38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Չարենցն է՝ մեր գրականության պարծանքը»

«Չարենցն է՝ մեր գրականության պարծանքը»
02.08.2023 | 13:11

…Ըստ բանավոր լուրերի, Չարենցը Երևանում հրապարակորեն պատմել էր իր արտասահմանյան տպավորությունները և նույնը պատրաստվում էր անել Լենինականում:

Մի քանի օրից Չարենցը եկավ Լենինական: Հենց նույն օրը ցերեկով Քաղլուսգլխվարի թատրոնում կայացավ նրա դասախոսությունը՝ նյութ ունենալով դարձյալ իր արտասահմանյան ուղևորությունները:

Մենք՝ երիտասարդ գրողներս, հազիվ կարողացանք մի քանի րոպեով խոսակցել Չարենցի հետ՝ զեկուցումից առաջ, իսկ այժմ դահլիճում նստած լսում ենք նրան: Մեր ուշադրությունը շարունակ նրա վրա էր բևեռված, և մենք որքան լսում, այնքան էլ նայում էինք նրան:

Մանրիկ մարդ է՝ ոչ առատ գանգուր մազերով, զարմանալի խոհուն և իմաստալի աչքերով, մանկակա՞ն թե՞ կանացի թարմ շրթունքներով և մեծ քթով: Նրա մազերը բաց-շագանակագույն են, մաշկը՝ սպիտակ, և նա, եվրոպական կոստյումով, թողնում է ինչ-որ եվրասիական տպավորություն:

Հիասթափության նմանվող առաջին տպավորությունը, որ մենք ստացել էինք նրան տեսնելիս, արդեն վաղուց փոխվել էր մի այլ տպավորության՝ նրա օգտին: Եվ իսկապես: Աչքի ընկնող արտաքինով մեծ տաղանդը կլիներ այնքա´ն բնական:

Զարմանալին ու տպավորիչը հենց այն էր, որ ահա այս փոքրիկ մարդը, որը բեմի վրա կանգնած, իր մի քիչ ճղճղացող ձայնով խոսում է մեզ հետ՝ սովորական զրույց անողի պես, Չարենցն է, մեր գրականության պարծանքը, մեր բազմադարյան մշակույթի խոշորագույն վարպետներից մեկը, հեղափոխության երգիչը, որին հավասար միայն մեկը կա ամբողջ Խորհրդային Միության մեջ…

Բեմի վրա Չարենցն իրեն զգում է այնպես ազատ, ինչպես իր տանը: Ահա նա փնչաց շոգից և հանելով բաճկոնը, կախեց աթոռի թիկնակից, մնաց ժիլետով: Ահա նա սկսեց քայլել բեմով՝ կարծես զբոսանքի է ելել բոլորիս հետ մեկտեղ՝ մեր քաղաքի փողոցներով, պատմելու համար մեզ որոշ բաներ և թարմ օդ շնչելու: Նրա քայլվածքը մի տեսակ ծուռ-ծուռ է: Թվում է, թե նրա մի ոտքը մի քիչ թույլ է և ստիպված է շտապել մյուսի հետևից: Ի՞նչ պատմեց Չարենցն այդ օրը՝ չեմ հիշում, քանի որ զբաղված էի նրան դիտելով:

Զեկուցումից հետո Մահարին մոտեցավ Չարենցին և հայտնեց.

-Մայրս քեզ է սպասում տանը, գնանք: Դու դեռ չես կերել տիկին Անուշի համեղ ճաշերը…

-Գնանք, գնանք,-երեխայի պես ուրախացավ Չարենցը: Ես իսկույն հեռու քաշվեցի, որպեսզի ինձ էլ չհրավիրի Գուրգենը: Պիտի ամբողջ ժամանակ ինձ ճնշված զգայի սեղանի շուրջը՝ ինչպես միշտ:

Նույն օրը Չարենցը վերադարձավ Երևան: Դրանից հետո բալորիս պաշարել էր մի անսովոր խռովք: Մահարին թողնում էր այս աշխարհից վերացածի տպավորություն: Եվ մի օր էլ չհամբերեց, մեկնեց Երևան: Ընդմիշտ:

-Չարենցի մոտ…-ասաց նա:-Գրական մեծ գործ է ծավալվելու: Հարկավոր է լինել իրադարձությունների կենտրոնում:

Մկրտիչ Արմեն. «Ակունքների մոտ»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 7446

Մեկնաբանություններ