Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ազատ տնտեսական գոտինե՞ր, թե՞ նոր տնտեսական քաղաքականություն

Ազատ տնտեսական գոտինե՞ր, թե՞ նոր տնտեսական քաղաքականություն
20.01.2009 | 00:00

ԽԱՉՄԵՐՈՒԿ
(սկիզբը` նախորդ համարում)
Այն բանից հետո, երբ ընդհանուր գծերով ներկայացվել է Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու նպատակահարմարությունը, մատնանշվել հանրապետության մի քանի տարածքներ, որտեղ դրանք առավել մեծ արդյունքներ կարող են ապահովել, բնական մի հարց է ծագում. ի՞նչ օրենքներով է կանոնակարգվելու ԱՏԳ-երի գործունեությունը:
Նախ, ԱՏԳ-երի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ընդունել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը: Միաժամանակ, հարկ է հաշվի առնել, որ, մի կողմից, հիշյալ օրենքը պետք է բխի հանրապետության տնտեսական առանձնահատկություններից, համահունչ և ներդաշնակ լինի գործող այլ օրենքներին, մյուս կողմից, առնչվելով արտաքին տնտեսական կապերին, համապատասխանի այս ասպարեզում կիրառվող միջազգային օրենքներին և չափանիշներին: Հաշվի առնելով ԱՏԳ-երի տարբեր երկրներում կուտակված ուսանելի փորձը` օրենքն անհրաժեշտաբար իր մեջ պետք է ներառի այնպիսի կարևոր բաժիններ, ինչպիսիք են՝
l ԱՏԳ-ի ընդհանուր նկարագրությունը և ստեղծման նպատակը.
l ԱՏԳ-ի հատուկ ռեժիմի հիմնադրույթները, օրենսդրական հիմքերը.
lԱՏԳ-երի հնարավոր տեսակները հանրապետության տարածքում.
l ԱՏԳ-ի կառավարման համակարգի հիմնական սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները.
l ԱՏԳ-երում ներդրումների համար նախատեսվող հարկային, մաքսային, այլ արտոնություններն ու սահմանափակումները.
l ԱՏԳ-երի ստեղծման նախապատրաստական փուլերը.
l ԱՏԳ-ի բյուջեն.
l ԱՏԳ-ի ֆինանսավորման աղբյուրները.
l ԱՏԳ-երի ստեղծման և զարգացման ՀՀ պետական ծրագիրը.
l ԱՏԳ-երի գործունեության պետական վերահսկողությունը, դրանց հաշվառման և հաշվետվության սկզբունքները, դրամավարկային, արժութային պայմանները.
l ԱՏԳ-երում ձևավորվող աշխատանքային կապերի կանոնակարգումը.
l ԱՏԳ-երում նախատեսվող ներդրումների պետական երաշխիքները.
l ԱՏԳ-երի վերակազմավորման և լուծարման կարգը։
Արտերկրի, զարգացած երկրների փորձի պարզ նմանակումից խուսափելու նպատակով առաջարկվում է, նախ՝ ուսումնասիրել տարածաշրջանի մի շարք պետությունների կողմից ԱՏԳ-երի ստեղծման ուղղությամբ արված ուսանելի քայլերը: Արժանահիշատակ են, հատկապես, Թուրքիայում գործող միանգամից յոթ (Մերսին, Անթալիա, Այժան, Ստամբուլ, Տրապիզոն, Էրզրում - Արևելյան Անատոլիա - Մարդին) ԱՏԳ-երը, Իրանի Քիշ կղզու ԱՏԳ-ն: Ի դեպ, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված պայմանագրի համաձայն, Վրաստանը ևս առաջին քայլերն է անում ԱՏԳ-երի ստեղծման ուղղությամբ: ԱՊՀ-ի երկրներից առավել ուշագրավ է Բելառուսի խորհրդարանի ընդունած օրենքը, որն արտոնությունների դաշտում իրատեսորեն հաշվի է առել երկրի տնտեսության ներկայիս գլխավոր առանձնահատկությունները: Պակաս կարևոր չեն նաև Ռուսաստանի մի շարք մարզերի և միջինասիական հանրապետությունների ԱՏԳ-երի առաջին քայլերը:
Այսուհանդերձ, ակնարկվող օրենքը միայն ընդհանուր գծերով կարող է կանոնակարգել ԱՏԳ-երի գործունեությունը հանրապետությունում: Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր ԱՏԳ-ի համար պետք է մշակվի և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվի օրենքի նախագիծ, որը հաշվի կառնի տվյալ ԱՏԳ-ի գործունեության առանձնահատկությունները: Դրանք պայմանավորված են ազատ մաքսային գոտիների, արտահանման արտադրության գոտիների, տնտեսա-տեխնոլոգիական զարգացման գոտիների (տեխնոպարկեր) և այլ դասակարգումների յուրահատուկ պայմաններով: Այսպես, Շիրակի մարզում, աղետի գոտում առկա հիմնահարցերի լուծումը (բացի Գյումրիի օդանավակայանի ԱՏԳ-ի ծրագրից) արմատապես տարբերվում է «Զվարթնոց» օդանավակայանի՝ որպես ազատ մաքսային գոտու կամ Աշտարակի տեխնոպարկի ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներից: Հետևաբար, օրենքով ևս պետք է ամրագրվեն դրանց գործունեությունը կանոնակարգող դրույթները:
Մինչ ՀՀ ԱԺ-ի կողմից օրենքի ընդունումը գործող օրենսդրությունն այսօր իսկ թույլ է տալիս ձևավորել ԱՏԳ-երի համար անհրաժեշտ որոշ նախապայմաններ, իրականացնել ժամանակատար նախապատրաստական մի շարք աշխատանքներ, ՀՀ նախագահի հրամանագրերով, կառավարության որոշումներով տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության սահմաններում ձեռնամուխ լինել ԱՏԳ-ի տարածքի համար անհրաժեշտ ենթակառույցների ձևավորմանը, սկսել ֆինանսավորման, հարկային ռեժիմի կանոնակարգման նախնական փուլի կազմակերպական աշխատանքները: Այս ամենը ժամանակային առումով բավարար հնարավորություն կընձեռի օրենսդիրներին` մշակելու, քննարկելու և ընդունելու ԱՏԳ-երի գործունեությունը կանոնակարգող անհրաժեշտ փաստաթղթեր:
Տնտեսական առաջընթա՞ց, թե՞ սոցիալական լարվածություն:
Տարածաշրջանի, ԱՊՀ-ի արդյունաբերական զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ չնայած ԱՏԳ-երում գրանցվող դրական միտումներին և տնտեսական առաջընթացի արդյունքներին, ժամանակի ընթացքում դրանք նաև որոշակի հակամարտության առարկա են դառնում: Խոսքը, մի կողմից, տնտեսական անկլավներում (ինչպես հաճախ անվանում են ԱՏԳ-երը) գոյություն ունեցող չափանիշների, աշխատանքի վարձատրության, հարկային, մաքսային, այլ արտոնությունների, մյուս կողմից` երկրի մնացած տարածքում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական պայմանների միջև ակնհայտ հակասության մասին է, որը սոցիալական խնդիրներ է առաջացնում:
Ո՞րն է ելքը:
Մի կողմից, հանրապետությունում զգացվում է արտաքին ներդրումների սուր կարիք, մյուս կողմից, հավակնոտ տնտեսական քաղաքականությունը գրեթե անհնարին է դառնում առանց համապատասխան քայլերի, որոնց մի մասն էլ կոչված են իրականացնելու ԱՏԳ-երն իրենց հատուկ ներդրումային արտոնությունների գրավիչ համակարգով:
Ստեղծված պայմաններում նպատակահարմար է Հայաստանի տնտեսության ազատականացմանը զուգահեռ մշակել և կիրառել նոր տնտեսական քաղաքականություն: Այն կարող է ներառել ԱՏԳ-երի գործունեությանը բնորոշ տնտեսական մեխանիզմների բաղադրիչներ` միտված պետական կարևորության հատուկ ծրագրերի իրականացմանը: Դրանցից կարող են լինել ռազմավարական նշանակության ճյուղերի վերակենդանացման և դրանցում նոր աշխատատեղերի որոշ քանակություն և տարբերակված մոտեցմամբ՝ հստակ նախանշված ներդրումների ծավալներ ապահովելու դեպքում հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումը, տնտեսության առաջընթացն ապահովող առանձին ձեռնարկություններին պետական պատվերներով աջակցելը, նոր շուկաներ գրավելու նպատակով պետական հովանավորչությամբ արտահանման խթանումը և այլն: Նման տարրերն իրենց հետ կբերեն նաև որոշակի դրական լիցքեր, կձևավորեն վստահության այն դաշտը, ուր առավել մեծ արդյունքներ կարող է գրանցել հատկապես փոքր և միջին ձեռներեցությունը: Այսպիսով, անխուսափելի թվացող հակասությունն առաջարկվող ԱՏԳ-երի և երկրի մնացած տարածքի միջև կարող է հասնել նվազագույնի: Դրանով իսկ հնարավոր կլինի ԱՏԳ-երն առավելագույնս ինտեգրացնել ազգային տնտեսությանն ու արդյունավետ կերպով ծառայեցնել դրա ակնկալվող վերելքին:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 7590

Մեկնաբանություններ