Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Նոր տարում բարի աչքով նայենք ամեն ինչին»

«Նոր տարում բարի աչքով նայենք ամեն ինչին»
26.12.2008 | 00:00

ԼԱՎ Է, ՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ԽՈՅԻ ՆՇԱՆԻ ՏԱԿ ՉԻ ԾՆՎԵԼ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ (անկախ պատգամավոր)
-Պարոն Դալլաքյան, Ամանորը որտե՞ղ եք դիմավորելու։
-Վանաձորում կամ Երևանում, դեռ չենք որոշել։ Որպես կանոն, Նոր տարին անցկացնում եմ իմ հայրենի քաղաքում` ընտանիքիս հետ։ Հյուր գնալ չեմ սիրում, սիրում եմ հյուրեր ընդունել։
-Որքա՞ն գումար եք նախատեսել Նոր տարվա ծախսերի համար։
-Մեր ընտանիքում, որը չորս անձից է բաղկացած, երեքս աշխատում ենք ու համեստ, զուսպ Նոր տարի ենք անցկացնում, թեև ընտանեկան բյուջեն լիովին բավարարում է լավ Ամանոր անցկացնելու համար։ ՈՒտեստների, խմիչքների և, ընդհանրապես, սննդի նկատմամբ քմահաճ չենք, և մեր սեղանին էլ լինում է այն, ինչ սովորական հայ ընտանիքների սեղաններին։ Զարմացնելու բարդույթով չենք տառապում։
-Կա՞ մի Ամանոր, որ երբեք չեք մոռանում։
-Հավանաբար այն Նոր տարին, երբ տղաս նոր էր ծնվել։ Նա մեր առաջնեկն է։
-Ամանորին ի՞նչ եք նախընտրում ուտել։
-Ձկնեղեն։ Երևի դա պայմանավորված է նրանով, որ ես ծնվել եմ Ձկների նշանի տակ` մարտի 1-ին: Այդ պատճառով էլ ձկան հանդեպ հատուկ թուլություն ունեմ։
-Լավ է, որ Խոյ նշանի տակ չեք ծնվել։
-Բա՜, պատկերացնում եք, չէ՞, Ցուլի նշանի տակ ծնված լինեի։
-2008-ին Ձեր լսած ամենազավեշտալի անեկդոտը։
-Դժվար է անեկդոտ հիշելը, բայց պատմեմ մի ծիծաղաշարժ դեպք։ Օգոստոսին վանաձորցի շուրջ 700 մանուկների տարել էի էքսկուրսիա` Սևանա լիճ։ Ճանապարհին նրանց պատմում էի Սևանա լճի մասին։ Երբ հասանք թերակղզի, երեխաներին տարանք լճի ափ։ Ես կանգնած էի նրանց մեջտեղում։ Երեխաները լոռեցու միամտությամբ ու անմիջականությամբ ինձ հարցրին. «Վիկտոր Դալլաքյան, էս Սևանն ա՜»։ Մեզ հետ կային նաև լրագրողներ, օպերատորներ Երևանից, ովքեր միջոցառումը նկարահանում էին։ Ասացի` էրեխեք, ցածր ասեք, նրանք հեսա կգրեն ձեր ասածը։ Հետո էլ ավելացրի. «Ձեզ բերել եմ Սևանա լիճ` էքսկուրսիա, բա կարո՞ղ ա Դեբեդ գետն ա»։ Իրենք բոլորը միասին ասացին` հա՜։

ԹՈՂ ՁՄԵՌ ՊԱ’ՊԸ ԴԻՄԻ ԲՈՒՌՆԱՇԻՆ
ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ` Բուռնաշ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Պարոն Աղաբաբյան, Նոր տարին որտե՞ղ եք անցկացնելու։
-Միշտ ընտանիքիս հետ եմ Նոր տարին դիմավորել։ Այս տարի ընտանիքս որոշել է գնալ Ծաղկաձոր, և եթե իրենց հետ անցկացնելու լինեմ, կգնամ Ծաղկաձոր։
-Հնարավոր է` չանցկացնե՞ք։
-Չէ, հաստատ ընտանիքիս հետ եմ լինելու։
-Որքա՞ն գումար է հարկավոր Ամանորը մարդավայել անցկացնելու համար։
-Ճիշտն ասած, Նոր տարին լիարժեք անցկացնելու համար նախ տրամադրություն, ոչ թե գումար է հարկավոր։ Իհարկե, ուրախանում ենք, բայց մեկ տարի էլ մեր կյանքից գնում է։ Այ, ուրախանալու բան է, երբ թոռնիկդ մեծանում է։ Բայց մեզ համար ի՞նչ ուրախանալու բան կա, գնալով վերջանում ենք (ծիծաղում է- Ռ. Խ.)։ Չեմ կարծում, որ մեծ գումարներ են պետք, քանի որ Ամանորը հենց ուրախանալու համար է։ Ինչպես երեխա ժամանակ, հիմա էլ միշտ տանը լինում է միրգ, չարազ, խմիչք... Տոլմա էլ ենք եփում։
-Իսկ բո՞ւդ։
-Իհարկե, սեղանին բուդ միշտ պետք է լինի։ Փոքր ժամանակ էլ այդպես է եղել։
-Բա ֆինանսատնտեսական ճգնաժամը չի՞ «ազդում» բդի վրա։
-Նոր տարվա վրա չի ազդի, որովհետև ճգնաժամը հիմնականում ազդում է գործարարների վրա, ովքեր, չգիտես ինչու, իրենց համար կանգառ են պատրաստել։
-Ամանորյա սեղանի Ձեր ամենասիրած ճաշատեսակը։
-Տոլմա։
-Ո՞րն է ամենահիշվող Նոր տարին Ձեզ համար։
-Երբ հայրիկիս, մայրիկիս և ընտանիքիս հետ դիմավորել եմ Նոր տարին։
-Այս տարի Ձմեռ պապից ի՞նչ եք ուզում։
-Դժվար ինչ-որ բան ուզենամ։ Եթե ինքն ուզենա, մի բան կանենք (ծիծաղում է- Ռ. Խ.)։
-Ձեր ամանորյա մաղթանքները։
-Մեր ժողովրդին ցանկանում եմ նյարդային համակարգի հանգստություն, համբերություն, բարություն։ Թող ամեն ինչին բարի աչքով նայեն։
Ճեպազրույցները Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3158

Մեկնաբանություններ