Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինչու է Փարաջանովը Երևույթ՝ իր ձեռագրով

Ինչու է Փարաջանովը Երևույթ՝ իր ձեռագրով
13.07.2024 | 09:27

Երեկ վերջապես ամբողջությամբ նայեցի «Նռան գույնը»: Գուցե ոմանք կհամարեն, թե մշակութակրթական հետամնացության մեջ եմ եղել, բայց նախկին բոլոր տարիներին չեմ կարողացել նայել այն ամբողջությամբ: Ֆիլմի խորհրդանիշ- պատկերները ընկալել, «մարսել» էր պետք, 20-30 րոպե նայելուց հետո հասկանում էի, որ «թանգարանի էֆեկտն» իրեն զգացնել է տալիս: Ովքեր չգիտեն՝ մանրամասնեմ. երևի զգացել եք, որ թանգարաններ կամ ցուցասրահներ այցելելիս, մեծ հետաքրքրությամբ միայն 3-4 սրահ կարող եք նայել, այնուհետև ուղեղը հոգնում է, և իր համար միևնույնն է՝ ո՞ւմ նկարն է, կամ պեղածոն քանի հազարամյակի պատմություն ունի: Նույն հոգնածությունն զգում էի Փարաջանովի ֆիլմը դիտելիս: «Նռան գույնը», իհարկե, խախտում է դասական կինոյի կանոնները՝ սյուժեի բացակայությամբ, պատկերների փոփոխության ցածր դինամիկայով, բայց այն մեխվում է մարդու հիշողության մեջ: Ֆիլմի կտորները, որոնք երբևէ չէի տեսել, եթե պատահաբար որևէ տեղում աչքովս ընկնեին, հաստատ կռահելու էի, որ Փարաջանովի նկարածն է: Ահա թե ինչու է Փարաջանովը Երևույթ՝ իր ձեռագրով:

Շատ տարիներ առաջ, երբ ֆիլմի անունը կոճակ սեղմելով էկրանին տեսնելու հնարավորությունը չկար, ոչ ամենասկզբից՝ սևուսպիտակ մի ֆիլմ նայեցի: Տակնուվրա արեց հոգիս, ապշել էի՝ ռեժիսորը ո՞նց է կարողացել ամեն դրվագով մարդկային դրաման այդքան վարպետորեն ի մի բերել, հավաքել: Չգիտեի ո՛չ ֆիլմի անունը, ո՛չ հեղինակին, բայց համոզված էի՝ հանճարի մատ է կպել: Սյուժեի տարրերի միջոցով գտա. Ֆելինիի «Ճանապարհն» էր: Սա է հանճարի ուժը, երբ, առանց անուն-կոչում իմանալու, առնչվում ես արվեստի ստեղծագործությանը, ու այն քեզ «իրենով» է անում: Այո, այդ ստեղծագործություններն այնքան հզոր են, որ իրենք են մեզ «վերցնում», տաղանդավոր գործերը կարո՛ղ են դառնալ մերը՝ «սպառողինը», ոնց որ հավանում եմ Գայդայի կամ Ռյազանովի ֆիլմերը, Վահագն Դավթյանի կամ Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունները, բայց հանճարի ստեղծածը մեր վերաբերմունքի կարիքը չունի: Երբ հանճարեղ գործի ես հանդիպում, ինքը ներսից է քեզ փոխում, հաճախ, նույնիսկ՝ առանց կամքդ հարցնելու:

Ֆելինի, Բախ, Այթմատով, Տոլստոյ, Թումանյան ու այս շարքում նաև՝ Փարաջանով. երանի մեզ, որ նրանց կարդալու, լսելու, նայելու, մեր կարեցածի չափով ընկալելու հնարավորությունն ունենք:

Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 11215

Մեկնաբանություններ