38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի քաղաքականության ամփոփումը ամերիկյան փորձագետների կողմից

Հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի քաղաքականության ամփոփումը ամերիկյան փորձագետների կողմից
14.04.2009 | 00:00

ԱՄՆ-Ը ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ
2008-ի աշնանը ԱՄՆ-ի մի շարք առաջատար «ուղեղային կենտրոններում» տեղի ունեցան սեմինարներ և այլ համաժողովներ Արևելյան Եվրոպայի խնդիրների շուրջ։ Ամերիկյան փորձագետներն ամփոփեցին ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ մեծ տարածաշրջանում բավական երկար ժամանակահատվածի կտրվածքով` սկսած ԽՍՀՄ փլուզումից։ Եվ որոշ հետևություններ իսկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում։
Ամերիկյան վերլուծական հանրության մեջ Ռուսաստանի գծով առաջատար մասնագետների կարծիքով, Սպիտակ տանն այդպես էլ չի հաջողվել ձևավորել բավարար պատրաստվածություն ունեցող քաղաքական ծրագրավորողների խումբ, որը զբաղվեր Ռուսաստանով։ Ասպարեզում գործող մասնագետները հաճախ ավելորդ գաղափարականացված են, կապված այս կամ այն խմբավորումների հետ իրենց շահերով, ինչը չի նպաստում արդյունավետ առաջարկությունների մշակմանը։ Ձևավորված չէ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վերջնական կոնցեպցիան։ Առայժմ պաշտոնական դիրքորոշման մեջ գերիշխում է Քոնդոլիզա Ռայսի մշակած մոտեցումը, որը ենթադրում է Ռուսաստանի միջազգային կարգավիճակի արհեստական նվազեցում և հրաժարվում Մոսկվային դիտարկել իբրև առաջնահերթ կարևորության գործընկեր։
Այս կապակցությամբ ԱՄՆ-ում աջ կողմնորոշում ունեցող ինտելեկտուալ էլիտան, որն էլ Ջորջ Բուշի վարչակազմի համար մշակել էր վերոհիշյալ դիրքորոշումը, շարունակում է մնալ Ռուսաստանի դերն ու նշանակությունը միջազգային կյանքում անտեսելու դիրքերում։ Այս շրջանակի ներկայացուցիչների կարծիքով, միջուկային հրթիռների պոտենցիալի տիրապետելու հանգամանքը չի կարող պայմանավորել Ռուսաստանի դերը իբրև հզոր տերության։ Ռուսաստանը մոտ հեռանկարի կտրվածքով զարգանալու է բավական դանդաղ, չի սպասվում նշանակալի տնտեսական թռիչք, իսկ տնտեսական աճը լավագույն դեպքում սահմանափակվելու է տարեկան 4-5 տոկոսով։
Ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի քաղաքական առաջնահերթություններն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Ռուսաստանը գիտակցում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը, որը ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմի քաղաքականության գլխավոր ուղղությունն էր, միևնույն է, տեղի է ունենալու։ Մոսկվան չի կարող շատ երկարաժամկետ կտրվածքով դիմադրել դրան և արդեն իսկ տարբեր առիթներով ակնարկել է, որ կարող է համաձայնություն տալ` ԱՄՆ-ի կողմից որոշ պայմանների ընդունման դեպքում։ Սակայն խնդրահարույց է հենց այն, թե ինչպիսի պայմաններ ու փոխզիջումներ կարող են ընդունելի լինել երկու կողմերի համար։ Առայժմ այս հարցը պարզաբանված չէ, սակայն հակահրթիռային պաշտպանության համակարգի խնդիրը Ռուսաստանի տեսանկյունից առաջնային չէ ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Այն միջնաժամկետ նշանակություն ունի, և այդ կապակցությամբ որոշումները դեռ առջևում են։ Ռուսաստանին, իբրև առաջնահերթ խնդիր, ավելի մտահոգում է ՆԱՏՕ-ի ընդարձակումը, և հենց այդ հարցն է, որ բանակցությունների հիմնական առարկան է լինելու ռուս-ամերիկյան քաղաքական հարաբերություններում։ Սակայն այդ ոլորտում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են հանգել լայն փոխզիջման, այդ թվում նաև` տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ամերիկյան փորձագետների կարծիքով, ՆԱՏՕ-ի շարունակական ընդարձակումը դեպի Արևելք իր մեջ պարունակում է մի շարք պրոբլեմներ, որոնք պայմանավորված են Արևելյան Եվրոպայում ընդհանուր անկայունությամբ։ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» և IPAP ծրագրերի իրագործումը ցույց տվեց, որ Արևելյան Եվրոպայի երկրների մեծամասնությունն իրականում պատրաստ չէ բավարարելու Հյուսիսատլանտյան, դաշինքի նույնիսկ տարրական պահանջները և ոչ միայն քաղաքական ոլորտում։ Զինված ուժերի կառուցումն այդպիսի մեծ քանակությամբ պետություններում, որոնք ունեն սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր մակարդակ, պահանջում է բազմաթիվ ռազմավարական խնդիրների ընկալում, ինչին մինչև վերջ չի հաջողվել հասնել, գումարած զգալի ֆինանսական և ռազմատեխնիկական միջոցների անհրաժեշտությունը, ինչպես նաև կոնֆլիկտային խնդիրների առկայությունը։ Օրինակ, բալթյան պետությունները, ՆԱՏՕ-ի անդամ լինելով հանդերձ, միաժամանակ ունեն բազմաթիվ ներքաղաքական, էթնիկ ու սոցիալական պրոբլեմներ։ Նրանք սահմանակցում են Ռուսաստանին, և կա մտահոգություն, որ այդ խնդիրները կարող են ՆԱՏՕ-ն ներքաշել լուրջ կոնֆլիկտային իրավիճակի մեջ` կապված Ռուսաստանի քաղաքականության ու շահերի հետ։
ՈՒկրաինան, իբրև պետություն, իրականում ընդհանրապես չի կարող հավակնել ՆԱՏՕ-ին անդամակցելուն` տեսանելի և նույնիսկ ավելի հեռավոր հեռանկարում։ Նկատի է առնվում ՈՒկրաինայում 12,5 մլն ռուսական բնակչության առկայությունը, արդյունաբերության առաջատար ճյուղերի անկումը, հարևանների հետ բարդ հարաբերությունները, ինչի հետևանքով նա դատապարտված է Եվրոպայի թույլ պետություններից մեկը լինելու։ ՈՒկրաինական պետության թուլությունը հեռանկարում կարող է դառնալ ավելի ու ավելի կարևոր գործոն Արևելյան Եվրոպայում անկայունության առումով։ ՈՒկրաինան փորձում է ներգրավվել նոր, արևմտամետ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կառուցվածքներում, սակայն առանձնակի հաջողություններ չկան։ Պատճառն այն է, որ այս երկրի քաղաքական դասակարգն առավելապես ձգտում է գործնական չեզոքություն պահպանել արտաքին քաղաքականության մեջ ու, ըստ էության, չի մասնակցում Եվրոպայում նոր հարաբերությունների կառուցմանը։ Մինչդեռ ավելի փոքր պետությունները` Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը ավելի ակտիվ ու նկատելի են արտաքին քաղաքականության մեջ, քան բազմամիլիոն ՈՒկրաինան։ Կիևն առայսօր չունի քիչ թե շատ մշակված արտաքին քաղաքական դոկտրին և հետևում է առավելագույն պրագմատիզմի սկզբունքին։ Գործնականում, սակայն, ՈՒկրաինան բացարձակապես չի օգտագործում իր հնարավորությունները Սև ծովի ավազանում, Բալկաններում, Հարավային Կովկասում և ընդհանուր եվրոպական քաղաքական թատերաբեմում։ Արտաքին քաղաքականության մեջ Կիևի բոլոր ջանքերը սպառվում են Ռուսաստանի քաղաքականությանը և նրա արտաքին քաղաքական հավակնություններին ցուցաբերվող դիմադրությամբ։ ՈՒկրաինայում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ոչ միայն տնտեսական դժվարությունների և սոցիալական չկարգավորված հիմնախնդիրների հետևանք են, այլև պետության թուլության, որովհետև ուկրաինական հասարակությունն ընդունակ չգտնվեց առաջարկելու երկրի արևելյան և արևմտյան մասերի քաղաքական համակեցության որևէ մոդել, նկատի ունենալով պետության այդ հատվածների տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշվածությունը։
Վրաստանը հայտարարել ու շարունակում է «բախել» ՆԱՏՕ-ի դռները, սակայն գործնականում չի ապահովել դաշինքին անդամագրվելու կամ նրա հետ համագործակցելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն մակարդակը։ ՆԱՏՕ-ն պատրաստ է էական օգնություն ցուցաբերել Վրաստանին ու Ադրբեջանին, սակայն պատրաստ չէ պատասխանատվություն վերցնել նրանց անվտանգության համար կամ, առհասարակ, անվտանգության երաշխիքներ տրամադրել Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններին։ Կովկասն ու Սևծովյան ավազանը մնում են շատ վտանգավոր և անկանխատեսելի տարածաշրջաններ ՆԱՏՕ-ի համար։ Գործնականում այս տարածաշրջանները, առավել ևս Կենտրոնական Ասիան, օպերատիվ-տակտիկական տեսանկյունից դժվար հասանելի են ՆԱՏՕ-ի համար։ Արևմուտքում առայժմ չկան կանխատեսումներ այս տարածաշրջաններում առավել խոշոր ռազմաքաղաքական հակամարտությունների վերջնական հանգուցալուծման վերաբերյալ։ Բացի այդ, ՆԱՏՕ-ում գնալով ավելի մեծ դերակատարություն են ստանձնում առաջատար եվրոպական պետությունները, որոնք ընդհանրապես շահագրգռված չեն Սև ծովում ու Կովկասում ռազմական ներկայությամբ։ «Եվրո-ՆԱՏՕ» կառուցվածքների զարգացումն ամենից առաջ ցույց է տալիս, որ առկա է եվրոպական քաղաքական մեկուսացման գաղափարախոսության աճ, այլ ոչ թե ինտեգրացիոն միտումներ Արևելյան Եվրոպայի նկատմամբ։ Չկա քաղաքական ակտիվության աճ, ինչպես ենթադրում են շատ քաղաքագետներ։ Քաղաքական մեկուսացման եվրոպական գաղափարախոսությունը և եվրոպական պետությունների հիմնարար տնտեսական շահերը ենթադրում են ավելի մեծ անկախություն ԱՄՆ-ից։ Եվրոպական զինված ուժերի ստեղծման ձևաչափը, նպատակներն ու խնդիրներն արտահայտում են Եվրոպայի զարգացման հենց այդ միտումները։
Հարկ է նշել, որ Արևմուտքում բացակայում է Կենտրոնական Ասիայում անվտանգության ու կայունության ապահովման խնդիրների ընկալումը։ Այս տարածաշրջանն այնքան հեռավոր ու սպեցիֆիկ է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերներն առայժմ զուսպ դիրքորոշում ունեն։ Այս տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նկատմամբ տարածաշրջանի պետությունների կողմից անսպասելի պահանջների` իրենց անվտանգության ապահովման վերաբերյալ։ Արևմուտքն առայժմ չի կարողացել այդ առումով կենտրոնասիական երկրներին որոշակի բան առաջարկել, գործնականում առաջնությունը զիջելով Ռուսաստանին։ Ներկայումս Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում ավելի նախընտրելի դիրքեր ունի ու գործնականում հովանավորություն է իրականացնում երեք պետությունների` Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նկատմամբ, ցույց տալով, որ միայն ինքն է ընդունակ ապահովելու նրանց անվտանգությունը։
Սակայն, միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը չի պատրաստվում իջեցնել իր քաղաքական ներկայության աստիճանը Կենտրոնական Ասիայում, ձգտելով ընդլայնել նաև տեղեկատվական-հետախուզական հնարավորությունները, տնտեսական ծրագրերը և քաղաքական ազդեցությունն ընդհանրապես։ Ամերիկյան քաղաքականության կարևոր տարրերից մեկն այս տարածաշրջանում և հետխորհրդային նորանկախ պետություններում առհասարակ, ֆինանսական օգնության տրամադրումն է Միջազգային զարգացման գործակալության միջոցով, կամ այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների, որտեղ Վաշինգտոնի դերակատարությունը վճռական է։ Թալիբների հետ կապված խնդիրները կրկին ակտիվացրել են ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում։ Ժամանակին ԱՄՆ-ը նույնիսկ փորձեց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանի հետ թալիբների դեմ պայքարի ուղղությամբ, սակայն Ռուսաստանն այնպիսի բարձր մոբիլություն ցուցաբերեց այդ դաշտում, որ ԱՄՆ-ը զգալով ռուսական ազդեցության վերականգնման իրական վտանգը Կենտրոնական Ասիայում, դադարեցրեց Մոսկվայի հետ համագործակցությունը։ Ռուսաստանի առավել զգալի հաջողությունը Կենտրոնական Ասիայում ՈՒզբեկստանի կողմից իր արտաքին քաղաքականության կողմնորոշման վերարժևորումն էր։ ՈՒզբեկստանի ղեկավարությունը ներքին ու արտաքին քաղաքականությունը կառուցում է կլանների շահերից ելնելով և առիթ ունեցավ համոզվելու, որ առանց Ռուսաստանի չի կարող պահել իշխանությունը։ ԱՄՆ-ը ոչինչ չի առաջարկել ՈՒզբեկստանին իսլամական արմատական շարժումների հնարավոր ագրեսիան կանխելու ուղղությամբ։ Առայսօր Կենտրոնական Ասիայում բավական պասիվ են նաև ամերիկյան ընկերությունները, որոնք ներդրումների ծավալներով ու կարևորությամբ զգալիորեն զիջում են գերմանական, ֆրանսիական կամ ճապոնական կապիտալին։ ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի համար կենտրոնասիական շուկաներում լուրջ մրցակից է դարձել Չինաստանը, որը տարածաշրջանում ունի բազմաբնույթ շահեր, ի դեմս իր սփյուռքի` գործունեություն ծավալելու հենակետեր և ավելի նախընտրելի կոմունիկացիոն հնարավորություններ։ ԱՄՆ-ը ընդհանուր առմամբ չփորձեց աջակցություն ցուցաբերել նաև Թուրքիային Կենտրոնական Ասիայում տնտեսական ներթափանցման առումով։ Վաշինգտոնը հնարավորություն ընձեռեց Անկարային մտնելու ազատ գեոտնտեսական մրցակցության դաշտ Իրանի, Չինաստանի, եվրոպական երկրների հետ, ինչն ի սկզբանե Թուրքիային դատապարտում էր լուրջ բարդությունների առջև կանգնելուն։
Ամերիկյան փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանը եվրոպացիների հետ հարաբերություններում, անկասկած, շարունակելու է առաջին պլանում պահել ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցը։ Այս խնդրի լուծումից է կախված ռուս-եվրոպական հարաբերությունների ողջ կոմպլեքսը, այդ թվում` ռազմաքաղաքական հնարավոր համագործակցության առումով։ Դրանով իսկ եվրոպացիները նոր փաստարկներ են ունենալու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ իրենց երկխոսության մեջ։ Բայց Ռուսաստանը կարող է հայտնվել նաև «երկակի զիջումների» վտանգի առջև ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ առաջատար եվրոպական պետությունների հետ հարաբերություններում։ Սակայն քիչ հավանական է, որ եվրոպացիները հակված լինեն Ռուսաստանին ճնշելու և անկյուն մղելու` ԱՄՆ-ի քաղաքական ճնշման վրա սպեկուլյացիա անելով։ Եվրոպացիները հակված են ենթարկելու Ռուսաստանն իրենց շահերին, բայց ոչ մի դեպքում չթուլացնելու նրան ԱՄՆ-ի առջև։
Ելնելով ասվածից, կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարևորագույն հարցը մոտ ապագայի կտրվածքով դառնալու է ՆԱՏՕ-ի ընդարձակումը։ Հետևապես` նաև տարածաշրջանային քաղաքականությունն իր բազմաթիվ ասպեկտներով։ Սկսած տարածաշրջանային շրջափակումից, ահաբեկչության ու անկայունության դեմ պայքարից, էներգետիկ ու կոմունիկացիոն նախագծերից և հակամարտությունների կարգավորումից, վերջացրած բնապահպանական խնդիրներով ու թմրաբիզնեսի դեմ պայքարով։ Ամերիկյան փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանն առավելապես կողմնորոշված է ոչ թե դեպի Մերձավոր կամ Միջին Արևելք, դեպի Կենտրոնական կամ Հարավային Ասիա, այլ դեպի եվրոպական քաղաքականություն։ Այսինքն` հենց եվրոպական ուղղությունն է լինելու ԱՄՆ-ի գերխնդիրը` Եվրոպայի նկատմամբ վերահսկողություն ապահովելու առումով։ ԱՄՆ-ը մտահոգ է, որ Ռուսաստանը կարող է դառնալ Եվրոպայի անկախության «դետոնատորը»` վերածվելով եվրոպացիների համար ռազմավարական դաշնակցի։ Ամերիկյան փորձագետները համարում են, որ թեկուզ և Ռուսաստանն առայժմ հաջողությամբ պահպանում է դիրքերը հարավային ուղղությամբ, սակայն այստեղ նրա քաղաքականությունը հարձակողական չէ, այլ պաշտպանողական։ Եվ դրանով իսկ նա շատ վտանգավոր է դառնում իբրև Եվրամիության հնարավոր գործընկեր։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2651

Մեկնաբանություններ