Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստանի Հանրապետության հիմնական ռազմավարական շահի սպասարկումից հրաժարվելը ստեղծեց որակապես նոր իրավիճակ

 Հայաստանի Հանրապետության հիմնական ռազմավարական շահի սպասարկումից հրաժարվելը ստեղծեց որակապես նոր իրավիճակ
19.07.2024 | 19:02

2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի շուրջ ստեղծվել էր սկզբունքորեն նոր իրավիճակ։ Առաջին անգամ, նոյեմբերի 10-ի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հանդես եկավ որպես կոնֆլիկտի մաս, այլ նաև կոնֆլիկտի պատճառ՝ միակողմանի հանձնելով Արցախի ինքնահռչակ հանրապետության մի շարք տարածքներ, այդ թվում Շահումյան-Քարվաճառի, Ակնայի, Քաշաթաղի շրջանները՝ որպես պատերազմում ռազմական պարտության հետևանք։

Դրանից սկսած՝ ձևավորվեցին Արցախի պատմության և նրա բնակիչների համար նման ողբերգական ավարտի նախադրյալներ, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսեցին միակողմանիորեն ընդունել Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններն ու խաղի կանոնները․ երկկողմ «խաղաղության պայմանագրի» (դուրս թողնելով Արցախը որպես կոնֆլիկտի կողմ) շուրջ բանակցություններ, Լեռնային Ղարաբաղի հայության և վերջինիս կարգավիճակի խնդրի տարանջատում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, ԽՍՀՄ ադմինիստրատիվ-տարածքային բաժանումը որպես երկու երկրների միջև սահամազատման և սահմանագծման օրակարգ, Լեռնային Ղարաբաղի ճանաչում որպես Ադրբեջանի անբաժանելի մաս՝ տարածքային ամբողջականության շրջանակներում, հայկական զինված ուժերի դուրս բերում և Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու օրակարգ, կոմունիկացիաների բացում և անխափան կապի ապարովում «Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանների» Նախիջևանի հետ, և այլն։

Այս զարգացումները բերեցին ներկայիս իշխանությունների գլխավորած Հայաստանի Հանրապետության, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի, իր անկախության պատմության մեջ առաջին անգամ, իր կարևոր ռազմավարական շահի սպասարկումից հրաժարվելուն (կամ դավաճանելուն)։ Այն է՝ Արցախի որպես քաղաքական միավորի, և Արցախի ժողովրդի որպես բնիկ էթնո-քաղաքական միավորի, նրա անվտանգության, ընտրած զարգացման ուղու միջազգային արենայում երաշխավորի ու աջակցի գործառույթից ու պարտավորվածությունից հրաժարվելուն։ Այս ռազմավարական շահի սպասարկումը ենթադրում էր Հայաստանի Հանրապետության կողմից հստակ պարտովորվածությունների ստանձնում և պատշաճ կատարում՝ համաձայն 1990 թ․ ՀՀ Անկախության հռչակագրի, որպես ՀՀ Սահմանադրության և պետականության լեգիտիմության հիմնասյունի, 1992 թ․ ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմանը, 2007թ․ ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարությանը, 2007թ․ՀՀ Զինված Ուժերի Դոկտրինի, 2020թ․ ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարության, և գրեթե բոլոր կառավարությունների ծրագրերի։ Ավելին, 2020թ․սեպտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության մասին որոշումը նույնպես բխում էր Հայաստանի Հանրապետության կողմից իր հիմնական ռազմավարական շահի սպասարկման պարտավորվածությունից, ինչն էլ նշված է ռազմական դրության որոշման հիմնավորման մեջ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից որպես «օկուպացված» վերոնշված տարածքների պաշտոնական հանձնումը, Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս, վերջ դրեց Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի վիճարկումը հիմնավորող քաղաքական նարատիվին (ճշմարտության հայկական ինտերպրիտացիային): Ճշմարտույան հայկական մեկնաբանության հետևյալ թեզերից էին․ Լեռնային Ղարաբաղի բռնի միացումը Սովետական Ադրբեջանին անարդար և անիրավական գործողության արդյունք է; արցախահայությունը, ինչպես և ողջ հայությունը 1989-1992թթ. ուներ խորհրդա-ադրբեջանական ագրեսիայից ինքնապաշտպանվելու իրավունք, ինչից էլ բխեցվում էր ինքնորոշման իրավունքը, Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

Առնվազն Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին ընդունված հայտարարությունից սկսած Հայաստանի Հանրապետության իշխանությունները ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց հիմնախնդրի ճշմարտության հայկական մեկնաբանությունից և ընդունեց ճշմարտության ադրբեջանական վերսիան՝ առաջին անգամ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես անկախ Ադրբեջանի մաս, հետևաբար՝ Ադրբեջանի ներքին գործերին չխառնվելու պարտավորվածությամբ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության հիմնական ռազմավարական շահի սպասարկումից հրաժարվելը ստեղծեց որակապես նոր իրավիճակ։ Հայաստանի Հարապետությունը հրաժարվեց միջազգային հարաբերություններում իր կարևոր ինքնություն-դերից որպես միջազգային հարաբերություններում ղարաբաղյան հիմնախնդրի վիճարկող-բենեֆիցիար միակ կողմի՝ ստեղծելով իրավիճակ, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը որպես էթնո-քաղաքական տարածք և միավոր այլևս վիճարկելի չէ միջազգային հարաբերությունների որևէ սուբյեկտի կողմից։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վերջինիս աներկբա Ադրբեջանի մաս ճանաչելը, միջազգային հարաբերությունների տեսանկյունից տվեց Ադրբեջանին լեգիտիմ իրավունք արդեն իսկ միջազգայնորեն չվիճարկվող հայտարարված տարածքում կիրառել ուժ՝ սահմանադրական կարգ հաստատելու նպատակով։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 7437

Մեկնաբանություններ