Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Անգլիական տարբերակով» ընդդիմության, «հիմնադիր» ձևակերպման ու ակնկալվող պարզաբանման մասին

«Անգլիական տարբերակով» ընդդիմության, «հիմնադիր» ձևակերպման ու ակնկալվող պարզաբանման մասին
26.09.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԻՄՆՎԱԾ Է «ԵՍ՝ ՔԵԶ, ԴՈՒ՝ ԻՆՁ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՎՐԱ»

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ («Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր)
-Օրերս Դուք նշել էիք, որ պետբյուջեի գումարները գողանում են կոալիցիոն ուժերը, իսկ Ձեզ էլ համարել էիք ընդդիմություն՝ «անգլիական տարբերակով»։ Կարծում եք՝ հնարավո՞ր է «գողերով» համալրված կոալիցիայի և «անգլիական տարբերակով» ընդդիմության համատեղ աշխատանքն օրենսդիր մարմնում։
-Կասկածում եմ, որ այս պարագայում լուրջ դրական հաջողությունների կարող ենք հասնել։ Կրկին պետք է վերադառնամ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ հստակ փաստելով, որ չկա պետություն, չկա կառավարում։ Կառավարության մեջ գավառամիտ, անկիրթ մարդիկ են, որոնք գործում են իրենց նեղ մտածելակերպի շրջանակում: Այսօր պետական յուրացումները, գողությունը հասնում են անասելի չափերի։ Մեր պետական ողջ կառավարման համակարգը հիմնված է «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքի վրա։ Ընտրությունների ժամանակ ընտրվող նախագահին մեծ «ծառայություն» մատուցած մարզպետը, թաղապետը հետագայում դառնում են անպատժելի: Այսօր էլ եթե նախագահը ցանկանա ազատվել հիշյալ մարզպետներից կամ թաղապետներից, վերջիններս կասեն՝ իա՜, բա քեզ համար կեղծում էինք, կաշառք էինք բաժանում, այդ ամենը որտեղի՞ց պետք է վերադարձնենք։
-Ասել է՝ իշխանությունն այս հարցում չի կարող սկզբունքային լինել, քանի որ ի՞նքն է դրդում գողության։
-Հաճախ եմ խորհում՝ այսպիսի կառավարման համակարգում ինչի՞ են միտված Վերահսկիչ պալատի բացահայտումները։
-Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ մինչ այս նման բացահայտումների ականատես չէինք։
-Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Գուցե նախագահը որոշել է բացահայտել կոալիցիայի բոլոր գողերին:
-Բացահայտեցին, իսկ հետո՞...
-Ես ևս նմանատիպ հարց ուղղել եմ Իշխան Զաքարյանին, և նրա պատասխանից որքան հասկացել եմ` դատախազությունը պետք է այդ հանցագործություններով զբաղվի։
-Բայց նույն դատախազության արդարացիության նկատմամբ հասարակությունը վերապահումներ ունի։
-Կապրենք, կտեսնենք, թե այս բացահայտումների հետևանքն ի՞նչ է լինելու, քանի՞ մարդ է պատժվելու։ Իրականում սա անպատժելիության արդյունք է, որովհետև տարիներ շարունակ կերել, գողացել են, ու դրա համար ոչ մեկը պատիժ չի կրել։ Հիմա էլ եթե նոր նախագահը չպատժի գողերին, ուրեմն նա միայն խոսում է, իսկ գործ իրականում չկա։
-Ասել է՝ շարունակում են ղեկավարել մարզպետը, նախարարները։
-Սա անհեթեթություն է։ Ավելին, այս ամենը ցանկացած նախագահի վարկաբեկելու հրաշալի ձև է, որովհետև նրան ասում են՝ էս գող-ավազակը մարզպետ է, որը շարունակում է դեռևս ղեկավարել։ Ե՞րբ պետք է պատժվեն այդ ղեկավարները, որ սկսենք վստահել այս նախագահին։
Իշխող կուսակցությունների անդամները երբեմն իրենց տգեղ արտահայտություններ են թույլ տալիս ըմբոստացող ժողովրդի հանդեպ, սակայն արդյոք ժողովուրդը չունի՞ ըմբոստանալու պատճառ, զորօրինակ՝ Սյունիքի բնակչությունը։ Բնականաբար՝ ունի։ Ժողովուրդը պետությանն ասում է՝ մեզ հատկացրած գումարները գողի ես տվել։ Խեղճերը չեն էլ ասում՝ գումարներ ավելացրեք, այլ՝ ինչ որ նախատեսել եք մեր գյուղի, դպրոցի համար, գողանում են, բռնե՛ք գողի ձեռքը։ Եթե այսպես շարունակվի, չըմբոստացող մարդ չի լինի, բացի նրանցից, ովքեր ապահով նստած են իրենց պաշտոններին։
«ԱՆՀԱՏԸ, ՈՐ ՊԱՏԻՎ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ, ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՎԱԿՆԵԼ ՀԻՄՆԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՆ»
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Տոնեցինք Հայաստանի անկախության 17-ամյակը։ Կնշե՞ք մի քանի ձեռքբերումներ, որ ունեցել ենք այս տարիներին։
-Մեծագույն ձեռքբերումը հենց անկախությունն էր՝ որպես լավագույն գործիք այն ազգերի համար, որոնք իրենց պահպանման և վերարտադրության խնդիրը պետք է լուծեն։ Վստահ եմ, որ երրորդ հանրապետության ճակատագիրը սկզբունքորեն կտարբերվի առաջինից և երկրորդից։ Իհարկե, պետք է ընդունենք, որ հասարակության մի հատվածի համար պետականությունն իր իրական արժևորումը չի ստանում։ Նրանք պետականությունն ընկալում են որպես վերացական մի երևույթ։ Եթե նրանում դրական արդյունք էլ կա, ապա այն բաշխվում է պետականությունը «տնօրինողների» շրջանակում։ ՈՒստի յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն խնդիրներից մեկը պետականության արժևորումն է, բայց ոչ խոսքերով, առիթից առիթ բարեմաղթանքներով: Նրանք պետք է զգան, որ անկախ պետականության ինստիտուտներն իրականում ծառայում են հօգուտ իրենց։
-Պետականությունը, որպես այդպիսին, կայացած համարենք, իսկ պետությո՞ւնը։
-ՀՀ-ն 17 տարիների ընթացքում ստեղծել է բոլոր ինստիտուտները, որոնք պահանջվում են ժամանակակից պետականության գոյության համար։ Այլ խնդիր է, թե որքանով է այդ ինստիտուտների մի մասը միս ու արյուն ստացել։
-Իսկ ի՞նչ կորուստներ ունեցանք այս 17-ամյա ճանապարհին։
-Անկախ պետականության կերտումը փոխկապակցված է նաև արցախյան շարժման հետ։ Այս տարիների ընթացքում, իհարկե, կարող էինք և պետք է անեինք ավելին։ Գուցե պարտավոր էինք ունենալ շատ ավելի մեծ նվաճումներ, ձեռքբերումներ, սակայն բազմաթիվ օբյեկտիվ, հաճախ էլ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ այսօր այդ ամենը չունենք։ Նախագահական քարոզարշավի ժամանակ հաճախ հանդիպող «հիմնադիր» ձևակերպումն ինձ համար անընդունելի է, քանի որ ցանկացած պետության, պետականության հիմնադիրը հայ ժողովուրդն է։ Անհատը, որը պատիվ է ունեցել դառնալու հավաքական կարծիքի առաջատարը, չի կարող հավակնել հիմնադիր լինելուն։ Պետականությունն անձով չի հիմնադրվում։
-Ըստ Ձեզ, կորստի ճանապարհը շարունակվո՞ւմ է։
-Ինձ հայտնի չէ գեթ մեկ գործընթաց, որի ընթացքում կորուստներ չլինեն։ Եթե ներդրած ջանքերի արդյունքում ունենում ենք ավելի մեծ ձեռքբերումներ, քան կորուստներ, ապա գործընթացը կարելի է որակել դրական։ Որպես խելամիտ իշխանություն՝ այսօրվա ղեկավարները չեն կրկնի նախորդների անփորձության պատճառով թույլ տված սխալները։ Մենք իրավունք չունենք ամեն անգամ վերադառնալու կոտրած տաշտակին կամ սկսելու զրոյից։
«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ»
ԱՐՏՅՈՒՇ ՇԱՀԲԱԶՅԱՆ
(ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար)
-Սերժ Սարգսյանն Ադրբեջանին առաջարկել էր ներդրումներ անել ԼՂՀ-ում։ Ինչպիսի՞ն է ՀՅԴ-ի դիրքորոշումը դիվանագիտական այս քայլի առնչությամբ։
-Այդ հարցը հավելյալ պարզաբանումների կարիք ունի։ Նախագահը պետք է նոր բացատրություններ ներկայացնի, քանի որ առաջարկը կարելի է մի քանի կերպ հասկանալ. ադրբեջանցիները պետք է իրենց ներդրումներով ապացուցե՞ն, որ տնտեսական գործակցությամբ ծաղկեցնելու են Ղարաբաղը։ Այսպես չենք կարծում մենք, և հուսով ենք՝ նաև նախագահը։ Իսկ եթե խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը Ղարաբաղի՝ որպես իրավական սուբյեկտի հետ սկսի հարաբերություններ կառուցել, սա արդեն այլ խնդիր է։ Ամեն դեպքում անհրաժեշտ են պարզաբանումներ։
-Արտաքին քաղաքականության ոլորտում արդեն երկրորդ քայլն է կատարվում (Գյուլի այցը, հետո էլ՝ այս հայտարարությունը), որին ՀՅԴ-ն իր անհամաձայնությունն է հայտնում։ Եթե հետագայում էլ այսպես շարունակվի, ապա...
-Երկրորդեմ՝ այս հարցում մեզ համար կան չլուսավորված կետեր։ Իմ ասածը դեռևս անհամաձայնություն չի նշանակում։ Կան հարցականներ, որոնց պարզաբանումից հետո կլինեն մեր գնահատականները։
-Ամեն դեպքում ներկայումս արտաքին քաղաքականության ինչպիսի՞ իրողություններ ունենք։
-Բնական է, որ Հայաստանի ներկա իշխանությունները փորձում են իրենց ոճով կառուցել նոր քաղաքականություն, թարմացումներ մտցնել ո՛չ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության մեջ։ Դիրքորոշումները, որոնք արտահայտվում են, բավականին համարձակ են, բայց դրանք պետք է դիտարկել շարունակականության մեջ։ Այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը պետք է բյուրեղանա, որպեսզի քայլերը դառնան ոչ թե իրավիճակային, այլ ծրագրային։
-Եթե նախագահի կողմից լրացուցիչ մեկնաբանություններ չտրվեն, ՀՅԴ-ն պարզաբանումներ կպահանջի՞։
-Մեր միջև գործակցությունը ենթադրում է նաև այս խնդիրների քննարկում, պարզաբանում։ Բայց այստեղ միայն մեր խնդիրը չէ, այլ հասարակության, քանի որ ժողովուրդը ևս զգայուն է այս հարցերի նկատմամբ։
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4271

Մեկնաբանություններ