Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Խորհուրդ ենք տալիս մեր դոկտորին, որ դիմի Ազգային ժողովին՝ Երևանի կառուցումն էլ Ռոբերտ Քոչարյանին վերագրելու պահանջով

Խորհուրդ ենք տալիս մեր դոկտորին, որ դիմի Ազգային ժողովին՝ Երևանի կառուցումն էլ Ռոբերտ Քոչարյանին վերագրելու պահանջով
14.08.2009 | 00:00

ՄԻ ԳԵՐԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ
(սկիզբը` նախորդ համարում)

Թող հարգարժան պարոնը նաև 2-ով բազմապատկի իր վկայակոչած թվերը, բայց մեր մատնանշած «պատ» բառի առնչությամբ չենք որոնի պատմական վկայություններ, կբավարարվենք մեր աչքի իսկ տեսածով: Մինչև ցարիզմի տապալումը՝ հետագա ԼՂԻՄ տարածքի հարավային ու հարավարևելյան սահմաններից դուրս երեք քարուկիր շենք է եղել Աղդամում, որպես տվյալ տարածքի գյուղախմբի կենտրոնի վարչական շենքեր, մի շենք՝ երկաթգծի Հորադիզ կայարանում, մեկ էլ հետագայում Ֆիզուլի դարձրած Կարյագինո բնակավայրի ռուս գաղթականների տները: Մնացած բոլոր «տասնյակ հազարավոր բնակիչով» բնակավայրերում անխտիր վրաններ էին կամ վրանատիպ քողտիկներ՝ կավահողով սվաղված եղեգնյա պատերով ու ծղոտե տանիքներով:
Մեծ պատերազմի տարիներին Ղարաբաղի շատ ծնողներ իրենց երեխաներին սովամահությունից փրկելու հարկադրանքով տան ծածկի թիթեղները քանդել, վաճառել են հարևան թուրքերին: Վերջիններս այդ թիթեղով ցանկապատել են իրենց ոչխարների փարախները, որովհետև ուրիշ բնագավառ չունեին այն օգտագործելու համար: 1949 թ. մեր գյուղացի երկու վարպետ՝ որմնադիր ու ատաղձագործ, մի օգնական վերցրած, Կարյագինոյից մինչև Կասպից ծովի մոտ գտնվող Սալյանը ոտքի տակ են տվել և չեն գտել մեկին, որ քարը քարի վրա դնելու կամ դուռ ու լուսամուտ վերանորոգելու կարիք ունենա: Նյութական մշակույթի այդ բնագավառը գոյություն չուներ նրանց համար: Ավելին: Երբ 1953 թ. Թալիբխանլու ղշլաղից 43 ընտանիք տեղափոխեցին Հադրութի շրջանի Տող գյուղը՝ որպես մարզը թուրքացնելու միջոցառումներից մեկը, այդ մարդիկ սկզբնական շրջանում վախենում էին ապրել երկհարկանի հոյակապ տներում. վախենում էին տախտակապատ առաստաղը թափվի գլխներին, և լայն ու ընդարձակ պատշգամբներում վրան էին խփել: Չկարծեք անեկդոտ ենք պատմում: Այդ մասին իր աչքով տեսածը արձանագրել է արցախագետ Շ. Մկրտչյանը, որն այդ տարիներին սովորում էր Տողի դպրոցում (Շ. Մկրտչյան, «Արցախում ես ուրիշ պատերազմ տեսա», 1996, էջ 48):
Այո՛, հնարավոր է, որ 8-10 հազար տարի առաջ մարդկային տեսակի կենսապահովման համար բնությունն այնքան բարենպաստ ու առատ է եղել այդ հարթավայրերում, ինչպես այսօր նրանց նավթն է, որ ապահովել է հոծ զանգվածների համատեղ բնակությունը, թեկուզ և միասնական ուժերով ուրիշ ցեղերից պաշտպանվելու հարկադրանքով: Բայց որ բնական մի այլ հարկադրանքով լեռնային ցուրտ երկրում պետք է որոնվեր ցրտից պաշտպանվելու միջոց և հանգեր շինարարական արվեստի առաջացմանը, կասկածի ենթակա չէ: Այդ արվեստի ծագման առաջին «ուսուցիչը» եղել է քարանձավը, ուր անհրաժեշտության թելադրանքով պատսպարվել են մարդիկ: Հաջորդ քայլը քարանձավի նմանակմամբ գետնափոր խոռոչները՝ կհոլներն են եղել, որից հետո դուրս են եկել բաց տարածություն՝ պատերով ու անհրաժեշտ ծածկույթով: Հավատա՞նք, թե այդքանը չգիտի հնագիտության ինստիտուտի տնօրեն, գիտության դոկտոր մեր ընդդիմախոսը: Անհավատալի է:
Թող որ շինարարական արվեստը լեռնային ցուրտ ու աղքատ երկրից հասել է տաք ու բերքառատ հարթավայրեր, վերածվել եգիպտական բուրգերի ու միջագետքյան հոյակապ աշտարակների, իսկ, ասենք, մեր Սյունյաց աշխարհում մինչև 19-րդ դար հիմնականում մնացել են կհոլների տեսքով կամ եգիպտական բուրգերի համեմատությամբ համեստ ծավալներով շինություններ դարձել, որոնք մեր շինարար վարպետները կերտել են արվեստի կատարելությամբ: Բայց այդ ամենը չի կարող փոխել շինարարական արվեստի ծագման աշխարհագրական տեղը: Պատահական չէ, որ այդ տաք երկրների քարանձավները դառնում էին ճգնավորների ու գանձերի թաքստոցներ (Մուհամմեդի ուսուցիչը քարանձավում թաքնված ճգնավոր է եղել), իսկ մեր լեռներում՝ բնակատեղիներ:
Ինչ մնում է այն պնդմանը, թե մեր «պատ» բառի նման մեկնաբանության... «այս էքսկուրսի նպատակն է ևս մեկ անգամ հաստատել, որ շինարվեստը Շումեր են տարել Արատտայի վարպետները», պարզապես ցածր որակի նենգափոխում է, մանավանդ որ, ընդդիմախոսիս կարծիքով, Արատտան ենթադրաբար է Հայկական լեռնաշխարհում կամ նրա սահմաններում տեղադրվում: «Եթե անգամ ընդունենք, որ Արատտան գտնվել է Հայկական բարձրավանդակում, ապա այդ «ի՞նչ «գիտությամբ» ենք պարզում, որ դրանում ապրողները հայեր են»:
Պատմական գիտությունների դոկտորը պետք է իմանար, որ մենք մեր «գիտությամբ» չենք պարզել, այն մեզնից առաջ են պարզել` լեզվական (ու ոչ միայն լեզվական) իրողությունների փաստարկմամբ: Այդ ամենին մենք ավելացնում ենք ընդամենը մեկ բառ: Շումերական աղբյուրներում գրված է նաև Արատտայի աստվածների մասին: Մայր աստվածությունն ուներ Տուրտուր անունը: Ր բաղաձայնների կորստով բառը հասել է մեր օրերը և մտել հայերենի ակտիվ բառապաշարի մեջ: Ամենօրյա գործածություն ունեցող «տուտու» բառը արևմտահայերենում նշանակում է մեծ մայր, տատիկ՝ պահպանելով նախկին նշանակության հետքերը: Չէ՞ որ մեր ժողովրդի ընկալմամբ՝ տատիկը թոռների պահապան հրեշտակն է:
Երեսպաշտորեն անգիտանալով, որ մեր աշխատանքի առաջին գլխում հիմնավորել ենք մեր ժողովրդի՝ իր բնական հայրենիքում կազմավորված լինելու հանգամանքը և այն թվագրել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբով, ընդդիմախոսը գլխիվայր է շրջում մեր ասածը և ներկայացնում տրամաբանությունից զուրկ մեղադրանք: «Եթե գիտությունը պարզում է, որ Հայկական բարձրավանդակը և նրա հարակից տարածքները եղել են մետաղի մշակման հնագույն կենտրոններ, ապա դա ապացուցում է հայերի տեղաբնիկ լինելը»:
Մեզ մնում է խոնարհաբար մի հարց տալ պարոն դոկտորին: Եթե լեզվաբան գիտնականները, սկսած Վլադիսլավ Իլիչ-Սվիտիչից մինչև Իվանով, Գամկրելիձե, Շիրոկով և ուրիշներ, ապացուցել են, որ հնդեվրոպական նախահայրենիքն ընդգրկել է Արևելյան Փոքր Ասիայից մինչև Արևմտյան Պարսկաստան՝ ներառելով նաև Հայկական բարձրավանդակը, եթե պարզել են, որ հնդեվրոպական հանրության նախնական տրոհումն առանձին էթնոլեզվական միավորների, որոնց թվում` նաև հայերենի, տեղի է ունեցել 5-4-րդ հազարամյակներում, եթե օտարազգի գիտնական Շիրոկովը գրում է, թե «1. հնդեվրոպական նախահայրենիքը եղել է Արևելյան Փոքր Ասիայում, ներառյալ Հայկական լեռնաշխարհը, 2. այս ամենն ասում է հայերի՝ իրենց զբաղեցրած տարածքում տեղաբնիկ լինելու մասին» («Լրաբեր հաս. գիտ.», 1980, 5, էջ 91: Դարձյալ լրագրային հոդված՝ բազմաթիվ մենագրությունները թողած մի կողմ): Եթե, շումերական աղբյուրների հաղորդմամբ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին տեղաբնիկ հայ ժողովուրդը հասել է պետականություն ունենալու մակարդակին, այդ երկրում ստեղծված նյութական մշակույթի համար ո՞ր մոլորակից դերակատար բերենք ու այդ ամենը վերագրենք նրանց: Մինչդեռ մենք նախ հիմնավորել ենք հայերի՝ որպես ինքնուրույն էթնոլեզվական միավորների կայացման փաստն ու ժամանակը, ապա նշել, որ այդտեղ ստեղծված նյութական մշակույթի կրողներն արդեն ձևավորված հայերն են եղել:
Ի դեպ, նյութական մշակույթի առնչությամբ. ընդդիմախոսը գրում է, թե «Հակոբջանյանը հնագույն Հայաստանի մշակույթի մասին իր գիտելիքները քաղել է Ս. Այվազյանի «Հնագույն Հայաստանի մշակույթի պատմությունից» գրքից, որտեղ, ասենք, միջնադարյան ջնարակված խեցեղենը վերագրված է մ.թ.ա. 3-1 հազարամյակին», չնկատելու տալով, որ այնտեղից մենք վերցրել ենք այն տեղեկությունները, որոնք վկայված են նաև արտաքին հեղինակների կողմից: Երկաթի ձուլման առնչությամբ վկայված են Ժակ դը Մորգան, Ֆրենկ-ֆորտ, Չայլդ, Դիքշիդ անունները, աստղագիտության բնագավառում՝ Մաունդեր, Սվարց, Ֆլամարիոն և ուրիշներ, որոնց վկայություններն առնված են չակերտների մեջ: Չակերտների մեջ է առնված նաև անգլիացի Վ. Օկոլտտի խոսքը. «Անձինք, որոնք ստեղծել են հին համաստեղությունների ձևերը, ապրել են, ըստ երևույթին, Եփրատի հովտում, ինչպես նաև Արարատ լեռան շրջանում» (էջ 83): Իսկ մենք այդ վկայության կողքին ենք դրել Ս. Պետրոսյանի՝ Գեղամա լեռներում հայտնաբերած աստղային քարտեզը:
Մենք գիտենք, որ գիտության մարդիկ ենթակա են սխալվելու վտանգին, գիտենք, որ մանավանդ չկայացած գիտնականները կարող են տուրք տալ ծաղկեցումներին ու փչոցներին, բայց չենք պատկերացնում, որ սեփական սուտը ճշմարիտի տեղ անցկացնելու համար կարող են դիմել տվյալ մասնագիտության բնագավառում անուն ու կշիռ ունեցող հեղինակավոր անձնավորությունների անունների շահարկմանը, նրանցից սուտ մեջբերումներ կատարելու հանդգնությանը: Էլ չխոսենք, որ չտեսնելու են տրվել այլ աղբյուրներից բերված փաստերը նյութական մշակույթին վերաբերող բաժնում:
Այստեղ չենք կարող շրջանցել մի փաստ ևս: Մեզ մատչելի աղբյուրից օգտվելով՝ նշել ենք, թե երկանիվ և քառանիվ կառքերը ևս ստեղծվել են Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում: Դրան նպաստել է նաև հիքսոսների պարագան, որոնք մ.թ.ա. 1710 թ. երկաթակուռ մարտակառքերով նվաճեցին Եգիպտոսը: Մեր ընդդիմախոսն այդ գյուտը հասցնում է մ.թ.ա. 26-25-րդ դդ. և դարձյալ վերագրում Միջագետքին:
Հանրահայտ է, որ Միջագետքն ու Եգիպտոսը մարդկային քաղաքակրթության հնագույն օջախներից են, մերձավոր հարևաններ, հազարամյակներ շարունակ ունեցել են հոգևոր-մշակութային, առևտրատնտեսական կապեր, հաճախակի կռվել իրար հետ, գրավել մեկը մյուսի տարածքները։ Եթե Միջագետքը մ.թ.ա. 26-25-րդ դարերում արդեն իրականացրել էր անիվի ու կառքի գյուտը, բացառվում է, որ Եգիպտոսն ամբողջ 7-8 հարյուր տարվա ընթացքում տեղեկացած չլիներ հարևանի այդ գյուտին, էլ չասենք գյուտը Եգիպտոսում արմատավորելու մասին։ Բայց ահա Միջագետքում կատարված «գյուտից» 7-8 հարյուր տարի հետո, երբ մ.թ.ա. 1710 թ. հիքսոսները երկաթակուռ կառքերով մտնում են Եգիպտոս, եգիպտական հզոր բանակն իրեն անծանոթ ռազմական այդ ուժի հարվածների տակ կատարյալ պարտության է մատնվում, և երկիրը մոտ 150 տարի ընկնում է սակավաթիվ հիքսոսների տիրապետության տակ։ Պատմական այս իրողությունները մեզ են հասել մ.թ.ա. 4-րդ դարի եգիպտական քուրմ Մանեթոնի պատմության միջոցով։ Իսկ թե ինչ հիմքով է Պ. Ավետիսյանը վկայակոչում 26-25-րդ դարերը, իր գաղտնիքն է, եթե դա մեր աշխատանքում ամեն ինչ գլխիվայր շրջելու, ամեն ինչ արժեզրկելու մոլուցքի դրսևորում չէ, ապա պարտավոր էր մատնանշել այն աղբյուրը, որից քաղել էր իր տեղեկությունը։
Կողմնակիորեն նշենք, որ մարմինները կարող են ինքնաբերաբար գլորվել թեք տարածքներում, իսկ հարթ տարածքներում դրանց շարժելու համար արտաքին ուժ է հարկավոր: Հետևապես, լեռնային թեք տարածքներում կլոր մարմինների հաճախակի գլորվելու փաստերը կարող էին «հուշել» մարդկանց, որ նրանք հանգեն անվի գյուտին: Մեր համոզմամբ, անկախ նրանից, թե որտեղ, անվի գյուտը կապված է լեռնային երկրի հետ:
Ակադեմիական լրջագույն մտահոգությամբ հասցրած մի վերջին հարվածի մասին ևս: «Մտահոգում է նաև այն հանգամանքը, որ հեղինակը բազմիցս անդրադառնում է Ասորեստանին, նրա թագավորներին, բայց զլացել է թերթելու «Հին աշխարհի պատմության» որևէ դասագիրք՝ պարզելու համար, որ Ասորեստանը՝ որպես պետություն, պատմական ասպարեզ է մտել մ.թ.ա. 15-րդ դարից հետո»:
Կարճ կապենք: Պետականության ձևավորման նախնական շրջանին բնորոշը քաղաք-պետություններն էին, որոնք պատմության մեջ մտան կենտրոն-բնակավայրերի անուններով: Նաև Միջագետքում այդպես ստեղծվեցին իրար հաջորդող Աքքադի ու Աշուրի պետությունները: Իսկ երբ հետագայում Աշուր-Ասուր քաղաքի հիմքի վրա ստեղծված պետությունը վերածվեց մեծ, հզոր ու երկարակյաց թագավորության, երկիրն էլ ստացավ Ասորեստան անունը: Սկսած Կտեսիաս Կնիդացուց (մ.թ.ա. 5-րդ դ.), Դիոդորոս Սիկիլիացուց (մ.թ.ա. 1-ին դ.), Մովսես Խորենացուց՝ Միջագետքում ստեղծված պետությունը շրջանառության մեջ մտավ Ասորեստան անվանումով: Միայն վերջին դարերում նորանոր հայտնագործությունների շնորհիվ նեղ մասնագիտական գրականության մեջ նորից շրջանառության մեջ մտան նախաստեղծ անունները, որոնց ձեռնարկում անդրադառնալը իմաստից զուրկ է:
Վերջապես մեզ համար մնում է մի անբացատրելի հարց: Որ Ա. Քոսյանը մեր աշխատանքին դրական կարծիք չպետք է տար, ինքնին հասկանալի է: Նրա «գրչի զորությամբ» մ.թ.ա. 12-11-րդ դդ. դեգերող Հայկ Նահապետի հայր Թորգոմը որդուց 400 տարի հետո՝ մ.թ.ա. 8-7-րդ դդ. սահմանագլխին, Փոքր Ասիայի Մելիդ-Թեգարամայի տարածքում, Լուվիական պետության վերացումից հետո, հիմնում է թագավորություն, հիմք դնում «Թորգոմյան դինաստիային»: Պարզ է, որ մեր աշխատանքը շրջանառության մեջ մտնելով, միանալու է նույն ուղղությամբ ստեղծված աշխատանքներին և հիմքից տապալելու նման «պատմությունը»:
Իսկ թե ինչ մղումներով է առաջնորդվել Պ. Ավետիսյանն այդքան անորակելի նենգափոխումների դիմելու, այդքան ամբարտավան կեցվածքով դիմացինին քամահրելու համար, մնում է առեղծված: Նման պարագայում մեր իմաստուն նախնիները զարմանքով բացականչում էին. «Օ՜ մարդիկ, օ՜ ժամանակներ»...
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ