…Երբ ուշ երեկոյան ավարտվեց Հայաստանի պրոլետգրողների «Նոյեմբեր» միության Երևանի կազմակերպության ընդհանուր դռնփակ ժողովը և մենք նորից մնացինք երեքով, Չարենցն ասաց նշանակալից տոնով.
-Գնանք…Հարկավոր է նշանավորել Արմենի Երևան փոխադրվելը…
Գուրգենը «ըհըմ» արեց իր մեծածավալ և իր տակ շատ բան թաքցնող քթով, ժպտաց և շուռ եկավ՝ հաստատ իմանալով, թե որ կողմն ենք գնալու:
Մենք ցած իջանք Աբովյանով, շարունակեցինք մեր ճանապարհը դրա շարունակությունը կազմող Շահումյանով: Կեսգիշերին մոտ էր: Դեռ նոր էինք հասել Պետթատրոնի դռանը, երբ վճիտ ջրի նման հոսեց սրնգի նվագը. կույր սրնգահար Ասոն էր, որի մասին գրել է Վահան Տերյանը.
Այնտեղ նաիրյանն է նազում,
Ասոն լացացնում է մեյին…
Ոչ ոք ինձ չասաց, թե նա է, բայց անկարելի էր չճանաչել նրան: Չարենցը մոտեցավ, տվեց նրան մի խոշոր թղթադրամ՝ նախապես անվանելով իրեն, այլապես Ասոն դրամ չէր վերցնի, դրամի համար չէր նվագում, այլ իր համար: Չարենցը նրա հանդեպ խոր հարգանք էր տածում՝ ոչ միայն որպես սրնգահար Ասոյի, այլև որպես Տերյանի բանաստեղծության մեջ անմահացածի:
Երկու քայլ ևս գնալով, մենք թեքվեցինք Խորհուրդների փողոց կոչվող խիստ նեղ նրբանցքը և մոտեցանք մի դարպասի: Չարենցը և Գուրգենը սկսեցին ձայնել «Ուստա Կարո», և քիչ անց երևաց մի բարձրահասակ ու տարիքոտ մի մարդ:
-Չարե՞նց…-արտասանեց ուստան:
-Գնանք, ուստա Կարո ջան,-ասաց Չարենցը:
-Դե որ էդպես է՝ մինչև դու գինի-մինի առնես՝ ես տղաներին զարթնեցնեմ…
Քանի որ խանութներն արդեն փակ էին, Չարենցը մոտակա ճաշարանից գնեց օղի, գինի, հաց, երշիկ: Երբ մենք վերադարձանք նրբանցք, դարպասի մոտ արդեն պատրաստ էր դաուլ-զուռնայի ամբողջ եռյակը, որի մյուս երկու անդամները երիտասարդ էին:
…Տարիներ հետո մի անգամ ես հարցրի Չարենցին.
-Դու զուռնա-դհոլ սիրո՞ւմ ես, նա հուզո՞ւմ է քեզ, Չարենց:
-Ոչ,-ասաց նա անմիջապես, առանց մի վայրկյան անգամ մտածելու:
Իհարկե, Չարենցը գիտեր բարձր երաժշտություն և կատարելագործված գործիքներ, շատ էր սիրում հաճախել կլասիկ երաժշտության համերգներ, իսկ Բեթհովենի նկարը միշտ կախված էր նրա գրասեղանի մոտ: Ու թեև նվագել չգիտեին ոչ ինքը և ոչ կինը, բայց նա գնել էր դաշնամուր՝ անշուշտ իր զավակներին երաժշտական կրթություն տալու ակնկալումով:
Բայց հենց որ նա զվարճանալու ցանկություն էր ունենում-իսկ դա հակառակ տարածված թյուր պատկերացման, լինում էր սակավ-նա հիշում էր դաուլ-զուռնան և իր մշտական ուստա Կարոյին: Եվ մեր մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը վերածվում էր կարսեցի Եղիշե Սողոմոնյանի, որը մեծացել է, վայելուչ կոստյումներ է հագնում, բայց հոգեպես իբր թե մնացել է նույն Աբգար աղայի տղան:
Անմոռանալի գիշեր էր դա: Ի՜նչ անսպասելի շուռ եկավ իմ բախտի անիվը: Ես այս րոպեին պետք է լինեի Երևանից արդեն մի քանի ժամ հեռու, գնացքում, հեռու Մեղրիի ճանապարհին…
…Առավոտյան, երբ մենք արդեն քայլում էինք դեպի քաղաք, Չարենցը խնդրեց ուստա Կարոյին.
-Մի հատ «Առավոտ լուսո»…
Եվ մենք Երևան մտանք Ներսես Շնորհալու երգով, որի խոսքերը կրկնում էինք բոլորս՝ նույնիսկ աշխարհի ամենաբաղաձայն մարդիկ՝ ես և Չարենցը:
Մկրտիչ Արմեն. «Ակունքների մոտ»
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից