Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Օրհնեցե՛ք, սրբազան հայրեր

Օրհնեցե՛ք, սրբազան հայրեր
13.02.2018 | 07:36

Խորհրդային տարիների հավատքի կաշկանդումներից հետո թվում էր` անկախության քառորդ դարի ընթացքում մեր պապերից եկած հավատն այնքան ամուր, անխախտ ու աստվածամերձ պիտի դառնար մեզանում, որ պիտի մաքրեինք մեր հոգու և հավատի տաճարը, որը խաթարվել էր անաստված կամ թաքուն հավատքի տարիներին: Սակայն հենց նույն այդ քսանհինգ տարիներին նոր փորձության ենթարկվեցինք. տնտեսության փլուզում, այդ հողի վրա բարոյական արժեքների ներմուծյալ աղավաղում, ազգային արժեհամակարգի դեմ տեսանելի և աներևույթ հարձակումներ, որոնք, «կաթիլը քար է ծակում» անժխտելի ճշմարտությունը հաստատելով, փորձում են ազգը հեռացնել իր ավանդական աշխարհընկալումից կամ պարզապես ինքն իր ձևով ապրելու և հավատալու մարդկային բնույթից: Եվ սոցիալական բևեռացումն ու անարդարության աղաղակող իրողությունը խաթարեցին հայ մարդու մեջ (և ոչ միայն հայի) մաքուր ու անկաշառ հավատի երջանկությունը: Վկան բազմաթիվ աղանդների գոյությունն է, որոնք ժողովրդի սոցիալական վիճակը շահարկող «բարեգործական» գործունեության անվան տակ հոգեորսություն են իրականացնում:

Հենց դրանք էլ խաթարում են մեր ազգային հավաքական հավատքը: Սակայն անաղարտ հավատը բնավ կապ չունի եկեղեցաշինության հետ: Այսօր մեր հասարակության համար մի տեսակ անընկալելի է դարձել այս աղքատ, քաղաքական և տնտեսական մռայլ ներկա և դրանից ածանցյալ ապագա ունեցող երկրում այսքան ճոխ եկեղեցիներ կառուցելը: Եկեղեցիների կառուցման այս մրցավազք-շքահանդեսի մասին բազմիցս է գրվել. հավատացնում եմ՝ շքեղ եկեղեցիների առատությունը բնավ չի նպաստում հավատի զորությանը. չէ՞ որ մեր հայրենակիցների մի մասը հավատի «ծարավը» հագեցնելու համար չէ, որ դառնում է աղանդավոր կամ հարում է այլ դավանանքի, որոնք չունեն եկեղեցու շենք, առավել ևս` ճոխ, այլ սովորական ժողովատեղիներում են հավաքվում, և նրանց հոգևոր հովիվ-եղբայրները կարողանում են իրենց գաղափարների շուրջ հավաքել մոլեռանդության հասնող հավատով մարդկանց: Հանճարեղ Ջիվանին դեռևս 1883-ին է ասել. «Իրանք սնունդ չունին ապրելու համար, հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք»:


Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել Աջապահյանն իր հարցազրույցներից մեկում ցավով ասել է՝ նա, ով չի ուզում կամ չի կարող եկեղեցի կառուցել, թող կազինո և հասարակաց տուն կառուցի, այսինքն` ընտրությունն իրենն է: Ստացվում է՝ կազինոներ կառուցողները մեր հասարակության մի խավից են, իսկ եկեղեցիներ կառուցողները` մի այլ հավատի ու բարեպաշտության դաշտու՞մ են: Բնավ ո՛չ: Ցավում եմ, որ մեր երկրում կազինո և հասարակաց տուն նույնպես այնքան շատ են կառուցվում, որ հոգևոր առաջնորդը դրանց ի հակակշիռ դնում է հավատի տունը՝ եկեղեցին: Ցավով պիտի փաստել, որ նույն այդ եկեղեցիներ կառուցողները կազինո և հասարակաց տուն, ռեստորան ու հյուրանոց կառուցողներն են: Այո՛, իհարկե եկեղեցի պետք է լինի քաղաքներում և գյուղերում, բայց ոչ ի հաշիվ մարդու՝ բնակարան, աշխատատեղ ու աշխատանք ունենալու: Չի կարող հավատի նվիրյալ լինել այն մարդը, որն անազնիվ ճանապարհով ձեռք բերած հարստության և ճոխության ախտի մեջ է, և գուցե նաև այն մարդը, ով իր ազնիվ աշխատանքով չի կարողանում հանապազօրյա հացը վաստակել և տուն ունենալ:

Հոգևոր հայրերն իրենց բարի խրատով և խոսքով պետք է կարողանան մեղմել սոցիալական անհավասարության այս ահռելի հակասությունը, աղքատության և գործազրկության խորացումը, մի խումբ մարդկանց անսահմանափակ հարստացումը մեր երկրում և այս եկեղեցաշինության մրցավազքը: Այսօր «իրենք սնունդ ու միջոց չունեն ապրելու համար» տողերը, իհարկե, եկեղեցիներ կառուցողներին չեն վերաբերում. այդ մարդիկ ճոխության ու զեխության մեջ են խրված, ես չեմ ասում՝ ապրում են, որովհետև դա հեռու է աստվածապարգև կյանք լինելուց: Երբ երկիրդ ու ժողովուրդդ անարդար ու դաժան պատերազմի մեջ են, երբ զինվորդ՝ բանակ գնացող, տանը թողնում է անապահով ծնողներին ու քույր-եղբայրներին, երբ բանակի ծառայությունից վերադարձած երիտասարդը չի գտնում աշխատանք հարազատ քաղաքում կամ չի կարողանում կրթության վարձը վճարել և ստիպված թողնում է բուհը, երբ բանակում ծառայում են միայն անապահով հայ գյուղացու և քաղաքացու որդիները, բայց ո՛չ եկեղեցի կառուցողների զավակները, երբ հրամանատարն այնքան քիչ է վարձատրվում, որ գայթակղվում է և զինվորի բաժին սնունդը տուն է տանում իր զավակների համար, երբ երկրում գործարան կառուցելու փոխարեն շքեղ ռեստորաններ ու հսկա խանութներ են բացվում, որոնց նպատակը մեր ժողովրդի ձեռքից փողը վերցնելն է, ա՛յն փողը, որ օտար երկրներում քարը բարձ արած մեր զավակներն են վաստակում և ուղարկում տուն, երբ անվճար մանկապարտեզների փոխարեն ամենուրեք բացվում են դեղատներ և բենզա-գազալցակայաններ, մինչդեռ մեր շատ գյուղերում չկան մանկապարտեզներ և, այսպես կոչված, մշակույթի տներ, որտեղ կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ համերգ, ներկայացում, իսկ գյուղի երեխաները հնարավորություն կունենան երաժշտական և նկարչական դասեր առնելու, երբ գյուղացու դառը քրտինքով վաստակած բերք ու բարիքը մնում են մեր հանրապետության փոքրիկ շուկայի սպառման հույսին, և հաճախ չսպառված բնամթերքը թափում են՝ փչանալու պատճառով, մինչդեռ այդ կազինոների ու շքեղ եկեղեցիների և մնացյալ ճոխությունների ու անկարևոր բաների առատության փոխարեն պետք է պարզապես գյուղերում և մարզկենտրոններում գյուղմթերքի վերամշակման փոքր գործարաններ կառուցել և նախ փրկել հայոց հողի տված հրաշալի բարիքը, ապա նաև ապահովել և՛ աշխատատեղերով, և՛ արտահանման համար տնտեսական հիմք ստեղծել: Երբ հիվանդ մարդը բժշկի է դիմում դանակը ոսկորին հասնելուց հետո կամ երբեք էլ չի դիմում, որովհետև բուժումն այնքան թանկ է, որ գերադասում է իր գոյությունը մի կերպ քարշ տալ՝ հույսը դրած Աստծո վրա, երբ թոշակն ու աշխատավարձերն այնքան ցածր են, որ ժողովուրդը հոգեդարձ վիճակում է ապրում...


Կարելի է այսպես երկար թվարկել, բայց այս թվարկումն էլ բավական է՝ համոզվելու, որ մեր երկրում այսքան կազինո, ռեստորան ու, որպես ի հակաշիռ դրանց, նաև հավատի տուն` եկեղեցի կառուցելն արդարացված չէ:
Կարո՞ղ են մեր հոգևոր հայրերն իրենց քարոզներով և հորդորներով, եկեղեցու սպասավորների անձնական կյանքի օրինակով մաքրել մեր սուրբ, բայց ոտնակոխ երկրում բարոյական դաշտը, որպեսզի հավատն առ Աստված լինի ի խորոց սրտի: Չէ՛, հոգևոր հայրեր, այս հարցը ձեզ խելապակաս մեկը չի տալիս, սա մեր ժողովրդին մտահոգող շատ կարևոր, ես կասեի` ճակատագրական հարց է: Եթե անգամ մի «խելապակաս» է այդ հարցը բարձրացնում, ուրեմն նա խելապակաս չէ, քանի որ նրան մտահոգում է երկրի ու ժողովրդի վիճակը: Իսկ եթե հարցը բարձրացնողն իսկապես խելապակաս է և իր անհիմն հարցով «նեղացնում» է եկեղեցուն, ուրեմն եկեղեցին ականջալուր պիտի լինի անգամ նրան` իբրև իր հոտի մոլորյալ անդամի:
Հոգևոր հավատի միատարրությունն ապահովում է ազգի ու ժողովրդի միասնությունն ու հզորությունը, սակայն աղանդների այսպիսի բազմությունն ու բազմազանությունը սպառնում են մեր երկրի անվտանգությանը: Զարմանալի է, որ որոշ հոգևորականներ վստահ են, որ աղանդավորականները հավատի դաշտում կմնան փոքրամասնություն, և միամտորեն հայտարարում են, թե կարևորը մեծամասնությունն է, իսկ փոքրամասնությունն ինչ ուզում է` անի, թե՞ լինի: Բայց չէ՞ որ այդ աղանդավորները հայ են: Հոգևորականների մի մասի այդպիսի տրամաբանության հետևանք են այդ փոքրամասնության` աղանդավորականների առաջացումն ու աղանդավորական որջին գերի դառնալը: Հոգևոր փնտրտուքի ճանապարհին որոգայթն ընկած մարդկանց դեպի հոգեորսության որջի տարտարոսը մղելը նույնպես մեղք է:
Մենք այս իրավիճակում հայտնվեցինք հենց այն բանից հետո, երբ անազնիվ ճանապարհով ձեռք բերած նյութական հարստությունն ու հոգևոր հավատը դրվեցին կշեռքի նույն նժարի վրա` տալով առաջինին արդարացում` եկեղեցաշինական մարմաջի կարևորությունը փաստարկելու համար: Հոգևոր հավատի անկման իրականությունը Հայաստանում չափից ավելի դառն է, որպեսզի մենք կազինոների և հասարակաց տների կառուցմանը հակադրենք եկեղեցաշինությունը` իբրև հավատի վերականգնման դրսևորում: Անազնիվ ճանապարհով փող դիզած և դիզել շարունակող մեծահարուստը, եկեղեցի կառուցելով, չի կարող մաքրվել մեղքերից, դրա համար այլ ուղիներ կան, ես չէ, որ պիտի մատնանշեմ այդ ուղիները: Հիշեցնեմ միջնադարյան Եվրոպայում ինդուլգենցիաների մասին, երբ մեծահարուստ մարդիկ մեծ գումար էին վճարում կաթոլիկ եկեղեցուն և Աստծուց մեղքերի թողության «հավաստագիր» էին ստանում: Այսօրվա եկեղեցաշեն մեծահարուստները, եթե իսկապես ուզում են մաքրվել իրենց մեղքերից, նախ թող դադարեն երկիրն ու ժողովրդին թալանելուց, ապա վերականգնեն մեր խոնարհված եկեղեցիները, դրանով միաժամանակ երկու կարևոր գործ արած կլինեն.
ա) մեր պատմական և մշակութային արժեքները կվերականգնվեն,
բ) ժողովրդի մեջ հարգանք ու ակնածանք կառաջանան մեր եկեղեցու և հավատի հանդեպ, հայ մարդը չի հեռանա աղանդավորության մոլորյալ ճանապարհով:


Հետաքրքիր է, թե մեր բարձրաստիճան հոգևորականները վերջին անգամ ե՞րբ և ո՞ր խոնարհված եկեղեցում են եղել, կազմակերպել նրա շրջապատի մաքրումն ու պատարագ մատուցել: Մեր եկեղեցին կարո՞ղ է հայ մարդուն, գոնե մայր Հայրենիքում, պահել որպես առաքելական սուրբ եկեղեցու հավատի անդավաճան հավատավոր: Միայն թե չփաստարկեք, թե մարդն ազատ է իր հավատի ու խղճի ընտրության հարցում:
Ո՛չ, խիղճը ապրանք չէ, որ ընտրեն ու ասեն՝ ճաշակին ընկեր չկա: Հայաստանում հոգեորսությունը հետևանք է ոչ միայն և ոչ այնքան առ Աստված ունեցած հավատի թուլացման, սա նյութական հողի վրա ազգապառակտում է: Ցավոք, մարդիկ այսօր գնում են շատ թե քիչ նյութական ապահովություն, երբեմն նաև գոյատևելու հնարավորություն տվողի հետևից, իսկ հետո նաև հոգևոր պարապն են լրացնում: Մի՞թե այդպես չէ, սրբազան հայրեր:
Ես հավատում եմ մեր սրբազան հայրերի խոսքի ու գործի զորությանը: Մենք տեսանք, թե ինչպես Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Աջապահյանը կարողացավ 2015 թվականի հունվարյան ոճրի օրերին հանդարտեցնել բորբոքված ժողովրդին՝ կանխելով արյունալի ընդհարումը: Խոնարհումս: Բայց այսօր եկեղեցու նույն այդ բարձրաստիճան առաջնորդը Պիղատոսի նման լվանում է ձեռքերը, հայտարարելով, թե «Ընտանեկան բռնությունների դեմ օրենքը» ոչ մի վտանգ չի պարունակում, ընդհակառակը, այդ օրենքի բացակայությունը կարող է վտանգներ ունենալ հայ ընտանիքի համար ընդհանրապես, մեր ազգի ու պետականության կայունության համար՝ մասնավորապես:

«Ընտանեկան բռնությունների դեմ» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին խոսեց ՀՀ արդարադատության նախարարը, և ես զարմացա, թե ինչպես կարող է իրավաբանական բավարար կրթությամբ մարդն ունենալ այսքան պարզունակ մտածողություն:
Ընտանեկան բռնության դեմ պայքարելու միակ ձևը ընտանիք կազմող և արդեն ընտանիք կազմած երիտասարդ մարդկանց հոգեբանական հատուկ դասընթացներով կրթելն ու նրանց ընտանեկան կիրթ վարվեցողություն սովորեցնելն է. միայն այդպես կարելի կլինի վերացնել բռնությունը ընտանիքում, ոչ թե հոր բռնություններին զոհ դարձած երեխաներին ընտանիքից հեռացնել ու ապաստարաններում «ապահովություն» տալ: Մինչդեռ այդ բռնակալ տղամարդուն թողնում են անպատիժ` իբր ընտանիքը չքայքայելու ազնիվ մղումներով: Եվ որոշ ժամանակ հետո այդ բռնակալ հորը ծնողական իրավունքներից կարող են զրկել, իսկ հետո ապաստարանում հայտնված երեխաներին որդեգրման կտան այլ երկրի քաղաքացիների: Իսկ եթե այդ նույն տղամարդը շարունակի՞ իր բռնությունները նաև մյուս երեխաների հանդեպ, ի՞նչ է, մյուս երեխաներին նույնպե՞ս պիտի ապաստարան տանեն, իսկ բռնակալ հայրը մնա անպատի՞ժ: Դե, էլ չեմ ասում, թե պետական ինչ ահռելի միջոցներ են վատնվելու ապաստարաններ կառուցելու, մասնագետներ պատրաստելու, սպասարկելու, այդ երեխաների սննդի և այլ սպասարկումների համար:
Ահա այսպիսի տրամաբանություն:


Եթե միտում չկա մեր երեխաներին մեզնից խլելու և օտարելու, ուրեմն այս «ծրագիր»- օրենքի հեղինակները սթափ դատողությունից զուրկ են, իսկ եկեղեցաշինությունը խաղատների և ռեստորանների առատությանը հակադրելը, իբրև հավատի ամրացման միջոց և գրավական, պարզապես մոլորություն է: Օրհնեցե՛ք, սրբազա՛ն հայրեր:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 25099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ