38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ես վրեժխնդրություն և պատիժ չեմ ուզում, բայց ուզում եմ, որ չկորչեն իմ անցյալն ու իմ պատմությունը»

«Ես վրեժխնդրություն և պատիժ չեմ ուզում, բայց ուզում եմ, որ չկորչեն իմ անցյալն ու իմ պատմությունը»
15.09.2009 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԲՐԱԶԻԼԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ ՍՏԵՓԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ
ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան է հրավիրվել բրազիլահայ դերասան ՍՏԵՓԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ: Դերասանի իր կարիերան նա սկսել է 16 տարեկանում` մարմնավորելով գլխավոր հերոսի դերը Խավիեր դե Օլիվեյրայի «Մարսելո Զոնա Սուլ» (1970) ֆիլմում: 1971-ին նա արդեն հայտնի էր դարձել «Ռեդե Գլոբո» հեռուստաընկերությունում` նկարահանվելով հեռուստասերիալներում և հումորային ծրագրերում: Այդ ժամանակից սկսած նկարահանվել է լիամետրաժ 40 ֆիլմերում, հանդես եկել թատրոնում, 1970-ին նրա նկարահանած կարճամետրաժ ֆիլմը «Գրամադո» փառատոնում արժանացել է մրցանակի:
Ստեփան Ներսիսյանը հայրենիքում է առաջին անգամ, ինչը համարում է վերածնունդ:
-Երբ ոտք դրեցի մայր հողին, նոր միայն ինձ ամբողջական զգացի,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ,- երջանիկ եմ, որ հայ եմ:
Ստեփանի հայրը հայ է, մայրը` բրազիլուհի: Հայրը` Կարաբեդ Ներսիսյանը, ծնվել է Դիարբեքիրի Հայնիում, 1915-ի եղեռնից հրաշքով փրկվել է, սակայն գաղթի ճանապարհին կորցրել է ծնողներին ու հարազատների մեծ մասին: Ապրել է Հունաստանում, Ֆրանսիայում, 1930-ին ժամանել է Բրազիլիա, ամուսնացել բրազիլուհու հետ, ունեցել հինգ երեխա:
Ստեփան Ներսիսյանը զբաղվում է նաև քաղաքականությամբ, սոցիալիստական ժողովրդական կուսակցության կողմից ընտրված պաշտոնական ներկայացուցիչն է Ռիո դե Ժանեյրո քաղաքի ավագանիում, որի փոխնախագահն է: 2008-ին մշակել է և ներկայացրել օրենքի մի նախագիծ` Ապրիլի 24-ը «Հայ ժողովրդին հարգանքի տուրքի և զորակցության օր» ճանաչելու վերաբերյալ, ինչի համար սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դերասանին:
«Ինձ ասացին, որ մեր հայրենակիցը նպատակ ունի մասնակցելու նաև ֆեդերալ ընտրություններին, այսինքն` բրազիլական պետական-քաղաքական համակարգում տեղ գրավելու լուրջ ձգտումներ ունի,- ասաց նախարարը` շնորհակալություն հայտնելով նաև Բրազիլիայի իշխանություններին` հայ համայնքի հանդեպ ցուցաբերած փայլուն վերաբերմունքի համար:- Ես անցյալ տարի եղել եմ Լատինական Ամերիկայում, այնտեղ մենք և՛ պետական կառույցներում, և՛ քաղաքական համակարգում ունենք հաջողակ հայեր, ունենք նաև կրթական, մշակութային, հոգևոր, եկեղեցական կառույցներ: Բոլոր պայմանները կան, որ հայերն իրենց հավասար զգան Բրազիլիայի քաղաքացիներին, և ուրախ եմ, որ Բրազիլիայի լավագույն քաղաքացիներ լինելով` շարունակում են իրենց ինքնությանն ու արմատներին հավատարիմ մնալ»:
Խոսելով ցեղասպանության մասին` բրազիլահայ դերասանն ասաց, որ պետք է պայքարենք, որպեսզի չկորչեն մեր պատմությունն ու անցյալը:
«Տակավին մանուկ էի, երբ լսեցի ցեղասպանության մասին, հորս ասացի, որ, ուրեմն, պետք է սպանեմ թուրք դասընկերոջս, հայրս պատասխանեց, որ վրեժխնդրությունը հայի պարտականությունը չէ, հայը պետք է աշխատի, ապրի այնպես, որ աշխարհի ոչ մի ժողովուրդ էլ նման չարչարանք չտեսնի: Հորս այս պատգամը կողմնացույց ծառայեց ինձ համար: Ես վրեժխնդրություն և պատիժ չեմ ուզում, բայց ուզում եմ, որ չկորչի իմ պատմությունը: Հայրս և նրա նման շատերը ստախոսներ չէին, մեծ հորս գերդաստանից շատերը սպանվել են գաղթի ճանապարհին, ոչ ոք իրավունք չունի ասելու, որ այդ պատմությունը չի եղել: Եթե ժխտեն, ուրեմն ժխտում են իմ գիտակցությունը, իմ պատմությունը, եթե սա ճշմարիտ չէ, ուրեմն, ճշմարիտ բան չկա աշխարհի վրա: Սակայն ուրախ եմ, որ չենք կառչել անցյալի տխուր օրերից, այսօր հայությունը, Հայաստանն ապրում են: Երիտասարդ, գեղեցիկ ազգ ենք, որովհետև հակառակ բոլոր դժվարություններին, ասես նոր ծնված լինենք»:
Դերասանի կարծիքով` մեր հաջողությունների գրավականն այն է, որ հավատարիմ ենք մեր անցյալին ու մշակութային արժեքներին: Նա նշեց նաև, որ Բրազիլիայի սիրտը բաց է Հայաստանի ու հայության համար:
«Մենք էլ Հայաստանում փոքրիկ Բրազիլիա ունենք` հանձինս մեր դեսպանության,- ասաց նա։-Դեսպանուհին սիրահարված է Հայաստանին և համարում է այն իր երկրորդ հայրենիքը»:
Բրազիլիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին Մոսկվայի տանը ցուցադրվեց «Պարահանդես» բրազիլական ֆիլմը, ուր խաղում է նաև մեր հայրենակիցը: Ֆիլմը մեծ արձագանքների է արժանացել Բրազիլիայում և աշխարհի տարբեր երկրներում, շահել է միջազգային շուրջ 30 մրցանակ: Այն մեկ գիշերվա պատմություն է, որ իրականանում է պարահանդեսում, չունի որոշակի սցենար, պատմություն, հերոս, մարդկային զգացմունքների հիման վրա նկարահանված յուրատեսակ ֆիլմ է:
Հայաստանում մեծ տարածում են գտել բրազիլական հեռուստասերիալները, և լրագրողներին հետաքրքրում էր` եթե Ստեփան Ներսիսյանը հայկական սերիալներում նկարահանվելու հրավեր ստանա, ինչպե՞ս կընդունի առաջարկը: Դերասանը պատասխանեց, որ եթե նման առաջարկ լինի, հաճույքով կգա ու կմասնակցի, մանավանդ եթե առաջարկեն մի դեր, ուր նա «սիրահարված պետք է լինի հայուհու»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3482

Մեկնաբանություններ