Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵ՞Ն

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵ՞Ն
18.06.2010 | 00:00

ՀԱՀ-ում շարունակվող Աշխարհի գավաթի խաղարկությունում առայժմ ամենամեծ անակնկալը գրանցվել է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի և շվեյցարացիների չորեքշաբթի օրվա խաղում: Մինչ այդ այս թիմերը միմյանց հետ մրցել էին 18 անգամ, 15-ում հաղթել էին իսպանացիները, 3-ում արձանագրվել էր ոչ-ոքի: Մինչև առաջնության մեկնարկը գրեթե բոլորը հաղթողի հիմնական հավակնորդների թվում նշում էին Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչներին, սակայն իսպանացիների համար աշխարհի առաջնություններում կա մի տխուր ավանդույթ, որը, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ չի խախտվի: Գրեթե միշտ այդ հավաքականն աշխարհի առաջնություններում լավ խաղ է ցուցադրել, սակայն պայքարը թողել է նախնական փուլերում: Իսպանացիների լավագույն արդյունքը հեռավոր 1950-ին գրաված 4-րդ տեղն է եղել: Այս անգամ էլ H խմբի առաջին խաղում նրանք ցուցադրեցին բավականին լավ ֆուտբոլ, գրեթե ամբողջ խաղի ընթացքում տիրում էին նախաձեռնությանը, սակայն այդպես էլ չկարողացան գրավել շվեյցարացիների դարպասը: Իսկ վերջիններս 52-րդ րոպեին, արագ հակագրոհներից մեկի ժամանակ, կարողացան խառնաշփոթ ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում, և Ժելսոն Ֆերնանդեսը մոտ տարածությունից գրավեց Իկեր Կասիլյասի դարպասը. 0-1, և հաջորդ փուլ դուրս գալու համար իսպանացիներին անհրաժեշտ կլինի հաղթել Հոնդուրասի և Չիլիի հավաքականներին: Իսկ այս երկու հավաքականների միջև կայացած խաղում բացահայտ առավելություն ունեին հարավամերիկացիները, սակայն կարողացան հաղթել ընդամենը նվազագույն հաշվով. գոլը 34-րդ րոպեին խփեց Ժան Բոսեժուրը:
F խմբի երկու խաղերում էլ գրանցվեցին փոքր-ինչ անսպասելի արդյունքներ: Նոր Զելանդիա-Սլովակիա խաղի բացահայտ ֆավորիտը եվրոպացիներն էին, և խաղի ընթացքն էլ ապացուցում էր դա: Սլովակներն ամբողջ խաղի ժամանակ տիրում էին նախաձեռնությանը, սակայն միայն մեկ անգամ, այն էլ գտնվելով խաղից դուրս վիճակում, կարողացան գրավել դարպասը (50-րդ րոպե` Ռոբերտ Վիտեկ) և չօգտագործեցին բազմաթիվ գոլային պահեր: Խաղավերջում էլ նրանք պասիվ խաղով ակնհայտորեն ձգտում էին պահպանել հաղթական հաշիվը և դաժանորեն պատժվեցին: Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին նորզելանդացի ՈՒինստոն Ռիդը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Խմբի մյուս խաղում աշխարհի ներկայիս չեմպիոն իտալացիներին դիմակայում էր Պարագվայի հավաքականը. հարավամերիկացիները ցուցադրեցին բավականին լավ խաղ, և 39-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկումից հետո Անտոլին Ալկարասը գլխի գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը: Իտալացիները փրկվեցին երկրորդ խաղակեսում. 63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դանիելե դե Ռոսսին:
Երբ կայացավ առաջնության վիճակահանությունը, բոլորը միաբերան G խումբն անվանեցին «մահվան խումբ»: Իրոք, այս խմբի կազմն ութ քառյակներից ամենաուժեղն է: Առաջինը խաղադաշտ դուրս եկան Կոտ դ’Իվուարի և Պորտուգալիայի հավաքականները: Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում և ավարտվեց 0-0 հաշվով: Մյուս խաղում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը քննություն էր ընդունում Հյուսիսային Կորեայի հավաքականից: Խաղից առաջ, օրհներգերի կատարման ժամանակ, բոլորի ուշադրությունը գրավեց կորեացի Յոն Տաե Սեն, որը հոնգուր-հոնգուր լալիս էր: Անդրադառնանք խաղին. առաջին խաղակեսն անցավ բրազիլացիների գրոհներով, սակայն կորեացիների պաշտպանությունն անսասան էր: Հաշիվը բացվեց միայն 55-րդ րոպեին, բացառիկ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Մայկոնը. աջ եզրից մտնելով տուգանային հրապարակ` նա նկատեց, որ կորեացիների դարպասապահը փոքր-ինչ առաջ է եկել, և սուր անկյան տակ գրավեց դարպասը: 72-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Էլանոն: Թվում էր, թե բրազիլացիները խաղը հեշտությամբ կհասցնեն հաղթական ավարտին, սակայն խաղավերջում ասիացիները կտրուկ ակտիվացան և 89-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ դարձավ Ջի Յուն Նամը: Կորեացիները շարունակեցին ճնշումը, սակայն խաղը փրկել չհասցրին` 2-1:
Արդեն սկսվել են երկրորդ տուրի հանդիպումները: A խմբում ընդգրկված ՈՒրուգվայի և ՀԱՀ-ի հավաքականների խաղում բացահայտ էր հարավամերիկացիների առավելությունը, 24-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացեց Դիեգո Ֆոռլանը: 80-րդ րոպեին ուրուգվայցիների հարձակվող Լուիս Սուարեսը մեն-մենակ մնաց դարպասապահ Կունեի հետ, վերջինս խախտեց կանոնները, մրցավարը դաշտից հեռացրեց Կունեին և 11-մետրանոց նշանակեց աֆրիկացիների դարպասին: Դիեգո Ֆոռլանը, հստակորեն իրացնելով հարվածը, խփեց իր երկրորդ գոլը:
Երեկ կայացան B խմբի հանդիպումները: Արգենտինայի հավաքականը գրեթե լուծեց 1/8 եզրափակիչ դուրս գալու խնդիրը: Հարավային Կորեայի հավաքականի հետ խաղի 17-րդ րոպեին Չու Յուն Պակը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Այնուհետև եկավ «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի աստեղային ժամը. 33, 76 և 80-րդ րոպեներին գրավելով կորեացիների դարպասը` նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ և գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Երբ հաշիվը 2-0 էր, առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին, Լի Չուն Յոնը, օգտվելով Դեմիկելիսի կոպիտ սխալից, կրճատեց հաշվի տարբերությունը: Խմբի հետնապահների խաղում Հունաստանի հավաքականը մրցեց Նիգերիայի հետ: Առաջինն աչքի ընկան աֆրիկացիները. 16-րդ րոպեին տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ Կալու ՈՒչեն: 33-րդ րոպեին իր թիմին ծանր կացության մեջ դրեց նիգերիացի Սանի Կայտան. ոչ խաղային իրավիճակում նա ոտքով հարվածեց մրցակցին և անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Րոպեներ անց հույները պատժեցին մրցակցին. 44-րդ րոպեին Դիմիտրիս Սալպիգիդիսը հավասարեցրեց հաշիվը: 71-րդ րոպեին, օգտվելով աֆրիկացիների դարպասապահի սխալից, Վասիլիս Տորոսիդիսը հաշիվը դարձրեց 2-1: Հույները կամային հաղթանակ տարան և միացան խմբից դուրս գալու համար պայքարին:


Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ