՀԿ տրաֆարետ տեղադրեն այդ նշանակումից հետո) և Ֆրունզ Մուշեղյանի անունը: Վերջինս ԲՀԿ-ական չէ: «Կդառնա», ասին: Կառլոս Պետրոսյանի «մարդն» է:
Սակայն մեկ էզոթերիկ և էկզոտիկ անուն նույնպես շրջանառվում է այդ կողմերում` «աղմուկի մեջ վայրենի»: Դե, նա, որ վերջերս սպորտսմենաբար վայր ընկավ: Ազգային ժողովի ֆոյեում: Հետո էլ լրագրողներին «խնդրեց», որ անպայման գրենք այդ մասին: «Ինադու» չգրեցինք: Որը նաև տիրապետում է միստիկ ժեստիկուլյացիային: Նախկինում էլ «օպեր» էր` Բուլղարիա «տարհանված»` ինչ-ինչ կոռուպցիոն գործերի հաշվով:
Մի խոսքվ, «սպորտսմեն, կոմսոմոլ, գեղեցիկ...» նախարար Արթուր Պետրոսյանին երեկ երեկոյան կանչել է «շեֆը». նա պետք է հանդիպեր «շեֆի»` ԲՀԿ առաջնորդի հետ (նրան փոխանցել են` Կոլյայիչն ասել է իրիկունը կգաս մոտս. նկատո՞ւմ եք` Կոլյայիչը զահլա չունի, հարկ չի համարում անձամբ զանգահարել նրան)։
Երևի էդ հարցով խոսեն: ՈՒ թե խոսակցությունն «ստացվի», հայոց սպորտսմենները մեծ մաղարիչ ունեն անելու (նրանք վաղուց ու շատ բուռն են հոգնել յուրյանց նախարարից):
Այսպիսով, եթե «այդպես», ապա Արթուր Պետրոսյանը հիմա էլ կզարդարի սոցապնախարարի աթոռը, որպեսզի նավսվի նրանից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ