Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տրամադրվող օժանդակությունը միտված է ավելի շատ ՈՒկրաինայի փլուզումը շարունակելուն

Տրամադրվող օժանդակությունը միտված է ավելի շատ ՈՒկրաինայի փլուզումը շարունակելուն
22.04.2024 | 08:23

ՈՒկրաինայում ընթացող պատերազմը ՈՒկրաինայի համար վաղուց է կանխորոշված, ու որևէ արտաքին օժանդակություն չի կարող այլևս հիմնարար փոխել իրադարձությունների ընթացքը։ Տպավորությունն այնպիսին է, որ Արևմուտքում էլ են սա հրաշալի հասկանում, և եթե նախկինում ցուցաբերված օժանդակությունը հիմնավորում էին ռազմադաշտում Ռուսաստանին հաղթելու անհրաժեշտությամբ, այսօրվա տրամադրած օգնությունը հիմնավորում են Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Ակնհայտ է, որ գործ ունենք միանգամայն տարբեր հռետորաբանությունների հետ։ Այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ-ի շարժառիթը ՈՒկրաինային ռազմական օժանդակություն ցուցաբերումը շարունակելու հարցում։

1. ՈՒկրաինային տրամադրվող օժանդակությունը, նախ և առաջ, ներդրում է սեփական ռազմարդյունաբերական համալիրի վրա։ ԱՄՆ-ում սա երբևէ չեն թաքցրել։ Սրա մասին բարձրաձայնել են Բայդենը, Օստինը, Բլինքենը, Սալիվանը։ Միմյանց ներծծված ռազմարդյունաբերական և ֆինանսական էլիտաները ԱՄՆ-ում միշտ էլ դոմինանտ են եղել քաղաքական էլիտայի նկատմամբ։ Այս առումով նոր բան տեղի չի ունենում։

2. ՈՒկրաինային տրամադրվող օժանդակությունը միտված է ավելի շատ ՈՒկրաինայի փլուզումը շարունակելուն, քան՝ Ռուսաստանին հյուծելուն։ ԱՄՆ-ում հասկանում են, որ Ռուսաստանը վաղ թե ուշ հսկողություն է սահմանելու եթե ոչ ամբողջ ՈՒկրաինայի, ապա նրա բավական մասի վրա, հետևաբար, քայքայված տնտեսությամբ ու ենթակառուցվածքներով ստացած մասում Ռուսաստանն է ջանքեր գործադրելու վերականգնման համար։ Իսկ սա գլոբալ մրցապայքարում լրացուցիչ ռեսուրսներ է խլելու Ռուսաստանից։

3. Նախքան ռազմական օժանդակություն ցուցաբերելը ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որպեսզի ՈՒկրաինայում տոտալ զորահավաքի մասին օրինագիծն ընդունվի։ Սա լավագույնս արտացոլում է այն իրական ցինիզմը, որն Արևմուտքում փորձում են խնամքով թաքցնել հումանիզմի ներքո։ Ի վերջո, թելադրող ֆինանսա-ռազմարդյունաբերական էլիտայի համար հարյուր հազարավոր ուկրաինացիների ճակատագիրը որևէ արժեք չի ներկայացնում, եթե կարելի է քարոզչամեքենայի օգնությամբ ներկայացնել, որ «յուրաքանչյուր մեծ ձգտում իր գինն ունի»։

4. Եվրոպան` որպես տնտեսական մրցակից վերջնականապես ոչնչացնելը։ Եվրոյի գոտին տնտեսական առումով մրցունակ կարող է լինել մի պարագայում, երբ եվրոպական տնտեսության լոկոմոտիվ հանդիսացող Գերմանիայի և Ռուսաստանի միջև լինեն լավ հարաբերություններ։ ՈՒկրաինական հակամարտության երկարաձգումը ավելի է խորացնում բաժանարար գիծը, որն այսօր առկա է եվրոպական տնտեսությունների ու Ռուսաստանի միջև։ Սրանից շահում է Միացյալ Նահանգների ֆինանսա-ռազմարդյունաբերական էլիտան, տուժում` Ռուսաստանն ու Եվրոպան։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ