Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

...Որ հայ պատանու իդեալը օլիգարխն ու թիկնապահը չդառնան

  ...Որ հայ պատանու իդեալը օլիգարխն ու թիկնապահը չդառնան
07.10.2008 | 00:00

ԿՐԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Այս տարի լրանում է «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության տասնամյակը։ Ասոցիացիայի նպատակը կրթության ոլորտում նորարարական-փորձարարական գործունեությանը նպաստելն է, ինչպես նաև կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Ասոցիացիայի նախագահ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնելու կրթության հանրային փորձաքննությանը։ Այսինքն՝ փորձ է արվելու վեր հանել կրթության ոլորտում առկա խնդիրները և դրանք հանրայնացնել՝ գտնելով այդ հարցերի լուծման ամենաարդյունավետ եղանակները։ Ասոցիացիայի ուշադրության կենտրոնում են լինելու դպրոցական դասագրքերն ու ուսումնական ծրագրերը։
Տասնամյա գործունեության ընթացքում «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան» իրականացրել է մի շարք ծրագրեր։ Դեռևս 1999թ. ասոցիացիայի նախաձեռնությամբ ներդրվեց «Քաղաքացիական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագիրը։ Հետագայում՝ 2001-ին, այն որպես պարտադիր առարկա մտավ դպրոցներ։ Ասոցիացիայի օժանդակությամբ վերապատրաստվեցին բազմաթիվ ուսուցիչներ ու դպրոցների տնօրեններ։ Կազմակերպությունը նախաձեռնել է «Русский язык в Армении» ամսագրի հրատարակությունը, որն անվճար բաժանվում է հանրապետության դպրոցներին, և մինչ օրս մասնակցում է այդ աշխատանքներին։
Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի կապակցությամբ ասոցիացիան Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի հետ համատեղ հոկտեմբերի 4-ին Բյուրականում անցկացրեց գիտագործնական կոնֆերանս՝ «Հանրակրթական դպրոցում աստղագիտություն առարկայի դասավանդման որակի բարձրացման ուղիները» խորագրով։ Կոնֆերանսում զեկուցող մանկավարժները խոսեցին դպրոցում աստղագիտություն առարկայի արդյունավետ ուսուցման տեսական հիմքերի մասին։ Շահագրգիռ քննարկում ծավալվեց «Աստղագիտություն» առարկայի դպրոցական դասագրքերի բովանդակային հարցերի շուրջ։ Կոնֆերանսը խիստ կարևորեց այն հանգամանքը, որ հայոց մեծերը պետք է մշտապես լինեն կրթական գործունեությամբ զբաղվողների ուշադրության կենտրոնում։ Նրանց կերպարներով է պետք դաստիարակել աճող սերնդին և նրա մեջ ձևավորել արժեքային համակարգ։ Ցավոք, այդ հանգամանքը բարձիթողի վիճակում է, ինչի պատճառով այսօր հայ պատանու, երիտասարդի իդեալը դարձել են օլիգարխն ու թիկնապահը։
Վերադառնալով ասոցիացիայի ծրագրերին՝ նշենք, որ առաջիկայում նախատեսված են կազմակերպության տասնամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ. կհրատարակվի գիրք-ալբոմ, որտեղ կամփոփվեն անցած տասը տարիների աշխատանքները, կանցկացվի կոնֆերանս՝ «Ասոցիացիայի ինստիտուցիոնալ բարեփոխումների և հետագա գործունեության ռազմավարական ծրագիրը» թեմայով։
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Ղազարյանը «Իրավունքը de facto»-ին տեղեկացրեց, որ իրենք համագործակցել ու համագործակցելու են բոլոր այն շահագրգիռ կառույցների հետ (պետական և ոչ պետական), որոնք առնչվում են կրթությանը և հատկապես հանրակրթության համակարգին։ «Մենք փորձում ենք համագործակցության եզրեր գտնել։ Այսօր այդ համագործակցությունը բավարար չէ, և քննարկումների շատ ավելի մեծ դաշտ կա։ Ինչքան սերտորեն փոխկապակցված լինեն պետությունը, դպրոցներն ու հասարակական կառույցները, այնքան մեր ուժը մեծ կլինի, աշխատանքը՝ արդյունավետ»,- ասաց ասոցիացիայի նախագահը։
Փաստելով, որ կրթության ոլորտում տեղի են ունենում մեծածավալ բարեփոխումներ, փոխվել են, այնուամենայնիվ, կրթական խնդիրներին պետական մոտեցումները։ Լուրջ աշխատանքներ են տարվում կրթության որակի բարձրացման, դպրոցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ, տարեցտարի ավելացվում է կրթական ոլորտի ֆինանսավորումը, բարձրացվում են ուսուցիչների աշխատավարձերը և այլն: Պարոն Ղազարյանն, այդուհանդերձ, շեշտեց, որ բարեփոխումներն արդյունավետ չեն. «Եթե ավելի խոր վերլուծենք տեղի ունեցող իրադարձությունները, կտեսնենք, որ չկա հստակ ձևակերպված կրթական քաղաքականություն, և անորոշ են դրա իրականացման ճանապարհն ու վերջնական նպատակը։ Շատ լավ փաստաթղթեր են ընդունվել, բայց դրանք կարծես խարխափումներ լինեն։ Մեր գերնպատակն այն չէ, որ արձանագրենք, թե, դիցուք, 30 տարի հետո ինչ ենք ուզում ունենալ, որի ածանցմամբ ստանանք գործողությունների հստակ ծրագիր և քայլերի հաջորդականությամբ առաջ ընթանանք։ Ասոցիացիայի 2009թ. ծրագրերի մեջ է մտնում նաև կրթական բարեփոխումների արդյունավետության մոնիտորինգը»։
Այս օրերին խիստ արդիական է Ազգային ժողովում քննարկվող «Հանրակրթության մասին» օրինագիծը։ «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան» իր նկատառումներն ունի օրինագծի վերաբերյալ։ Մասնավորապես, կազմակերպությունը կարևորում է ոչ պետական հանրակրթական հաստատություններում սովորող աշակերտներին պետական ֆինանսավորում հատկացնելու հարցը։ «Նշենք երկու հանգամանք: Առաջին. պետությունը երաշխավորում է անվճար միջնակարգ կրթություն այն չափով, որքանով ինքը կարողանում է ֆինանսավորել յուրաքանչյուր աշակերտի ուսուցումը։ Այսինքն՝ դա երեխայի կրթությանը հատկացվող գումարն է և պետք է ուղղվի այն հանրակրթական հաստատություն, որտեղ երեխան նախընտրում է միջնակարգ կրթություն ստանալ: Հակառակ դեպքում տեղի կունենա երեխայի անվճար միջնակարգ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի նորմի խախտում: Եվ երկրորդ. գաղտնիք չէ, թե այսօր ինչ անմխիթար վիճակ է տիրում հանրակրթության ոլորտում, և դժվար է ասել, թե ինչ ջանքերի և ներդրումների միջոցով կարելի է այն վերակենդանացնել: Հարցի լուծման ուղի կարող է լինել գործող համակարգին զուգահեռ նոր որակի հանրակրթական հաստատությունների կայացումը: Այդպիսիք կարող են դառնալ ոչ պետական հանրակրթական հաստատությունները, որոնք արդյունավետ կառավարվող են, ճկուն են և կարող են լինել նորարարական մանկավարժական գործունեության հրապարակներ: Նորագույն մանկավարժական տեխնոլոգիաներով և մեթոդներով ուսուցում իրականացնող որակյալ հանրակրթական հաստատությունների բավարար քանակի առկայությունը կարող է լոկոմոտիվի դեր ստանձնել ամբողջ համակարգի համար։ Իսկ նոր որակի հանրակրթական հաստատությունների զանգվածային կայացումն անհնար է առանց պետական աջակցության, առանց որի լավագույն դեպքում կարող են ստեղծվել առանձին «էլիտար» դպրոցներ, որոնք, բնականաբար, չեն լուծելու որակյալ հանրակրթություն ունենալու խնդիրը»,- հավաստիացրեց Վահրամ Ղազարյանը, հավելելով, թե պետությունը պետք է պետպատվեր իջեցնի նաև ոչ պետական դպրոցներին ու վերահսկի այնտեղ կրթության որակը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8357

Մեկնաբանություններ