Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ՄԱՐԴԻԿ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆ, ԹԵ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԻ ԲԱՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԲԱՐՁՐ ԼԻՆԻ, ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԱՅՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ Է ԳԻՏԵԼԻՔՈՎ, ԹԵ ՈՉ»

«ՄԱՐԴԻԿ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆ, ԹԵ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԻ ԲԱՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԲԱՐՁՐ ԼԻՆԻ, ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԱՅՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ Է ԳԻՏԵԼԻՔՈՎ, ԹԵ ՈՉ»
22.06.2010 | 00:00

Ավարտվում են միասնական քննությունները։ Քննաշրջանի ընթացքի մասին զրուցում ենք ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, գնահատման և թեստավորման կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ, պետական ավարտական և միասնական քննությունների բողոքարկման հանձնաժողովի նախագահ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս կգնահատեք միասնական քննությունների ընթացքը։
-Այս տարվա քննություններն անցել են շատ խաղաղ։ Այդ մասին բազմիցս շեշտել են քննական կենտրոնների ղեկավարներն ու գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ խնդիրներ էին առաջանում քննասենյակում աղմուկի, երեխաների ակտիվության հետ կապված, այս տարի հաճելի զարմանքով բոլորը նշում են, որ երեխաների ու ծնողների պահվածքը շատ հանգիստ ու կոռեկտ է։ Դա կարելի է բացատրել նաև նրանով, որ մի քանի տարի այս համակարգով քննություններ կազմակերպելուց հետո հասարակությունն արդեն ընկալել է գործընթացի էությունը, բնույթը, ծանոթ է նրբություններին։ Կարող եմ արձանագրել, որ մինչ օրս մենք հատուկ քննարկման արժանի որևէ լուրջ միջադեպ չենք ունեցել։ Քննություններից հեռացումներ չեն եղել, մեկ-երկու դեպք, այն էլ՝ հարկադրված։
-Անդրադառնանք «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի թեստերին։ Մեկ-երկու մասնագետ այսպիսի աղմուկ բարձրացնել չէր կարող։ Չե՞ք կարծում՝ այս ամենի հիմքում այլ նպատակ է թաքնված։
-Ես բազմիցս ասել եմ, ևս մեկ անգամ շեշտում եմ՝ այս աղմուկը թվացյալ է։ Սխալ է այն տպավորությունը, թե «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի թեստերը հասարակական մեծ հնչեղություն են ստացել։ Մենք ունենք վերլուծական տվյալներ. անչափ շատ դիմորդներ կան, որ բավարարված են իրենց գնահատականով և չեն կարծում, թե իրենց հիացմունքը կամ բավարարությունն արտահայտելու անհրաժեշտություն կա։ Բողոքներ, իհարկե, կան, բայց աղմուկը նույն բնույթի է և միևնույն մարդկանցից։ ՈՒ քանի որ նույն բնույթի է և նույն մարդկանցից, բայց շատ հաճախակի ու համառ, չգիտես ինչու, ինչ-որ մեկը դա անվանել է հասարակական հնչեղություն։ Այդպիսի բան չկա։ Իրականում հայոց լեզվի և հայ գրականության քննությունից անմիջապես հետո «Հայելի» ակումբում երեք մասնագետներ հրավիրել են մամուլի ասուլիս և իրենց դժգոհությունը հայտնել թեստերից։ Անբացատրելի է, թե ինչու «Հայելի» ակումբը պետք է ցանկանար այդքան արագ արձագանքել։ Ընդ որում, այդքան արագ իմաստ կունենար արձագանքել, եթե արտահայտվեին գլխավոր մասնագետները, բայց գլխավոր մասնագետները քննություններից մի քանի օր հետո միայն կարծիք հայտնեցին թեստերի մասին՝ բազմակողմանիորեն ուսումնասիրելով դրանք։ Քննության հաջորդ օրը միշտ շատ բարդ է ճիշտ կարծիք հայտնելը։ Այդ իմաստով «Հայելի» ակումբի հապճեպ արձագանքը բավականին անհասկանալի էր։ Հիմա ես չեմ կարողանում մեկնաբանել, թե դա ինչի հետ է կապված։ Մի բան ակնհայտ է. դա արված չէր իրադրությունը շտկելու համար։ Գուցե ասուլիսի կազմակերպիչներն իրենք էլ չեն գիտակցել, թե այդ ամենն ինչի կարող էր հանգեցնել, բայց որ դա հրահրեց տհաճ երևույթներ, ակնհայտ է։
-Պարոն Մկրտչյան, այս աղմուկը ոմանք դիտում են ԿԳՆ-ԳԹԿ հակամարտության համատեքստում. ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այլևս չի առնչվում քննական գործընթացին և խանդով է վերաբերվում այս ամենին։
-Ես ՀՀ գիտության և կրթության փոխնախարարն եմ և միաժամանակ՝ գնահատման և թեստավորման կենտրոնի կառավարման խորհրդի նախագահը։ Ի՞նչ խանդի, հակասությունների մասին կարող է խոսք լինել։ ԳԹԿ-ն և նախարարությունը մշտապես համագործակցել են բոլոր առումներով (ընթացիկ գնահատման կազմակերպում, ավարտական քննությունների նախապատրաստում և այլն)։ Շատ ոլորտներում ԳԹԿ-ն և ԿԳՆ-ն ունեն համագործակցային դաշտ, և այդ հարցերում դեռ չի եղել մի դեպք, որտեղ փոխըմբռնումը պակասի։ Ես՝ որպես փոխնախարար, բոլոր հարցերը քննարկում եմ նախարարի հետ։ Նման մեկնաբանման հիմքեր, կարծում եմ, չկան։
-Ի՞նչ դասեր եք քաղել այս տարվա միասնական քննություններից և ի՞նչ պետք է անեք՝ մյուս տարի ավելորդ աղմուկից խուսափելու համար։
-Մեր բոլոր քննարկումները ցույց տվեցին, որ անձնական հաշիվները վեր են դասվել իրական վիճակից։ Հանդուրժելի չէ, երբ միմյանց նկատմամբ հաշիվներ ունեցող մասնագետներն անհամբեր սպասում են հարմար առիթի՝ դա օգտագործելու համար։ Տարօրինակ է, որ «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաներից դրական գնահատականի շեմը չեն հաղթահարում դիմորդների 27,5 կամ 24 տոկոսը, և մասնագետները հանգիստ տոնով գալիս մեկնաբանություններ, պարզաբանումներ են պահանջում, մինչդեռ հայոց լեզվի, հայ գրականության մասնագետները պատրաստ սպասում են, որ առիթն օգտագործեն։ Մարդիկ քննարկում են ոչ թե պատճառը, այլ առիթը. առիթը դարձնում են պատճառ և սկսում են այն շահարկել։ Ես արդեն համոզվել եմ, որ մյուս տարի ինչ էլ անենք, նույն պատմությունն է լինելու, որովհետև շատ մասնագետների համար կարևորը ոչ թե թեստի բովանդակությունն է, այլ այն, թե ով է թեստը գրել, և նրա նկատմամբ ինքն ինչ վերաբերմունք ունի։ Բացի այդ, ավանդույթ է ձևավորվել. ով էլ լինի թեստ գրողը, մասնագետների մյուս խումբը համախմբվում է ընդդեմ նրա։ Հետագայում պետք է այնպես անենք, որ այդ առիթը չտանք։ Իհարկե, մենք աշխատելու ենք համակարգն աստիճանաբար կատարելագործել, բայց նաև քայլեր կձեռնարկենք, որ անձնական շահեր հետապնդող մասնագետները շահարկման որևէ առիթ չունենան։
-Միասնական քննությունները բացահայտում են նաև հանրակրթական դպրոցի մակարդակը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ դպրոցներում անցկացրած ընթացիկ գնահատումների և միասնական քննությունների արդյունքները համադրելի՞ են միմյանց հետ։
-Միասնական քննությունների արդյունքներն ավելի շատ համապատասխանում են ընթացիկ գնահատման, քան դասամատյաններում եղած գնահատականներին։ Եվ դա շատ ցավալի երևույթ է։ Իհարկե, ԿԳՆ-ն առանձնացրել է այդ խնդիրը, որով առաջիկայում շատ լրջորեն կզբաղվենք։ Հնից եկած ավանդույթի համաձայն, չգիտես ինչու, մատյանում նշանակվում են ամենաբարձր գնահատականները, և այդ իմաստով այն իր իմաստն ու արժեքը կորցրել է։ Մարդիկ լուրջ չեն վերաբերվում գնահատականին և ենթադրում են, թե գնահատականը մի բան է, որ պետք է անպայման բարձր լինի, անկախ նրանից, այն ամրագրված է գիտելիքով, թե ոչ։ Այս արատավոր երևույթը, իհարկե, պետք է վերացնել։ Այդ առումով նախարարությունն անչափ շատ անելիքներ ունի։ Բայց ցավալին այլ բան է. մենք նկատում ենք, որ բնագիտական առարկաներից, մաթեմատիկայից դրվածքը դպրոցներում անբավարար է։ Պատճառն այն է, որ հանրակրթությունն այսօր հիմնված է հիշողության, անգիր անելու վրա. ոչ թե հասկանալը, ընկալելն ու ըմբռնելն են դառնում թեմայի յուրացման առարկա, այլ հիշել իմանալը։ Այսինքն՝ աշակերտներն օրենքներն անգիր են սովորում՝ չհասկանալով դրանք։ Եվ երբ թեստերում հանդիպում են մտածել պահանջող առաջադրանքների, նրանց թվում է, թե դրանք բավականին բարդ են։
-Մամուլը քննական գործընթացի հետ կապեց Բարսեղ Բեգլարյանի անունը։ Ի՞նչ առնչություն ունի պարոն Բեգլարյանը քննությունների հետ, և ինչո՞ւ է շահարկվում նրա անունը։
-Բարսեղ Բեգլարյանը հայտնի անձնավորություն է։ Ինքն անձամբ շատ տառապում է այս քննությունների ընթացքով, որովհետև, չգիտես ինչու, ինչ-որ մեկը տարածել է, թե նա մեծ ազդեցություն ունի այս գործընթացների վրա, և անընդհատ դիմում են նրան մեծ հույսերով։ Ինձ համար, իհարկե, ցավալի է, որ իմ ընկերը հայտնվում է այդպիսի տհաճ իրավիճակների մեջ, բայց Բարսեղ Բեգլարյանն իրեն թույլ չի տալիս խառնվել նման հարցերի. դա նրա մակարդակը չէ։ Նա գիտի, որ խառնվի էլ, ոչինչ անել չի կարող, որովհետև սա իրեն շատ հոգեհարազատ համակարգ է։ Նա ստեղծել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որպեսզի հանրության շրջանում համապատասխան արժեքներ տարածի, հիմա ինչո՞ւ պետք է ինքն իր արժեքների դեմ գործի։ Հայաստանը փոքր հանրապետություն է, և բոլորն էլ գիտեն, որ ես և Բարսեղ Բեգլարյանն ընկերներ ենք, բայց ես շատ ընկերներ ունեմ, որոնք բարձր պաշտոններ և ավելի շատ փող ունեն, քան Բարսեղ Բեգլարյանը։ Տարօրինակ է, որ միայն նրա հետ են կապում այդ հարցը։ Բացի այդ, գուցե այն հանգամանքը, որ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի անդամներ են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Արարատ» բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, ի պաշտոնե՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նաև ես, ավելորդ առիթ է ստեղծում կարծելու, թե պարոն Բեգլարյանն իրեն թույլ կտա խառնվելու քննական ընթացքին։
-Կարծեմ, ԳԹԿ տնօրենն էր լրագրողներից մեկին ասել, թե Բարսեղ Բեգլարյանը շահագրգռված է քննությունների ընթացքով...
-Ես ծանոթ եմ այդ արտահայտությանը։ Շահագրգռված ասելով՝ նա նկատի ուներ, որ քննություններն անցնեն մաքուր և արդար։
-9-րդ դասարանի պետական ավարտական քննությունների թեստերի գաղտնիությունը չի պահպանվել։ Ստացվում է, որ մենք ի վիճակի չենք Հայաստանում թեստեր տպագրելու և գաղտնիությունն ապահովելու։ Մի՞թե թեստերն անպայման պետք է հասնեն Լոնդոն, որ դրանց արտահոսք չլինի։
-Ես հիմա արդեն կարող եմ գաղտնիքը բացահայտել։ ԳԹԿ-ում տպագրվել են «Գերմաներեն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Իսպաներեն», «Իտալերեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների թեստերը։ Դրանք չեն հասել Անգլիա, և մինչև այժմ չի եղել մի մարդ, որ ասի՝ այդ թեստերից արտահոսք է եղել։ Հայաստանում են տպագրվել նաև 11-րդ դասարանի ավարտական թեստերը, և դրանց գաղտնիությունն ապահովվել էր։ Այսինքն՝ փաստերն ու ապացույցները կան, որ մենք ի վիճակի ենք ապահովելու թեստերի գաղտնիությունը։ Ինչ վերաբերում է 9-րդ դասարանի ավարտական թեստերին, իսկապես, մեզ շատ է անհանգստացնում այն հարցը, թե դրանք ինչպես հայտնվեցին որոշ մարդկանց ձեռքում։ Այդ խնդրով համապատասխան մարմինները զբաղվում են։ Ինչ խոսք, շատ ցավալի, տհաճ փաստ է, բայց լավ է, որ դա ոչ թե 11-րդ դասարանի ավարտական կամ միասնական քննությունների հետ է կապված, այլ 9-րդ դասարանի։ Երևույթը տհաճ է, հետևանքներն այդքան չափազանցել չի կարելի։
-ԳԹԿ-ն գնահատականի վկայագիր տալիս է ընդամենը մեկ տարվա համար։ Չե՞ք կարծում, որ մեկ անգամ միասնական քննություն հանձնելով՝ դիմորդը պետք է մի քանի տարվա համար ամրագրի իր գնահատականը։
-Թեստային համակարգում քննություններ անցկացնելու հարցում մենք ունենք շատ լուրջ խնդիր։ Չենք կարողանում ԳԹԿ վկայագրին տալ մի քանի տարվա ուժ։ Մենք այն տալիս ենք մեկ տարվա համար։ Դա արդարացի չէ։ Եթե երեխան մեկ անգամ քննություն է հանձնել, պետք է այդ գնահատականի վկայագիրը մի քանի տեղ մի քանի անգամ օգտագործելու հնարավորություն ունենա։ Դրա համար պետք է վստահ լինենք, որ դիմորդ-շրջանավարտը մի քանի տարի կպահպանի գիտելիքների նույն մակարդակը։ Իսկ եթե թեստերը հեշտ են, և հիշողությամբ կարելի է բարձր գնահատական ստանալ, նշանակում է՝ գիտելիքները հիմնավոր չեն կարող լինել։ Բացի այդ, պետք է նաև վստահ լինենք, որ բոլոր տարիների թեստերը բարդության մակարդակով համարժեք են։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ