Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստանը, Թուրքիան և «կովկասյան տան» նոր գաղափարը

Հայաստանը, Թուրքիան և «կովկասյան տան» նոր գաղափարը
02.09.2008 | 00:00

ԱՆՔՆՆԵԼԻ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է ամենակարճ ժամանակամիջոցում Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման հնարավորության մասին. օրեր առաջ այս և այսպիսի վերնագրերով լուրեր ու վերլուծություններ էին տարածվում ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան լրատվամիջոցներով: Եվ դա այն դեպքում, երբ կոնցեսիոն կառավարմամբ ռուսներին հանձնված «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովը դրանից ընդամենը 1-2 օր առաջ հայտարարել էր «բազմաթիվ անելիքների» և այդ պատճառով` երկաթուղու վերագործարկման «տեխնիկական անհնարինության» մասին…
Բնականաբար, մեզ անչափ զարմացրել էր Կուզնեցովի այս հայտարարությունը, որովհետև դրանից ընդամենն ամիսներ առաջ, Համաշխարհային բանկի «խորհուրդ չտալու» և երկաթուղին ռուսներին հանձնել-չհանձնելու «հայկական տվայտանքների» ֆոնի վրա, այն ժամանակ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վ. Ղարագյոզյանն ահա թե ինչ էր մեզ պատասխանել. «Ախուրյան-Գյումրի 13 կմ երկարությամբ գիծը բացարձակապես սարքին վիճակում է: Ընդ որում, Ախուրյանի սահմանամերձ կայարանը տարբերվում է շատ այլ կայարաններից նրանով, որ հագեցած է անվազույգերի փոխման կետով (լայն սայլակներն այժմ փոխվում են նեղերով) և, քաղաքական որոշման ընդունումից հետո, մասնակի վերանորոգում անցնելուն պես, հնարավոր է անմիջապես բեռնափոխադրումներ իրականացնել»…
Թե «կովկասյան ընդհանուր տան» ինչ ձևաչափի շուրջ «համաձայնության եկավ» Թուրքիայի և ՌԴ ղեկավարությունը, որ «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունը սկսել է շատ արագ գործարկման պատրաստել Ախուրյան կայարանն ու գլուխ բերել նախկինում «անհնար» համարվող այս ձեռնարկը, գոնե այս պահին դժվար է ասել: Բայց դատելով աշխատանքների արագությունից (տպավորությունն այնպիսին է, կարծես թե Գյուլն ու որոշ լուրերի համաձայն` նրա այցից առաջ` սեպտեմբերի 3-ին Հայաստան ժամանելիք թուրք բարձրաստիճան դիվանագիտական խումբը հենց երկաթուղով են Հայաստան ժամանելու…), ռուսները մեր հաշվով ինչ-որ բան մտածել են թուրքերի հետ: Ցավոք, առայժմ առանց մեզ, ինչպես հաճախ է պատահում: Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ ինչպես ԱՄՆ-ի նեոպահպանողական շրջանակներին (նաև Բուշին ու նրա կուսակցությանը) հարող փորձագետներն են նշում, «հնարավոր է` հայերից անկախ պատճառներով, վրաց-ռուսական հակամարտությունից հենց հայերը շահող կողմ դուրս գան, որովհետև աշխարհի հզորները վերջապես հասկացել են, թե ինչ վտանգավոր էր հայերին անընդհատ մեկուսացված պահելն ու քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից տնտեսականին զիջող գործարքներին զարկ տալը»: Մյուս կողմից էլ, նույն այդ փորձագետները նշում են, թե սրանից, այնուամենայնիվ, հայերը պիտի շատ չուրախանան, որովհետև ինչքան էլ զարմանալի թվա, «շրջափակման պայմաններում նրանք թեպետ հնարավորություն ունեին պատրաստվելու Թուրքիայի հետ սահմանների բացմանը, սակայն, այդ իմաստով մատը մատին չեն տվել և հիմա կանգնելու են իսկական թուրքական էքսպանսիայի առաջ»: Տնտեսական, իհարկե…
Ստացվում է` ամերիկյան կողմը, այնուամենայնիվ, արդեն հաշտվե՞լ է այն մտքի հետ, որ այլևս «առանց իր հորդորների ու մասնակցության» է բացվելու հայ-թուրքական սահմանը` կհարցնեք: Ըստ վերոհիշյալ փորձագետների` այդպիսի սցենարը չի բացառվում: Ավելին, ոմանք նշում են, թե հնարավոր է` «Թուրքիան այնքան տարվի «կովկասյան տան» իր նոր գաղափարով, որ առաջվա պես լիովին հաշվի չնստի Վրաստանի ու Ադրբեջանի շահերի հետ», իսկ որ ամենակարևորն է, «չի բացառվում նաև այդ երկրի` ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու սցենարը, ինչին ամերիկյան կողմը պիտի պատրաստ լինի», նշում են փորձագետները, հիշատակելով, որ Թուրքիան ամեն օր ԱՄՆ-ին հիշեցնում է, թե ըստ իրենց համաձայնագրի` ամերիկյան ռազմական նավերն իրավունք չունեն Սև ծովում 2 շաբաթից ավելի լինելու… «Թուրքիան նեղացած է մեզնից և Իսրայելից՝ Քուրդիստանի հաշվով, մեզ դավաճան և անպարկեշտ գործընկեր է համարում, նպատակ ունի քաղաքական լիդերության հասնել տարածաշրջանում կամ գոնե առայժմ կիսել այն Իրանի և Ռուսաստանի հետ միասին, դե, իսկ տնտեսական հարցերի մասին ավելորդ է խոսել», նշում են ամերիկյան փորձագետները, հավելելով, թե հնարավոր է` Մեծ Մերձավոր Արևելք կազմելու և Կենտրոնական Ասիայի տնտեսական բարիքները Արևմուտք տեղափոխելու իրենց ծրագիրը լրիվ ջուրն ընկնի Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի պատճառով: «Թող ոչ ոք չկասկածի, որ հենց Հայաստանը Թուրքիայի միջոցով մի փոքր տնտեսական անկախություն ձեռք բերի` անմիջապես ճանաչելու է ոչ միայն Օսիայի, այլև Ղարաբաղի անկախությունը», ամփոփում են փորձագետները, միաժամանակ հավելելով, թե դա հիմարություն կլիներ, որովհետև ակնհայտ է, որ ինչ էլ լինի, «Ղարաբաղի հարցը, որ Մերձբալթիկայից էլ ուժգին պահանջ առաջացրեց ժողովրդավարության ներմուծման նախկին ԽՍՀՄ` ի վերջո հանգեցնելով այդ հրեշի կործանմանը, չի կարող նույն հարթության մեջ դիտարկվել մնացած բոլոր խնդիրների հետ միասին: Մի բան, ինչը, թերևս, հենց մեր սխալն էր: Մեզ մի պահ թվաց, թե մենք կարող ենք անել», նշում են Բուշի խորհրդականները…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 10291

Մեկնաբանություններ