38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍ` ԼԵՀԱԿԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍ` ԼԵՀԱԿԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
23.12.2011 | 00:00

Ամանորի նախօրեին Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը հայ և լեհ հասարակությանը հրավիրել էր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն` ունկնդրելու հայկական, լեհական, ամերիկյան, աֆրոամերիկյան, ֆրանսիական, գերմանական Ավետիսի երգեր` նվիրված Սուրբ ծննդյան ավետման տոնին:
Ավետիսի երգերը կատարեցին «Տիրամայր Հայաստանի» կամերային երգչախումբը` մաեստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Այս երգչախումբը հիմնադրվել է 2005 թվականին` Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ: Նրա կազմում ընդգրկված են Գյումրիի Պողոսյան կրթահամալիրի և տեղի երաժշտական դպրոցների շնորհալի սաները, որոնք բարձր պրոֆեսիոնալիզմով ունկնդիրներին մատուցեցին բովանդակությամբ ու տրամադրությամբ բավականին բազմազան, սակայն կատարողական առումով հավասարաչափ հաջողված համարներ: Թե՛ հայկական պատարագահունչ «Ավետիս ծննդյանը», թե՛ լեհական անհայտ ու հայտնի հեղինակների մեղեդային, թե՛ ամերիկյան, աֆրոամերիկյան, ֆրանսիական թեթև-խաղացկուն, թե՛ գերմանական քնարաշունչ, թե՛ Ռոբերտ Ամիրխանյանի ու Ստեփան Շաքարյանի նորօրյա երգերն ունկնդիրներին հաղորդեցին Սուրբ ծննդյան հաճելի ապրումի զգացումներ:
Ինչպես նշեցին համերգավարները, Լեհաստանում Սուրբ ծնունդը համարվում է ամենակարևոր տոնը: Այն, ի տարբերություն աշխարհի շատ ժողովուրդների, լեհերն ընկալում են իբրև հոգևոր խորհուրդ ունեցող տոն, որի գլխավոր ուղերձն է խաղաղությունը, ներումն ու միասնությունը: Այդ օրը լեհերն ընտանեկան և ընկերական միջավայրում կիսում են խորհրդանշական հացը` «օպլատեկը»: Ավետման ծեսը կատարվում է ամեն տարի դեկտեմբերի 24-ին` երկնքում առաջին աստղը երևալուն պես: Լեհաստանում ընդունված է Սուրբ ծննդյան սեղանի սփռոցի տակ դնել չոր խոտ, իսկ սեղանի վրա` 12 պահքային ուտեստ և մեկ լրացուցիչ ափսե` անսպասելի հյուրի համար: Ընթրիքից հետո երգվում են Ավետիսի երգեր, բաժանվում նվերներ: Ապա մարդիկ այցելում են եկեղեցի` լսելու պատարագ` Պաստերկա (լեհերեն «պաստեժ»` «հովիվ» բառից)` ի պատիվ Բեթղեհեմում նորածին Հիսուսին այցելած առաջին հովիվների:
Փոքր-ինչ խախտելով ավանդույթի վարման կարգը` համերգի ունկնդիրներին Լեհաստանի դեսպանությունն ազգային համեղ ուտեստներ հյուրասիրեց Ավետիսի երգերի ունկնդրումից հետո: Գեղեցիկ ու նրբաճաշակ հյուրասիրության ընթացքում հրեշտակակերպ հանդերձանքով երգչուհիներն աշխույժ պտտվում էին սեղանների շուրջը ու սրահը լցնում Գյումրվա բարբառի անզուգական համուհոտով: Երգչախմբի ղեկավարին ու երգչուհիներին ուղղված մեր լեհ բարեկամների հիացական վերաբերմունքը խոսուն վկայությունն էր այն բանի, որ նրանք ընկալել են հայ երգարվեստի բարձր որակները:
Համերգից հետո հիշեցի մի պատմություն, որն ինձ հանգիստ չի տալիս արդեն երկար ժամանակ: 1999 թվականին գործուղման էի մեկնել Լեհաստանի Հանրապետություն: Հետխորհրդային այդ ժամանակաշրջանում Հայաստանն ընդամենը սեփական դեմք և պատմություն չունեցող մի փոքրիկ երկիր էր ներկայանում իմ լեհ թանգարանագետ կոլեգաներին: Նրանք անվերջ փորձում էին մեզ դասեր տալ եվրոպացու ինքնաբավ կեցվածքով, ու ամեն անգամ ստիպված էին լինում զգաստանալ և անհավատալի հայտնագործություն արածի նման զարմանալ, երբ մենք նրանց ներկայացնում էինք մեր փորձառությունն ու գործնական առաջարկները: Մի օր սրճարանում էինք, հնչում էին Շառլ Ազնավուրի երգերը Էդիտ Պիաֆի կատարմամբ: Ես հպարտությամբ ասացի, որ Շառլ Ազնավուրն իմ հայրենակիցն է: Ակնհայտ հեգնանքով մեր լեհ սեմինարավարը նկատեց. «Ազնավուրը հա՞յ է: Ինչպե՞ս կարող է հայ լինել, նրա ազգանունը «յան»-ով չի ավարտվում: Իսկ եթե անգամ հայ է, ուրեմն ուրացել է իր ազգությունը»: Ես զսպված զայրույթով նրան խորհուրդ տվեցի Ազնավուրին ճանաչել ոչ միայն սրճարանում նրա երգերն ունկնդրելով, այլև մի հպանցիկ հայացք նետելով կենսագրությանը: «Հայ մտավորականները Ձեզ նման մակերեսորեն չեն ընկալում իրենց և օտարների մշակույթը,- շարունակեցի ես,- օրինակ, ինձ հայտնի է, որ Ձեր ազգի մեծ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Չեսլավ Միլոշը լեհերեն է թարգմանում հայ հանճարեղ մտածող Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը, իսկ Դուք, վստահ եմ, այդ մասին չգիտեք»:
Կամերային երաժշտության սրահից դուրս եկա այն հաստատ հավատով, որ գոնե Ավետիսի երգերը հայ երաժիշտների փայլուն կատարմամբ ունկնդրած լեհերը զարմանալու պատճառ չեն ունենա Ազնավուրի հայ լինելու փաստից, քանի որ հայ հազարամյա մշակույթին փոքրիշատե ծանոթ լինելով` դժվար չէ Ազնավուրին ընկալել իբրև այդ մշակույթի օրինաչափ ժառանգորդի: Եվ նույնքան վստահ եմ, որ օրեր առաջ Չեսլավ Միլոշի ծննդյան 100-ամյակի առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած հանդիսությանը մասնակցած լեհերն իրենց համար բացահայտած կլինեն Գրիգոր Նարեկացու «Մատյանի» խորհուրդն ու խորությունը և կհասկանան, որ հայ ժողովուրդը չունի օտար անուններ և արժեքներ յուրացնելու որևէ պատճառ, քանզի իր ունեցածներն իրեն լիովին բավարարում են:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ