ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Բեռլինի կոնգրեսից սկսած՝ պատմությունը կրկնվում է

Բեռլինի կոնգրեսից սկսած՝  պատմությունը կրկնվում է
04.10.2023 | 06:56

Ճի՞շտ էր արդյոք Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Իմ կարծիքով՝ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մեջ, դա կարելի էր անել միայն երկու հանգամանքների պարագայում. եթե տրվեր բարձր կարգի ինքնավարություն միջազգային երաշխիքներով և Հայաստանի սահմանների անխախտելիության իրական և ոչ թե թղթային երաշխիքներ: Դե, արդեն կորսված են այդ հնարավորությունները, և Արցախը կորցրած վիճակում ենք: Բայց հիմա սկսվել է միջազգային ամենաբարձր մակարդակով բանավեճ այս վերջին իրադարձությունների շուրջ: Լավրովն ասում է՝ ՀՀ իշխանությունը տվեց, մենք անզոր էինք կանխել, արևմտյան կենտրոններից շատերը, խավիարը ուտելուց հետո, հայտարարում են, թե խեղճ ադրբեջանցիները խնդրել են հայերին մնալ և ապրել երջանիկ, իսկ ապերախտ հայերը թողել գնացել են, ՄԱԿ-ի կերած-խմած դիտորդներն էլ թանկարժեք ջիպերով շրջել են դատարկված բնակավայրերում և կրկին էթնիկ զտման փաստեր չեն հայտնաբերել, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը ավելի շատ քաղաքավարական բնույթ էր կրում, նրանց մեջ էր Յուրի Քիմը, որ մի շաբաթ առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ գերտերությունը թույլ չի տա էթնիկ զտումներ, և այսպես շարունակ: Իսկ ես ցանկանում եմ ասել ճշմարտությունը: Սիրելի հայրենակիցներ, ԼՂՀ չճանաչված պետության կործանման որոշումը կայացվել է մեծ տերությունների գաղտնի պայմանավորվածությունների պարագայում, և այդ որոշումը կախված չէր ո՛չ Հայաստանից, և ո՛չ էլ Ադրբեջանից: Պարզապես բախտը ժպտաց թուրք- ադրբեջանական տանդեմին, և ստեղծված իրադրության մեջ նրանք կարողացան խելացի և նպատակասլաց լինել : Երեսուն տարի առաջ էլ, երբ Ադրբեջանը կորցրեց իր տարածքի 20%-ը, Հայաստանի համար էր բարենպաստ որոշում կայացվել Մոսկվա-Վաշինգտոն բարձր շրջանակներում: Ցավոք, այդ երեսուն տարին ծախսվեց պոռոտախոսությամբ, և տկար հայ քաղաքական միտքը չկարողացավ կանխատեսել իրադրության կտրուկ փոփոխությունները հատկապես ՌԴ-Արևմուտք բախման պայմաններում: Ում շահերից էր բխում կործանել Արցախը և հայրենազրկել տեղի հայերին: Եթե սթափ դիտարկենք, ստացվում է, որ այն համապատասխանում էր և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ շահերին: Մոսկվան ապահովում է և այսուհետ ևս ապահովելու է թուրք- ադրբեջանական չեզոքությունը, նրանց չմիանալը պատժամիջոցներին, ռուսական գազի արտահանումն ու վաճառքը շատ բարձր գներով, որն անգնահատելի մեծ նշանակություն ունի հյուսիսային հոսքերի պայթեցումից հետո: Կրեմլյան ստրատեգները, պահպանելով թուրքական այս երկու պետությունների հետ համագործակցային ձևաչափերը, ինչ-որ տեղ թուլացնում են ՆԱՏՕ-ի հարավային թևը: Իհարկե, այս հանգամանքը ապահովում է ադրբեջանական տարածքով ելքը դեպի Իրան և հարավային ծովեր, նաև ազդեցության լծակներ է տալիս միջազգային կոմունիկացիաների նկատմամբ: Արևմուտքի համար ևս որոշակի օգուտներ է ապահովում ԼՂՀ չճանաչված պետության վերացումը: Ակնհայտ է, որ հիմա մեծ հաջողությամբ ավարտին է հասցվում «հակառուս» օպերացիան Հարավային Կովկասում: Մեղքի մեծ բաժինը գցել են ռուսների գրպանը: Երեք հանրապետություններից Վրաստանը համոզված հակառուս է, Ադրբեջանը, հայտնի պատճառներով, քողարկված հակառուս է, և վերջին հենարան Հայաստանը նույնպես հայտնվեց այդ հարթության վրա: Շուտով ռուս խաղաղապահներին Բաքվում կասեն ցտեսություն, դուք այլևս մեզ պետք չեք, Երևանն էլ սկսել է ռուսակենտրոն կառույցներից հեռանալու դրեյֆը, հերթը կհասնի Գյումրու ռազմաբազային և նմանատիպ շատ հայտնի այլ իրողություններ՝ կապված նաև տարածաշրջանի հակաարևմտյան մյուս ուժի՝ Իրանի հետ: Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, Բեռլինի կոնգրեսից սկսած, պատմությունը կրկնվում է, ռուսների հետ առևտրում զոհասեղանին են հայտնվում հայերի շահերը: Նոր փոփոխություններ կարող են լինել միայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ