Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Եթե Զարուհին մեն-մենակ Կիրովաբադը վերցներ, այսքան աղմուկ չէր լինի»

«Եթե Զարուհին մեն-մենակ Կիրովաբադը վերցներ, այսքան աղմուկ չէր լինի»
03.07.2009 | 00:00

«ԵԽԽՎ-Ն «Ո՛Չ ՆԱԼԻՆ, Ո՛Չ ԳԱՄԻՆ» ԶԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԾԱՎԱԼՈՒՄ»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց, «Ժառանգության» համար ինչպիսի՞ն էին քաղաքական ու օրենսդրական արդյունքները:
-Այն ավանդույթը, որ գոյություն ուներ խորհրդարանում` չմասնակցելով քննարկումներին` քվեարկել, պահպանվեց: Ընդդիմության առաջարկները չընդունվեցին: Այդպես էլ պետք է լիներ: Կարևորում եմ քաղբանտարկյալ պատգամավորների վերաբերյալ առաջարկները` ԱԺ-ն ևս մեկ անգամ դատախազի գլխավորությամբ լսի մեր գործընկերներին ներկայացված մեղադրանքները:
Ինչ վերաբերում է օրենսդրական արդյունքների գնահատականին` որոշ օրենքներ ընդունվեցին, որոնց դեմ ենք քվեարկել` ներքին զորքերի մասին օրենքը, հարկային վերջին փաթեթը: «Ժառանգությունն» իր գործունեությունն ուղղորդում է մեկ տրամաբանությամբ` եթե կարծում ենք, որ այդ օրենքի կամ հոդվածի փոփոխությունը կարող է դրական անդրադառնալ մեր պետության զարգացման, ժողովրդի առօրյա հոգսերի թեթևացման վրա, ինստիտուցիոնալ առումով ինչ-որ խնդիր լուծել, կողմ ենք քվեարկում: Իսկ այն օրինագծերին, որոնք իրավիճակային լուծումներ են առաջադրում, սահմանափակում են մեր քաղաքացիների իրավունքները, պետության զարգացման տեսանկյունից բացասական հետևանքներ են ենթադրում, դեմ ենք քվեարկում:
-ՈՒրեմն, ինչո՞ւ եք շրջանառության մեջ դրել Ընտրական օրենսգրքի 54 փոփոխություններով նախագիծ, չէ՞ որ մերժվելու է:
-Մենք արդեն ունենք ԵԽԽՎ 4-րդ բանաձևը Հայաստանի վերաբերյալ, որի կետերից մեկն Ընտրական օրենսգրքի փոփոխություններին է վերաբերում: Կարող է թվալ` իմ նախաձեռնությունը բանաձևի հետ է կապված, բայց այն շատ ավելի վաղ է նախապատրաստվել: Այս առաջարկները ձևավորվել են անցած տարի Լեհաստանում լինելուց հետո` հասարակական կազմակերպության ծրագրով ու գումարներով, այցը հենց ընտրական գործընթացների կազմակերպմանն էր վերաբերում:
-Առաջարկներից ո՞րն եք կարևորում:
-Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը: Կարծում եմ` այն արդեն որոշակի առումով իրողություն է:
-Ա՞յլ երկրներում:
-Ոչ միայն, հենց Հայաստանում արդեն իրողություն է, մնում է իրավական տեսք տալ: Խորհրդարանական ընտրությունների ընթացքում մեծամասնական շատ անկախ թեկնածուների առաջադրում ու պաշտպանում էին կոնկրետ կուսակցություններ, և, անցնելով խորհրդարան, նրանց մեծամասնությունը հենց այդ կուսակցությունների խմբակցությունների շարքերը լրացրեց: Նրանք բացառապես իշխող դաշտի ներկայացուցիչներ էին` մեծամասնականով անցան ՀՀԿ և ԲՀԿ թեկնածուները, մեկն էլ` «Դաշինքից»: Ընդամենը 11 անկախ պատգամավոր կա, բայց վերջին մեկ-երկու ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ նրանց շարքերը նոսրանում են` հօգուտ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի: Միտումը հստակ է:
-Օրինագիծը ներկայացնելու նպատակը, հիմնավորումները հասկանալի են, բայց լրջորեն հավատո՞ւմ եք, որ այն կընդունվի: Չե՞ք հոգնել դոնկիխոտյան լավատեսությունից:
-Նման տպավորություն կա, հաճախ ասում են, որ «Ժառանգությունն» ավելի շատ մարդու իրավունքները պաշտպանող, քան քաղաքականությամբ զբաղվող ուժ է: Դա մեզ առավել է գեղեցկացնում և մեր աշխատանքն առավել արդյունավետ է դարձնում:
-Ինձ թվում է` դա ավելի շատ իրավական դաշտի խնդիրն է, քան ձեր կուսակցության, եթե մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտություն չլինի, «Ժառանգությունն» էլ իր քաղաքական-կուսակցական խնդիրներով կզբաղվի:
-Եթե քաղաքական դաշտը կայանա, և քրեական տարրը չգերիշխի ընտրություններում, այո: Ակնհայտ է, որ ընտրություններն են քաղաքականության սկիզբն ու վերջը: Սկիզբ են, որովհետև նոր լծակներ են ձեռք բերվում հաղթելու դեպքում, երբ փորձում ես քո քաղաքականությունը, քո գաղափարախոսությունն իրականացնել: Իհարկե, արդար ընտրությունների պարագայում, երբ հասարակությունը քեզ ընտրելով պատվեր է տալիս բարեփոխումներ իրականացնելու: Ընտրությունները նաև վերջ են, որովհետև մասնակցելով` դու հասարակության գնահատականն ես ստանում քո կատարած աշխատանքների համար, ուստի, կարծում եմ, քաղաքական կյանքը հիմա մեծ վտանգի տակ է: Որքան էլ դոնկիխոտություն թվա, մենք պետական կառավարման համակարգը, հասարակության մեջ պետականաստեղծ արժեքային համակարգը կայացնելու խնդիր ունենք: Թերևս ճիշտ եք` դոնկիխոտություն կա, կարծես ռոմանտիկների տպավորություն ենք թողնում քաղաքականության մեջ, բայց պատմությունն ապացուցել է, որ ռոմանտիկներն են աշխարհն առաջ տարել:
-Համաներման Ձեր գնահատականը` քաղաքակա՞ն ակտ էր, իրավակա՞ն, ընթացիկ հարց լուծո՞ղ, թե՞ մարդասիրական:
-Եթե վերաբերեր միայն մարտի 1-ի հետ կապված անձանց համաներման խնդրին, բացառապես քաղաքական կլիներ: Ես կարծում եմ` մենք երկու համաներում պետք է ունենայինք` առանձին մարտի 1-ի վերաբերյալ, առանձին` արդարադատության համակարգի: Համաներումը որոշակիորեն մարդասիրական ակտ է այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ինչ-ինչ պատճառներով սայթաքել են և կանխամտածված մեծ հանցագործություն չեն կատարել, որոշակի պայմաններում, եթե հասարակության համար վտանգավոր չեն, կարող են ազատ արձակվել: Այն համաներումը, որը բերվեց ԱԺ, ինձ համար կիսահամաներում էր, կիսաքաղաքական, կիսաիրավական, ամեն ինչ կիսա, նաև իմիտացիոն` արդյունքում մենք չունեցանք ամբողջովին ազատ արձակված քաղբանտարկյալներ: Ես առաջարկում էի համաներումը տարածել որոշակի հոդվածների և որոշակի մարդկանց վրա` հասարակությունը նրանց անուններով է ճանաչում և նրանց է ցանկանում տեսնել ազատության մեջ: Համաներումը պետք է լիներ քրիստոնեավայել, քրիստոնեական արժեքների հիման վրա, ոչ թե քաղաքական սառը հաշվարկների:
-«Ժառանգությունը» շարունակելո՞ւ է նրանց ևս ազատ արձակելու համար պայքարը:
-Բնականաբար, Զարուհի Փոստանջյանի առաջարկները Եվրախորհրդում հենց դրան էին միտված: Ակնառու քայլ է` այդ պայքարը շարունակելու առումով: Դա պայքար է ոչ միայն անձանց համար, այլև սկզբունքների: Այն անձինք, ովքեր այսօր իշխանություն են, նմանատիպ համակարգի գոյության շարունակման դեպքում կարող են հայտնվել հակառակ կողմում և պիտի հիշեն, որ արատավոր համակարգն իր զավակներին էլ է խժռում:
-Եթե Դուք լինեիք ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ և նույն իրավիճակում, ինչ Զարուհի Փոստանջյանը, թուրք և ադրբեջանցի պատվիրակների ստորագրության խնդիր ծագեր, կհամաձայնեի՞ք, որ Ձեր առաջարկի տակ իրենք ստորագրեն:
-Ինձ համար ընդհանրապես այդ պահին նման հարց գոյություն չէր ունենա` թո՞ւրք է, ադրբեջանցի՞ է, իռլանդացի՞ է, թե՞ հոլանդացի: Կա ԵԽԽՎ պատգամավոր հասկացությունը: Խոսքն աշխատանքային ընթացակարգին է վերաբերում, առավել ևս հայանպաստ, պետականամետ և, առաջին հերթին, Արցախի հերոսների պաշտպանությանն ուղղված առաջարկի դեպքում:
-Չե՞ք կարծում, որ մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացվեց նաև այն պատճառով, որ Հայաստանում աղոտ են պատկերացնում միջազգային կառույցների աշխատակարգը:
-Ո՛չ, ովքեր ոչնչից մեծ աղմուկ սարքեցին, լավ էլ պատկերացնում են միջազգային կառույցների աշխատանքը: Պատահական չէ, որ աղմուկը իրադարձության օրը չի բարձրացվել, այլ այն օրը, երբ Զարուհի Փոստանջյանը ելույթում մեղադրական խոսք է հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի վերաբերող, ով անօրինական, Սահմանադրությանը հակասող արտակարգ դրություն մտցրեց և զորք բերեց Երևան` չունենալով դրա իրավունքը: Եթե Դավիթ Հարությունյանի` մեր պետության դեմ արած առաջարկներն անցնեին, այս աղմուկը չէր լինի: Պատահական չէ, որ հիստերիան սկսվեց Panorama.am կայքից, որը, վաղուց գաղտնիք չէ, պատկանում է Դավիթ Հարությունյանին: Բոլոր հեռուստաալիքներով Զարուհու համատարած դատափետումը նշանակում է ուղղահայաց իջեցված հրահանգի սպասարկում: Որևէ մեկն ինձ չի կարող համոզել, որ Հայաստանում կա անկախ հեռուստաընկերություն, և այս ամենի իրականացնողներից մեկն այն մարդն է, ով Կիևում կողմ է քվեարկել Ադրբեջանի առաջարկած բանաձևին, թե Ադրբեջանը չի կարող լինել ժողովրդավարական, քանի որ նրա տարածքներն օկուպացված են: Թեպետ ի՞նչ զարմանաս Դավիթ Հարությունյանի վրա, երբ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն էր իրեն թույլ տալիս օկուպացված տարածքներ արտահայտությունը, ներկա նախարարն էլ մադրիդյան սկզբունքներ է ձևավորել, և այսօր քարտեզներ են գծում, որտեղ միայն ԼՂԻՄ-ի տարածքն է, ոչ թե ԼՂՀ-ի... Նույնիսկ Լաչինը չկա: Եվ նրանք քննարկում են հայրենասիրության ու դավաճանության հարցե՞րը: Զարուհի Փոստանջյանի առաջարկները «Ժառանգության» առաջարկներն են, որոնց մասին բարձրաձայնել ենք ոչ մեկ անգամ, ընդամենը կատարել ենք հասարակության նվազագույն պահանջը` Հայաստանում չպիտի լինեն քաղբանտարկյալներ: Գիտե՞ք` ամբողջովին համաձայն եմ Lragir.am-ին, որ եթե Զարուհին մեն-մենակ Կիրովաբադը վերցներ, այսքան աղմուկ չէր լինի: Մեր իշխանություններին հերոսներ պետք չեն, այլապես հերոսները բանտերում նստած չէին լինի:
-ԵԽԽՎ-ի նոր բանաձևն ինչպե՞ս եք գնահատում։ Չե՞ք կարծում, որ այն խիստ հակասական է։
-Եվրախորհուրդը «ո՛չ» նալին, ո՛չ գամին զարկելու գործունեություն է ծավալում: Լուրջ սպասելիքներ չկային, որ ամբողջովին օբյեկտիվ գնահատականներ են տրվելու, այդպես էլ պետք է լիներ, այնտեղ էլ կան չինովնիկներ, քաղաքական շահեր: Բանաձևում կան խստություն պարունակող կետեր, ամբողջովին խիստ է Ա1+-ի կետը, մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքների պարզաբանման պահանջը: Զարուհի Փոստանջյանի առաջարկը` զոհերի մահվան հանգամանքների պարզաբանման վերաբերյալ, իբրև առաջարկ թեև չի անցել, բայց ինչ-որ դրույթներ բանաձևում արտահայտվել են: Նկատի ունեմ փաստահավաք խմբի անդամների ներկայացրած փաստերի հրապարակայնացումը, ինչը մեծ ծավալի աշխատանքի հնարավորություն է ստեղծում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի համար։ Եթե փաստահավաք խումբը հնարավորինս համալրված լիներ միջազգային փորձագետներով, կպահպաներ չեզոքությունը: Խմբի ձևավորման տրամաբանությունը ենթադրում էր, որ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը պետք է չեզոք լիներ, բայց, ցավոք, այդպես չեղավ` ինչ-որ պահի նա էլ իշխանությունների կամքը կատարեց: Երևի ճնշումները շատ մեծ էին. որքան էլ ճնշումների փաստը հերքվի, դժվար է հավատալ, որ 7 ամիս էին նորմալ աշխատում, Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները բացահայտելուց հետո մի օրում «անհաղթահարելի տարակարծություններ» առաջացան, ու հանձնաժողովի «անտանելի մթնոլորտին» չդիմացան... Կարծում եմ` փաստահավաք խումբը, հատկապես ընդդիմադիր անդամները, բավականին ծավալուն աշխատանք արել էին` Համլետ Թադևոսյանի, «Չերյոմուխայի» կիրառման հետևանքով 3 զոհերի մահվան հանգամանքների պարզաբանման ուղղությամբ: Փաստահավաք խումբն այն օղակն էր, որ սպանություններն ու մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հնարավորություն կստեղծեր:
-Կարծում եք` մարտի 1-ի իրադարձությունները բացահայտվելո՞ւ են: Դա այն դեպքը չէ՞, երբ բոլորն ամեն ինչ գիտեն, ոչ մեկը ոչինչ չգիտի:
-Հասարակությունն ունի իր գնահատականները, բայց երկիրն իրավական պետություն դարձնելու խնդիր ունենք և իրավական գնահատականներ տալու անհրաժեշտություն, ուստի ամեն ինչ օրենքի տառին համահունչ պիտի ապացուցվի: Այլապես մարտի 2-ին արդեն ամեն ինչ հայտնի էր, տարիուկեսում ի՞նչ ավելացավ:
-ԵԽԽՎ բանաձևի պահանջները կկատարվե՞ն, թե՞ կշարունակվեն իմիտացիոն գործընթացները:
-Ինչ-որ կետեր կկատարվեն, թերևս ընտրական օրենսգրքում իշխանությունների համար ընդունելի փոփոխություններ կլինեն, որոնցով զարտուղի միջանցքներ ունենալու հնարավորություններ կստանան:
-Ընտրական օրենսգիրքն ընտրությունների նախօրեին է «ճիշտ» լրացումներ ու փոփոխություններ ստանում, շուտ չէ՞:
-Սկսել կարելի է, նաև գրանտներ ստանալ, ինչպես միշտ եղել է, փոփոխություններ կանենք, փոփոխությունների փոփոխություններ, բայց այս ամենն իմիտացիա է: Եթե հասարակությունն ունի իրական բարեփոխումների պահանջ, դրանք կիրառական դաշտ բերելու խնդիր, դու ոչ մեկը, ոչ մյուսը չես կատարում, արդեն իմիտացիա է:
-Ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանում իշխանությունն ու պետությունը, եթե ոչ հակադիր, իրարից շատ տարբեր հասկացություններ են:
-Դիտարկումը շատ ճիշտ է, որովհետև պետության հիմքում ժողովուրդն է, եթե ժողովուրդն է իշխանությունը ձևավորում: Ժողովրդավարական երկրներում այդպես է: Ես կարծում եմ, որ ժողովուրդը Հայաստանում իշխանական համակարգ ձևավորելուց հեռացվել է, թեպետ պետության հիմքում նորից մնում է ժողովուրդը, որովհետև մեր հայրենասեր ու համբերատար ժողովրդի շնորհիվ է պետությունը գոյատևում: Նման հանգամանքներում այլ երկրներ վաղուց վերացած կլինեին: Մեր դիմադրության ոգին շատ մեծ է:
-Այսինքն` ժողովրդին պարտադրվել է պտուտակի՞ դերը, առանց որի մեխանիզմը չի գործի, բայց որը ոչինչ չի որոշում:
-Ժողովրդին հնարավոր չէ որևէ դեր պարտադրել, ժողովուրդը միայն ինչ-որ պահ քաշվում է իր մեջ ու սպասում այն անձերին, ուժերին, որոնց հետ կարող է որոշակի հույսեր կապել ու մինչև վերջ գնալ: Երբ տարանջատում ես հասարակությունը, հեշտ է կառավարելը, հիմա մեր հասարակությունը որոշակիորեն տարանջատված է:
-Այսինքն` ժողովրդին իդեալ ու առաջնո՞րդ է պետք:
-Իդեա, իդեալ ու առաջնորդ: Դա շատ կարևոր է։ Կարող է հարց առաջանալ` Լևոն Տեր-Պետրոսյանն իդեա ու իդեալ չկարողացա՞վ առաջադրել, առաջնորդ չէ՞ր, երկուսն էլ էր, ուղղակի մարտի 1-ով կարողացան իրադարձությունների զարգացումը մի փոքր հետաձգել, բայց գործընթացներն այնպիսին են, որ վաղ թե ուշ փոփոխություններ են լինելու: Հասարակության մեջ բևեռացումը շատ է խորացել, եկամուտների բևեռացումը։ Իրավունքից օգտվելու, իրավունքի ու պարտականության հարաբերակցությունը պահպանելու բևեռացումը։ Իդեալական տարբերակն այն կարող է լինել, որ իշխանությունները մահակը դնեն մի կողմ ու փորձեն բարեփոխումներով հասնել հասարակական կայունության, երբ իսկապես մարդկանց մեջ միմյանց նկատմամբ հանդուրժողականություն կհաստատվի, իրական հիմքերի վրա իրական հանդուրժողականություն և ոչ թե բոցաշունչ ճառերի ու քարոզների լեյտմոտիվ միայն:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ