Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁ ՉՈՒՆԵՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁ ՉՈՒՆԵՆ
18.06.2010 | 00:00

Թեև Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի հանդիպումների եռուն շրջանն է, և ողջ աշխարհի մարզասերները, ամեն ինչ մոռացած, հետևում են խաղերին, այդուհանդերձ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ վստահ է, որ մեր մարզասերներին նոր «պրոդուկտ» առաջարկելը հաջողությամբ կպսակվի, և նրանք հետաքրքրվելու նոր առիթ կունենան: Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երևանի «Միկա» մարզասրահում կազմակերպվելու են Եվրոպայի բասկետբոլի կանանց առաջնության C դիվիզիոնի երկու խմբերի մրցաշարեր:
Վստահություն կա, որ ստուգատեսը կգրավի մարզասերներին, և դրանք չեն անցկացվի կիսադատարկ դահլիճում: Ընդ որում, մուտքն ազատ է լինելու, և խաղերին ներկա կարող են լինել բոլոր ցանկացողները: Իրականում շատ բան պայմանավորված կլինի նրանով, թե ինչպես կխաղա Հայաստանի հավաքականը: Ստուգատեսին պետք է մասնակցեր 8 թիմ, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչները պատվիրակներ չեն ուղարկել Հայաստան: Ժամանակին նրանք ցինիկ հայտարարություն էին արել, ասելով, թե տղամարդկանց հավաքականը կարող էր Երևան գալ, բայց մարզուհիներին չեն կարող այդպիսի բան թույլ տալ: Եվ ահա, ադրբեջանցիների բացակայության պատճառով B խմբում հայտնվել են Շոտլանդիայի, Մալթայի, ՈՒելսի հավաքականները, իսկ մերոնց վիճակահանությամբ բաժին են ընկել երեք ուժեղ մրցակիցներ. A խմբում նրանք մրցելու են Ջիբրալթարի (հունիսի 28-ին), Մոլդովայի (հունիսի 29-ին), Անդորրայի (հունիսի 30-ին) հավաքականների հետ: Եվ քանի որ կազմակերպիչները մեծ ծախսեր են կատարելու, ինքնին առաջադրանքը պարզ է. մերոնք պետք է փորձեն իրավունք նվաճել հաջորդ տարի այս ստուգատեսի B դիվիզիոնում հանդես գալու համար: Թվում է` ամեն բան պարզից էլ պարզ է, սակայն ինքնին հարց կարող է առաջանալ, թե որքան է իրատեսական այդ առաջադրանքը: Բանն այն է, որ մինչև վերջերս բասկետբոլիստուհիների Հայաստանի հավաքական, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել: Ճիշտ է, Երևանի «Հատիս» նորաստեղծ կանանց թիմը նախորդ մրցաշրջանում Եվրալիգայում ունեցած իր մրցելույթներով ուրախացրել էր մարզասերներին, սակայն այն իր մեկնարկային կազմում գործնականում հայ խաղացող չուներ: Այսինքն, «Հատիսի» կազմում հիմնականում հանդես էին գալիս արտասահմանից հրավիրված պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհիներ, իսկ այս պարագայում ազգային հավաքականը կարող են համալրել միայն Հայաստանի քաղաքացիները: Խնդիրը բարդանում է նրանով, որ մեր երկրի առաջնությանը մասնակցում են սակավաթիվ թիմեր, և դրանցում ընդգրկված խաղացողների պատրաստականության մակարդակը, մեղմ ասած, բարձր չէ: Այսինքն, ընտրության հնարավորություն գրեթե չկա: Ընդ որում, առաջնությունն էլ ներկայումս ընդհատվել է, ու թեև կազմակերպիչներն ասում են, որ դա արվել է Եվրոպայի առաջնությանը լավ նախապատրաստվելու համար, սակայն նախկինում էլ եղել են դեպքեր, երբ ազգային առաջնության խաղերն անկանոն են անցկացվել կամ էլ ընդհանրապես չեն կայացել: Այդ է պատճառը, որ կասկածներ կան, թե Հայաստանի հավաքականի բասկետբոլիստուհիները պատվով կարող են դուրս գալ այս փորձությունից: Այնուամենայնիվ, Ռոստոմյանը վստահություն հայտնեց, որ ամեն բան լավ է լինելու:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մարզական տնօրեն կամ, ինչպես ընդունված է ասել, թիմի մենեջեր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանն էլ տեղեկացրեց, որ թիմի մի խումբ բասկետբոլիստուհիներ ժամանակին դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով, և այդ հարցը կարգավորվել է: Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիան թույլատրում է, որ օտարերկրացի մեկ խաղացող ուժեղացնի ազգային հավաքականի կազմը, և «Հատիսի» սևամորթ բասկետբոլիստուհի Ամանդա Ջեքսոնն անարգել հայտնվել է Հայաստանի հավաքականում: Ի դեպ, հավաքականը մարզելու է Թբիլիսում բնակվող «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը։ Հայաստանի հավաքականում խաղալու համար ԱՄՆ-ից ժամանել են Քրիստինե Քեփենիկյանն ու Արփինե Ամիրխանյանը: Հավաքականի մարզազգեստը կկրեն նաև արտասահմանյան տարբեր թիմերում խաղալու փորձ ունեցող Հասմիկ Մամիկոնյանն ու Իրինա Գրիգորյանը: Նախապես որոշվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականին կարող են օգտակար լինել նաև Զարուհի Ալեքսանյանն ու Հռիփսիմե Ադամյանը։ Սակայն Զարուհին պատրաստվում է մայր դառնալ, իսկ Հռիփսիմեն վնասվածք ստանալուց հետո վիրահատվել է և 6 ամիս պետք է ապաքինվի: Հավաքականը մայրաքաղաքի «Միկա» ակումբի դահլիճում այս ամսվա սկզբից է սկսել պարապմունքները: Դժվար չէ հասկանալ, որ հավաքականը նոր է ձևավորվում, բացի այդ, խաղացողները միջազգային հանդիպումների փորձ չունեն: Այս բացը լրացնելու համար բասկետբոլիստուհիները երկու խաղ են անցկացրել տղամարդկանց «Հատիս» թիմի և «Պոլիտեխնիկ» ակումբի հետ: Որ Եվրոպայի առաջնության մրցաշարին նախապատրաստվող հավաքականին դա բավարար կլինի հաջողության հասնելու համար, խիստ կասկածելի է, առավել ևս, եթե հայտնի չէ, թե մրցակիցներն ինչ ներուժ ունեն: Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Ղազանչյանն անկեղծորեն խոստովանեց, որ մրցակից երկրների հավաքականների մասին իրեն քիչ բան է հայտնի: Մասնավորապես, նա տեղյակ է, որ Մոլդովայի հավաքականում կան բարձրահասակ բասկետբոլիստուհիներ, մյուս երկրների հավաքականներում էլ հանդես են գալիս 1 մ 90 սմ-ից բարձր հասակ ունեցող խաղացողներ, մինչդեռ Հայաստանի հավաքականի ամենաբարձրահասակ մարզուհին Հասմիկ Մամիկոնյանն է` 1 մ 88 սմ: Հավաքականի բոլոր օղակներում էլ ուժեղ խաղացողներ ունենալու հիմնախնդիր կա: Այժմ ամենօրյա պարապմունքներ են անցկացնում 15 բասկետբոլիստուհիներ: Հավաքականի վերջնական կազմը կորոշվի առաջնության մեկնարկից առաջ:
Նախատեսվում է, որ ստուգատեսի կազմակերպման համար կծախսվի 50-55 մլն դրամ: Միջոցները հատկացնելու է Հայաստանի կառավարությունը, կան նաև հովանավորներ: Թե որ կազմակերպությունն ինչքան ֆինանսներ է հատկացնելու, Ռոստոմյանը խոստացավ տեղեկացնել հետագայում: Ի դեպ, առաջնության մասնակից հավաքականների սննդի, գիշերելու հետ կապված բոլոր ծախսերը կազմակերպիչներն են հոգալու: Տարբեր երկրների հավաքականներն իջևանելու են Երևանի «Շիրակ», իսկ մրցավարները, բասկետբոլի Եվրոպայի ֆեդերացիայի պատվիրակները` «Էրեբունի» հյուրանոցում: Մնում է հուսալ, որ տանտիրուհիները վստահ հանդես կգան:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ